Եվրամիությունը մի շարք պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի դեմ, որոնք արդեն գործում են Ռուսաստանի նկատմամբ։ Այս մասին տեղեկացրել է ԵՄ Խորհուրդը։ Նշվել է, որ պատժամիջոցները մտցվել են ՈՒկրաինայի դեմ պատերազմին բելառուսական տնտեսության մասնակցության առնչությամբ։               
 

«Սամվելի» համար հերթ է»

«Սամվելի» համար հերթ է»
17.06.2024 | 06:54

...1940 թվական, Րաֆֆու տարիների արգելքից հետո լույս է տեսել նրա «Սամվելը»: Անցնում եմ Աբովյան փողոցով և նրա հայտնի գրախանութի դռան առջև տեսնում եմ մարդկանց մի անծայր հերթ: Այդպիսի հերթ չեմ տեսել անգամ 33 թվականին հացի խանութների առաջ: Ա՜յ քեզ բան: Բայց գրեթե կռահում եմ, որ դա «Սամվելի» համար է:

Ես էլ եմ վազում: Բարեբախտաբար, փող ունեմ, թոշակիս մնացորդը: Հասնում եմ, բայց ո՜ւր...Հերթը կանոնավոր չի, բազմությունը խուռներամ լցվել է, ճչում են, գոչում, հրմշտում, որովհետև խանութի դուռը ներսից փակ է, և վարիչը, երևի, վախենում է դուռը բանալ: Նա ոտքի տակ կմնա:

Հերթից այն կողմ կանգնած են մի խումբ, մեծ մասամբ տարեց, մարդիկ: Նրանց մեջ ես տեսնում եմ պրոֆեսոր Համբարձում Քեչեկին, նշանավոր վիրաբույժին:

Դուռը վերջապես երկու փեղկով բացվում է, և բազմության մի մեծ հատված հորդում է ներս: Ես գործի եմ գցում զորավոր արմունկներս, և տասը րոպեից հետո հասնում է իմ հերթը:

-Երկու օրինակ:

-Չեմ կարող: Տեսնո՞ւմ ես:

-Շատ եմ խնդրում, ուսանող եմ, ընկերս բացակայում է, Րաֆֆու երկրպագուն է:

Իմ աղաչագին հայացքն ազդում է դեռևս զայրացած գանձապահուհու վրա. ինձ տալիս է երկու չեկ:

Վազում եմ վաճառասեղանի կողմը, առնում վեպի երկու օրինակ և դուրս գալիս: Մոտենում եմ պրոֆեսոր Քեչեկին և մի օրինակը մեկնում նրան: Նա ապշած նայում է ինձ, և ես մի կերպ եմ կարողանում համոզել, որ իր համար եմ գնել:

Անմիջապես վճարում է գրքի արժեքը.

-Այ, ապրես դու, ապրես, որ Րաֆֆի սիրում ես: Կարդա, կարդա, տես ինչպես պիտի սիրել հայրենիքը, հայ ժողովրդին:

Հայրենի՞ք...Այս բառը մենք գրեթե չենք գործածում, չենք գրում, չենք կարդում: Ամենուր հայրենիքի փոխարեն գործածվում է երկիր, ժողովրդի փոխարեն՝ աշխատավորություն:

Ի՜նչ հրաշալի մարդ է պրոֆեսոր Քեչեկը, որ խոսում է նախնիների բառերով և ապրում է նախնիների զգացումներով: Ավա՜ղ, հիմա հազվագյուտ են նրանք:

Հրաչյա Հովհաննիսյան (1919-1997). «Ոսկե ամպ»

Կարլ Յալանուզյանի ֆեյսբուքյան էջ

Դիտվել է՝ 2648

Մեկնաբանություններ