ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Ավելի լավ է Ղրիմը տալ Թուրքիային, քան Ռուսաստանին»

«Ավելի լավ է Ղրիմը տալ  Թուրքիային,  քան Ռուսաստանին»
07.05.2013 | 00:20

ՈՒկրաինայի քաղաքական և զինվորական ղեկավարներն անկախության դարավոր պայքարի ընթացքում մեկ անգամ չէ, որ հարկադրված են եղել օգնության կանչել Օսմանյան կայսրությանը, հիանալի հասկանալով, որ այդ պետությունն ամենահուսալի և ընդունելի դաշնակիցն ու գործընկերը չէ, ավելին, նա միշտ ձգտել է կա՛մ ՈՒկրաինան ենթարկել իրեն, կա՛մ օգտագործել իր շահադիտական նպատակներով, այն է` հյուսիսային մերձսևծովյան տարածքներում հաստատել և պահպանել իր գերիշխանությունը։
Իր այս նկրտումների իրականացման շրջանակներում Թուրքիան անցած դարի 80-90-ական թվականների կցույթում ՈՒկրաինայի հետ հարաբերությունների ծավալման մի ծրագիր մշակեց, ինչը մեծ հաճույքով ընդունվեց Կիևի կողմից, քանի որ, որպես երիտասարդ պետություն, ՈՒկրաինան շահագրգռված էր այդպիսի խոշոր պետության հետ սերտ հարաբերությունների հաստատմամբ, որն ուներ հզոր զինված ուժեր և ներդաշնակորեն զարգացող տնտեսություն։ Այդ ժամանակվանից ՈՒկրաինայի հանդեպ Թուրքիայի քաղաքականությունը միշտ կրել է քիչ թե շատ կոռեկտ ու զուսպ բնույթ։ Ճիշտ է, Թուրքիան ՈՒկրաինային ռազմավարական կարգի ներդրումներ չի կարողացել առաջարկել, ինչը հաճույքով կընդունվեր, սակայն երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունները զարգացել են շատ արդյունավետ և լայն ընդգրկումով։
Տնտեսական հարաբերությունները և ՈՒկրաինայի նկատմամբ Թուրքիայի զուսպ քաղաքականությունը դարձան այն հարմարավետ զգացողության կարևոր գործոնները, որ ուկրաինացի քաղգործիչներն ունեին եվրատլանտյան կառույցների հետ առնչություններում։ ՈՒ թեև Թուրքիան մեծ խնդիրներ ունի Եվրամիությանն անդամակցելու հարցում, սակայն Թուրքիայի հետ սերտ համագործակցությունը Եվրոպայում ընդունվում է որպես Արևմտյան ընկերակցությանը Արևելյան Եվրոպայի պետությունների ինտեգրման շատ դրական գործոն։ Ավելին, Թուրքիայի հետ այդ պետությունների բազմապիսի տնտեսական կապերը Եվրամիությունում և ԱՄՆ-ում ընկալվում են որպես ՆԱՏՕ-ի այդ վաղեմի, բայց անհաշտ անդամի հետ հարաբերություններ կառուցելու հնարավորության կարևոր երաշխիք։
Թուրքիան միշտ ցավագին է ընդունել ԱՄՆ-ի դիրքորոշումը և, օրինակ, Գերմանիայի կարծիքը ՎՈՒԱՄ-ին Թուրքիայի անմիջական անդամակցության անցանկալիության առնչությամբ։ ՈՒստի նավթի ու գազի մատակարարման «այլընտրանքային» համակարգի ստեղծման գործում Արևելյան Եվրոպայի պետությունների, նախ և առաջ ՈՒկրաինայի ակտիվության պայմաններում Թուրքիան ձգտում է ազդել այդ համակարգի ստեղծման ընթացքի վրա։ Թուրքիայի այդ քաղաքականության նպատակը վառելիքի առաքման ուկրաինական ուղղության թուլացումն է, ինչը չի կարող չնկատվել ՈՒկրաինայում։ Մյուս հակասությունը, որ կարող է առաջանալ թուրք-ուկրաինական հարաբերություններում, Կիևի հնարավոր համաձայնությունն է ԱՄՆ-ի հետ` Մոնթրեի 1936-ի հայտնի համաձայնագրի վերանայման հարցում, որը մինչև հիմա կանոնակարգում է ոչսևծովյան պետությունների ռազմանավերի մուտքը Սև ծովի ավազան։ Քանի դեռ այդ համաձայնագիրը գործում է, ԱՄՆ-ի ռազմական ներկայության մեծացումը Սև ծովում, փաստորեն, անհնար է։ ՈՒկրաինան, որն այնքան լայնընդգրկուն ափեր ունի, կարող էր կարևոր դեր խաղալ այդ համաձայնագրի վերանայման գործում։ Դա կհանգեցներ տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակի արմատական փոխմանը և զգալիորեն կնվազեցներ Թուրքիայի դերը, այդ թվում` ԱՄՆ-ի հետ հարաբերություններում։ Այդ նկատառումով էլ ՈՒկրաինան գտնվում է Թուրքիայի ուշադրության կենտրոնում։ ՈՒկրաինայի համար դժվար կլինի նման քայլի դիմել, եթե Թուրքիան և Ռուսաստանը փոխհամաձայնություն հանդես բերեն այդ հարցում։ Կա ևս մեկ, բավական առարկայական, բայց դեռևս ոչ բացահայտ գործոն, որը կարող է թուրք-ուկրաինական հակասություն ծնել։ Ինչպես հայտնի է, Թուրքիան եվրոպական շուկաներին գյուղմթերքների խոշոր մատակարար է, իսկ Եվրահանձնաժողովը չի թաքցնում, որ կցանկանար այդ դերում ՈՒկրաինային տեսնել։ Թուրքիան մտադիր է զգալիորեն ավելացնել սև մետաղների գլանվածքի թողարկումն իր գործող ձեռնարկություններում, ինչը մի 3-4 տարի հետո նրան կդասեր Լեհաստանի և Չեխիայի մակարդակին, նպատակ ունենալով ճյուղը կողմնորոշել դեպի եվրոպական շուկա։ Սակայն անգամ 20-25 տարի հետո էլ այդ ճյուղը Թուրքիայում չի կարող համեմատվել ՈՒկրաինայի հետ, քանի որ գիտատեխնիկական և պրոֆեսիոնալ առումով այն այստեղ շատ բարձր մակարդակ ունի։ Այսինքն, Թուրքիայի համար կարևորագույն որոշ ճյուղեր մրցակից ունեն ՈՒկրաինայում։ Նկատի ունենալով գյուղմթերքների և մետալուրգիական արտադրանքի ներմուծման առնչությամբ Եվրամիության թելադրած կոշտ պայմանները, մրցակցային գործոններն իրողություն են դառնում։ Այսինքն, բացի շատ այլ շահերից, երկու պետությունների փոխհարաբերություններում արդեն նկատվում են նաև որոշակի հակասություններ։ Դա Թուրքիային հուշում է, որ մեծ աշխատանք կա անելու ՈՒկրաինայի հետ, և որ հեշտ չի լինելու ազդեցությունը այդ երկրի վրա մեծացնելը։
Եվրասիայում և Արևելյան Եվրոպայում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում իր թափանցման և նվաճողամտության ծրագրերը մշակելիս Թուրքիան հասկանում էր, որ միայն պանթյուրքական նախագիծը բավարար չէ, առավել ևս, որ այդ խնդիրները շատ բարդ դուրս եկան և պահանջում էին տնտեսական ու քաղաքական մեծ ռեսուրսներ։ Հարկ եղավ գտնել այլընտրանքային դոկտրին, որը կարելի է պայմանականորեն կոչել «նեոօսմանիզմ»։ Դա ենթադրում է թուրքական քաղաքականության ծիրի մեջ ներառել մի շարք ժողովուրդների ու երկրներ, որոնք դարեր ի վեր «համակրանքով» են լցված եղել օսմանյան իշխանության նկատմամբ։ Այդ դոկտրինի առկայությունը Թուրքիայի քաղաքականության մեջ արդեն կասկած չի առաջացնում, քանի որ Թուրքիայի գործունեությունը ոչ թրքախոս, բայց հիմնականում իսլամական և հոգևոր առումով մոտ կանգնած ժողովուրդների «դաշտում» արդեն բավական լայնորեն ծավալվել է ու դարձել ավելի արդյունավետ, քան նրա ջանքերը Կենտրոնական Ասիայում կամ Պովոլժիեում։ Բայց մինչև հիմա խոսքը վերաբերել է համեմատաբար ոչ մեծ ժողովուրդների վրա Թուրքիայի ազդեցությանը։ Այնինչ նեոօսմանիզմի դոկտրինը պարունակում է «երկրորդ գոտու» հարցեր, որը ներառում է Բալկանների ինքնիշխան պետությունները, Մոլդովան, Վրաստանը, Սիրիան և այլ երկրներ։ Այդ գոտու մեջ, անշուշտ, նաև ՈՒկրաինան է, ընդ որում, Անկարայի պետքն էլ չէ, որ այդ պետությունը Եվրոպայի առավել խոշոր ու արդյունաբերապես զարգացած երկրներից մեկն է։ Թուրքիան, ի դեմս ՈՒկրաինայի, տեսնում է ոչ թե իրեն հավասար խոշոր պետություն, այլ սոսկ թուրքական քաղաքականության ծիրում ընդգրկված երկիր։ Այս կապակցությամբ հետաքրքրություն են ներկայացնում ՈՒկրաինայի հանդեպ Թուրքիայի գործունեության հիմնական ուղղությունները, որոնք կարող են իմաստավորվել որպես «նեոօսմանիզմի» քաղաքականության տարրեր Ղրիմի ու Սև ծովի խնդիրների տեսանկյունից։
90-ական թվականների սկզբից թուրքական հատուկ ծառայություններն սկսեցին սերտ կապեր հաստատել ՈՒկրաինայի այն քաղաքական կազմակերպությունների հետ, որոնք առանձնանում են ազգայնական գաղափարախոսությամբ։ Այդ կազմակերպությունները Թուրքիայի ֆինանսավորմամբ ակտիվորեն մասնակցեցին չեչենական պատերազմին` ընդդեմ ռուսական զորքերի։ Նույն կերպ ֆինանսավորվում էին ՈՒկրաինայի առանձին հասարակական կազմակերպություններ ու քաղգործիչներ, լրագրողներ ու լրատվամիջոցներ, որոնք պատվիրված կարգով քարոզում էին թուրք-ուկրաինական հարաբերությունների զարգացման առավելությունները։ ՈՒկրաինայում Թուրքիայի գործունեության մի առանձին «հոդված» էր ղրիմաթաթար բնակչության իրավունքների ու դիրքերի պաշտպանությունը` որպես պետականության կրողի, որի շահերը ուկրաինական ազգային շահերի մի մասն են։ Երևի տեղական և կենտրոնական իշխանությունների հետ ղրիմցի թաթարների երկարամյա առճակատումն արդյունք, համենայն դեպս, տվել է, քանի որ նշաններ կան, որ Թուրքիայի և ՈՒկրաինայի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվելՂրիմ-թաթարական հարցի առնչությամբ երկու պետությունների քաղաքականություն կառուցելու կանոնների շուրջ։ Վ. Յուշչենկոյի վարչակազմը որոշում էր ընդունել Ղրիմի քաղաքական ասպարեզում կազմավորել Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու և նրան Ղրիմից դուրս մղելու հզոր գործոն։ Նպատակ է հետապնդվում Ղրիմը վերածելու միջազգային մակարդակի կոշտ ու վտանգալի առճակատման հանգույցի, որը Ռուսաստանին կստիպի մոռանալ մնացած բոլոր հոգսերը, այսինքն, մի յուրօրինակ Չեչնիայի։ Իսկ այս խնդիրներն ՈՒկրաինան ի վիճակի կլինի լուծելու միայն Թուրքիայի օգնությամբ ու ակտիվ մասնակցությամբ։ Նույնիսկ ՈՒկրաինայում հայտարարություններ են լսվում, թե «ավելի լավ է Ղրիմը տալ Թուրքիային, քան Ռուսաստանին»։ Թուրքիան միտք չունի մասնակցելու մարդասիրական ու բանահյուսական խաղերի։ Թուրքիային չեն հետաքրքրում նաև աշխարհի բազմաթիվ «արյունակից» ժողովուրդների տարատեսակ հոգսերն ու կարիքները։ Ամեն ինչ նպատակաուղղված է Սև ծովի ավազանում ազդեցության քաղաքական հզոր գործոնի ստեղծման ծրագրի իրագործմանը, ապա նաև, առաջին հերթին, ԱՄՆ-ի, ինչպես նաև Եվրամիության և Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Բացառված չէ, որ Թուրքիայի շահերը Բելգիայի, Հունաստանի, Կիպրոսի, Մոլդովայի և Հյուսիսային Կովկասի թրքախոս բնակչության շրջանում մեկտեղված են, և հենց Ղրիմի նախագիծն է առանցքայինն ու վճռորոշը։
Մենք պատահականորեն չէ, որ Ղրիմի իրավիճակը պայմանավորեցինք ՈՒկրաինայի ազգայնական կազմակերպությունների հետ Թուրքիայի հարաբերություններով։ Ներկայումս Ղրիմում ավելի ու ավելի հաճախ են ակտիվիստներ նկատվում, այդ թվում` ՈՒկրաինայի արևմտյան մարզերի մարտական կազմակերպությունների հրամանատարներ։ Թուրք պատասխանատուները հասկանում են, որ Ղրիմի խնդիրը միարժեք չէ և բավական քննադատաբար է ընդունվում ուկրաինական հասարակության կողմից, ընդ որում անգամ նրանք, ում չի կարելի կասկածել Ռուսաստանի հանդեպ համակրանք ունենալու մեջ, ամենևին ոգևորություն չեն դրսևորում ՈՒկրաինայի այդ տարածաշրջանում թուրքերի հավակնությունների առնչությամբ։ ՈՒստի Թուրքիայի համար շատ կարևոր է վերակազմավորել հասարակության այն շրջանակները, որոնք կկարողանային աջակցություն ցուցաբերել ոչ միայն երկու պետությունների համագործակցությանը, այլև ղրիմցի թաթարների օջախի, ապա նաև պետական կազմավորման ստեղծման գաղափարին։ Այդ նպատակով լայն աշխատանք է տարվում քաղաքական ու հասարակական տարբեր խմբերի հետ։ Հատկանշական է, որ մի երկու տարի առաջ Տրապիզոնի համալսարանի կազմակերպած համաժողովներից մեկում, որը նվիրված էր Սևծովյան տարածաշրջանին, կարծիք հնչեց, թե ՈՒկրաինայում առկա արևմտամետ ուժերի համար Ղրիմը ոչ մի արժեք չի ներկայացնում, և այն նրանց կողմից գնահատվում է իբրև Ռուսաստանից ՈՒկրաինայի անկախության խոչընդոտ։ Դա վկայում է այն մասին, որ Թուրքիայում ուշադրությամբ հետևում են ՈՒկրաինայում տեղի ունեցող գործընթացներին։ Իսկ «Ստամբուլի կլոր սեղանի» ավանդական հանդիպման մասնակիցներն այն միտքը հայտնեցին, որ ՈՒկրաինայի պետական սահմանները հեռու են ավարտուն համարվելուց, և Թուրքիան չի կարող կողմնակի հայեցող լինել, երբ ՈՒկրաինայում նախադրյալներ են ստեղծվում երկրի պետական ու տարածքային մասնատման համար։
ՈՒշագրավ է, որ թուրքական մամուլը չի թաքցնում, որ ՈՒկրաինայում չդադարող քաղաքական սուր պայքարի պայմաններում Թուրքիայում նախապատվությունն ավելի շատ տալիս են Վ. Յուշչենկոյի թիմին ու «Մեր ՈՒկրաինան» կուսակցությանը, քանի որ հենց այդ քաղաքական խմբավորումն է առավել գաղափարականն ու առավել ծայրահեղ ազգայնական հայացքներ ու տրամադրություններ արտահայտողը երկրում։ Յուլյա Տիմոշենկոյի նկատմամբ թուրքական մեկնաբանների վերաբերմունքը շատ զուսպ է, քանի որ նրան համարում են ամերիկյան քաղաքականության գործիք, ինչը, երևում է, այնքան էլ ձեռնտու չէ Թուրքիային։ Վ. Յանուկովիչը թեև իրեն բավական հեռու է պահում ԱՄՆ-ից, սակայն նույնպես ձեռնտու չէ Անկարային իբրև օլիգարխիական խմբավորումների հետ կապված, ինչպես նաև ինչ-որ չափով Ռուսաստանի շահերն արտահայտող «Ռեգիոնների կուսակցության» վրա հենվող քաղաքական գործիչ։ Թուրքիան ձգտում է իր համար գաղափարական գործընկերներ գտնել ՈՒկրաինայում, որոնք հենվեին սոսկ առանձին ազգային և ազգային-կրոնական խմբերի ազգայնական գերակայությունների վրա։ Դա նկատելի է թե՛ Կովկասում, թե՛ Բալկաններում և թե՛, տվյալ դեպքում, ՈՒկրաինայում։ Այստեղ Թուրքիան կարող է, բացի տնտեսական շահերից, հենվել նաև Արևմտյան մարզեր - Ղրիմ առանցքի վրա։ Այդ առանցքն էլ հենց ստեղծվում է հետևողականորեն ու համառորեն, չնայած դրա թվացյալ անհնարինությանն ու ապարդյունությանը։
Եվ այնուամենայնիվ, տարածաշրջնային խնդիրները չեն բացատրվում ՈՒկրաինայում և մասնավորապես Ղրիմում Թուրքիայի ունեցած շահագրգռությամբ միայն։ Տարածաշրջանային, ներառյալ տնտեսության և անվտանգության հետ կապված խնդիրները տարբեր կերպ են լուծվում, քանի որ դրանք բնույթով բազմատարբերակ են։ Բայց, չնայած ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վատթարացմանը, Թուրքիան շարունակում է նրա հետ հարաբերությունները համարել իր արտաքին քաղաքականության և անվտանգության հիմք։ Թուրքիան լուրջ հիմքեր ունի ԱՄՆ-ից դժգոհելու և կարծում է, որ ամերիկյան քաղաքականությունը խոչընդոտ է դարձել իր տնտեսական զարգացման ճանապարհին ու իր դրությունն ավելի խոցելի է դարձել անվտանգության ոլորտում։ Այսպես թե այնպես, Թուրքիան հասկանում է, որ ԱՄՆ-ի քաղաքականության մեջ այդ նպատակները սկզբունքային են և նա ստիպված է ինչ-որ չափով անտեսել իր շահերը, բացի այդ, մեծանում է համոզմունքն այն բանի, որ առանց ԱՄՆ-ի գործընկերության Թուրքիայի դիրքերն աշխարհում կթուլանան։ ՈՒստի, ինքնուրույնության ձգտմանը զուգընթաց, Թուրքիան կաշխատի բարելավել իր հարաբերությունները ԱՄՆ-ի հետ։ Բայց դրա համար միայն ցանկությունն ու առանձին հարցերի շուրջ պայմանավորվածությունները քիչ են։ Այդ նպատակով Թուրքիան պետք է հանդես գա ավելի նախընտրելի դիրքերից, շա՜տ ավելի նախընտրելի դիրքերից ¥ահա թե որտեղից են գալիս նրա խաղերը Ռուսաստանի ու Արևելյան Եվրոպայի պետությունների հետ¤։ Թուրքիան համոզվել է, որ Սև ծովում ռազմական ներկայության հաստատումն ԱՄՆ-ի ռազմավարական խնդիրներից մեկն էր, և եթե հիմա ԱՄՆ-ը ինչ-որ չափով զսպել է իր այդ ծրագրերը, աշխատելով այնքան էլ չբորբոքել Թուրքիային, ապա դա չի նշանակում, թե նա հրաժարվել է այդ նպատակներից։ Դրա համար էլ կարևորագույն գործոնը, որը կարող է ավելի ծանրակշիռ լինել, քան ԱՄՆ-ի հետ հարաբերություններում եղած բոլոր փաստարկները, կդառնար Թուրքիայի դիրքերի ամրապնդումը Ղրիմում, այն տարածքում, որի դրությունից կախված են գլոբալ աշխարհաքաղաքականությունն ու աշխարհառազմավարությունը Ղրիմի պատերազմից ի վեր, երբ արևմտյան տերությունները, բնավ չցանկանալով ռուսական տարածքներին տիրանալ, նրան «փակեցին» Սև ծովում։ Ղրիմում Թուրքիայի հավակնությունների հանդեպ ԱՄՆ-ի վերաբերմունքը միարժեք չէ։ Իհարկե, առայժմ ԱՄՆ-ի գլխավոր նպատակը Սև ծովից Ռուսաստանը հիմնավորապես դուրս մղելն է, բայց դա, երևի, չի նշանակում, թե ամերիկացիները կցանկանային Թուրքիան տեսնել իբրև Ղրիմի տեր-տիրական։ Միաժամանակ, Ղրիմում Թուրքիայի քաղաքականությունը, որն առաջին հերթին ուղղված է Ռուսաստանի դեմ, լիովին ձեռնտու է ԱՄՆ-ին։ Այս դասավորության ու շահերի պայմաններում, Թուրքիայի առջև առայժմ բացվում է Ղրիմը կլանելու և այն իր աշխարհաքաղաքականության կարևոր լծակ դարձնելու նպաստավոր հեռանկարը։ Կարելի է ենթադրել նաև, որ այնպիսի մի աղետ, ինչպիսին ՈՒկրաինայի պետական պառակտումն է, նույնպես ձեռնտու է Թուրքիային, համենայն դեպս, նա հետաքրքրությամբ կդիտարկեր այդ հեռանկարը, բայց Անկարան այդ խաղի մեջ կմտնի միայն այն ժամանակ, երբ այն իրողություն դառնա։

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 3104

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ