ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Չավարտված ամռան դասերը

Չավարտված ամռան դասերը
12.07.2013 | 12:34

Հրեշտակներ երկրի վրա չկան ու չեն լինելու: Սա` մեկ: Ամառ է, ու քաղաքականությունը անցել է վաստակած դադարի: Սա` երկու: Քաղաքականությամբ կյանքը չի սկսվում ու չի ավարտվում: Սա` երեք: Եվ ընդհանրապես, գնացեք, ձեզ համար ապրեք, ի՞նչ եք ուզում: Ապրել չի՞ լինում: Գնալ-գալ չի՞ լինում: Իսկ ո՞վ էր ձեզ դրախտ խոստացել: Եվ ընդհանրապես, եթե երկրի վրա հրեշտակներ չկան, կա՞ դրախտ, թե՞ միայն դրախտի գոյության ցանկությունն է դրախտի գոյությունը հիմնավորում:

Գները բարձրացան: Գազի ու էլեկտրաէներգիայի: Հիմա դեռ ոչինչ: Թե ինչ է նշանակում այդ թանկացումը, կիմանաք աշնանն ու ձմռանը հատկապես: Թե այդ թանկացումները ինչ հետևանքներ են բերելու, արդեն զգում եք` առաջինը նահանջեց հացը: Հետևեց կաթնամթերքը: Գազը թանկացավ 10 տոկոսով, էլեկտրաէներգիան` 30: Մի քանի օրից դուք ավելին կվճարեք հասարակական տրանսպորտով ու տաքսիով երթևեկելիս: Եվ դա էլ դեռ վերջը չէ` 2013 թվականն է, ի՞նչ եք ուզում:
Խաղաղությամբ ավարտվեց «Վերահսկիչ պալատի հաշվետվություն» օպերացիան: Առավելագույն բացատրությունը, որ տրվեց, Իշխան Զաքարյանի վարչապետ դառնալու մտադրությունն էր: Հետաքրքիր է, իսկ ի՞նչ կարծիքի է այդ մտադրության մասին ԱԺ նախագահը: Հովիկ Աբրահամյանը տասնյակ պահեստային խաղացողներ ունի բոլոր այն պաշտոնների համար, որոնց ինքը ձգտում է: Իսկ այդ պաշտոնները առանձնապես շատ չեն` մեկ, երկու, ու` վերջ: Ժամանակի հարց է: Բայց երբեմն ժամանակը խաղում է նրա դեմ: Փոխվարչապետ էր քանի տարի, բայց Անդրանիկ Մարգարյանն անփոխարինելի էր: Անդրանիկ Մարգարյանն անսպասելի հեռացավ, բայց բախտը նորից չբերեց: Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ իր վարչապետ դառնալու ցանկությունը ոչինչ էր: Դեպի նախագահական ճանապարհն անցնում է Հանրապետության հրապարակով: Ոմանց համար ստացվում է, ոմանք հերթում են: Ժամանակի հարց է: Բայց ժամանակը չի կարելի հենց այնպես կորցնել, պարտադիր է միշտ լինել առաջին շարքում, ինտրիգների կենտրոնում, ավելի լավ է` ինտրիգների հեղինակ: Հարուստ, հեռանկարային, հետաքրքիր դաշտ է, բոլորը խաղում են, բայց որպեսզի խաղդ ստացվի, խաղընկերներ պիտի ունենաս: Կարևորը, որ նրանք խաղով չտարվեն, իրենց խաղի մեջ զգալով` խաղի տեր չզգան, խաղան քո խաղը, քեզ համար: Ավելի կարևորը, որ գնդակը միշտ քեզ մոտ լինի, ամենահեռուն` քո խաղընկերների, ու ոչ մի դեպքում տուգանային հրապարակ չմտնի: Որքան սպորտում, նույնքան քաղաքականության մեջ տուգանային հրապարակը վտանգավոր է: Վերահսկիչ պալատի հաշվետվության ժամանակ հնչեցված թվերը, չգիտես ինչու, վերագրվեցին միայն վարչապետին, բայց իրականում վերաբերում էին ամբողջ իշխանությանը, որին Տիգրան Սարգսյանը, որքան էլ ցանկանա, փոխարինել չի կարող: Ինչպես չկարողացավ թիվ 1 արդարամիտy դառնալ Իշխան Զաքարյանը: Ավելի ճիշտ` թիվ 1 հակակոռուպցիոներ: Սա մի խաղ էր, որտեղ բոլորը բոլորին մեղադրեցին, իսկ պարզվեց, որ ոչ ոք անմեղ չէ ու չի կարող լինել սկզբունքորեն, եթե մասն է իշխանական բուրգի: «Վերահսկիչ պալատի հաշվետվություն» օպերացիան որևէ փոփոխություն չբերեց ոչ ուժերի դասավորության, ոչ վարկանիշային հիերարխիայում, որովհետև դարձյալ հնչեցին միայն բառեր, իսկ գործերը մեռան բառերի մեջ: Պարզապես սա փորձնական մեկնարկ էր, բայց մասնակիցները կարծում էին, թե իսկապես վազքուղյակ են դուրս եկել, ու մրցանակն էլ իրական է: Այդպես պատահում է:

Խորհրդարանը դարձել է սկանդալների վայր` համարյա ինքնաբերաբար: Երբ մերոնք պակասում են, օգնության են գալիս նախկին ԽՍՀՄ-ի գործընկերները, նրանք էլ որ պակասեն` եվրոպացիները կան ու կան: Աուրելիա Գրիգորիուն դարձավ այն անձը, որ հետաքրքիր ու հիշվող դարձրեց շարքային ու ոչ մեկին առանձնապես ոչինչ չասող, հերթական, պարտադիր միջոցառումը: Մոլդովուհին մոտեցավ ամբիոնին ու ասաց` ինչ ասաց: Պատասխանը ստացավ տեղնուտեղը, բայց ձնագունդը գլորվեց: Գիտեք` ինչո՞ւ: Կյանքը զբաղմունքի փնտրտուք է, բայց միշտ չէ, որ զբաղմունքը դառնում է գործ: Իսկ գործերը տարբեր են լինում: Ավելի ճիշտ գործը միշտ նույնն է` ընկալումն է տարբեր: Երբեմն ուղղակի ներհակ, ինչպես այս դեպքում: Իսկ սակրալ հարցի պատասխանը` ո՞վ է ճիշտ, նույնքան սակրալ է` ճշմարտությունը միշտ մեկն է, մեկնություններն են տարբեր, մեկնիչներն են մեղավոր: Որ Մոլդովայի մարդու իրավունքների պաշտպանը Խոջալուն անվանեց ցեղասպանություն, իսկ մենք էլ իրեն խավիարասեր համարեցինք, ճշմարտության բռնաբարություն էր: Գուցե տիկին Գրիգորիուն խավիար ընդհանրապես չի էլ ուտում: Իսկ Կարեն Անդրեասյանը քնեց-քնեց, արթնացավ ու նրա հրաժարականը պահանջեց` երևի երազ էր տեսել: Գործնականում հնարավոր չէ նման համաժողովներում ամեն ինչ կանխատեսել: Պետք էլ չէ: Խնդիրն ավելի խորքային է: Ասվածը չէր կարևորը, այլ այն, որ Խոջալուն ցեղասպանություն որակեց Մոլդովայի բարձրաստիճան պաշտոնյան, այսինքն` հայ-մոլդովական հարաբերություններում կա մի էջ, որ գրել են ադրբեջանցիները, որովհետև մենք պարզապես ոչինչ չենք արել: Կլինեն այլ համաժողովներ, այլ ելույթներ, մենք նորից կզարմանանք, կզայրանանք, հրաժարականներ կպահանջենք ու համաշխարհային անարդարության դեմ կծառանանք, իսկ փոխարենը գուցե պետք էր, որ ամեն մեկը հանգիստ, հետևողական ու առանց աղմուկի զբաղվի իր բուն գործով: ՈՒ` գործը չդարձնի զբաղմունք:
Բայց այս ամենն այնքան էլ զարմանալի չէր, զարմանալին գլխավոր դատախազն էր: Աղվան Հովսեփյանը օրը ցերեկով իր պաշտոնի հետ համարյա անկապ տեղում իր միապաղաղ ձայնով Թուրքիայից պահանջեց տարածքների վերադարձ ու նյութական փոխհատուցում: Ոչ բառացի, բայց իմաստը դա էր: ՈՒ բողոքեց, որ ցեղասպանության զոհերի ժառանգների` Թուրքիայի դեմ պահանջների իրավաբանական հիմքերն ամրացնելու բավարար քայլեր ձեռնարկված չեն: Պատկերացնո՞ւմ եք: Եվ այդ համարձակ պահանջը հնչում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի շուրթերից, երբ դեռ մեկ տարի էլ չի անցել, որ Հայաստանի Հանրապետության նախագահը հրապարակավ ասում էր, որ մեկ ժամ էլ չի պաշտոնավարի այն պաշտոնյան, որ պահանջատիրության խնդիր կդնի: Իսկ մեկ ժամն անցել է: ՈՒ ընդհանրապես մենք նորից քաղաքականության առանցքը դուրս ենք բերում արտաքին քաղաքական ասպարեզ, որովհետև ներսում այլևս մեծ անելիքներ չկան` գները շեշտակի բարձրացան, ժողովուրդը նվում է, բայց վճարում է, աշխատավարձերը մնացին նույնը, գործատերերը նվում են ու չեն վճարում նվազագույն աշխատավարձի վերահաշվարկով հասանելի գումարը: Իսկ գործազուրկներն այդ խնդիրն էլ չունեն: Իշխանության ներսում վերուվարումները, պարզվեց, որ բոլորին իրենց տեղը ցույց տալու խնդիրն էին լուծում, բայց դա բնավ չի նշանակում, որ կառաջանան թափուր տեղեր, ամեն ինչ մնում է նույնը, ու ապրում ենք մինչև աշուն: Նույն գծի վրա: Բայց երբ գործ չկա, գոնե զբաղմունք պետք է: Նայում ենք սահմաններից դուրս: Շատ հեռու չէ: Իրանը նախագահ ընտրեց ու սեպտեմբերից կապրի նոր նախագահով, որ նաև կառավարության ղեկավարն է: Վրաստանը նախագահ կընտրի հոկտեմբերի 27-ին կամ 31-ին, եթե օրը նորից չփոխի, Ադրբեջանը Իլհամ Ալիևին նախագահ կընտրի հոկտեմբերի 16-ին, Թուրքիան 2014-ին նախագահ կընտրի: Թաքսիմը մի կողմ, չի բացառվում, որ հենց վարչապետ Էրդողանին: ՈՒր նայում ես` բոլորն իրենց գործին են: Ռուսներից բացի, նրանք ազգային ավանդույթ ունեն` զբաղվել ուրիշների գործերով: Ավելի եռանդուն, քան սեփական գործերով: Օրինակ, ի՞նչ գործ ունի Հայաստանում ՌԴ նախկին դեսպանը Հայաստանի արտաքին քաղաքականության հետ: Ինչո՞ւ է սիրտն այդքան ցավում հիմա, երբ ինքն այլևս դեսպան չէ: Մարդը հարցազրույց է տալիս ռուսական կայքին ու բացատրում, որ իր գանձարանում տեղ տալով եվրոպական արժեքներին` Հայաստանը կարող է կանգնել սայթաքուն ճանապարհին: Համոզիչ դառնալու համար էլ մեջբերում է անում Դանտեից, առանց իտալացու անունը տալու, թե լավագույն մտադրություններով է սալարկված դժոխքի ճանապարհը: Այսինքն` նույնիսկ դժոխք առանց Ռուսաստանի ցուցումի գնալ չենք կարող: Վյաչեսլավ Կովալենկոն մոռանում է այն դժոխքը, որ ռուսներն իրենք են ստեղծում` միանգամայն բարեկամաբար: Օրինակ, աղքատ ու տնանկ Ռուսաստանի միակ հույսը Հայաստանից ստանալիք պարտքն էր, որի դիմաց տարիներ առաջ վերցրեց գույք ու մոռացավ ունեցվածքը: Նույն Ռուսաստանը, որ մի քանի զրոներ ավելի պարտքերի մասին մոռացավ այլ պետությունների դեպքում, իսկ բոլորովին վերջերս Ղրղզստանին ասաց` մի վճարիր, եթե վճարես, քո տնտեսության համար ծանր վիճակ կստեղծվի: Նույն Ռուսաստանը, որ զենքի բիզնես է անում Ադրբեջանի հետ` մոռացած Գաբալան ու այն հանգամանքը, որ ինքն էլ նավթ ու գազ ունի: Խավիարն էլ` վրան: Նույն Ռուսաստանը, որ հույսը Հայաստանի վրա դրած իր տնտեսությունը փրկելու համար բարձրացնում է գազի սակագինն ու տարեկան 300 միլիոն դոլար է շահում, իսկ Հայաստանն էլ տնտեսության դիվերսիֆիկացումը հասկանում է շատ ինքնատիպ` տարբեր ճյուղեր հավաքում ու հանձնում է մեկին` միայն Ռուսաստանին: «Հայռուսգազարդի» բաժնետոմսե՞ր: Ռուսաստանին: Երկրորդ ատոմակայա՞ն: Ռուսաստանին: Իրանի հետ գազամո՞ւղ: Խողովակաշարը` Ռուսաստանին: Սահմաննե՞րը: Ռուսաստանին: Հայրենակիցների՞ն: Ռուսաստանին: Իսկ Ռուսաստանի մտադրությունները որևէ մեկը գիտի՞: Ոչ քարոզչականը, իրականը: Առանց իմանալու էլ պարզ է, որ Ռուսաստանը պաշտպանելու է Ռուսաստանի շահերը առաջին հերթին, երկրորդ հերթին Հայաստանին է հանձնարարելու իր շահերը պաշտպանելը, որովհետև Հայաստանը սեփական, ինքնուրույն, չհամաձայնեցված շահ ունենալ չի կարող: ՈՒրեմն` ի՞նչ արժեքներ են առաջարկվում ի տրիտուր դժոխք տանող եվրոպականի, թե՞ ռուսների համար դրախտն էլ, դժոխքն էլ իրարից տարբերվում են ալկոհոլի շատ ու քիչ լինելով: Այսպես էլ ապրում ենք:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Դուք կարծում եք, երբ ԵՄ ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն Հայաստան իր այցը «ծայրահեղ կարևոր» էր համարում, անկե՞ղծ էր: Անկե՞ղծ էր, երբ վերահաստատում էր Հայաստանի բարեփոխումներին աջակցելու ԵՄ հանձնառությունը: Անկե՞ղծ էր, երբ հույս էր հայտնում, որ Վիլնյուսի գագաթնաժողովում Հայաստանի հետ կնախաստորագրվեն ասոցացման ու համապարփակ, ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրերը: Հայաստանի իշխանությունն էլ պետք է առաջընթաց ունենա ոչ միայն ժողովրդավարության ու մարդու իրավունքների, այլև օրենսդրության արդիականացման ու կիրառման ոլորտներում: Չէ՞ որ բոլորն ամեն ինչ տեսնում են ու գիտեն: Պարզապես ընտրովի են հաշվի առնում իրենց իմացածը: Ի դեպ, դժոխք գնում են ոչ միայն արածների, այլև չարածների համար:

Դիտվել է՝ 2058

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ