ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Մի Մաքսային միության պատմություն

Մի Մաքսային  միության պատմություն
10.09.2013 | 00:59

Ասել, թե Հայաստանի «հայտնությունը» պուտինյան իդեա-ֆիքս Մաքսային միությունում ուղղակի «վերջն» էր, այնքան էլ այդպես չէ:
ա) Ռուսական շինելից դուրս թռած հայաստանյան իշխանությունները Արևմուտքի հետ ասոցացման, խոր ու համապարփակ խաղերով փորձում էին լոկ առավելագույնը պոկել իրենց «մորից»` Ռուսաստանից, հաճելին համակցելով օգտակարի հետ: Բայց, ինչպես կասեր մեր թանկագին բարեկամ Չեռնոմիրդինը, ուզեցին լավ, ստացվեց` ինչպես միշտ։
Բոլոր դեպքերում, պրագմատիկ հարց՝ Հայաստանը ինչ-որ բան պոկե՞ց Ռուսաստանից: Երբեք, որքան էլ հայաստանյայց իշխանությունները սևով սպիտակի վրա պնդեն, թե Ադրբեջանին տված մեկմիլիարդանոց զենքի փոխարեն Ռուսաստանը մեզ տվել ու տալու է ավելի ժամանակակից զենք-զինամթերք-տանկ, համ էլ` շատ էժան, որ Ռուսաստանը «Նաիրիտում» ուժեղ ներդրումներ է անելու, որ գազի գինը էլ չի վերանայելու, համ էլ` սուբսիդավորելու է, որ մեր՝ Մաքսայինում գտնվելու «պահով» որոշակի ֆինանսական «հոսքեր» են ապահովվելու Հայաստանի համար, որ Ղարաբաղի հարցը լավ է լուծվելու և այդպես շարունակ:
բ) Հայաստանյան իշխանությունների հաշվարկը հետևյալն էր: Իրենք շատ լավ գիտեին, որ, ի տարբերություն ՈՒկրաինայի (հիշենք` Յանուկովիչը նախորդ օրն իր կյանքի ամենահամարձակ հայտարարությունն է արել` դեպի Եվրոպա ՈՒկրաինայի երթն այլընտրանք չունի), Հայաստանը համաձայնելու էր Պուտինի հետ, նախ` ելնելով անվտանգության նույն համակարգում գտնվելու, ապա` տնտեսական-ենթակառուցվածքային պատկանելության և վերջապես` քաղաքական ապագա հաշվարկի տեսանկյունից (պետք չէ մոռանալ, որ Պուտինը ևս հինգ տարի դեռ «կնստի», և անհեռատեսություն կլիներ էդ մարդուն ջղայնացնել տասը տարի շարունակ, մանավանդ, եթե ինքդ էլ ուզում ես երկիրդ տեղափոխել վարչապետական ռելսերի վրա` հոգալով քո ապագայի մասին):
գ) Կար Սիրիայի հարցը: Հիշենք. ֆորտունան վերջին տարիներին արտքաղաքական զարգացումների մասով հայաստանյան իշխանություններին «լայնորեն» ժպտացել, եթե չասենք` նույնիսկ երես էր տվել: Սպասվում էր, որ Սիրիայի հարցով Ռուսաստանն ու ԱՄՆ-ը այս կամ այն կերպ լեզու կգտնեն իրար հետ, մանավանդ G20-ի` Օբամայի Սանկտ Պետերբուրգ այցի, Պուտինի հետ դեմ առ դեմ հանդիպման ֆոնին, ինչն էլ տեղի չունեցավ: Վլադիմիրն ու Բարաքն անգամ «Կլոր սեղանի» շուրջ նստեցին միմյանցից ահավոր հեռու` միմյանց հասկացնելով, որ խաղն արժե մոմի, բայց մոմ վառողն իրենք չեն:
Կասկած չկա, հետ ու առաջ անող Օբաման, այն է` ագրեսիվ ԱՄՆ-ը, անպայմանորեն կռմբակոծի Սիրիան` առանց որևէ մեկի թույլտվության (ՄԱԿ-ը ու նրա ԱԽ-ն վաղուց «դուրս գրված» կառույցներ են), Բարաքը ժամանակ է շահում՝ աշխարհի գլոբալ գիտակցությունը նախապատրաստելով այդ ահավոր ռմբակոծությանը:
Մի խոսքով, շատ թանկ առևտուր է գնում կողմերի, այն է` Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև, որի բաղկացուցիչը դարձավ նաև G20-ի նախօրյակին Սերժ Սարգսյանի այցը Մոսկվա ու հայտարարությունը Մաքսային միություն մտնելու մասին:
Անկեղծ լինենք և ասենք` Սերժ Սարգսյանն ուղղակի փրկեց, ուղղակիորեն լվաց Պուտինի երեսը` Մեծ քսանյակի գագաթնաժողովի նախօրյակին ցուցանելով, որ այնպիսի առանցքային տարածաշրջան, ինչպիսին Հարավային Կովկասն է, ինչպիսին անչափ կանխատեսելի երկիր Հայաստանն է, այս պահին ոչ թե Սիրիայի դեմ հարձակման գնացող Արևմուտքի` ԱՄՆ-ի «զուգընկերն» է, այլ գտնվում է հակառակ բանակում, որը դեմ է այդ խիստ «մարդակեր» հարձակմանը:
Եվ այս ողջ տխուր պատմության մեջ, որը մեզ նորից տարավ, գերի դարձրեց Ռուսաստանին, միակ ուրախացնող-մխիթարողը հենց սա է:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1909

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ