Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

ԿԵՍԱՐԻ ՄԱՀԸ

ԿԵՍԱՐԻ ՄԱՀԸ
26.03.2010 | 00:00

Նապոլեոն ԲՈՆԱՊԱՐՏ

Իսպանիայից Հռոմ Կեսարը ժամանեց 45 թվականի հոկտեմբերին (այդ ժամանակ օրացույցն արդեն ճշգրտված էր), նրան սպանեցին 44 թվականի մարտին: Վեց ամիս նա տիեզերքի տիրակալն էր. նա Պոմպեոսի որդու նկատմամբ տրիումֆ ստացավ, որը բավականաչափ վիրավորական թվաց: Ո՛չ Մարիուսը, ո՛չ Սուլլան երբեք նման ստորացման չէին ենթարկել Հռոմի քաղաքացիներից և ոչ մեկին:
Սենատը նրան հռչակեց իմպերատոր և ցմահ դիկտատոր. այդ ժամանակից ի վեր նա գլխին մշտապես կրում էր դափնեպսակ և տոնական օրերին տրիումֆատիրոջ տոգա էր հագնում: Նա ստեղծեց բազում սենատորներ ու պատրիկներ, կարգի բերեց օրացույցը, սկսել էր աշխատել քաղաքացիական ու քրեական օրենսգրքերի խմբագրման, պատիժներ սահմանող օրենսգրքի վրա, Հռոմը նոր ու հիասքանչ շենքերով զարդարելու նախագծեր էր կազմում: Նրա օրոք սկսեցին կայսրության ընդհանուր քարտեզը կազմելու և ամբողջ տարածքում վիճակագրական աշխատանքները, նա Վարոնին հանձնարարեց հանրային ընդարձակ գրադարանի կազմակերպումն ու կարգավորումը, մտադիր էր չորացնել Պոնտական ճահիճները և Տիբեր գետի համար նոր հուն փորել` Հռոմից մինչև ծով, Օստիայում կառուցել մեծ նավահանգիստ` ամենամեծ նավերի համար, նաև մտադիր էր Կորնթոսի ծովածոցը վերափոխել և Կորնթոսն ու Կարթագենը վերականգնելու համար գաղութաբնակներ էր ուղարկել:
Նա անկեղծորեն ներել էր բոլորին, որ մնացել էին Պոմպեոսի կուսակցությունից և առավել կարևոր պաշտոններին նշանակեց ամենահայտնի պատրիկների ընտանիքների ներկայացուցիչների. այդ քայլերին նրան դրդում էին մեծահոգությունը և քաղաքական նկատառումները: Նա Ռուբիկոնն անցավ իբրև ժողովրդական կուսակցության ղեկավար` հենց այդ կուսակցության օգնությամբ նա հաղթեց Պոմպեոսի շուրջը հավաքված ամբարտավան արիստոկրատներին: Իրոք, ի՞նչ կարող էր անել նա իր երկու կամ երեք լեգեոններով: Ինչպե՞ս կարող էր նա առանց կռիվների ու պաշարման իրեն ենթարկել Իտալիան ու Հռոմը` կողմնակից չունենալով իտալացի ու հռոմեացի ջլապինդ և կոշտուկապատ բազուկների մեծամասնությունը: Քաղաքացիական պատերազմի սկզբում Պոմպեոսը Հռոմի մատույցներում ուներ վետերանների երկու լեգեոն և 30000-անոց զորք: Նրա 30 կոհորտաները Կորֆինիումում էին, բայց ժողովուրդը նրա դեմ էր, և Պոմպեոսը հարկադրված էր առանց կռվի հեռանալ Հավերժական քաղաքից: Նա հատեց ծովը` ընդառաջ գնալով ասիական լեգեոններին, այնտեղ ձևավորեց բանակ և ժամանեց Հունաստան` իր կողքին ունենալով Սենատն ու պատրիկների մեծ մասին: Բայց Կեսարն ամենասկզբից դարձավ Հռոմի տերը:
Փարսալոսի, Թապսոսի, Մունդայի հաղթանակներից հետո, ջախջախելով Պոմպեոսի կուսակցությունը` ժողովրդական կուսակցությունը և վետերաններն իրենց պահանջներն առաջադրեցին` ստիպելով իրենց ձայնն ունկնդրել: Կեսարը մտահոգված էր, նրանց զսպելու համար նա ազդեցիկ ընտանիքների ներգործությանը դիմեց: Բոլոր ժողովուրդներն ունեն արիստոկրատիա, մշտապես, բոլոր հեղաշրջումների ժամանակ: Կործանեք նրանց ազնվականների մեջ, տեղնուտեղը կհայտնվեն հարուստ ու ազդեցիկ երրորդ դասի մեջ, ճնշեք այդտեղ, կհայտնվեն ժողովրդական պարագլուխների ու արհեստավորների մեջ: Արիստոկրատիայի այս դիմափոխություններից տիրակալը ոչինչ չի շահում. թողնելով նախնական տեսքով, ենթարկեցնելով նոր օրենքներին, նա, ընդհակառակը, ամեն ինչ բնական տեսքի է բերում: Իրերի այդ կարգը հատկապես անհրաժեշտ էր Հռոմին, որ իշխում էր ամբողջ աշխարհին և իր գերազանցությունը պահպանելու համար կարիքն ուներ ինչ-որ մոգական ուժի, որ կապվում էր Սցիպիոնի, Պողոս Էմիլիոսի, Ֆաբիոսի և այլոց հետ, ովքեր հաղթում էին, կառավարում և որոշում Եվրոպայի, Ասիայի ու Աֆրիկայի ճակատագրերը բազում դարեր շարունակ:
Կրասոսն իր բանակով կործանվեց Եփրատի ափին, նրա լեգեոնների արծիվներն անցան պարթևներին: Հռոմի ժողովուրդը հատուցում պահանջեց, որը վեց տարվա քաղաքացիական պատերազմ դարձավ: 44 թվականի առաջին օրերին Կեսարը հայտարարեց ծովն անցնելու և, պարթևներին հնազանդեցնելով, սպանված Կրասոսի հոգուն խաղաղություն պարգևելու մտադրության մասին: Ամբողջ ձմեռ նա նախապատրաստվում էր այդ մեծ արշավանքին, որ Հռոմին փառք ու Կեսարին օգուտներ էր խոստանում: Իրոք, այդքան տևական ու արյունահեղ քաղաքացիական պատերազմից հետո արտաքին պատերազմ էր պետք` միավորելու համար բոլոր կուսակցություններն ու ստեղծելու ազգային բանակ:
Պարթևների հետ պատերազմում երկու դժվարություն կար. առաջինն այդ ժողովուրդների պատերազմելու ձևն էր. նրանք հռոմեացիներից ավելի լավ էին զինված, պարթևների նետերը խոցում էին լեգեոներների վահանները, պարթևները չէին սպասում ծանր զենքերով զինավառ հռոմեացիների հետ բախմանը, այլ հեռվից ու դիպուկ նետահարում էին: Լաբիենն Աֆրիկայում հաջողությամբ կիրառել էր պատերազմելու այդ ձևը: Հավանաբար այդ առումով Կեսարը պարթևներին կգերազանցեր` նրանց հակադրելով բազում նետաձիգների Կրետե կղզուց, Բալեարյան կղզիներից, Իսպանիայից ու Աֆրիկայից: Երկրորդ դժվարությունն այդ երկրների բնությունն էր. Վերին Հայաստանից ներխուժման դեպքում երկար պատերազմ էր սպասվում լեռնային տեղանքում, Եփրատով ու Միջագետքով ուղևորվելիս` ճահիճներ, լճեր ու անպտուղ տափաստաններ: Այս բոլոր խոչընդոտները Կեսարի հանճարից ավելին չէին: Եփրատի ու Տիգրիսի վրա մեծաթիվ նավատորմիղը կապահովեր ջրային արգելքների հաղթահարումը, իսկ կաշվե տիկերով բեռնված ուղտերը ի չիք կդարձնեին անապատի անջրդիությունը, և, հավանաբար, Կեսարը կհաղթեր` հռոմյան արծիվները հասցնելով մինչև Ինդոսի ափերը, եթե միայն նրան չդավաճաներ 13 պատերազմներում ուղեկցած երջանկությունը: Այդ երջանկությունը ժպտացել էր Սցիպիոնին 5 պատերազմներում, Ալեքսանդրին` 11 պատերազմներում, լքել էր Պոմպեոսին 16-րդում, Հաննիբալին` 17-րդում, և նրանցից ոչ ոք չէր կարողացել իր կողքին պահել այդ խստասիրտ թեթևամիտին:
Այն ժամանակ, երբ Մեծն Կեսարը նախապատրաստվում էր այդքան մեծ գործերի, արիստոկրատների կուսակցության բեկորները, որոնց նա մեծահոգաբար ներել էր, դավադրում էին նրա դեմ: Բրուտոսն ու Կասիոսը դավադրության ղեկավարներն էին. առաջինը ստոիկ էր, Կատոնի սանը: Կեսարը նրա նկատմամբ հատուկ վերաբերմունք ուներ և երկու անգամ փրկել էր նրա կյանքը, բայց Բրուտոսի աղանդը ոչ մի երախտագիտություն չէր ընդունում: Բռնապետության վերաբերյալ հունական դպրոցներում քարոզվող հասկացություններով ներծծված` նա օրինական էր համարում իրեն օրենքից վեր դասող յուրաքանչյուրի սպանություն: Ցմահ դիկտատոր Կեսարն իշխում էր ամբողջ հռոմեական ծովածավալ աշխարհին, և Սենատի իշխանությունը միայն երևութական էր: Այլ կերպ չէր էլ կարող լինել Մարիուսի ու Սուլլայի պարտությունից, Պոմպեոսի օրինախախտությունից, հնգամյա քաղաքացիական պատերազմից և Իտալիայում վետերանների հաստատվելուց հետո, որ պահպանում էին հավատարմությունն իրենց զորավարներին, ամեն ինչ ակնկալում էին մի քանի մարդուց և ոչինչ չէին սպասում հանրապետությունից: Հանգամանքների այդ դասավորությամբ հնարավոր չէր ղեկավարել պետությունը բազմագլուխ ժողովի որոշումներով և աշխարհածավալ Հռոմի գերակայության ու իշխանության երաշխիքներով միայն։ Բոլոր կուսակցությունների, քաղաքացիների հանգստության գրավականը Կեսարի անձն էր, ուստի նրա իշխանությունն օրինական էր:
Դավադիրներին դժվար չէր հաջողության հասնել` Կեսարը նրանց հավատում էր: Բրուտոսը, Կասիոսը, Դեցիմոսը նրա բարեկամներն էին, մերձավորները, նա դյուրահավատորեն կարծում էր, որ նրանց բոլորի համար թանկ է իր կյանքը, քանի որ ինքն աջակցում էր բոլոր ականավոր անձանց և այն ամենին, ինչը փառահեղ էր Հռոմում` չնայած ժողովրդի ու բանակի դիմադրությանը: Արդարացնելու համար ստոր ու քաղաքականության հետ որևէ կերպ չհամատեղվող սպանությունը, դավադիրներն ու նրանց կողմնակիցները լուրեր էին տարածում, թե Կեսարը մտադիր է իրեն արքա հռչակել. ակնհայտ սուտ և զրպարտություն, որը, սակայն, շուրթից շուրթ փոխանցվելով, հիմա պատմական ճշմարտության տեղ է անցնում: Եթե Կեսարը գործ ունենար այն սերնդի հետ, որն ապրում էր Նումիոսի, Տուլիոսի ու Տարկվինիոսի օրոք, նա, գուցե, իր իշխանությունն ամրապնդելու և հանրապետությունում խառնակությունը դադարեցնելու համար դիմեր կառավարման սովորական ու արգո միջոցներին, բայց նա ապրում էր մի այնպիսի ժողովրդի հետ, որն արդեն 500 տարի այլ իշխանություն չէր ճանաչում, բացի կոնսուլների, դիկտատորների ու տրիբունների իշխանությունը: Արքայական իշխանությունն արհամարհված ու ստորացուցիչ էր, կուրուլիսյան աթոռը գահից բարձր էր դասվում հռոմեական Սենատում: Ի՞նչ գահ էր պետք Կեսարին: Հռոմի հինավուրց արքաների՞ գահը, որոնց իշխանությունը քաղաքի մատույցներից դուրս չէր գալիս: Ասիայի բարբարոս արքաների՞ գահը, որոնց գահընկեց էին արել Սցիպիոնները, Մետելները, Կլոդիոսները: Արտառոց քաղաքականություն է: Ինչպե՞ս: Մի՞թե Կեսարը կարող էր հաստատուն հարգանք ու պատիվ գտնել Փիլիպոսի, Պերսևսի, Աթիլլայի, Միհրդատի, Փառնակեսի, Պտղոմեոսի թագով, որոնց Հռոմի քաղաքացիները տեսել էին իրենց տրիումֆներում` քառաձի մարտակառքերին շղթայված: Դա չափազանց անհեթեթ է: Հռոմեացիները վարժվել էին արքաներին տեսնել իրենց տիրակալների նախասրահներում սպասելիս...
Նաև ասում էին, որ Կեսարը ցանկանում է իրեն հռչակել ոչ թե Հռոմի, այլ հռոմեական գավառների արքա. կարծես Հունաստանի, Փոքր Ասիայի, Սիրիայի ժողովուրդները կարող էին ավելի մեծ հարգանք տածել Պերսևսի, Անտիոքի, Աթիլլայի ու Պտղոմեոսի խորտակված գահերի նկատմամբ, քան Լուկուլլոսի, Սուլլայի, Պոմպեոսի և Կեսարի կուրուլիսյան գահավորակի: Հետևաբար, այս ենթադրությունն էլ նույնքան անհիմն է, որքան առաջինը:
Մինչև իր կյանքի վերջին րոպեն Կեսարը հարգում էր ժողովրդական կառավարման բոլոր ձևականությունները. ոչինչ չէր անում առանց Սենատի որոշման, բոլոր պաշտոնյաներին նշանակում էր ժողովուրդը, և եթե իրոք ողջ իշխանությունը Կեսարի ձեռքին էր, արտաքուստ պահպանված էր հանրապետական ամբողջ կարգուկանոնը: Կեսարը չուներ պահակազոր, շրջում էր ինչպես հասարակ քաղաքացի, նրա տունն ավելի շքեղ չէր, ամեն օր հանդիպում էր իր բարեկամներին, հաճախ էր ելույթ ունենում հռետորների ամբիոնից, լինում էր Ժողովրդական և Սենատի ժողովներում: Եթե նա մտադրվեր արքա լինել, իրեն կշրջապատեր հավատարիմ պահակազորով. այդ նպատակով նա ոչինչ չէր անում և մշտապես մերժում էր իր բարեկամների հոգածությունը, որոնք, լսելով պարտված կուսակցության տրտունջները, նրա անվտանգության համար պահակազորն անհրաժեշտ էին համարում: Լինելով դիկտատոր` նույն տարում նա ցանկացավ Անտոնիոսի հետ կոնսուլ լինել` այդ պաշտոնի բոլոր պարտականությունները կատարելով: Պատվանդանից վար նետված Պոմպեոսի բոլոր արձանները նրա հրամանով հանդիսավորապես վերականգնվեցին, նա ոչնչով չդավաճանեց իր բանակի ոգուն` կապված պահելով նրանց ժողովրդական, ժողովրդավարական կուսակցությանը:
Ի՞նչ ապացույցներ են ներկայացնում նրան մեղադրողները: Նրանք բերում են մի քանի անեկդոտներ, հավանաբար սուտ կամ սխալ փոխանցված, որովհետև ո՛չ Ցիցերոնը, ո՛չ Ֆլորոսը, ո՛չ Վելիոսն այդ մասին չեն խոսում: Եթե նույնիսկ ընդունենք, որ դրանք արդարացի են, միևնույն է, ոչինչ չեն ապացուցում: Պատմում են, որ հունիսի 26-ին, երբ Կեսարը վերադառնում էր Ալբինյան բլուրից, ծափողջույնների ժամանակ մեկը նրան ողջունել է իբրև արքայի, և երբ ամբոխը զարմացած լռել է, Կեսարը նրան պատասխանել է, որ ինքը ոչ թե արքա է, այլ Կեսար: Կամ` ինչ-որ մեկը Կեսարի արձանը զարդարել է դափնեպսակով ու արքայական ականակուռ ապարոշով, Լուպերկալիաների տոնակատարության ժամանակ լուպերկներից մեկը` կոնսուլ Անտոնիոսը, մոտեցել է Կեսարին, որը նստած էր հռետորների տեղում տրիումֆակրի իր տոգայով ու դափնեպսակով, և նրան է հրամցրել ապարոշը, բայց Կեսարն ապարոշը գլխին դնելու փոխարեն ուղարկել է Կապիտոլիում, ասելով, որ Հռոմը մի արքա ունի` Յուպիտերը: Լուպերկալիաները խելահեղ տոնախմբություններ էին, լուպերկները մերկ վազվզում էին փողոցներում և կաշվե խարազաններով հարվածում անցորդներին. ամենաազնվատոհմիկ կանայք նրանց էին մեկնում իրենց բազուկները` հուսալով և հավատալով, որ այդ հարվածներն իրենց զավակներ կպարգևեն: Եվ, վերջապես Լուցիուս Կոտան` սիբիլլյան մատյանները պահպանող քրմերից մեկը, հայտարարել է, որ պարթևներին, արքայից բացի, ոչ ոք չի հաղթի: Հռոմեացիներին գրգռելու համար ավելին էին ասում, որ արքա դառնալով` Կեսարը մայրաքաղաքը տեղափոխելու է Ալեքսանդրիա կամ Իլիոն:
Ահա այսպիսի խղճուկ հիմնավորումների վրա բարեհոգի Պլուտարքոսը, զրպարտությունների սիրահար Սվետոնիոսը և նույն այդ կուսակցության մի քանի այլ գրողներ կառուցել են մեղադրանքների իրենց անհավանական համակարգը: Եթե Կեսարը որևէ օգուտ տեսներ արքայական գահավորակին բազմելու մեջ, նա այդ կաներ` իր զորքի ու Սենատի միաձայն հավանության բացականչությունների ներքո` նախքան Սենատը Պոմպեոսի կողմնակիցներով համալրելը: Պետք չէր լինի նախապատրաստել ոչ հարբած մեկի` արքային ուղղված կոչերը, ո՛չ սիբիլլաների «մարգարեությունը»` պարթևներին հաղթելու համար արքա դառնալու, ո՛չ էլ Լուպերկալիաների ժամանակ ապարոշ մատուցելու տեսարանները: Կեսարն այդ նպատակին այլ ճանապարհով կհասներ: Նրա համար շատ հեշտ էր իր լեգեոններին ներշնչել, որ նրանց փառքն ու հարստությունն ամբողջությամբ կախված են կառավարման նոր ձևից, որի ժամանակ իր տոհմը կապահովի նրանց պաշտպանությունը պատրիկների տոգաներ կրողներից, իսկ Սենատում էլ ուղղակի կհայտարարեր, որ պետք է օրենքները վեր դասել հաղթանակների ու զինվորականների կամայականություններից` տիրակալի գահակալությամբ պաշտպանելով քաղաքացիների սեփականությունը վետերանների ագահությունից: Բայց նա գնում էր հակառակ ճանապարհով. հաղթանակներից արբած` նա Հռոմը կառավարում էր միայն իբրև կոնսուլ, դիկտատոր կամ տրիբուն, հետևաբար հաստատում էր, ոչ թե ոտնահարում հանրապետական հին ավանդույթները: Ռուբիկոնն անցնելուց և իր բոլոր հաղթանակներից հետո Կեսարը ոչնչով չէր փոխել հանրապետական կառավարման ձևը: Նույնիսկ Օգոստոսը, երկար ժամանակ անց, երբ եռապետականների հալածանքներն ու պատերազմները հանրապետականների մի քանի սերունդ ոչնչացրին, գահ բարձրանալու մասին չէր մտածում, ո՛չ Տիբերիոսը, ո՛չ Ներոնը նրանից հետո արքա դառնալ չմտածեցին, որովհետև համաշխարհային կայսրության տիրակալի մտքով չի անցնի իրեն զարդարել ստորացուցիչ ու ատելի զարդարանքներով: Եթե արքայական թագը օգտակար լիներ Օգոստոսի կամ իր հաջորդների համար` նրանք այդ թագը կընդունեին, բայց Կեսարը, հոգով հռոմեացի, ժողովրդի սիրելին, որ միշտ իր ճառերում ու ստեղծագործություններում այդպիսի հաճույքով ու փառասիրությամբ էր ներկայացնում «հռոմեական ժողովրդի» հմայող ուժը, արքայական թագից միայն կտխրեր:
Հետևաբար, Կեսարը չէր կարող ցանկանալ, չէր ցանկանում և ոչինչ չէր անում հանուն այն բանի, ինչի մեղադրանք էին իրեն ներկայացնում, այլ ճիշտ հակառակն էր անում: Եվ, իհարկե, դեպի Եփրատ արշավանքի նախօրեին, դժվար պատերազմից առաջ չէր նախաձեռնի 500-ամյա կառավարման ձևի փոփոխությունը: Իսկ ո՞վ էր կառավարելու Հռոմն արքայի բացակայությամբ: Ռեգենտը: Արքայի փոխանորդը: Նահանգապետը: Հռոմն ընտելացել էր կոնսուլների, պրետորների, Սենատի, տրիբունների իշխանությանը:
Սպանելով Կեսարին` Բրուտոսը ենթարկվում էր այն նախապաշարմունքին, որ քաղել էր հունական դպրոցներից։ Նա Կեսարին նույն շարքում էր դասում Պելոպոնեսի ինչ-որ մանրիկ բռնակալների հետ, որ քաղաքի իշխանությունը զավթել էին մի քանի գանձագողերի հետ։ Նա չէր ուզում տեսնել, որ Կեսարի իշխանությունն օրինական է, որովհետև անհրաժեշտ է, որովհետև բոլորի պաշտպանությունն է և բոլորի համար պահպանում է հռոմեացիների գերազանցությունը, և հետևանքն է ժողովրդի կամքի ու կարծիքի: Կեսարը սպանվեց, նրա իշխանությունը վերածնվեց Անտոնիոսի, Օկտավիանոսի, Տիբերիոսի, Ներոնի մեջ, իսկ նրանցից հետո 600 տարի փորձարկվեցին մարդկության համար հնարավոր կառավարման բոլոր ձևերը, բայց ո՛չ հանրապետությունը, ո՛չ արքայական միապետությունն այլևս չհայտնվեցին` հաստատուն ապացույց, որ ո՛չ մեկը, ո՛չ մյուսը չէին կարող կիրառվել դարի իրադարձություններին ու ոգուն համապատասխան:
Կեսարը չէր ցանկանում արքա լինել։ Նրանից հետո 600 տարի նրա հետնորդներից որևէ մեկը դա չցանկացավ:
Թարգմանությունը` Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 2193

Մեկնաբանություններ