ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Խալաթով» սկսված այս գործընթացը

«Խալաթով» սկսված այս գործընթացը
19.07.2013 | 01:48

Այս ամենում ամենահետաքրքիրն այն էր, որ պաշտոնական Մոսկվան ու պաշտոնական Երևանը լուռ են:
Այն, որ Ֆյուլեի հայաստանյան այցն ունենալու էր «այսպիսի» արձագանք, ոչ ոք չէր կասկածում: Եվ այնուհանդերձ, ինչո՞ւ այդ «չարաբաստիկ խալաթը» մեզ այսպես հունից հանեց: Մանավանդ որ դրանից առաջ եղել էր հոկտեմբերի 27: ՈՒ եթե հավատանք «պոլոնիումին» զոհ դարձած ՌԴ հատուկ ծառայությունների (դե, համարյա ռուս Սնոուդենի) սպա Լիտվինենկոյի ասածներին, ապա այն կազմակերպել էին ռուսական հատուկ ծառայությունները: Դրանից առաջ էլ ղարաբաղյան պատերազմում, իննսունականների սկզբին` Մարտակերտի ու Շահումյանի «տարհանումն» էր ադրբեջանցիների կողմից, սակայն ռուսական «կիրզվի սապոգի» օգնությամբ:
Բայց նույն իննսունականներին Ռուսաստանը շատ շուտ հասկացավ, որ եթե այդպես շարունակի, ապա Հարավային Կովկասում ինքը ոտնատեղ չի ունենա. ստիպված եղավ խաղալ Հայաստանի կողմից:
Ընդ որում, եթե շատ անկեղծ, ապա այսօր ոչ թե նախորդ դարասկզբի վիճակ է մեզանում (ինչի դասը կրկնվելու վտանգի մասին գոնե տողերիս հեղինակը շատ է զգուշացրել), այլ վերը նշված իննսունականների:
Ասել է, եթե այսօր Ռուսաստանը, որն արդեն մեկ միլիարդի զենք է վաճառել Ադրբեջանին, նոր լարվածության, պատերազմի դեպքում փորձի կանգնել Ադրբեջանի կողքին, ապա… մեր գործը կհեշտանա այնքան, որքան «հեշտացավ» «ծաղկավոր խալաթի» դեպքում:
ա) Արդեն տևական ժամանակ մեզանում փոփոխվող մենթալիտետը` ռուսական ներկայությանն առնչվող, յոթմղոնանոց քայլերով «աճ-մերժում» արձանագրեց: Այսպիսի ևս մի դեպք, և Հայաստանում շատերը կնախընտրեն «ոտքի կանգնել» ու գնալ մինչև վերջ, քան հանդուրժել ռուսական «սապոգի» այդ կարգի հարվածները ուղիղ իր սրտին ու ցավող տեղերին: Իսկ թե դրա արդյունքում ինչ կանի Ռուսաստանը, արդեն իր գործն է, որովհետև կինետիկ էներգիան այնքան է հասունացել, որ այն ճիշտ չտրանսֆորմացնելու դեպքում ոչ միայն մենք, այլև Ռուսաստանն է մեծ կորուստներ ունենալու, որովհետև նախորդ դարասկզբում տարածաշրջանում չէր ԱՄՆ-ը` յուր «Մեծ Մերձավոր Արևելք» մանրակրկիտ մշակված նախագծով:
բ) Մենք այլևս և մեկընդմիշտ լավ ենք հասկանում, որ Ռուսաստանը ոչ միայն առաջվանը չէ, այլև նրա «դաշնակիցներ» Թուրքիան ու Ադրբեջանը ոչ թե իր, այլ նույն ԱՄՆ-ի խաղընկերներն են, ու Ռուսաստանի միակ «հույսն» ու գործընկերը, անկախ ամեն ինչից, էլի մենք ենք:
Ընդ որում, «խալաթա-սապոգային» մտածողության արդյունքում էր նաև, որ Ռուսաստանն իրենից հեռացրեց Վրաստանը, ապա և կորցրեց այն, նոյեմբերին, ասոցացման համաձայնագրի վերջնական ստորագրմամբ, կկորցնի նաև ՈՒկրաինան: Նա մասամբ կորցրել է նաև Միջին Ասիան: Դրանից առաջ` բալթյան երկրները: Առաջին փուլում` Արևելյան Եվրոպայի երկրները` Լեհաստան, Բուլղարիա… Այդ բոլոր երկրները բոլոր առումներով այսօր ավելի լավ վիճակում են, քան Եվրասիա-մաքսային միության իրավասության տակ «գտնվողները»:
ՈՒ թե Ռուսաստանն իր «օրհնված» ոտքը երկար պահի Հայաստանի բկին, Հայաստանը կորցնելուն ևս կմնա «հինգ րոպե»` անկախ գազի թանկացումից, Ադրբեջանին միլիարդանոց զենք վաճառելուց, մեր դժբախտ հայրենակցին «ծաղկավոր խալաթ» հագցնելուց… Ընդ որում, արդեն կասկածներ կան, թե Գյումրիում տեղակայված 102-րդ «գունդը» ինչպես իրեն կպահի, եթե ռուսական մեկմիլիարդանոց «սմերչը» Ադրբեջանն ուղղի Հայաստանի վրա:
Բոլոր դեպքերում, մենք «ոսկե տարբերակ» ենք Ռուսաստանի համար այս խաղում ու տարածաշրջանում, և դա շատ լավ գիտակցում ենք։ Եվ մեր էմիգրանտների նկատմամբ «խալաթով» սկսված այս գործընթացը (հասկանալի է` ամեն ինչ տանելու է նրանց տարհանման գործընթացին) կյանքի կոչելուց առաջ Ռուսաստանը, թերևս, պետք է մի պահ մտածի:
Հարցնում եք` ինչի մասի՞ն։ Հենց թեկուզ այն մասին, որ մեր կորուստները բումերանգի նման հարվածելու են նաև իրեն:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1873

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ