ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

«Սիամական երկվորյակի» «դաշտային հրամանատարի» մենթալիտետը

«Սիամական երկվորյակի» «դաշտային հրամանատարի» մենթալիտետը
22.07.2008 | 00:00

«ՎՃՌԱԿԱՆ ԵՎ ՎՃՌՈՐՈՇ» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԻՑ
Հայաստանի ներքաղաքական կյանքում թերևս ամենամեծ հետաքրքրություն հարուցող ինտրիգը օրեցօր դառնում է երկրորդ և երրորդ նախագահների հակադրությունը, որի արդյունքում էլ ակնհայտ է Ռոբերտ Քոչարյանի քաղաքական վերաակտիվացումը։ Թեկուզ և որոշ փորձագիտական շրջանակներում կարծիք է տարածված, թե մկանների ցուցադրությունը «սիամական երկվորյակների» միջև, ինչպես նրանց անվանում էին քաղաքական շրջանակներում, հերթական հմուտ բեմադրված խաղն է, այնուհանդերձ, դժվար է պնդել, թե ներկա գործընթացը նման է իմիտացիայի։ Մանավանդ որ այդպիսի խաղը նման է դանակի սայրի վրայով քայլելուն, ինչը վտանգավոր է նման ռիսկի դիմող երկու գործիչների համար էլ։

«Երկու կետերի միջև ամենակարճ ճանապարհը ուղիղ գիծն է»։
Տարրական դասարանների մաթեմատիկայի դասագրքից
Բացի այդ, հայ հանրության մեջ, որպես կանոն, չկա որևէ գաղտնիք, որ ի վերջո չբացահայտվի, իսկ նման նուրբ սցենարների բեմադրումն ու իրագործումն ընդհանրապես բնորոշ չէ հայաստանյան քաղաքական գործիչներին։ Ըստ այդմ, շատ ավելի հիմնավոր է այն տեսակետը, որ կլանային-օլիգարխիական համակարգն ապամոնտաժելու առաջին քայլերը խիստ անհանգստություն են առաջացրել ինչպես այդ համակարգը տասը տարի շարունակ ծրագրող և գլխավորող Ռոբերտ Քոչարյանի, այնպես էլ նրա մերձավոր շրջապատի մեջ։ Այլ հարց է, թե հասարակության առողջացման ներկա քայլերը գործող վարչակազմը կօգտագործի զուտ իր օգտին վերաբաշխումներ իրականացնելո՞ւ, թե՞ իսկապես նորմալ երկիր կառուցելու համար։ Բայց սկզբունքորեն վերոնշյալ հանգամանքները կարող են դառնալ ամենաորոշիչ գործոնը քաղաքական հեռանկարային զարգացումներում, և դրանց արդյունքում է, որ կարող է տեղի ունենալ քաղաքական դաշտի վերջնական բաժանումը։
Սակայն այդ ամենից զատ արժե, թերևս, անդրադառնալ Ռոբերտ Քոչարյանի՝ իբրև անձի, հոգեկերտվածքի առանձնահատկություններին, որոնցից էլ շատ կողմերով կախված է լինելու իրադարձությունների հետագա զարգացումը։ Դեռ 1998-ին նոր նախագահ դարձած Քոչարյանը Քաղաքական խորհրդի նիստում զայրացած հայտարարեց. «Իմ մասին ասում են, ինչ ուզում են, բայց ես, որպես նախագահ, չեմ կարող պատասխանել նույն բառերով։ Առայժմ...»։ Եվ իրեն բնորոշ քմծիծաղով ավելացրեց. «Բայց ես ամեն ինչ հիշում եմ...»։ Եթե այս և նման այլ դրսևորումներից ելնելով փորձենք մոդելավորել այս քաղաքական գործչի հոգեբանական պահվածքը, ապա անհրաժեշտ է նկատի ունենալ, որ Քոչարյանը, իբրև անհատականություն, ձևավորվել է «թշնամական» պայմաններում։ Սկզբում դա ԼՂԻՄ-ի գավառական կոմերիտա-կուսակցական մթնոլորտն էր, որը շատ կողմերով տոտալիտար-ֆեոդալական էր։ Այնուհետև ԼՂՀ-ի ռազմավարչական կառավարման համակարգը վերջնականապես ձևավորեց Հայաստանի երկրորդ նախագահին՝ իբրև քաղաքական գործչի։ Խորհրդային տարիներին, որքան էլ տարօրինակ է, Քոչարյանը միշտ եղել է առավելապես երկրորդ պլանի գործիչ և, չնայած բոլոր ջանքերին, այդպես էլ չկարողացավ ավելի բարձրանալ, քան Ստեփանակերտի մետաքսի կոմբինատի կուսբջջի ղեկավարի պաշտոնն էր։ Տեղյակ աղբյուրների վկայությամբ, այն ժամանակ Քոչարյան-Սարգսյան երկյակի հարաբերություններում Սարգսյանը համատեղ կոմերիտական աշխատանքի ընթացքում միշտ եղել է առաջնորդ։ Ըստ այդմ, երբ Հայաստանում Քոչարյանը ստանձնեց առաջին պլանի դերակատարություն, դա ղարաբաղյան ժամանակաշրջանի մթնոլորտից տեղյակ մարդկանց տարակուսանքը հարուցեց։ Պետք է նկատի ունենալ նաև, որ ղարաբաղյան շարժման ընթացքում, չնայած ցուցաբերած բարձր ակտիվությանը, Քոչարյանն այդպես էլ չդարձավ շարժման առաջնորդը և ժողովրդի սիրելին։ Պատերազմի և ԼՂՀ-ում պետական ինստիտուտների կայացման ժամանակաշրջանում, անգամ զբաղեցնելով առաջին դեմքի պաշտոնը, նա եղել է նոմինալ քաղաքական և ռազմական ղեկավար և միշտ գտնվել իր ղարաբաղյան համախոհների ազդեցության դաշտում։
Միայն Հայաստանում, այն էլ հոկտեմբերի 27-ից հետո, նա կարողացավ ազատվել երկրորդ պլանի գործչի կոմպլեքսից և լիարժեքորեն պետական կյանքում իրացնել իր այնպիսի հատկությունները, ինչպիսիք են սեփական անձի ծայրահեղ բարձր ինքնագնահատականը, աներկբա վճռականությունն ու դաժանությունը, համակարգային նպատակամղվածությունը, խորամանկելու կարողությունն ու վրեժխնդրությունը։ Եվ այս ամենը կյանքի էր կոչվում ծայրահեղ ուղղագիծ և բևեռացված աշխարհընկալման պայմաններում։ Պատահական չէ, որ իբրև գլխավոր քաղաքական դերակատար ինքնահաստատվելով՝ հենց Քոչարյանը նախաձեռնեց հասարակական և քաղաքական համակարգի բացասական տրանսֆորմացիայի գործընթացները՝ ուժեղացված տեմպերով։ Իր կառավարման երկրորդ ժամկետի ընթացքում նա գործնականում իր և մերձավոր շրջապատի վերահսկողության տակ դրեց կենսական նշանակություն ունեցող բոլոր ապրանքների մատակարարման, հիմնական ֆինանսական հոսքերի վերահսկման գործընթացները, իսկ հիմնական ներդրումային ծրագրերն էլ դարձյալ իրագործվում կամ վերահսկվում էին իր մերձավոր շրջապատի կամ անձամբ իր կողմից։ Այդ գործընթացում Քոչարյանն ու իր կլանը կարողացան դաշտից դուրս մղել բոլոր հնարավոր մրցակիցներին, այդ թվում, զգալիորեն, նաև Սերժ Սարգսյանին և նրա շրջապատին։ Այսպիսով, անձնական մաֆիոզ կլանը Քոչարյանի համար դարձավ քաղաքական թիմի փոխարինող։
Ըստ այդմ, նկատի ունենալով նրա ամբողջ քաղաքական ճանապարհը, միանգամայն հավանական է, որ այսօր էլ հարվածի ուղղություն ընտրելիս նա չի ղեկավարվելու բարոյական և նմանատիպ այլ սկզբունքներով։ Դաշտային հրամանատարի հոգեկերտվածքը նրան թելադրում է գործել «թշնամուն պետք է ոչնչացնել» և «հաղթողներին չեն դատում» սկզբունքներից ելնելով։
Ավելին, Հայաստանում նրա իշխանության տասը տարիները լավագույն վկայությունն են այն իրողության, որ երկրորդ նախագահն իրեն հատկապես կոմֆորտ վիճակում է զգում հենց հակադրության պայմաններում, երբ անհրաժեշտ է ընդունել հասարակ, ուղղագիծ և վճռական տակտիկական որոշումներ, հատկապես երբ խնդիրը վերաբերում է իր և շրջապատի իշխանությանն ու տնտեսական բարեկեցությանը սպառնացող վտանգները չեզոքացնելուն։ Այս իրողությունից ելնելով էլ փորձենք հասկանալ, թե ինչպիսիք են այսօր Քոչարյանի ռեսուրսները սպասվող վերջին և վճռական մարտից առաջ։
Իշխանության ինստիտուցիոնալ առումով նոր ձևավորման այս ճամփաբաժանում բոլորովին չի բացառվում, որ նախկին նախագահի և իր շրջապատի կողմից փորձ կարվի վերակողմնորոշել քաղաքական և վարչական ռեսուրսների մի մասը՝ իրենց շուրջը համախմբելով առանձնապես վստահելի և իրենց կլանի մեջ լավ ինտեգրացված ուժերին ու անձանց։ Արդյունքում չի բացառվում, որ փորձ կարվի խորհրդարանում ձևավորել ճակատ ընդդեմ գործող վարչապետի, այն նպատակով, որ վերջնահաշվում նրան փոխարինեն «իրենց մարդով»։ Սակայն եթե մյուս կողմից էլ նկատի ունենանք արևելյան շուկային բնորոշ փոխհարաբերությունները իշխանության դաշտում, ապա հարկ է արձանագրել, որ այդ «բիզնես-ակումբում», որ կոչվում է Հայաստանի խորհրդարան, նոր, քոչարյանամետ վարչապետ նշանակելու հնարավոր նախաձեռնությունը հազիվ թե հաջողություն ունենա։ «Եղունգ ունես՝ գլուխդ քորիր» սկզբունքը, որպես կանոն, միշտ ավելի կենսական է հայ քաղաքական իրականության մեջ, քան նույնիսկ խմբակային և կորպորատիվ շահերը։ Մանավանդ որ քաղաքական պոպուլիզմի պայմաններում շատ դժվար կլինի ակնհայտորեն ընդդեմ գնալ հանրության մեծամասնության համար շատ ցանկալի բարեփոխումներին, որոնք հռչակել է ներկա կառավարությունը։
Հետևապես, մյուս և գուցե ավելի իրականանալի սցենարը, Քոչարյանի և իր շրջապատի համար, արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման նախադրյալների ստեղծումն է։ Մանավանդ որ արտաքին ուժերն էլ հանդես են եկել նման երաշխավորություններով, գաղափարը ողջունում է նաև արմատական ընդդիմությունը։ Ահա այդ սցենարի իրագործման դեպքում է, որ Քոչարյանը հնարավորություն է ձեռք բերում իր շուրջը համախմբելու քաղաքական դաշտի մի ազդեցիկ հատվածին. դժգոհ հանրապետականների «հին գվարդիային», դաշնակցականներին և «բարգավաճներին», քրեականացված «անկախ» գործարար պատգամավորների մի մասին, Սամվել Բաբայանի տրամադրության տակ եղած քաղաքական ռեսուրսներին և Աղվան Հովսեփյանի «հայրենակցական» ուժերին։ Այս համատեքստում բնավ չի բացառվում Վարդան Օսկանյանի հեղինակության օգտագործումը, ինչպես նաև օլիգարխների և տեղական ինքնակառավարման մարմինների առավել անհանգստացած ու դժգոհ հատվածին իր կողմը քաշելու քաղաքականությունը։ Ավելին, անհրաժեշտ է ընդունել, որ Հայաստանում արդեն երկար ժամանակ ձևավորված «ընտրական մեքենան» առայժմ շատ գործունակ է և կարող է օգտագործվել նախկին տիրոջ կողմից իր ծրագրերի իրագործման և գործնական քաղաքականություն վերադառնալու համար, եթե ստեղծվի արտահերթ ընտրությունների իրավիճակ։
Բոլոր դեպքերում, սակայն, Քոչարյանի վերադարձի հնարավորությունը քաղաքականություն ունի ժամկետային սահմանափակում։ Որքան ուշ, այնքան դժվար։ Որովհետև վերահսկողության տակ պահել վերոնշյալ ռեսուրսը՝ առանց իշխանական լիազորությունների, երկարաժամկետ կտրվածքով, անհնարին է։ Ավելին, ներկայիս վարչակազմի գործողությունները, ի վերջո, իսկապես կարող են հանգեցնել քոչարյանական կլանի վերջնական ապամոնտաժման՝ զրկելով նրան ինչպես վարչական աջակցությունից, այնպես էլ լրացուցիչ ֆինանսական հոսքերի տիրապետելուց։ Իսկ այդ ամենը հանրագումարում կհանգեցնի նրան, որ անիրագործելի կդառնան որոշ արտաքին ուժերի՝ Քոչարյանին այս կամ այն կարգավիճակով իշխանության վերադարձնելու ցանկությունները։ Առավել ֆանտաստիկ սցենար է հույսը դնել նրա վրա, որ հասարակությունը երբևէ կփոխի իր այլևս ձևավորված բացասական վերաբերմունքն այս գործչի նկատմամբ։ Այդ համատեքստում, բնականաբար, բացարձակապես անիրատեսական է նաև նրա մասնակցությունը հետագա նախագահական ընտրություններին, եթե անգամ դրանք լինեն արտահերթ՝ ինչ-որ ֆորս-մաժորային հանգամանքների հետևանքով։ Որովհետև այս դեպքում արդեն հիմնական պայքարը կընթանա նոր սերնդի գործիչների միջև։
Այսպիսով, Ռոբերտ Քոչարյանի իշխանության վերադարձի հնարավորությունները ոչ միայն նվազագույն են, այլև օրեցօր մոտենում են զրոյի։ Բայց հենց այդ հանգամանքն է, որ անհանգստացնում է և չի կանգնեցնելու նրան ու նրա շրջապատին։ Քոչարյանը միշտ շատ վստահ է եղել ցանկացած պայմաններում հաղթանակ տանելու իր կարողության վրա, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ ամեն դեպքում կփորձի խնդիրներ ստեղծել։ Այս տարվա գարնանն ամբողջ աշխարհը մի անգամ էլ համոզվեց, որ ոչ ստանդարտ իրավիճակներում նա չի կարողանում գտնել պատվավոր ելքեր և առաջնորդվում է Մաքսիմ Գորկու հռչակած «երբ թշնամին չի հանձնվում, նրան ոչնչացնում են» սկզբունքով։ Ասում են՝ երբ Աստված ուզում է պատժել որևէ մեկին, նրան զրկում է խելքից։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 6727

Մեկնաբանություններ