Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Հայաստանն ու հայությունը զրկվում են պետականությունը խորհրդանշող գրեթե բոլոր սիմվոլներից

Հայաստանն ու հայությունը զրկվում են պետականությունը խորհրդանշող գրեթե բոլոր սիմվոլներից
20.09.2023 | 20:07

Մեզ համար ողբերգական և հակահայկական սիմվոլիկայի հաղթարշավի գագաթնակետն ուրվագծվեց այսօր և կարող է արձանագրվել վաղը՝ սեպտեմբերի 21-ին, անկախության խորհրդի և արցախյան շարժման ճիշտ հակառակ տրամաբանությամբ: Հայաստանն ու հայությունը զրկվում են պետականությունը խորհրդանշող գրեթե բոլոր սիմվոլներից, իսկ առանց պետականության սիմվոլների, նպատակների ազգերը պետականություն չեն ունենում, այլ ունենում են, պայմանական ասած, «գինու փառատոներ»:

Աշխարհը լուռ հետևեց արցախցիների մեկօրյա ինքնազոհ գոյամարտին, որը հայոց զենքի պատվի, սակայն հուսահատ պայքարի ևս մեկ խորհրդանիշն է դառնալու: Աշխարհը հետևեց և կարող է դեռ հետևել արցախցիների հերոսական պայքարին, որն ինչ-որ առումով նման է «Վերջին սամուրայը» ֆիլմին և դրա պատմական հիմքը հանդիսացող դեպքերին: Ամիսներով շրջափակման մեջ գտնվող արցախցին գիտակից մահվան է գնում՝ արհամարհական ժպիտով նայելով աշխարհի «արդարության և մարդասիրության» վրա:

Աշխարհը լուռ հետևում է 21-րդ դարի նոր Հայոց ցեղասպանությանը, ինչպես հետևել է 20-րդ դարի ցեղասպանությանը, սակայն մի բան է փաստ՝ սա է աշխարհի և մեծ քաղաքականության խաղի կանոնը՝ դաժան, անմարդկային, հակաաստվածային, սակայն, այնուամենայնիվ, կանոնը: Այդպես եղել է և այդպես էլ շարունակվելու է, և միայն մենք ենք, որ, լինելով պատմության ամենածույլ աշակերտը, այդպես էլ դասեր չենք քաղում և կրկին ապավինում ենք կոչերին, Արևմուտքին, Ռուսաստանին, Վիլսոնին, Սնուպ Դոգին և այլն:

Մեր պատմության այս փուլի վերջին էջը, կարծես, շրջվում է՝ անտարբերների փառատոնային խինդի, «քաղաքականությամբ չզբաղվողների» տիեզերական երկչոտության դողէրոցքի ու «նախկիններ, թալանչիներ, ասֆալտ, թոշակ» անգիտակից զառանցանքի ներքո:

Ազատ անկման մեջ գտնվող մեր պետականության և ազգի համար խիստ կանխատեսելի են հաջորդ սպառնալիքները, որոնք ստեղծել են պետականակործան իշխանությունները և նրանց մեղսակից, այսպես կոչված, դիվանագետները, որովհետև Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը թվերով ու «կադաստրի վկայականի» մանրամասներով ճանաչելուց հետո դիվանագիտությունը վերանում է, թշնամի և ոչ թշնամի պետությունները ձեռք են բերում հնարավորություն հղում անելով Հայաստանին՝ հիմնավորել իրենց անտարբերությունը, չեզոքությունը: Թշնամի Ադրբեջանը հաջորդ քայլով պահանջելու է, այսպես կոչված, անկլավները, և միջազգային հանրությունը կրկին լռելու է և կրկին հղում է անելու Հայաստանին:

Ադրբեջանի շարունակական աճող և նաև կոնկրետ անձերի հետ կապված պահանջների շրջանակներում չեն բացառվում հուսահատ և հերոսական դիմադրության որոշ նոր օրինակներ, պարտիզանական պայքարի դրսևորումներ կամ 1920 թ. Կարսը հանձնելուց հետո ինքնասպան եղած գյումրեցի գնդապետ Հովհաննես Մազմանյանի արարքի նման սպայական պատվից բխող քայլեր: Սակայն սրանք արդեն այս ամբողջ պատմությանը ևս մեկ ողբերգական գույն տվող դետալներ են, արցախցու՝ իր հայրենիքում ապրելու կամքը վերահաստատող փաստեր, արժանապատիվ պայքարն ու մահը նվաստացումներից և կտտանքներով տանջամահ արվելուց գերադասող հայի պահվածք:

Հայության պատմությունը գոյապայքար է եղել միշտ և, ըստ այդ տրամաբանության, պայքարը երբեք չի դադարում, հնարավոր չէ դադարեցնել: Ուստի, շարունակելու ենք մեր պայքարը հավատով առ Աստված և վճռականությամբ դեպի մեր հավերժական նպատակներ:

Ռուբեն Մելքոնյան

Դիտվել է՝ 1692

Մեկնաբանություններ