ԱՄԵՐԻԿՅԱՆ ՑՈՒԳՑՎԱՆԳ
Հայոց ցեղասպանության հերթական տարելիցի նախօրեին երևան եկած հայ-թուրքական համատեղ հայտարարությունը հարաբերությունների կարգավորման մասին և «ճանապարհային քարտեզի» ձևով դեռ մանրամասն վերլուծվելու է, և կարվեն գուցե շատ ավելի խորքային ու համապարփակ եզրահանգումներ։ Սակայն միարժեք է, որ այն արդեն իսկ խնդիրներ է ստեղծել Հայաստանի ներքաղաքական դաշտում և կարող է նոր վերադասավորումների պատճառ դառնալ։
«Ճանապարհային քարտեզի» մասին ԱԳՆ-ի բացատրությունները, ինչպես միշտ, անատամ են և ավելի են շիկացնելու կրքերը։ Ակնհայտ է առայժմ մեկ բան, որ այս գործընթացն ԱՄՆ-ի հաջողված նախաձեռնությունն է, չնայած փաստաթուղթը ստորագրվել է շվեյցարական միջնորդությամբ։ Սրանով Վաշինգտոնը ռուս-վրացական պատերազմից հետո մեկ անգամ ևս ապացուցում է տարածաշրջանն իր ազդեցության տակ վերցնելու և հատկապես Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելու, միաժամանակ Թուրքիային զսպաշապիկ հագցնելու իր մտադրությունների լրջությունը։ Գաղտնիք չէ, որ ռուս-վրացական պատերազմից հետո ու դրա արդյունքներից ելնելով` Մոսկվան փորձեր ձեռնարկեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման միջոցով Թուրքիայի հետ որոշ համաձայնություններ ձևավորելու։ Գաղտնիք չէ նաև, որ Աբդուլահ Գյուլի այցը Հայաստան և «ֆուտբոլային դիվանագիտության» նախաձեռնումը, առհասարակ, ի սկզբանե ռուսական նախագիծ էր։ Այսօր ԱՄՆ-ն ապացուցեց, որ անցած ամիսների ընթացքում հաջողել է խլել նախաձեռնությունը Ռուսաստանից։ Դրա լավագույն վկայությունը կարելի է համարել ԱՄՆ-ի պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ռոբերտ Վուդսի հայտարարությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման «ճանապարհային քարտեզի» վերաբերյալ. «Երկար ժամանակ Միացյալ Նահանգների դիրքորոշումը եղել ու շարունակում է մնալ այն, որ կարգավորումը պետք է իրականացվի առանց նախապայմանների և տրամաբանական ժամկետներում։ Մենք կոչ ենք անում Հայաստանին ու Թուրքիային առաջ շարժվել պայմանավորված ձևով, «ճանապարհային քարտեզի» համաձայն»։ Լակոնիկ ու հստակ է ասված, այնպես չէ՞։
Նույնքան ուշագրավ է, որ ռուսական կողմից ոչ մի ողջունող արձագանք չկա։ Ավելին, Հայաստանի արտգործնախարարությունն իր դժգոհությունն էր հայտնել «Եվրանյուզ» հեռուստաընկերության ռուսական ծառայության մեկնաբանություններից այն առումով, թե չնայած ստորագրված փաստաթղթին, Թուրքիան չի հրաժարվում Հայաստանի նկատմամբ իր նախապայմաններից։ Ռուսական ԶԼՄ-ների ու տարբեր փորձագետների մեկնաբանություններն էլ ստորագրված փաստաթղթի վերաբերյալ կրում են հիմնականում բացասական երանգավորում այն առումով, որ Հայաստանը դիմել է անհիմն զիջումների, Թուրքիան էլ մի վիճակում չէ, և առհասարակ, այս ամենն ընդհանուր խաղի բաղադրիչներն են ուղղված Հարավային Կովկասում ռուսական ներկայությունն ԱՄՆ-ի կողմից վերջնականապես չեզոքացնելուն։ Առնվազն այսքանը Մոսկվայում հստակ հասկացել են։
Բնականաբար, այն սպասումը, որ այսօր` հայ ժողովրդի համար իր պատմության մեջ մեծագույն ողբերգության հերթական տարելիցի օրը, ԱՄՆ-ի նախագահը վերջապես հանդես կգա պատմական իրողությունը ճիշտ բնութագրող բնորոշմամբ, հազիվ թե արդարանա։ Հայ-թուրքական համատեղ հայտարարությունը հնարավորություն է տալիս Բարաք Օբամային ապրիլի 24-ի իր ուղերձում չօգտագործել «ցեղասպանություն» բառը և դրանով իսկ տեղ թողնել Թուրքիայի հետ հետագա հարաբերություններում ավելորդ բարդություններից խուսափելու համար։ Ճիշտ է, բոլորովին չի բացառվում, որ այսպիսի պայմանավորվածության ԱՄՆ-ն ու Թուրքիան հանգել են ապրիլի 6-ին Օբամայի` Անկարա և Ստամբուլ կատարած այցի ժամանակ։ Այսինքն` կանցնի ապրիլի 24-ը, հերթական անգամ հայության մի ստվար զանգված կապրի հերթական հուսախաբությունը, որից հետո Թուրքիան հնարավորություն կունենա տապալելու բանակցությունները և, բնականաբար, ոչ մի հայ-թուրքական սահման էլ չի բացվի։ Թեպետ Վաշինգտոնում, կարծես, այս տարբերակն էլ են հաշվարկել։ Պատահական չէ, որ ԱՄՆ-ի Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևին աջակցող կոնգրեսականների թիվը կրկին և հերթական անգամ անցնում է 100-ից, իսկ ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին էլ երեկ հայտարարեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչման ժամանակը վաղուց է հասել։ Այսինքն, եթե Անկարան կրկին փորձի ապրիլի 24-ից հետո տարածաշրջանում խաղալ սեփական խաղը, ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը կընդունի ճանաչման վերաբերյալ ևս մի, այս անգամ գուցե ավելի կոշտ բանաձև, և Վաշինգտոնն Անկարային հերթական անգամ իր տեղը ցույց կտա։
Իսկ ի՞նչ շահեց Հայաստանն այս ամենից։ Առայժմ ոչինչ, բացի «աշխարհիս հզորներից» հերթական հիասթափությունից։ Իհարկե, կարելի է ենթադրել, որ երկրի ղեկավարությունը միշտ էլ ավելի է տեղեկացված, քան հասարակ քաղաքացիները, և ապրիլի 24-ի նախօրեին նման փաստաթղթի ստորագրումը հայկական կողմին «պետք էր»։ Միայն թե այդ «պետքի» բացատրությունը չկա։ Մինչդեռ իշխանությունը չէր կարող չիմանալ այն տհաճ ներքաղաքական զարգացումների մասին, որոնք անխուսափելի էին այդպիսի փաստաթղթի ստորագրումից հետո։ Ինչպես հայտնի է, դաշնակցությունն արդեն հանդես է եկել հայտարարությամբ, որով ոչ միայն դատապարտում է համատեղ հայտարարության ստորագրումը, այլև պատրաստվում քննարկել կառավարող կոալիցիայից դուրս գալու հարցը։ Սա միանգամայն կանխատեսելի էր, որովհետև ՀՅԴ-ի համար ցեղասպանության խնդիրը վերջին տասնամյակներում եղել է կուսակցության գաղափարախոսության հիմնասյուներից մեկը, և պարզ է, որ դաշնակցությունն այս դեղահաբը հենց այնպես կուլ չէր տալու, չէր կարող ո՛չ անտեսել, ո՛չ էլ շրջանցել այդ փաստը։ Թեկուզ և այն պատճառով, որ սփյուռքի իր բազմահազար անդամներին ու համախոհներին չէր կարողանալու հիմնավորել իր լռությունը։
Դուրս կգա ՀՅԴ-ն կոալիցիայից, թե ոչ, պարզ կդառնա առաջիկա օրերին, թեպետ սկզբունքորեն այդպիսի զարգացումն ավելի հավանական է։ Սակայն այն իշխանությունների համար կստեղծի նոր և բոլորովին էլ ոչ բարենպաստ իրավիճակ։ Սա կնշանակի, որ իշխանական կոալիցիոն բուրգը տվել է առաջին ճեղքվածքը, մանավանդ որ գործնականում անհնարին է գտնել համարժեք կշռով մեկ այլ կուսակցություն դաշնակցության բացակայությունը կոալիցիայում «փոխհատուցելու» համար։ Այն պարզ պատճառով, որ չկա խորհրդարանում այդպիսի ուժ, «Ժառանգությունը» բոլորովին էլ այն քաղաքական կուսակցությունը չէ, որը կարող է ողջունել հայ-թուրքական հարաբերություններում այսպիսի համաձայնությունը, որքան էլ մեծամասնության կարծիքով գտնվի ամերիկյան ազդեցության դաշտում։ Րաֆֆի Հովհաննիսյանն ակնհայտորեն նախապատրաստվում է 2013-ի նախագահական ընտրություններին և, բնականաբար, որևէ խնդիր չունի վտանգելու իր հեղինակությունն իշխանությունների գործողությունները հայ-թուրքական հարաբերություններում պաշտպանելով։ Այսպիսով, իշխանությունները դիմեցին ռիսկի, և այդ ռիսկի գինը կարող է լինել այն, որ խորհրդարանում «Ժառանգության» կողքին կունենան ընդդիմադիր դիրքերից հանդես եկող դաշնակցություն, գումարած այն, որ ՀՅԴ-ի պահվածքը Երևանի քաղաքային ավագանու ընտրություններում նախկինի պես կանխատեսելի չէ։ Կոալիցիոն «կապանքներից» ազատված դաշնակցությունը, անկասկած, ավելի վտանգավոր է, քանի որ այլևս ազատ է լինելու իր մարտավարության մեջ ու հետընտրական գործընթացների հետ կապված իր դիրքորոշումներում։ Թեպետ, ով գիտե, գուցե կոալիցիայի շրջանակներում դեռ բացատրություններ են սպասվում, և նախագահն ու արտգործնախարարը կարող են փարատել դաշնակցականների մտահոգությունները, եթե, իհարկե, Սերժ Սարգսյանն այդպիսի խնդիր ունի։
Բոլոր դեպքերում, վատ երազում անգամ դժվար է պատկերացնել, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը տնօրինող բավականին փորձառու այրերը «կվառվեին» այսքան պարզունակ ձևով, հարվածի տակ դնելով շատ բան և այս պահին գոնե չշահելով տեսանելի որևէ բան։ Որովհետև բացարձակապես պարզ չէ, թե հայ-թուրքական հարաբերություններում ուր է տանելու մեզ «ճանապարհային քարտեզը», եթե հայ ազգի համար ամենակարևոր խնդիրն այդ բանակցությունների օրակարգում կարող է անտեսված լինել։
Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆ