ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Սխալ, որն այդպես էլ չի ուղղվում

Սխալ, որն այդպես էլ չի ուղղվում
11.07.2013 | 19:05

Նոր իրողությունները ստիպում են հայաստանյան քաղաքական միավորներին և գործիչներին փնտրել նոր, ավելի արդյունավետ մարտավարական մոտեցումներ և հնարքներ, հատկապես, երբ 2012-2013 թթ. քաղաքական սեզոնում միայն ՀՀԿ-ն կարողացավ հաջողել և առաջիկա 5 տարիների համար ձևավորել իշխանություն: Այս առումով բարդացել է հատկապես ՀԱԿ կուսակցությունների դաշինքի և ՀՀՇ հիման վրա ձևավորված ՀԱԿԿ-ի գործը, քանզի Տեր-Պետրոսյանի հետևորդները ոչ միայն չկարողացան իշխանության գալ, այլև կորցրին անդամների և համակիրների մի հսկայական բանակ: ՀԱԿԿ «գործադիր տնօրեն» Լևոն Զուրաբյանն այս օրերին լուրջ խնդիրների առաջ է կանգնած, քանզի Նիկոլ Փաշինյանն ու Հրանտ Բագրատյանը, իրենց համակիրների հետ, գործում են անհատական քաղաքական ծրագրերով և, կարծես, հակասում են Լևոն Զուրաբյանի շահերին: Նկատելի լարվածությունն արդեն դուրս է եկել հրապարակային դաշտ, և կարելի է ենթադրել, որ ընդդիմության ճամբարում ընթացող պայքարը ժամանակի ընթացքում էլ ավելի է թեժանալու:

Միևնույն ժամանակ, նկատելի է, որ ՀԱԿԿ ղեկավարությունը փորձում է առաջնորդվել նոր մարտավարությամբ: ՎՊ նախագահի սկանդալային ելույթը ԱԺ ամբիոնից, այնուհետև կառավարության արձագանքը և նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հարցին վերջնական լուծում տալը հարմար առիթ էին ՀԱԿԿ-ի համար որդեգրելու նոր մարտավարական հնարք: Գաղտնիք չէ, որ 2012-2013 թթ. քաղաքական սեզոնում ՀԱԿԿ-ն հաջողված համագործակցություն է ապահովել ԲՀԿ-ի հետ: Լևոն Տեր-Պետրոսյանը ԲՀԿ-ին անգամ ընդդիմություն էր հռչակում և բարձրաձայնում «բուրժուադեմոկրատական հեղափոխության» մասին: Ի սկզբանե պարզ էր, որ Տեր-Պետրոսյանն ու նրա շրջապատը ցանկանում էին սեպ խրել իշխանության մեջ` «ավազակապետության» հենասյուներից մեկը հանդիսացող ԲՀԿ-ին դուրս հանելով իշխանության ճամբարից: Նույն մարտավարությունն էլ փորձում են կիրառել ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի և ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նկատմամբ` «լուրեր» տարածելով, թե իշխանության ճամբարը երկփեղկվել է, այնուհետև` «պաշտպանության տակ» վերցնելով Զաքարյանին ու Աբրահամյանին:
ՈՒշագրավ է, որ 2008-ի նախագահական ընտրության շրջանում Տեր-Պետրոսյանի հիմնական մարտավարությունը ևս հանգում էր իշխանության ճամբարը երկփեղկելու և «իշխանության մի հատվածի աջակցությամբ դարպասներ բացելու» քաղաքականությանը, ինչը արդյունք չտվեց: Հետագայում Տեր-Պետրոսյանին չհաջողվեց իշխանության համար պայքարում ավելի արդյունավետ մոդել գտնել և նույն մարտավարությունը շարունակվեց նաև 2012-2013-ին: Մինչդեռ, ԲՀԿ առաջնորդը Աբովյան քաղաքում կառուցված եկեղեցու բացման արարողության ժամանակ շատ հստակորեն նշեց, որ ԲՀԿ-ն ընդդիմություն չէ` հերթական անգամ ապացուցելով, որ Տեր-Պետրոսյանի մարտավարությունն արդյունք չի տվել: Պետք է նշել, որ բոլոր երկրներում, անգամ տոտալիտար կառավարման համակարգ ունեցող երկրներում, իշխանությունը մշտապես բաժանված է լինում թևերի, որոնք ժամանակ առ ժամանակ պայքարում են միմյանց դեմ: Հայաստանում այդ պայքարը եղել է դեռևս 1991-1992-ից, սակայն այդ պայքարի արդյունքում իշխանություն է կորցրել միայն Տեր-Պետրոսյանը:
2008-ից հետո էլ ներիշխանական պայքարը եղել է, սակայն մշտապես գտնվել է նախագահի վերահսկողության ներքո: Ինչ վերաբերում է ՀԱԿԿ «նոր մարտավարությանը», ապա կարելի է ասել, որ այն դատապարտված է ձախողման, քանզի գտնվում է մի քանի անգամ ձախողված մարտավարության շարունակության տրամաբանության ծալքերում: Քաղաքական գործընթացը ենթադրում է պայմանավորվածություններ, իսկ իշխանության ճամբարում այդ պայմանավորվածությունները մշտապես ձեռք են բերվում` թույլ չտալով իրավիճակի վերահսկողությունից դուրս գալուն: Սա հաշվի չառնելը Տեր-Պետրոսյանի և նրա «գործերի կառավարիչ» Լևոն Զուրաբյանի գլխավոր սխալն է, որն այդպես էլ չի ուղղվում:


Ալբերտ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1719

Մեկնաբանություններ