ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

«Եվրախորհուրդն աշխատում է չհասցնել նրան, որ Հայաստանը դեպի Եվրոպա շուռ գա մեջքով»

«Եվրախորհուրդն աշխատում է  չհասցնել նրան, որ Հայաստանը դեպի Եվրոպա շուռ գա մեջքով»
18.07.2008 | 00:00

«ԴԺԳՈՀ ԶԱՆԳՎԱԾԻ ՄԻ ԱԿՏԻՎ ՄԱՍԸ ԿՀՐԱԺԱՐՎԻ ԱՐՄԱՏԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԻՑ»
Հայաստանի ներքաղաքական գործընթացների և Եվրախորհուրդ-Հայաստան հարաբերությունների հեռանկարների վերաբերյալ պարզաբանումներ է տալիս ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության բազմամյա ներկայացուցիչ, ԱԺԿ նախագահ ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԸ։
-Պարոն Քոչարյան, ինչպես ընդդիմության, այնպես էլ իշխանության կողմից ԵԽԽՎ նոր՝ 1620 բանաձևն արժանացավ քննադատության։ Ընդդիմությունը, մասնավորապես, հայտարարեց, թե 1609 բանաձևի համեմատ 1620-ի պահանջները շատ ավելի վերացական են, ընդհանուր և իշխանություններին հնարավորություն կտան խուսանավել պարտավորությունների կատարումից։
-Այդքան էլ համամիտ չեմ։ Թեպետ կանխատեսելի էր, որ երկրորդ բանաձևն անհամեմատ մեղմ է լինելու, քան առաջինը։ Հիշենք, որ 2004-ի գարնան իրադարձություններից հետո էլ ԵԽԽՎ-ն Հայաստանի վերաբերյալ երկու բանաձև ընդունեց, որոնցից առաջինն ավելի կոշտ էր, երկրորդն՝ ավելի մեղմ։ Պետք է ուղղակի գիտակցել, թե ինչ տրամաբանությամբ են առաջնորդվում եվրոպական կառույցները։ 1620 բանաձևն ավելի մեղմ է, որովհետև ընդունվեց այլ պայմաններում, երբ Հայաստանում սկսվել էր որոշակի փոփոխությունների գործընթաց։ 1609 բանաձևն ավելի կոշտ էր, որովհետև այն առաջինն էր մարտի 1-ի ցավալի իրադարձություններից հետո և արտահայտում էր ԵԽԽՎ-ի ուղղակի վերաբերմունքը։ Ցանկացած դեպքում Հայաստանը մնում է մոնիտորինգի տակ։
Ինչ վերաբերում է ընդդիմության և իշխանության դժգոհություններին, ապա բոլորի համար էլ ակնհայտ է, որ այս գործընթացում կա նաև աշխարհաքաղաքական ենթատեքստ։ Նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը դժգոհ է բանաձևից, որովհետև հասկանում է՝ Արևմուտքը ոչ թե իրեն է ուզում իշխանության բերել, այլ օգտագործում է ընդդիմությանը՝ Հայաստանի իշխանություններին թուլացնելու և որոշակի քայլեր պարտադրելու համար ինչպես երկրի ներսում, այնպես էլ կապված ղարաբաղյան հարցի և Հայաստան-Ռուսաստան կապերի թուլացման հետ։ Իշխանություններն էլ դժգոհ են բանաձևից, որովհետև շատ լավ հասկանում են, թե ինչ է կատարվում, և համարում են, որ վերոհիշյալ քաղաքական խաղի արդյունքում իրենք արժանանում են ավելի վատ վերաբերմունքի, քան արժանի էին։
-Նշեցիք, որ Հայաստանը մնում է ԵԽԽՎ մոնիտորինգի տակ։ Այսինքն՝ Եվրախորհրդի նպատակը զուտ մոնիտորինգի տակ պահե՞լն է, թե՞ ստիպել իշխանություններին՝ բարեփոխումներ իրականացնել։
-ԵԽԽՎ մոնիտորինգի տակ են գրեթե բոլոր հետխորհրդային երկրները՝ Մոլդովան, ՈՒկրաինան, Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը։ Դա տևելու է այնքան ժամանակ, մինչև տվյալ երկիրն իր ժողովրդավարության աստիճանով, պետական համակարգի գործունեության սկզբունքներով համապատասխանի եվրոպական չափանիշերին։ Մեր դեպքում, մոնիտորինգից բացի, այս փուլում առկա է նաև լրացուցիչ վերահսկողության խնդիր, որը կապված է մարտի 1-ի իրադարձությունների բացահայտման, բանտարկության մեջ գտնվող անձանց իրավունքների պաշտպանության խնդիրների հետ։
-Այսինքն՝ ամեն դեպքում շարունակում են պահել ճնշման տակ։
-Եվրոպայում շատ լավ հասկանում են, որ Հայաստանը ո՛չ ժողովրդավարական երկիր է, ո՛չ էլ բռնապետական։ Ճնշումը տվյալ պարագայում գործադրվում է նրա համար, որ երկիրը կատարի իր իսկ ստանձնած պարտավորությունները և, հակառակ ընթացք որդեգրելով, չվերածվի բռնապետության։ Բայց նույնիսկ Հայաստանում առկա այսօրվա քաղաքական հակադրության պայմաններում Եվրախորհուրդն ունի համեմատություն անցկացնելու հնարավորություն մեր և Վրաստանի, ՈՒկրաինայի, Մոլդովայի միջև։ Ադրբեջանի հետ համեմատությունը տվյալ պարագայում տեղին չէ, որովհետև այնտեղի իրավիճակին լավ ծանոթ մարդիկ գիտեն, որ համեմատություն անցկացնելն իմաստ չունի։ Նկատի ունենանք, որ ցանկացած դեպքում ընտրությունների համատեքստում Ադրբեջանում չէր կարող ստեղծվել այսպիսի իրավիճակ, հանրային դժգոհության այսպիսի դրսևորումն այնտեղ ուղղակի բացառված էր։
-Ի՞նչ առումով։
-Այն առումով, որ Ադրբեջանը բացահայտ բռնապետական երկիր է։ Քաղբանտարկյալների երևույթն այնտեղ հավերժ հասկացություն է, նման մարդիկ այնտեղ կան տասնյակ տարիներ շարունակ։ Հայաստանի և Ադրբեջանի միջև համեմատություն անցկացնելն անտեղի է, որովհետև եթե Հայաստանում բարեփոխումների որոշակի գործընթաց զարգանա և թափ հավաքի, դա լինելու է ոչ այնքան հետևանք եվրոպական ճնշման, որքան այն իրողության, որ Հայաստանն այլընտրանք չունի ժողովրդավարական զարգացմանը։ Եթե նավթ լիներ, իշխանությունները կարող էին երկրի ժողովրդավարացման անհրաժեշտությունն ինչ-որ տեղ արհամարհել։ Հիմա չեն կարող։
-Այսինքն՝ Ադրբեջանում բռնապետության պատճառը նա՞վթն է։
-Մի շարք այլ պատճառների կողքին` նաև նավթը։ Եվրոպական կառույցներում Հայաստանը, նույն Վրաստանը, ՈՒկրաինան համարվում են միջանկյալ պետություններ, որոնք, թերություններով հանդերձ, ունեն ժողովրդավարական զարգացման հնարավորություն և հեռանկար։ Ադրբեջանը, Արևմուտքի ամենալուրջ կառույցների գնահատմամբ, բռնապետությունների շարքում է և այդ իմաստով տեղ է գրավում միջինասիական հանրապետությունների կողքին։ Օրինակ, «Ֆրիդոմ Հաուսի» անցյալ տարվա գնահատմամբ, ԱՊՀ տարածքում բռնապետական երկրներ են համարվել Ադրբեջանը, Թուրքմենստանը, Ղրղզստանը, Ղազախստանը, ՈՒզբեկստանը և Բելառուսը։ Որքան էլ տարօրինակ թվա, Տաջիկստանն այդ շարքում չի դիտարկվում։
Եթե անդրադառնանք Հայաստանի նկատմամբ եվրոպական կառույցների և մասնավորապես Եվրախորհրդի քաղաքականությանը, ապա ակնհայտ է, որ ճնշում գործադրելուն զուգահեռ նրանք աշխատում են դա անել բավական նուրբ ձևերով։ Այսինքն դա ավելի շատ նման է աջակցության, և ամեն կերպ աշխատում են չհասցնել նրան, որ ճնշման արդյունքում երկիրը դեպի Եվրոպա շուռ գա մեջքով և որդեգրի զարգացման այլ ուղղվածություն։
-Հոկտեմբերին Ադրբեջանում նախագահական ընտրություններ են, և կանխատեսելի է, որ դրանք կընթանան այլընտրանքի բացակայության պայմաններում և Ալիևը նախագահի պաշտոնը կպահպանի ամեն գնով։ Արդյոք ԵԽԽՎ-ն նույնպիսի կոշտ գնահատականներ կտա՞ Ադրբեջանի վերաբերյալ, ինչպես եղավ Հայաստանի հետընտրական զարգացումների արդյունքում։
-Սովորաբար նման դեպքերում անմիջական սուր արձագանք լինում է, երբ ստեղծվում է անկայուն իրավիճակ։ Իսկ անկայուն իրավիճակ կարող է ստեղծվել ժողովրդավարության իմաստով այնպիսի միջանկյալ երկրներում, ինչպիսիք են Հայաստանը, Վրաստանը, ՈՒկրաինան։ ՈՒշադրություն դարձրեք, որ Կիևում և Թբիլիսիում հեղափոխություններ եղան, Երևանում` ընդդիմադիր տրամադրություններ ունեցող զանգվածի շատ որոշակի ընդվզում։ Նման անկայունություն չի ստեղծվում ո՛չ կայացած ժողովրդավարություն ունեցող պետություններում, ո՛չ էլ բռնապետական երկրներում։ Անկասկած, Արևմուտքը կփորձի նախագահական ընտրությունների գործընթացում աջակցել ադրբեջանական ընդդիմությանը, որպեսզի գոնե ինչ-որ այլընտրանք երևա։ Բայց չեմ կարծում, թե հաջողության կհասնեն, որովհետև ամեն ինչ շատ վերահսկելի է իշխանության կողմից։ Իմ կարծիքով, հանրագումարում, իհարկե, կլինի գնահատական, որ ընտրությունները չեն համապատասխանում միջազգային չափանիշերին։
-Ի՞նչ պատժամիջոցներ կարող է կիրառել Եվրախորհուրդը Հայաստանի կամ Ադրբեջանի նկատմամբ, եթե ներքաղաքական և ընտրական զարգացումները հանրագումարում իրենց չբավարարեն։
-Ձայնի իրավունքից զրկել կամ հեռացնել Եվրախորհրդի կազմից։ Միայն այդ երկու պատժամիջոցը կա, բայց չեմ կարծում, թե նման բան տեղի կունենա։ Որովհետև հակառակ պարագայում դա Ադրբեջանի նկատմամբ վաղուց պետք է կիրառված լիներ։ Մենք պետք է ուղղակի հասկանանք, որ Եվրախորհուրդը նման է ակումբի, որի անդամ դառնալով, երկիրը ստանձնում է որոշակի պարտավորություններ։ Միաժամանակ Եվրոպայում քաջ գիտակցում են, որ կոմունիստական համակարգից դուրս եկած երկրներին ժամանակ է անհրաժեշտ պետական կառավարման համակարգն ու հասարակությունը եվրոպական չափանիշերին հասցնելու համար։
Նկատի ունենանք, որ նախկինում Եվրախորհրդում գոյություն չի ունեցել մոնիտորինգի ինստիտուտ։ Այն ստեղծվեց միայն սոցիալիստական սիստեմի փլուզումից հետո, երբ նախկին կոմունիստական երկրները փորձեցին վերադառնալ Եվրոպա։ Խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովը և Եվրախորհրդի նախարարների կոմիտեի «Ագոյի խումբը» ստեղծվեցին հենց այն նպատակով, որ աջակցեն և վերահսկեն նախկին կոմունիստական երկրների եվրոպական հանրությանը կրկին ինտեգրվելու գործընթացը։
-Ձեր կարծիքով, մենք ի՞նչ արդյունքներ կունենանք վեց ամիս հետո, երբ գա 1620 բանաձևի պահանջների կատարման վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելու ժամանակը։
-Երկրի ներքին իրավիճակի առումով դժվարանում եմ միանշանակ ասել։ Հաստատ համոզված եմ, որ բոլոր դեպքերում ԵԽԽՎ-ի կողմից որևէ ցնցող բանաձև կամ քայլ չի լինելու։ Այլ հարց է, թե Հայաստանի ներսում ինչ կկատարվի։ Իմ տպավորությամբ` այն դժգոհ և արմատական տրամադրություններ ունեցող զանգվածը, որ ընտրություններում սատարեց նախորդ իշխանությանը, հետագա ժամանակահատվածում գնալով նվազելու է։
-Ինչո՞ւ եք այդպես կարծում։
-Որովհետև եթե իմաստավորելու լինենք անցած ժամանակահատվածը, նախ պիտի պատասխանենք այն հարցին, թե ինչո՞ւ այն անձը, որի կառավարման տարիներին արմատավորվեց այսօրվա բացասական երևույթների հիմնական մասը, ստացավ այդքան ձայն։ Թեպետ շատ-շատերը հասկանում էին, որ նա այն մարդը չէ՝ ընդունակ Հայաստանը դուրս բերելու ժողովրդավարության մայրուղի կամ մղելու ազգային իղձերի իրագործման։ Պարզապես հասարակության մի ստվար զանգվածի աչքում նա գնահատվեց իբրև որոշակի ռեսուրսների տիրապետող, հետևապես իշխանությունը փոխելու ընդունակ միակ թեկնածու։ Անցած ժամանակահատվածն ապացուցեց, որ դա այդպես չէր. իշխանափոխության խնդիրը չլուծվեց, հետևապես, այդ ուժի կամ առաջնորդի շուրջ համախմբված դժգոհ զանգվածը նվազելու է։
Բայց դա չի նշանակում, թե նվազելու է հասարակական դժգոհությունն առհասարակ։ Այս խնդրի լուծման համար իշխանությունը շատ լուրջ և երկարատև աշխատանք ունի անելու։ Պարզապես դժգոհ զանգվածի մի ակտիվ մասը կհրաժարվի այսօրվա արմատական ընդդիմության կողքին կանգնելուց, և ընդհանուր առմամբ մենք կրկին կհայտնվենք մի այնպիսի փուլում, երբ հասարակության մեծամասնությունը փոփոխություններ է ցանկանում և բավարարված չէ իշխանության կողմից իրագործվող քայլերից կամ դրանց դինամիկայից։
-Այսինքն՝ իշխանությունները չեն անում այն, ինչ անհրաժեշտ է։
-Խնդիրն այդ տեսանկյունից չպետք է դիտարկել։ Դրական տեղաշարժեր, թեկուզ դանդաղ և առանձին սեգմենտներում, բայց կան։ ՈՒղղակի հանրության ակնկալիքներն են ավելի մեծ, քան այն, ինչ արվում է։ Բայց ասել, որ ոչինչ չի արվում, իհարկե, այդպես չէ։ Այսօր փաստ է, որ երբեք հնարավոր չի լինելու կրկնել Հյուսիսային պողոտայի տարածքի և Բուզանդի փողոցի տների իրացման խայտառակությունը, երբ հարյուրավոր մարդկանց մարդկային և սեփականության իրավունքները ոտնահարվեցին։ Հիմա խորհրդարանն օրենք է ընդունել տարբեր քաշքշուկների պատճառով չսեփականաշնորհված 20 հազար սեփական տների սեփականաշնորհման մասին։ Այսինքն՝ փոփոխություններ կան, ուղղակի ցանկալի է, որ դրանք ունենան հասարակության պահանջներին համարժեք դինամիկա։
Զրուցեց Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 6158

Մեկնաբանություններ