ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

«ԱԳՆ-ն պետք է ավելի շատ կենտրոնանա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, քան Ցեղասպանության ճանաչման խնդրի վրա»

«ԱԳՆ-ն պետք է ավելի շատ կենտրոնանա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, քան Ցեղասպանության ճանաչման խնդրի վրա»
26.04.2019 | 02:37

«Արևելք» հետազոտական և վերլուծական կենտրոնի ղեկավար, պատմաբան ԳԵՎՈՐԳ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ հետ զրուցում ենք Հայոց ցեղասպանության ճանաչման, Թուրքիայի հետ հարաբերությունների մասին։

-Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում մենք այսօր ի՞նչ հանգրվանի ենք հասել։
-Ցեղասպանության ճանաչման հարցում, իհարկե, ինչպես կանխատեսել էինք, տեմպն աստիճանաբար թուլանում է և պետք է որ թուլանար։ Այս տարի ճանաչման հարցում աչքի ընկավ Ամերիկայի Միացյալ Նահանգները, դա էլ ավելի շատ պայմանավորված էր ամերիկա-թուրքական հարաբերությունների սրմամբ։ Ըստ էության, դա ոչ թե հայկական լոբբիի կամ ՀՀ արտգործնախարարության շնորհիվ էր, այլ պայմանավորված էր Թուրքիայի հետ ԱՄՆ-ի հարաբերությունների վատթարացմամբ։ Ընդ որում, ճանաչման գործընթացը նախկինում էլ հիմնականում պայմանավորված է եղել տվյալ երկրի և Թուրքիայի այդ պահի հարաբերություններով։ Իտալիայի խորհրդարանը հավանության արժանացրեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը, Ֆրանսիան ընդունեց համապատասխան որոշում ապրիլի 24-ի հետ կապված։ Մեծ հաշվով սրանք որևէ լուրջ բեկում չեն առաջացնում Ցեղասպանության ճանաչման գործընթացում։ Ես կարծում եմ, որ մենք Ցեղասպանության ճանաչման մեր ամբողջ ռազմավարությունը պետք է փոխենք, և ըստ էության Հայաստանի ԱԳՆ-ն պետք է ավելի շատ կենտրոնանա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդրի վրա, քան Ցեղասպանության ճանաչման։ Սա մի փոքր ծայրահեղ մոտեցում է, համարձակ քայլ է, սակայն տարիները ցույց տվեցին, որ Հայաստանի Հանրապետության համար ավելի առաջնահերթ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, քան Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիրը։ Այս հարցում մենք ունենք շատ լուրջ հակասություններ սփյուռքի հետ։ Պետք է կարողանանք սփյուռքին համոզել, որ մենք առաջնորդվում ենք առաջին հերթին պետականության շահերով, և սփյուռքն այդ հարցում պետք է ըմբռնումով մոտենա։ Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման ժամանակ ականատես եղանք, որ սփյուռքն այդ հարցում մեզ չի հասկացել։ Միգուցե սա շատ համարձակ է, շատ հարվածներ կընդունենք սփյուռքից և դրսի կազմակերպություններից, բայց ակներև է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն այլընտրանք չունի։
-Չեմ կարծում, թե այս թեզը միայն սփյուռքում հակազդեցության կարժանանա։ ՀՀ բնակչությունն էլ գուցե պատրաստ չլինի նման թեզին։
-Կարծում եմ՝ Հայաստանում սերունդներն աստիճանաբար դուրս են գալիս էմոցիոնալ տիրույթից և ավելի շատ կողմ են խնդրի կարգավորմանը։ Հասարակության այդ արձագանքը երևում է։ Հայաստանում բնակչության մեծ մասը կողմ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը առանց նախապայմանների՝ ոչ մեր, ոչ էլ իրենց կողմից։ ՀՀ տասնյակ հազարավոր քաղաքացիներ այսօր աշխատում են Թուրքիայում, և կան հազարավոր գործարարներ, որոնք Թուրքիայի հետ ունեն բիզնես շահեր։ Հետևաբար հասարակության զգալի մասի մոտ կա այն մտայնությունը, որ հարաբերությունները պետք է կարգավորվեն, և սահմանը պետք է բացվի։ Չեմ բացառում, որ և՛ Հայաստանում, և՛ Թուրքիայում կան ազգայնական ուժեր, որոնք դեմ են, սակայն նրանք հասարակության շատ փոքր մասն են և չեն կարող որևէ ազդեցություն ունենալ, եթե երկու երկրները պետական մակարդակով որոշում կայացնեն։
-Իսկ Թուրքիայում հանրությունը համանման ցանկություն ունի՞։
-Ոչ, Թուրքիայում նման ցանկություն չկա, որովհետև, ցավոք, Թուրքիայի համար Հայաստանը շատ փոքր պետություն է իր տնտեսությամբ ու նշանակությամբ։ Հայաստանը Թուրքիայի համար տնտեսապես հետաքրքրություն չի ներկայացնում։ Համոզված եմ, որ եթե Հայաստանը տնտեսապես գրավիչ լիներ Թուրքիայի և թուրք ներդրողների համար, ապա հարաբերություններն այս մակարդակում չէին լինի։
-Թուրքիան Ադրբեջանին բարեկամ երկիր է։ Այդ համատեքստում ինչպե՞ս կդիտվի հայ-թուրքական հարաբերությունների հարթեցումը, եթե իհարկե նման բան հնարավոր լինի։
-Մենք միշտ այդ թեզով ենք փորձել հարաբերությունները կառուցել։ Բայց պետք է նշել, որ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բացարձակ միատարր չեն, և Ադրբեջանին բոլոր քաղաքական հարցերում (նաև Հայաստանին վերաբերող) Թուրքիան միանշանակորեն չի սատարում։ Թուրքիայի էլիտայի մի մեծ մասի համար ցանկալի է Հայաստանի հետ հարաբերություններ կառուցելը։ Սակայն այդ հարաբերությունները կառուցելու համար առաջին հերթին պետք են տնտեսական հիմքեր, շահեր։ Սակայն Հայաստանի տնտեսությունն այն վիճակում չէ, որ շահագրգռի հարևան երկրին։ Այդ պատճառով քաղաքական հարաբերությունները մնում են չկարգավորված։ Եթե Հայաստանի և Թուրքիայի միջև լինեն տնտեսական համագործակցության լուրջ հիմքեր, համոզված եմ, որ Ադրբեջանի հետ դաշնակցային հարաբերություններն անպայման կվերանայվեն, որովհետև նման նախադեպ տարածաշրջանում կա։ Կան երկրներ, որոնք դաշնակցային հարաբերություններ ունեն, բայց տնտեսական կապերը ստիպում են, որ երբեմն այդ դաշնակցային հարաբերությունները շրջանցվեն։ Ես նաև կարող եմ Ձեզ հարցադրել՝ եթե Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, ինչու՞ է Ռուսաստանից գնում ժամանակակից C-400-ներ և հարցականի տակ դնում ՆԱՏՕ-ի արտադրած Patriot համակարգերը։ Սա նշանակում է, որ Թուրքիայի դիվանագիտությունը բավականին ճկուն է, ստանդարտ չէ։ Այն կարող է Ադրբեջանի հետ ունենալ բարեկամական հարաբերություններ, սակայն միաժամանակ զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ. ճիշտ այնպես, ինչպես լինելով ՆԱՏՕ-ի անդամ, ռազմական համագործակցություն է ծավալում ՌԴ-ի հետ։
-Այդ դեպքում, եթե Թուրքիային չի հետաքրքրում Հայաստանը, ի՞նչ արժեք ունի մեր կողմից համագործակցության գնալու քայլը։
-Փակ սահմաններով մեր տնտեսությունը չի կարող զարգանալ։ Եվ դա ոչ թե օդից վերցրած թեզ է, այլ ապացուցված է վերջին 25-30 տարվա ընթացքում։ Մենք պետք է կարողանանք զգացմունքային պահերը դնել մի կողմ և հստակ տնտեսական հաշվարկներ անել։


Զրուցեց
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 53687

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ