ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Պեկինը գերազանցել է բոլոր նախորդներին

Պեկինը գերազանցել է բոլոր նախորդներին
11.07.2008 | 00:00

-Թող տիրի սրբազան լռություն, թող համրանան երկինքը, երկիրը, ծովն ու քամին։
Թող համրանան լեռները և թռչունների ճիչերը, քանի որ մեզ պետք է ուղեկցի Ֆիվոս աստվածը, որը կրակ է բերում։
Ապոլոն, արևի աստված և լույսի գաղափար, մեզ ուղարկիր քո ճառագայթները և վառիր սրբազան ջահը։ Իսկ դու` Զևս, խաղաղություն պարգևիր հողագնդի բոլոր ժողովուրդներին և սրբազան խաղերի հաղթողներին օծիր պսակներով...

Ինչպես 2776 տարի առաջ, Հերայի տաճարի փլատակների մոտ երկինք բարձրացավ հույն բանաստեղծ, անտիկ օլիմպիական խաղերի հիմնի հեղինակ Պինդարոսի աղոթքը՝ ուղղված Ապոլոնին, որին մանուկ հասակում անվանել են Ֆիվոս և աստվածների հորը՝ Զևսին։
Հետո, քրմուհիներով շրջապատված, տաճարի գլխավոր քրմուհին ծնկի եկավ գոգաձև հայելու առջև և քար լռության մեջ արևի ճառագայթներից վառեց օլիմպիական ջահը։
Արարողությունը տեղի ունեցավ 2008 թվականի մարտի 24-ին։ Այն կատարեց հույն դերասանուհի և պարուհի Մարիս Նաֆպլիոտուն։ Նույն օրը սրբազան կրակը հնագույն թիանավով հասցրին Աթենք, ապա վեց օր օլիմպիական խաղերի ավետաբերներն այն տարան Հունաստանի քաղաքներով ու ավաններով և կրկին վերադարձան Աթենք։ Ապրիլի 1-ին կրակն ինքնաթիռով հասցվեց 29-րդ խաղերի մայրաքաղաք Պեկին, որտեղից էլ սկսվեց օլիմպիական ջահի երթը հինգ մայրցամաքների գլխավոր քաղաքներով։ Երկու հազար ջահակիրներ 33 օրվա ընթացքում ընդհանուր առմամբ անցան 97 հազար կիլոմետր։ Առաջին անգամ օլիմպիական խաղերի ավետաբերը եղավ նաև աշխարհի տանիքում՝ Էվերեստ լեռան գագաթին։
Սա մեծագույն խաղերի սոսկ նախերգանքն էր, որին հաջորդելու է ավելի քան 11 հազար մարզիկների վերելքը դեպի Օլիմպոս։
29-րդ խաղերը եզակի են լինելու բոլոր առումներով։ Այստեղ վեր է խոյացել 91 հազար նստատեղով ահռելի ստադիոնը՝ Պեկինի հպարտությունը, որը նման է յուրօրինակ թռչնաբնի, և հենց այդպես էլ անվանում են։ Դա մի բացառիկ կառույց է, որի ընդհանուր արժեքն անցնում է կես միլիարդ դոլարից։ Այստեղ կանցկացվեն խաղերի բացման և փակման արարողություններն ու աթլետիկայի մրցումները։
29-րդ խաղերը պատմության մեջ կմտնեն իբրև ամենաթանկը։ Միայն մարզադահլիճների, մարզադաշտերի և հյուրանոցային համալիրների կառուցման վրա ընդհանուր առմամբ ծախսվել է ավելի քան չորս միլիարդ դոլար։ Խաղերի անցկացումը նպաստել է ահռելի քաղաքի հետագա զարգացմանը։ Վերակառուցվել են քաղաքի 80 ենթաշրջանները, բացվել են հարյուր հարմարավետ փողոցներ, կառուցվել մարզադաշտեր, մարզահամալիրներ, երկնաքերներ, զվարճանքի կենտրոններ և հյուրանոցներ։ Քաղաքի ենթակառույցների նորացման վրա ծախսվել է 40 միլիարդ դոլար, ինչն աննախադեպ է օլիմպիական խաղերի ողջ պատմության մեջ։ Պեկինում կգործի 112 հյուրանոց, որոնցից 35-ը՝ հինգ աստղանի, 40-ը՝ չորս աստղանի և 32 հատուկ առանձնատներ։ Օլիմպիական ավանում կառուցվել են 20՝ ինը և 22՝ վեցհարկանի շենքեր, որոնք կարող են տեղավորել 16 հազար մարդ։ Խաղերի ավարտից հետո այդ կառույցները կվաճառեն բոլոր ցանկացողներին։
Հոնկոնգում, որտեղ կանցկացվեն ձիասպորտի մրցումները, կենդանիների համար կառուցել են շքեղ «բնակարաններ»։ Ձիերին կտեղավորեն գերժամանակակից ախոռներում, որոնք հագեցած են օդափոխության և խմելու ջրի մեխանիկական համակարգերով, ցնցուղարաններով և անգամ խաղային հատուկ սենյակներով, որտեղ կենդանիները կարող են մի փոքր զվարճանալ։ Հովացման և օդափոխության համակարգը օդի ջերմաստիճանը կպահի 23 աստիճանի սահմաններում։ Կենդանիներին հետևելու համար տեղադրվել են տեսախցիկներ։ Օլիմպիական ձիանոցներին բարձր գնահատական են տվել Իտալիայի, Մեքսիկայի, Հոլանդիայի, ԱՄՆ-ի, Անգլիայի և այլ երկրների մասնագետները։
Հարմարավետ պայմաններ են ստեղծվել նաև 29-րդ խաղերը լուսաբանող 25 հազար լրագրողների համար։
Խաղերի կազմակերպիչներն արել են ամեն ինչ, որ իրենց կազմակերպվածությամբ և հնարավորություններով զարմացնեն աշխարհը, և ոչ միայն հասել են իրենց նպատակին, այլև գերազանցել են այն։ Կազմակերպիչ որևէ երկիր ապագայում կկարողանա՞ գերազանցել Պեկինի նվաճումները, չափազանց դժվար հարց է…
Այստեղ հաշվի են առել ամեն ինչ։ Օրինակ, օլիմպիադայի մասնակիցները չեն ունենա տրանսպորտային խնդիրներ։ Մարզիկները կուղևորվեն աշխարհի ամենաերկար՝ 25-մետրանոց ավտոբուսներով, որոնցից յուրաքանչյուրը տեղավորում է 300 մարդ։ Մարզասերների համար վերակառուցվել է Պեկինի մետրոյի 90 կայարան, վագոններում տեղադրվել են հեռուստացույցներ, իսկ օլիմպիադայի նախօրյակին հեռուստացույցով կապահովվեն նաև 10 հազար տաքսիներ, ինչը հնարավորություն կտա առանց մեքենայից և կամ մետրոյի վագոնից դուրս գալու դիտել օլիմպիական ռեպորտաժները։
2006 թվականից օրակարգի հարց է դարձել նաև խաղերի անվտանգության ապահովումը։ Ստեղծվել են հատուկ փրկարարական ջոկատներ, քաղաքի ողջ տարածքում տեղադրվել են 2 հազարից ավելի տեսախցիկներ։ Ընդհանուր առմամբ անվտանգությունը կապահովի 40 հազար ոստիկան։
Այստեղ խնդիրներ չեն լինի նաև մարզիկների և զբոսաշրջիկների սննդի ապահովման գործում։ 2007 թվականի նոյեմբերից ավելի քան տասը հազար չինացի խոհարարներ գործուղվել են աշխարհի այն բոլոր երկրները, որոնք խաղերի մասնակիցներ ունեն, ծանոթացել նրանց խոհարարական արվեստի հետ, որպեսզի ավելի քան 11 հազար մարզիկներին և մեկ միլիոնից ավելի զբոսաշրջիկներին կարողանան ապահովել իրենց երկրներում ընդունված օրենքներով։
Խաղերին ժամանած հյուրերը խնդիրներ չեն ունենա՝ կապված հասարակական զուգարանների հետ։ Վերակառուցվել և ժամանակակից չափանիշերի է հասցվել ավելի քան վեց հազար զուգարան։
Յուրաքանչյուր օլիմպիադա ունեցել է իր խորհրդանիշը։ Այս առումով էլ Պեկինը գերազանցել է բոլոր նախորդներին։ Այստեղ այդ խորհրդանիշերը հինգն են, որոնց նախապես տրվել էր «Հաջողության զավակներ» անվանումը, ապա վերանվանեցին «Ֆիվոս»։ Դրանք են ձուկը, պանդան, տիբեթյան քարայծը, օլիմպիական կրակը և ծիծեռնակը։ Թալիսմանները խորհրդանշում են օլիմպիական օղակների գույները՝ երկնագույն, սև, կարմիր, դեղին և կանաչ։ Թալիսմանները խորհրդանշում են նաև բնության հինգ տարերքները՝ ջուրը, կրակը, ծառը, հողը և օդը։ Դրանցից յուրաքանչյուրն ունի նաև երկրորդ անունը՝ հինգ հիերոգլիֆներ, որոնք վերծանելիս ստացվում է «Բարի գալուստ Պեկին» արտահայտությունը։
Թալիսմաններն արտահայտում են նաև չինացիների ցանկությունները՝ ուղղված ամբողջ աշխարհի մարդկանց։ Այն է՝ երջանկություն, առողջություն, հաջողություն, բարգավաճում և ոգեշնչում. ցանկություններ, որոնք բխում են օլիմպիական խաղերի գաղափարից։
Պեկինի օլիմպիական խաղերը կառանձնանան նաև գլխավոր պարգևներով՝ մեդալներով, որոնք նման չեն լինի մինչև այժմ խաղարկվածներին։ Դրանք պատրաստվել են կունկուլյան նեֆրիտից։ Արժեքավոր քարերի ավելի քան երեք հազար կտորներից պատրաստվել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալները, որոնք ունեն սպիտակ, բաց կանաչ և կանաչ գույներ։ Դրանք պատրաստվել են Շանհայի դրամատան գործակալությունում, որտեղ իրականացրել են մետաղական և նեֆրիտային մասերի միացումը։ Մեդալները, իսկապես, հոյակապ են, ինչը նույնպես կստիպի մարզիկներին` ներդնելու առավելագույն ճիգեր դրանց տիրելու համար...
-Չինաստանն արել է ամեն ինչ, որպեսզի Պեկինի օլիմպիադան դառնա համաշխարհային նշանակության նոր իրադարձություն։ Օլիմպիական կառույցները կատարվել են ամենաբարձր մակարդակով։ Հավանաբար չինացիներին կհաջողվի անցկացնել նաև պատմության մեջ լավագույն խաղերը,- իր տպավորություններն է հայտնել Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Լեոնիդ Տյագաչովը...
Թե այս ամենի ընդհանուր հանրագումարն ինչպիսին կլինի, ինչպես կծավալվի պայքարը 29-րդ օլիմպիական խաղերի ամենանվիրական պարգևների համար, կիմանանք շատ շուտով...

Հովհաննես ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 8184

Մեկնաբանություններ