Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Բաց նամակ ՀՀ արդարադատության նախարար Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ

Բաց նամակ ՀՀ արդարադատության նախարար Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ
19.12.2008 | 00:00

ՀՈՒՅՍԸ ՉԻ ՄԵՌՆՈՒՄ
Հարգարժան պարոն Դանիելյան, ստացանք ՀՀ նախագահի օգնական Գ. Կոստանյանի կողմից ՆՕ-2072 գրությամբ Ձեզ ուղարկված մեր դիմումին Ձեր տված պատասխանը։ Համաձայն չլինելով Ձեր առաջ քաշած օրենքների մի շարք մեկնաբանությունների ու առհասարակ խնդրին ցուցաբերած Ձեր մոտեցման հետ, ցանկանում ենք այս նամակով ներկայացնել մեր կարծիքն այն մասին, թե ինչու մեր ներկայացրած փաստերն անհերքելի են։ Հիմնականում անդրադառնալու ենք չորս հարցի։ Ա) Ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր Ձեր բոլոր պատասխաններում առկա են քրեական նոր օրենսգրքի 60-րդ հոդվածին առնչվող պարզաբանումներ։ Այո, մեր փաստարկներում մենք անդրադառնում ենք այս հոդվածին, սակայն միայն նշելու համար, որ նախագահական «ներման» պահին այն մեզ չէր կարող վերաբերել, որովհետև, ինչպես 60-րդ հոդվածը, այնպես էլ ամբողջ նոր քրեական օրենսգիրքը 2003-ի օգոստոսից մինչև 2006-ի սեպտեմբերը չէր կարող մեր նկատմամբ օգտագործվել այն պարզ պատճառով, որ 2003-ի օգոստոսի 1-ին ուժի մեջ մտած «քրեական օրենսգիրքը կիրառության մեջ դնելու մասին» օրենքն արգելում էր նոր օրենսգրքի որևէ դրույթ օգտագործել նախկին մահապարտների նկատմամբ։ Իսկ 60-րդ հոդվածը, ցմահ ազատազրկման դրույթը` մաս կազմելով նոր օրենսգրքի, նրա դրույթներից է, ուստի չէր կարող մինչև 2006 թվի սեպտեմբեր ամիսը հիմք ծառայել նախկին մահվան դատապարտվածների նկատմամբ օրենքի սահմաններում կատարվող որևէ ակտի։ Նախագահի ներման հրամանագիրը, որը ստորագրվել է մինչև 2006 թվի սեպտեմբերը և միայն «Քրեական օրենսգիրքը կիրառության մեջ դնելու մասին» օրենքն ուժի մեջ մտցնելուց հետո, մի հրամանագիր է, որը հակասում է օրենքին։ Այսինքն, մենք լավ ենք հասկանում 60-րդ հոդվածի իմաստը, հավելյալ բացառություններ դրա մասին, կարծում եմ, անհրաժեշտ չեն։ Մենք 60-րդ հոդվածին անդրադառնում ենք միայն հայտնելու համար, որ այն 2003-ի օգոստոսի 1-ին չէր կարող գործել նախկին մահվան դատապարտվածների նկատմամբ։ Բ) Մենք զարմանում ենք, թե ինչո՞ւ Ձեր պատասխաններում չեք անդրադառնում 2003-ի օգոստոսին ուժի մեջ մտած «Քրեական օրենսգիրքը կիրառության մեջ դնելու մասին» օրենքին։ Չէ՞ որ մեր բոլոր փաստարկների հիմքը դա է։ Ինչո՞ւ չեք ընդունում, որ այն, որպես օրենք, չէր կարող 2003-ի օգոստոսի մեկին արգելք չհանդիսանալ պարոն Քոչարյանին` մահապատիժը ցմահ ազատազրկումով փոխարինելու գործում։ Անգամ եթե նոր օրենսգրքում, օրինակ, 16 տարի ազատազրկում նախատեսված լիներ, նույնպես այն կիրառելի չէր լինելու նախկին մահվան դատապարտվածների նկատմամբ` վերոնշյալ օրենքի պատճառով։ Դուք բացատրում եք, որ «Քրեական օրենսգիրքը կիրառության մեջ դնելու մասին» օրենքի նպատակն այն էր, որ այդ ժամանակ Հայաստանը դեռ ղեկավարվում էր «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 2-րդ հոդվածով, որը թույլ էր տալիս մահապատժի իրականացումը, երբ այն օրենքով նախատեսված էր։ Այսինքն, պարզ է ինչպես Ձեզ, այնպես էլ մեզ համար, որ օգոստոսի 1-ին դեռևս Հայաստանը չէր բացառում մահապատիժ իրականացնել բացառիկ դեպքերում, ինչպես կոնվենցիան դա թույլ էր տալիս։ ԱԺ որոշումով այդ բանը չբացառելու համար չէ՞ր ստեղծված այդ 4-րդ պարբերությունը։ Ապա բացատրում ենք, որ 2006-ի սեպտեմբերի 29-ին ստորագրվեց նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 6-րդ արձանագրությունը, որը վերջնականապես մահապատիժը վերացնում էր Հայաստանում (ուժի մեջ մտել է 2003 թ. հոկտեմբերի 1-ին), և միայն 2006 թվի դեկտեմբերի 30-ին է, որ ուժը կորցրած հայտարարվեց «Քրեական օրենսգիրքը կիրառության մեջ դնելու մասին» օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասը։ Այստեղ էլ ենք բոլորս հասկանում, որ, ի վերջո, ԱԺ-ում հոկտեմբերի 27-ի խնդրով վրեժ լուծելու միտում ունեցողների քանակը դարձավ աննշան, եվրոպական ճնշումն անտանելի դարձավ, ու բացառվեց մահապատժի իրականացման տարբերակը։ Ահա սա է իրականում այն, ինչը տեղի է ունեցել։ 2003 թվի ապրլիլի 18-ին, երբ ԱԺ-ում քննարկվեց «Քրեական օրենսգիրքը կիրառության մեջ դնելու մասին» օրենքը, մահվան դատապարտվածների ճակատագիրն առկախ թողնվեց, քանի որ բացահայտորեն միտում կար հոկտեմբերի 27-ի խնդրով մահապատիժ իրականացնել։ Այսինքն, փաստ է, որ մահապատժի դատապարտվածների համար անցկացվեց մի օրենք, որն արգելում էր բոլորին` նրանց հետ վարվել նոր քրեական օրենսգրքի դրույթներին համապատասխան։ Պարոն Դանիելյան, այս բոլորի մասին Դուք էլ լավ գիտեք։ Բոլորը գիտեն։ Թերթերն են սրան անդրադարձել։ Եթե սխալ ենք, ապա խնդրում ենք նորից բացատրեք մեզ, թե «Քրեական օրենսգիրքը կիրառության մեջ դնելու մասին» օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ պարբերությունը, մինչև 2006-ին ջնջվելը, ի՞նչ էր նշանակում, ի՞նչ նպատակ էր հետապնդում, ո՞ր դեպքերում էր օգտագործելի և ո՞ւմ նկատմամբ։ Դրա նպատակը ո՞րն էր, եթե խոսվում է ծանր հանցագործություն կատարածների մասին ու մեզ չի վերաբերում։ Ի դեպ, միայն այն փաստը, որ «Քրեական օրենսգիրքը կիրառության մեջ դնելու մասին» օրենքում 2006-ին փոփոխություններ են մտցվել ու ԱԺ-ի կողմից (թվում է թե) վերացվել է նախկին մահվան դատապարտվածների նկատմամբ ցմահ ազատազրկում պատիժը գործարկելու արգելքը, արդեն իսկ ապացույց է, որ օրենքն այդ բանը 2003-ի օգոստոսի 1-ին թույլ չէր տալիս։ Երբ անդրադառնում եք վերոնշյալ օրենքին, անմիջապես խոսում եք «ներման անհրաժեշտության ծագման պահի» մասին, որն էլ մեր երրորդ խնդիրն է։ Գ) 2003 թվի հուլիսի 15-ին «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի ղեկավարությունը, անձամբ հիմնարկի պետի գլխավորությամբ, մոտեցավ ամեն մի խցի ու հայտարարեց այն մասին, որ նախագահական պալատից կարգադրել են, որ շտապ հարկավոր է, որ 42 մահվան դատապարտվածները ներման դիմումներ գրեն` ուղղված պարոն Քոչարյանին։ Պետը պատճառաբանում էր, որ նախագահը ցանկանում է ներում շնորհել, սակայն օրենքը պահանջում է, որ դատապարտյալը մեղայականով անձամբ դիմի։ Անշուշտ, մեծ մասը նման դիմում գրեց, սակայն 6 դատապարտյալներ մերժեցին գրել։ Ամեն դեպքում, անխտիր բոլորի նկատմամբ մահապատիժը փոխվեց ցմահ ազատազրկման։ Դա նշանակում է, որ ներման խնդրագրերը չէին կարող համարվել «ներման պահանջի ծագման» գործիքներ։ Ամեն դեպքում, Դուք Ձեր պատասխան նամակում պնդում եք, որ նախագահական ներման ակտը կազմվել է քրեական նոր օրենսգիրքը կիրառության մեջ դրվելուց հետո։ Այսինքն, մենք հասկանում ենք, որ տրամաբանությունը հետևյալն է. քրեական օրենսգիրքը ուժի մեջ է մտնում օգոստոսի 1-ին, կեսգիշերվա ժամը 00.00-ին, իսկ պարոն նախագահը գործի է ժամանում դրանից 8-9 ժամ հետո, ու հայտնվում ներում շնորհելու պահանջի առաջ։ Այսինքն, ըստ Ձեր մոտեցման, այդ պահն է, որը պետք է նկատի առնվի որպես «ներման անհրաժեշտության ծագման պահ»։ Հասկանում ենք, որ եթե հուլիսի 31-ին լիներ ներումը, այն առավելագույնը 15 տարի ազատազրկում էր լինելու։ Նախ` սկսեմ նրանից, որ այդ պահը ոչ թե ներման անհրաժեշտության պահ էր, այլ մահվան դատապարտվածների կարգավիճակի հստակեցման անհրաժեշտության պահ։ ՈՒստի, կարելի է եզրակացնել, որ քանի որ խնդիրը ներման մասին չէ, այլ կարգավիճակի հստակեցման, հարկավոր էր այդ հստակեցումը իրականացնել ԱԺ նոր օրենքի հիման վրա և ոչ թե նախագահական ներման, որի իմաստը բարոյական այլ հարթության վրա է։ Ամեն դեպքում, ընդունենք, որ հարմարության իմաստով, խնդրի կարճ ու կտրուկ «լուծման» վատ ձև չէր նաև «ներումը»։ Սակայն սխալ ձև էր, քանի որ օրենքն այդ բանն արգելում էր պարոն նախագահին։ Ավելացնում եք նաև, որ ներման պահը (որը բոլորիս համար արդեն հստակ է) որոշիչ է կիրառելի օրենքների որոշման համար։ Դ) Նախագահն օգտվել է ներում շնորհելու սահմանադրական իր իրավունքից։ Դուք սահմանադրական այս իրավունքը բերում եք որպես փաստ, ապացուցելու համար այն, որ նախագահը ե՜րբ ուզի, ո՜ւմ համար ուզի և քանի՜ անգամ ուզի, կարող է օգտվել ներում շնորհելու իր իրավունքից։ Անշուշտ, Դուք ճիշտ եք։ Սակայն սահմանադրությունը նաև պահանջում է, որ նախագահի բոլոր որոշումներն ու ակտերը լինեն Հայաստանի օրենքների ու միջազգային պայմանագրերով նախանշված շրջանակներում։ Այս մասին մեր հանդիպման ժամանակ Դուք ասացիք, որ ոչ մի օրենք չի արգելում նախագահին մահապատիժները փոխարինելու ցմահ ազատազրկմամբ։ Սակայն մինչև 2008 թվի սեպտեմբերը, երբ «Քրեական օրենսգիրքը կիրառության մեջ դնելու մասին» օրենքում փոփոխություններ մտցվեցին, և վերացվեց մահվան դատապարտվածների նկատմամբ քրեական նոր օրենսգրքի որևէ դրույթի (ներառյալ «ցմահ ազատազրկում» կոչվող նոր դրույթը) օգտագործումը, նախագահը «ցմահ ազատազրկում» պատժատեսակ մեր նկատմամբ չէր կարող օգտագործել։ Այս խնդրին պատասխանել փորձելով, Դուք միշտ Ձեր բացատրություններում ստիպված եք լինում հասնել մինչև 2006 թիվը և, հիմնվելով միայն ու միայն «Քրեական օրենսգիրքը կիրառության մեջ դնելու մասին» օրենքի 2006-ին փոփոխված տարբերակի վրա, ապացուցել, որ նախագահի ներումն օրենքի խախտում չէր։ Իսկ մենք խոսում ենք այն մասին, որ 2003-ի օգոստոսին, այսինքն` 2006-ից 3 տարի առաջ, այդ հրամանագիրն օրենքի խախտում էր պարունակում։ Խնդրում ենք պատասխանել այս խնդրին` հիմնվելով միայն ներման պահին առկա օրենքների վրա։ Մենք եկել ենք այն եզրակացության, որ քաղաքական պատճառներն են, որոնք մղում են Ձեզ` օրենքը մեկնաբանելու մեզ համար այսքան բացասական ձևով։ Ի վերջո, բոլոր այն պետություններում, որտեղ նախկինում մահապատիժ է եղել, ու ցմահ ազատազրկումը միայն որպես նոր պատժատեսակ է նոր օրենսգրքում ավելացել, այն երբեք չի օգտագործվել իրենց հանցանքը նախկին օրենսգրքի ժամանակահատվածում կատարած ու մահապատժով դատապարտվածների համար։ Այո, միայն Հայաստանն ու Ադրբեջանն են համառորեն այդ ճանապարհի վրա մնում։ Այնուամենայնիվ, փորձում ենք հասկանալ իրավիճակը, ու այս նամակը և առհասարակ մեր բանավեճը փորձում ենք իմաստավորել սույն առաջարկով. Ձեր երկու նամակների վերջին պարբերությունը նույն բովանդակությունն ուներ։ Այն լռելյայն խորհուրդ էր տալիս համբերել և երբեք չբացառել նոր ներումների ու գործի վերանայումների հավանականությունը։ ՈՒստի մենք առաջարկում ենք, որ 40 նախկին մահվան դատապարտվածների շարքում գտնվող ու, ըստ Ձեզ, անմեղ, ուղղված, սպառված-հիվանդ կամ բացահայտորեն չափազանց ծանր պատիժ ստացած մի խումբ դատապարտյալների պատիժը 15 տարվա ազատազրկմամբ փոխարինելու առաջարկն անձամբ ներկայացնեք նախագահ Ս. Սարգսյանին։ Հավատացնում ենք, որ սա է այն միակ լուծումը, որին իրոք կարելի կլինի հասնել հենց այսօր, այժմ առկա տրամադրությունների շրջանակներում ու դրանով վերջնականապես փակել մեզ պատիվ չբերող 42 նախկին մահվան դատապարտվածների հարցը։
Ստեփան ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի ցմահ ազատազրկման դատապարտյալ

Դիտվել է՝ 5471

Մեկնաբանություններ