ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Մաքսային միության ներսում իրողությունները չափազանց մռայլ են

Մաքսային միության ներսում  իրողությունները չափազանց մռայլ են
10.09.2013 | 00:41

Մինչ Մոսկվայից ցասումնալից պարտադրանք է հնչում, թե՝ «իրար գլխի հավաքվեք», իսկ նախկին խորհրդային լիդերները ջանում են կա՛մ խույս տալ Կրեմլի տերերի սպառնալիքներից, կա՛մ էլ «թուլանալ ու առավելագույն հաճույք ստանալ», Մաքսային միությունում (ՄՄ) վիճակն այնքան էլ լավ չէ, իսկ խնդիրները ոչ միայն չեն լուծվում, այլև օրեցօր ավելի ահագնանում են։ Այսպես, բավական է ասել, որ առաջին կիսամյակի արդյունքներով Ռուսաստանի «միութենական» ապրանքաշրջանառությունը նվազել է 8,6 %-ով, և դա տեղի է ունեցել «եղբայրական Բելառուսի» հետ առևտրի կտրուկ կրճատման (ոչ ավելի, ոչ պակաս 20 %-ով) պատճառով։ Ճիշտ է, Աստանայի հետ հարաբերություններն ավելի դինամիկ են զարգացել, և վեց ամսում ապրանքաշրջանառությունն աճել է 18,8 %-ով, սակայն, միաժամանակ, Ռուսաստանը բախվել է մի այսպիսի իրավիճակի. նրա ձեռնարկատերերը սկսել են իրենց բիզնեսը երկրից տեղափոխել Ղազախստան, և դա Ռուսաստանի լճացած տնտեսության ու բյուջեի կրճատման սպառնալիքի պարագայում շատ վատ նորություն է։
Բացի այդ, ինչպես նշում են ռուսաստանցի փորձագետները, «Խորհրդային Միության հետ Մաքսային միության նմանեցումը թեև չափազանցված է, բայց տեղին է», և հիմնական խնդիրն այն է, որ եթե ԽՍՀՄ-ի օրոք հանրապետությունների արտադրությունները լրացնում էին միմյանց և իրար հետ չէին մրցակցում, ապա հիմա երեք երկրները մրցակցում են թե՛ արտաքին շուկաներում, թե՛ միավորման ներսում։ Եվ դա նկատելի է ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ընկերությունների գործողություններում։ Համապատասխանաբար, այն, որ, այդուամենայնիվ, «սեփական շապիկը սեփական մարմնին ավելի մոտ է», և որ ամեն մեկը ձգտում է հնարավորինս շատ քամել իր օգտին, առանց դաշնակիցներին բանի տեղ դնելու, դարձել է ՄՄ-ի չգրված, բայց համարյա հիմնական գործելաոճը։ Իսկ դա իր հերթին հանգեցնում է շարունակական ու դաժան «առևտրական ու էներգետիկ պատերազմների»։ Եվ որպես հետևանք, ՄՄ-ի գլխավոր նպատակը, որը ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական իմաստ ունի, նկատելի ճաքեր է տալիս, ընդ որում, ժողովուրդների գիտակցության մակարդակում։ Ի դեպ, «վերևներն» էլ քննադատության հարցերում հետ չեն մնում։ Եթե Ղազախստանի նախագահ Նազարբաևը հրապարակավ բացասաբար չի արտահայտվում Մաքսային միության հասցեին, ապա Բելառուսի ղեկավարը չի խորշում սուր գնահատականներից։ «Դատեցեք ինքներդ, թե ինչ ենք մենք այսօրվա դրությամբ ստացել ՄՄ-ից։ Մեզ ասել են, թե, ահա, սա է ՄՄ-ն, չեն լինելու ո՛չ տուրքեր, ո՛չ այս, ո՛չ այն, մենք էլ ստորագրեցինք փաստաթուղթը։ Բայց այդ գործընթացը մի գլուխ ձգձգվում է։ Փաստորեն, մեզ խաբել են»,- ասել է Լուկաշենկոն Մինսկում կայացած մամուլի ասուլիսում։ Նրա ասելով, միությունը չի գործում, իսկ Ռուսաստանը չի կատարում այդ նախագիծը «գործարկելուց» առաջ տված խոստումները, և «հրահանգ կա՝ Բելառուսին թույլ չտալ մուտք գործել ռուսական շուկա»։
Իրոք, ստեղծելով Մաքսային միությունը, Մոսկվան տնտեսական շահ է խոստացել դրա բոլոր մասնակիցներին, բայց սեփական «գրպանի» մասին, ինչպես միշտ, առաջին հերթին է մտածել։ Եվ դա ամենևին չի համապատասխանում նրա հիմիկվա գերակա նպատակներին։ Վերլուծաբանների հաշվարկներով, այսօրվա դրությամբ տուրքերի հավաքման ընդհանուր ծավալի մեջ Ղազախստանի բաժինը 6-7 % է, Բելառուսինը՝ 4-5 %, գրեթե 90 %-ն էլ բաժին է ընկնում Ռուսաստանին։ Ընդ որում, մաքսատուրքերի գծով հսկայական դիրքեր մինչև հիմա համաձայնեցված չեն, և որպես հիմք վերցվել են այն դրույքաչափերը, որոնք գործում են Ռուսաստանում։ Այսինքն, մեծ հաշվով, բացի Ռուսաստանից, ուրիշ ոչ մեկը օգուտ չունի ՄՄ-ից։ Այստեղից էլ անվերջանալի կոնֆլիկտները միավորման ներսում, չնայած այն գոյություն ունի ավելի քան երկու տարի։ Փորձագետները նշում են, որ միության աշխատանքների մեխանիզմները շահավետ են բացառապես խոշոր խաղացողներին՝ նավթի, գազի, հացահատիկի ու մետաղների առևտրականներին։ Այսինքն, առաջին հերթին Ռուսաստանին, ինչը ՄՄ մասնակիցների շուկաների ճնշման կասկածներ է առաջացնում։ Դե, միությունը շատից-քչից ձեռնտու է նաև Ղազախստանին։ Հարկ է նկատել, որ նրա գլխավոր առավելության՝ Եվրոպայում հսկայական տուրքազերծ տարանցիկ հատվածի առկայության պարագայում, Չինաստանի հետ մոտիկությունը, չնայած ընդհանուր շրջանակներին, ղազախների առջև հսկայական հնարավորություններ է բացում իրենց պաշարներն ինչպես Արևմուտք, այնպես էլ Արևելք արտահանելու հարցում։
Այնպես որ, առայժմ եռյակ միության մեջ հիմնական «թույլ օղակը» Բելառուսն է։ Լրատվամիջոցները հաշվարկել ու հրապարակել են ՄՄ գոյության տարիներին Մոսկվայի ու Մինսկի հարաբերությունների «տխուր ժամանակագրությունը». 2011-ից գրանցվել է տասից ավելի տնտեսական լուրջ անախորժություն, իսկ վերջին կոնֆլիկտը, երբ Բելառուսի քննչական կոմիտեն փորձեց կալանք դնել «ՈՒրալկալիումի» գույքի ու ակտիվների վրա, իսկ Մինսկում պաշտոնական դիրքի չարաշահման կասկածանքով կալանավորեցին ընկերության գլխավոր տնօրեն Բաումգերտներին, առհասարակ համաշխարհային մակարդակի է հասել։ Ամբողջ աղմուկը սկսվեց նրանից, որ «ՈՒրալկալիումը» հրաժարվեց պարարտանյութերը վաճառելուց «Բելառուսի կալիումի ընկերություն» համատեղ ձեռնարկության միջոցով, որը վերահսկում է համաշխարհային շուկայի ավելի քան 40 %-ը և կարող էր գներ թելադրել առաջին հերթին Հնդկաստանի ու Չինաստանի գնորդներին։ «ՈՒրալկալիումն» իր հերթին Մինսկին մեղադրում էր այն բանի համար, որ վերջինս պարարտանյութերը վաճառում էր` շրջանցելով մեծածախ գնորդին։ Ռուսները դադարեցրին արժեթղթերի գնումը շուկայում, որի հետևանքով բելառուսների արժեթղթերը արժեզրկվեցին 24 %-ով։ ՈՒ թեև շատերը կարծում են, որ այդ երկրների համար տնտեսական պատերազմներն ինչ-որ նոր բան չեն և մոտ ապագայում հաշտություն կլինի, Մինսկը, այնուամենայնիվ, պատրաստվում է քրեական գործ հարուցելու «ՈՒրալկալիումի» գլխավոր բաժնետեր Սուլեյման Քերիմովի դեմ։ Մի կոնֆլիկտ էլ դեռ հասունանում է, իսկ դրան կմասնակցեն «մաքսային» միավորման գլխավոր դերակատարներ Ռուսաստանն ու Բելառուսը։ Արդեն աշնանը Բելառուսին բենզինի գների բազմակի բարձրացում է սպասում, իսկ «աչքալուսանքի» գագաթնակետը կլինի նոր տարում։ Այնպես որ, պատահաբար չի մոսկովյան «Նեզավիսիմայա գազետայում» բելառուս տնտեսագետ Լեոնիդ Զայկոն նշում. «Մենք շատ վատ պայմաններ ենք ստեղծել փոխադարձ ապրանքափոխանակության համար։ Մաքսային միության ստեղծումը մեծ սխալմունք է։ Բելառուսի արտահանությունը նվազել է 25 %-ով»։
Ի դեպ, հարկ է նշել, որ 2012-ին «համարձակություն հանդես բերեց» նաև Աստանան։ Սկզբում ղազախները բելառուսների հետ մեկտեղ սկսեցին բողոքել մասնակից երկրների տարածքներում, փաստորեն, բոլոր տեսակի ապակե տարաների կրկնական օգտագործման վրա ՄՄ-ի սահմանած արգելքի դեմ։ (Փորձագետները նորամուծությունը բացատրում էին ապակե տարայի ռուս արտադրողներին աջակցության ցուցաբերմամբ, իսկ այնուհետև, Ղազախստանը սահմանափակումներ դրեց Ռուսաստանի կողմից «Բայկոնուրի» վարձակալության վրա, իսկ ղազախական երկաթուղիները հանդես եկան ռուսական երկաթուղային օպերատորների հասցեին ուղղված արգելիչ նախաձեռնությամբ։ Ընդ որում, հատկանշական է, որ թեև Կրեմլն ի պատասխան Աստանային սպառնաց տիեզերքի վերաբերյալ բոլոր համատեղ նախագծերում համագործակցության դադարեցմամբ, Ռուսաստանը, սուսիկ-փուսիկ, սկսեց նոր տիեզերական համալիր կառուցել։ Հարկ է նշել, որ Ղազախստանի ձեռնարկատերերի անկախ միավորումը հրապարակայնորեն քննադատում էր Մաքսային միությանը, հայտարարելով, որ այն իրենց օգուտ չի տվել, որ Ռուսաստանը սահմանափակում է ղազախական արտադրանքի մուտքն իր շուկա, և, բացի այդ, երկրում շարժում է սկսվել ոչ միայն ՄՄ-ից, այլև ինտեգրացիոն մյուս նախագծերից դուրս գալու պահանջով։
Փորձագետները համարում են, որ Մաքսային միության ներսում ընդհարումներն անխուսափելի են, քանի որ դրանցում ավելի շատ քաղաքականություն կա, քան տնտեսություն։ Առևտրական պատերազմները վերջ կունենան այն ժամանակ, երբ Աստանան ու Մինսկը լիովին «կինտեգրվեն», այսինքն, երբ ռուսական կապիտալը լիովին կծածկի նրանց հիմնական ձեռնարկությունները։ ՈՒ քանի դեռ Ղազախստանն ու Բելառուսը դիմադրում են Կրեմլի այդ քաղաքականությանը, առևտրական վեճերն անխուսափելի են։ Տարբեր կարգի ընդհարումները կբորբոքվեն հատկապես այդ երկրների պետական կառույցների և ռուսական մասնավոր բիզնեսի միջև։ Ավելին, մի շարք փորձագետներ նշում են, որ տպավորություն է ստեղծվում, թե երեք երկրների կառավարությունները գլուխները կորցրել են և չգիտեն ինչ անել։ Նրանց հատկապես անհանգստացնում է այն, որ Ռուսաստանը զուգահեռաբար անդամակցում է թե՛ Մաքսային միությանը, թե՛ Առևտրի համաշխարհային կազմակերպությանը։ Մտորումների տեղիք է տալիս նաև այն, որ, փաստորեն, ռուսական կողմը ջանքեր չի գործադրում արժութային միություն ստեղծելու ուղղությամբ, որը կարող էր ռուբլին հաշվարկային արժույթ դարձնել գոնե նախկին խորհրդային տարածության շրջանակներում, և Մոսկվան միջազգային ֆինանսական կենտրոն դարձնելու մտադրության մասին բոլոր խոսակցությունները կարող են դառնալ ռուսական կառավարության ևս մեկ սին հայտարարությունը։ Գլոբալացման խնդիրների ինստիտուտի ղեկավար Միխայիլ Դելյագինի գնահատմամբ, Մաքսային միությունում, անշուշտ, ամեն բան չէ, որ հարթ է, «սակայն բոլոր տհաճությունները երկրորդ պլան են մղվում ստացվող շահի համեմատ»։ Այժմ, նրա կարծիքով, դաշինքը բացահայտորեն կարիք ունի նոր հղացումների, նոր քայլերի ու նոր բովանդակության, ինչը կհանգստացներ հոռետեսներին և կճշտեր շարժման ուղղությունը։ Հնարավոր է, ոմանց աչքին այդպիսիք են երևում նաև Մաքսային միությունում ներմուծման տուրքերի համար հռչակված նոր տոկոսադրույքները, որոնք գործում են սեպտեմբերի 1-ից։ Նվազեցումը կվերաբերի պարենամթերքին, սարքավորումներին, գործվածքեղենի և հագուստի առանձին տեսակներին։ Համապատասխան որոշումն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, ճիշտ է, հոռետեսները նշում են, որ այդ կերպ կատարվում են Առևտրի համաշխարհային կազմակերպության հանդեպ Ռուսաստանի ստանձնած պարտավորությունները։ Եվրոպական տնտեսական հանձնաժողովի առևտրի գծով ռուս նախարար Սլեպնյովը հավաստիացնում է, որ ինքը կշարունակի ապահովել բիզնեսի շահերի համարժեք պաշտպանությունը, «շուկաների պաշտպանության միջոցների ձեռնարկումն այնտեղ, որտեղ դրանք հիմնվել ու անհրաժեշտ են», ինչպես նաև մրցունակ արտադրության նպատակ հետապնդող սակագնային քաղաքականությունը և Մաքսային միությունում հավելյալ արժեքի ստեղծումը։ Իսկ հեռանկարում Մաքսային միության ամրապնդման համար, փորձագետների պնդմամբ, անհրաժեշտ է բարձրացնել ԱԱՀ-ի միասնական տոկոսադրույքը և բոլոր ապրանքախմբերի մաքսատուրքերը։ Բացի այդ, հարկավոր է մեծացնել մասնավոր ընկերությունների շահագրգռությունը համագործակցության նկատմամբ, չէ՞ որ առայժմ տպավորություն է ստեղծվում, թե միությունն ավելի շատ պետական կառույցներին է պետք։
Ի դեպ, ռուս քաղգործիչները ոգևորությամբ և իրար հերթ չտալով փայլուն հեռանկար են կանխատեսում Մաքսային և հետո էլ Եվրասիական միության (հանրապետությունների հերթական «կուռ դաշինքի») նոր անդամների համար։ Նրանք չեն էլ փորձում թաքցնել, որ Կրեմլը մտադիր է նրանց օգնությամբ լուծել իր կարգավիճակային և ներկայացուցչական խնդիրներն աշխարհում։ Սակայն նրանց համար էլ երևի դժվար է հերքել, որ տնտեսության մեջ ինտեգրումն ընդլայնելուն խանգարում է թեկուզ և այն, որ միավորումը, փաստորեն, շաղկապված չէ համաշխարհային ընդհանուր ստանդարտների հետ, և դա նրան աշխարհում դարձնում է տնտեսական «մերժյալ»։ Համապատասխանաբար, ՄՄ մասնակից երկրների զարգացման սահմանափակ մակարդակը կարող է «սառեցնել» ցանկացած նոր անդամի մրցունակության աստիճանը։ Այսինքն, ըստ էության, Մաքսային միության ներսում իրողությունները չափազանց մռայլ են, իսկ նրա ապագան մեծ հարցականի տակ է։ Մյուս, ավելի քաղաքականացված կազմավորումների մասին խոսել կարելի է էլ ավելի տխուր տոներով։

Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 1953

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ