ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Ինչի՞ է հավասար 2+2-ը մեր դեպքում

Ինչի՞ է հավասար 2+2-ը  մեր դեպքում
21.01.2014 | 01:30

Աֆրիկյան որոշ ցեղախմբեր մինչև հիմա իրենց կյանքում որևէ կարևոր իրադարձությունից առաջ հավաքվում են մի տեղում ու սկսում երգել ու պարել: Մեզ համար նրանց վայրենի շարժումներում ու ձայնարձակումներում ընդամենը պատմական կամ ճանաչողական իմաստ կա, նրանք վայրենություն են համարում մեր գնահատականը` ոչ միայն մենթալիտետի, այլև քաղաքակրթության ու արժեքային համակարգի տարբերություն կա: Միակ ընդհանրությունը` ծիսական երգն ու պարը ուղեկցում են հասարակականորեն կարևորված իրադարձությանը` հիմնականում նախորդում են աֆրիկացիների դեպքում, հաջորդում են` հայերիս դեպքում:

Քաղաքական տարվա առաջին կանգառը պարտադիր կենսաթոշակային կուտակային համակարգի կայարանը դարձավ: Ինչո՞ւ ոչ ավելի վաղ և ոչ ավելի` պետության ու հասարակության համար կարևոր հարց, ինչպես Մաքսային միությանն անդամակցությունն էր կամ գազային խնդիրները, որ ավելի շատ հիշեցնում են գազային պատերազմներ սպառողի դեմ ու սպառողի հաշվին և հետևանքն են հայ-ռուսական հույժ ռազմավարական հարաբերությունների: Ինչո՞ւ հենց այն օրենքը, որ շոշափում է հասարակության միայն մեկ հատվածի շահերը, տեղաշարժեց խորհրդարանական քաղաքական ուժերին, որ համարձակվեցին հիշել իրենց ընդդիմադիր լինելը, այլընտրանքն էլ ընդդիմադիրացավ միանգամից: Սա կարևոր հարց է, որի պատասխանը ոչ միայն քաղաքական դաշտի իրավիճակն է ախտորոշում, այլև զարգացումները կանխորոշում: Խստիվ ռուսականացած քաղաքական դաշտում, բնականաբար, Մաքսային միության անդամակցության կողմ ու դեմ քննարկում կամ տեղի չէր ունենալու, կամ տեղի էր ունենալու` թիկունքում զգալով ռուսական մահակը: Խորհրդարանական ընդդիմադիր ուժերը որոշեցին, որ դա իրենց պատերազմը չէ: Ի վերջո, քաղաքական ռոմանտիզմի ժամանակներն անցել են, երբ որոնվում էին համազգային ճշմարտությունը, արդարությունը, կարևորվում էին սկզբունքայնությունն ու գաղափարները, հիմա պրագմատիզմի ու հասուն որոշումների ժամանակն է, որոնց հիմքում նպատակահարմարությունն է և ողջամտությունը: Եվ քանի որ երբեք տասից իննի տեսակետները չեն համընկնի «նպատակահարմարության» ու «ողջամտության» սահմանման մեջ, ամեն ինչ կարգին է` քաղաքական դաշտը կպահպանի իր ձևական գործառույթները` բովանդակայինի մասին մասնակի հիշեցումներն անտեսելով: Խորհրդարանական ընդդիմության պրագմատիզմը թելադրեց բարեհաջող խուսափել Մաքսային միության անդամակցության քննարկումներից ոչ միայն ստնտուին կորցնելու բնազդով, այլև ինքնապահպանության: Ժողովրդավարության ռուսական տարբերակը շատ ավելի հասկանալի ու պարզ է, փորձված` իր ձևերով ու մեխանիզմներով, իսկ արևմտյանը իր զարգացումների մեջ ի վերջո կարող է հանգեցնել առաքելությունը սպառած քաղաքական ուժերի տրամաբանական վախճանին: Սա ռեալ սպառնալիք է ամբողջ քաղաքական դաշտի համար: Քաղաքական էլիտայի փոփոխության անհրաժեշտությունը յուրաքանչյուր պետություն իր ռեսուրսների համապատասխան է լուծում: Կարևորագույն այս հարցը առնչվում է նոր գաղափարների, նոր դեմքերի, նոր լուծումների հետ, բայց քանի որ վաղուց անտի ընդլուսնյա աշխարհում նոր ոչինչ չկա, ամեն ինչ ի վերջո հանգում է անհրաժեշտ պահին անհրաժեշտ տեղում անհրաժեշտ քայլեր անելու հմտությանը: Հայ քաղաքական ուժերը այդ հմտությունը չունեն: Բայց ուզում են դրսևորել, և ահա պարտադիր կուտակային համակարգը եկավ օգնության: Նրանք բացվեցին` ասելու ու անելու այն, ինչի իրավունքն ու հանդգնությունը չունեին նախորդ դեպքերում: Հունվարի տասնութի հանրահավաքն ու երթը տպավորիչ էին, ու վերջ: ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն ու «Ժառանգությունը» բացահայտորեն հրապարակ էին ելել` հրապարակ դուրս գալու համար: Երիտասարդական խանդավառությունը պիտի աներ մնացածը: Նրանք են «արդարություն» ու «կասեցում» որոնում, գուցե նաև հավատում, որ օրենքը կկասեցվի, իսկ արդարություն կա:

Սահմանադրական դատարանը հունվարի 25-ին կկայացնի որոշում, որ համահունչ է արդարության իր ընկալմանը: Քաղաքացիական անհնազանդությունը, որ իբրև պայքարի շարունակություն խոստանում են ընտրել քաղաքացիական հասարակությունը ներկայացնող ուժերը, ինչ ու ինչպիսին կլինի, ցույց կտա ժամանակը: Զարմանալին այն է, որ աջ ու ահյակ հրճվում են` քաղաքացիական հասարակությունը Հայաստանում կայացել է: Այսինքն` Հայաստանում որևէ կայացում այնքան անհավանական է, որ ինչ-որ կայացում միանվագ ու բոլորեքյան հրճվանքի պատճառ է: Սա` մեկ, երկրորդ` լավ, կայացել է, ի՞նչ է կայացրել: Եվ երրորդ, իսկ որքա՞ն է ճիշտ, երբ քաղաքական խնդիրները բարձրաձայնելն ու լուծելը ստանձնում է քաղաքացիական հասարակությունը: Կուսակցությունների գործառնության նեղացում ու քաղաքացիականի քաղաքականացո՞ւմ է լինելու այս գործընթացների տրամաբանական շարունակությունը: Ո՞րն է պատճառը: Որ ընդդիմադիր քաղաքական ուժերը սկզբունքորեն երբևէ ու որևէ ձեռքբերում չե՞ն ունենալու Հայաստանում, որովհետև այդպիսին են ընդդիմություն-իշխանություն փոխհարաբերությունների ընկալումը և իշխանության կատարած դերաբաշխումը: Ա՞յդ պատճառով է պայքարի առանցքը տեղափոխվում երբեք չհաղթողներից դեպի իրավիճակային հաղթանակների դաշտ:
Պարտադիր կենսաթոշակային կուտակային համակարգը հայերը չեն հնարել: Նման համակարգեր գործում են շատ երկրներում: Մեր և նրանց տարբերությունը` համակարգը արդյունավետ ու նպատակամետ է գործում անհրաժեշտ պայմանների առկայությամբ: Հայաստանում այդ պայմանները չկան ու առաջիկայում չեն ստեղծվի: Հայաստանում կա հնարավոր հնարքներով բյուջեն քաղաքացիների գրպանը դատարկելով լցնելու հնարամտություն: Պակաս կարևոր գործ չէ: Բայց միայն այս պահին: Այսօր մեկ քաղաքացուց վերցված գումարը ընդհանրական մակարդակում նվազեցնելու է գնողունակությունը: Բացի այդ, Հայաստանում չկա մի բանկ, որ իր կանոնադրական կապիտալով կարողանար այդքան գումար սպասարկել, իսկ երկրից դուրս բերվող ֆինանսները Հայաստանի համար չեն աշխատելու: Երեսուն տարի հետո այսօրվա դրամները լումաներ են լինելու պարտադիր կուտակողների համար` Հայաստանի տնտեսության այս կառուցվածքով ու զարգացման այս տրամաբանությամբ: Ինչո՞ւ է կառավարությունը մտնում հասարակության առավել մարտունակ հատվածի գրպանը: Պարզապես բոլոր մյուս գրպաններն արդեն դատարկել է: Բոլոր գույների գծերը գծվել են: Տեսախցիկները տեղադրվել են, ապպահովագրվել են` բոլոր տուգանքները արդեն տուգանվել են: Որևէ հասարակական խավ, մասնագիտական խումբ կա՞ Հայաստանում, որ չի հարկվում: Մի հարկ է մնացել միայն ավելացնելու, որ ծնվել են, բայց դա լրացվում է ծնված օրից հարկատու լինելու իրողությամբ: ՈՒրեմն հարկային քաղաքականությունն է սխալ, եթե խանգարում է ապրել կոնկրետ մարդուն և զարգանալ հասարակությանը: Սա արդեն քաղաքացիական հասարակության լուծելու խնդիրը չէ՞, քաղաքացիական հասարակությունը հատվածական, կոնկրետ, առանձին խնդիրների լուծման ժամանակ է արդյունավետ: Սա նույնիսկ տնտեսագիտական խնդիր չէ, որքան էլ լուրջ ու իր օրինաչափություններով կարևոր ու հետաքրքիր մասնագիտություն է տնտեսության մասին գիտությունը: Սա միայն ու միայն քաղաքական խնդիր է: Համաշխարհային տնտեսագիտական մտքի ոչ մի նվաճում չի օգնի, պայմաններ չկան, քաղաքական բաղադրիչը չի գործում: Եթե նույնիսկ հիմա ՀՀ երկրորդ նախագահը հրապարակավ պաշտպանում է տասը տարի Հայաստանը սպասարկման ոլորտ դարձնելու, իրական աշխատատեղերի ստեղծման փոխարեն վիրտուալ զբոսաշրջիկներին ապավինելու, արդյունաբերությունը վերագործարկելու փոխարեն ֆինանսները շինարարության վրա փոշիացնելու իր քաղաքական որոշումը, ուրեմն նա այդպես էլ չի հասկացել ու չի հասկանում` ո՞րն է նախագահի դերը, իսկ մենք, որ դեռ քննարկում ենք` նա ճի՞շտ է, թե՞ այնքան էլ ճիշտ չէ, բոլորս այսօրվա Պողոս Պողոսյանն ենք, համենայն դեպս, նրա ճակատագիրն ու մեր ճակատագիրը կարող է նույնը լինել: Այս ընթացքով: Այս տրամաբանությամբ: Այս մտածողությամբ:
Պարտադիր կենսաթոշակային ապահովագրության համակարգի դեմ պայքարը, ինչով էլ ավարտվի, մասը պետք է լինի ընդհանրական պայքարի, մի մասը միայն, ընդհանրական պայքարը նման օրենքներ ծնող համակարգի դեմ պետք է լինի, որովհետև եթե նույնիսկ օրենքը կասեցվի որևէ ատյանում ¥Հայաստանում կամ Հայաստանից դուրս¤, էական փոփոխություն չի բերելու ոչ քաղաքական դաշտում, ոչ տնտեսական:
Երբ են քաղաքական դաշտում քննարկման առարկա դառնալու Իրանի շուրջ զարգացումները և դրանց հետևանքներն ընդհանրապես տարածաշրջանի ու մասնավորապես Հայաստանի ¥կամ Հայաստանի արևելյան հանրապետության¤ համար: Նոր Իրանը ի՞նչ քաղաքական ու տնտեսական դեր է ստանձնելու տարածաշրջանում: Ինչպե՞ս դա կանդրադառնա հայ-իրանական հարաբերությունների վրա, տարածաշրջանի էներգետիկ համակարգի վրա, միջազգային տնտեսական ծրագրերի, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի լուծման, հայ-թուրքական հարաբերությունների, այդքանով հանդերձ` հայ-ռուսական հարաբերությունների վրա: Հայաստանը կդառնա՞ Իրանի գազի համար տարանցիկ երկիր, թե՞ այդ խնդիրը լուծողները համարժեք վճար չեն տա Ռուսաստանին: Մենք ի՞նչ պիտի անենք` նստենք-սպասե՞նք, թե՞ կարծիք հայտնելու շքեղությունը մեզ նման աղքատների իրավունքը չէ: Այս հարցե՞րն էլ խիստ «վտանգավոր» են վարձավճարված քաղաքական դաշտի համար, որտեղ արտոնված է մտածել ու տեսակետ արտահայտել հաստատված հարցացանկի վերաբերյալ: Եվ պե՞տք է այս մասին գրել, խոսել, թե՞ միևնույն է` Հայաստանում արևը ծագում է արևմուտքում, մայր մտնում արևելքում, եթե այդպես է որոշված, ու դա վաղուց ոչ մեկին չի զարմացնում: Երբ Ջորջ Օրուելը իր «1984» վեպում խնդիր էր դնում ապրելու համար ամեն օր ապացուցել, որ 2+2=4, ժամանակակիցները գրոտեսկ էին որակում, արդյո՞ք դա նաև 2014-ի խնդիրը չէ: ՈՒ հենց այդ պատճառով դասականները մնում են արդիական:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ.- Այսպես էլ մնալու է, քանի դեռ մեր արժեհամակարգը ջունգլիներում ապրող աֆրիկյան ցեղախմբերի մակարդակին է` նրանք կարևոր գործերից առաջ են երգում-պարում, մենք` կարևոր գործերից հետո: Եթե նրանք իրենց երգն ու պարը այդ գործի մասն են համարում, մենք` երգ ու պարով գործն ավարտած ենք համարում: Նրանցը ծնծղա ու թմբուկ է, մերը` դհոլ-զուռնա: Նրանք ներկոտում են իրենց դեմքն ու մարմինը, մենք ներքուստ ենք ներկոտված. մեր ներքին գրաքննիչը ավելին է արտաքին արգելքներից: Մենք չենք անում այն, ինչ արդյունք չի տալու, որովհետև այդպես է որոշված: Հայկական հնազանդության այս տարբերակը կոչվում է կոնֆորմիզմ, իսկ կոնֆորմիզմը ձևավորում է կարիերիստներ, որոնց համար ընդհանրապես չկա հարցը, թե ինչի է հավասար 2+2-ը, նրանց թելադրվում է պահի պատասխանը: Այդպես պետությունը կորցնում է տարածության ու ժամանակի մեջ իր կոորդինատները: Մենք լավագույն օրինակն ենք: Կոնֆորմիզմի ու նոնկոնֆորմիզմի միջակայքում, որը, փաստացի, նույն տիրույթն է:

Դիտվել է՝ 1665

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ