Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Черный PR-тоже PR!

Черный PR-тоже PR!
30.03.2010 | 00:00

Միջադեպը տեղի է ունեցել 1926-ի գարնանը` Լեհաստանում։ Պիլսուդսկու (լիարժեք միջնակարգ կրթություն ստացածները, հավանաբար, մտաբերեցին անցյալ դարի էքսցենտրիկ քաղաքական այդ գործչին) անվանակոչության տոնակատարությանը մասնակցում էին բոլոր նրանք, ովքեր հավատում էին մարշալի «աստղին» և նրա մեջ փնտրում իրենց հենարանին։ Պատահեց այնպես, որ տանտերը ծխախոտ վերցրեց, բայց չծխեց` լուցկի չկար։ Հյուրասիրության երկար սեղանի ծայրին նստած մի երիտասարդ կրակվառիչը ձեռքին նետվեց դեպի խոստումնալից «աստղը»` Պիլսուդսկին ծխեց։ Ավարտվեց երեկոն, բոլորը ցրվեցին` մոռացած աննշան այն միջադեպը, որից շաբաթներ անց` մայիսին, պետական հեղաշրջում կատարվեց, և Պիլսուդսկին վերցրեց իշխանությունը։ Կառավարությունը ձևավորելիս թափուր մնաց ԱԳ նախարարի պորտֆելը։ Մինչ փնտրում էին համապատասխան մեկին, Պիլսուդսկին ձայնեց. «Այն տղան` կրակվառիչ ունեցողը, հարմար կլինի»։ Փնտրեցին-գտան «կրակվառիչով տղային» և՞... Առասպելական շրջադարձ կատարեց Ռոման Կնոլլի ոչնչով աչքի չընկնող ձանձրալի առօրյան։
Ծանո՞թ պատկեր է։ Ի՜նչ խոսք. հայոց պատմության վերջին 20 տարիների ընթացքում քանի՜-քանի կնոլլներ հայտնվեցին (այժմ էլ փորձում են հայտնվել) մեր երկրի պետական կառավարման մեքենայի այս կամ այն պատասխանատու օղակում։ ՈՒսումնառության տարիներին ծանոթանալով կիսաանեկդոտային (գուցե առասպելական` դժվար է ասել) այդ միջադեպին, ո՞վ կպատկերացներ, թե զարմանք ու քմծիծաղ հարուցող զավեշտը քաղաքական առտնին կյանքի բաղկացուցիչ է դառնալու Հայաստանի 3-րդ Հանրապետությունում։
Որքան էլ մեր ուղեղները «լվացել» էին բոլշևիկյան` «խոհարարն էլ կարող է երկիր ղեկավարել» ցնդաբանությամբ, չէինք հավատում (թերևս, ճի՛շտ էինք անում)` մեր ոչ վաղ խորհրդային անցյալում երբևէ ականատես չեղանք «շերեփ-կառավարման լծակներ» «մետամորֆոզ»- փոխատեղմանը։ Այդ հետո էր, որ «կրակվառիչ ունեցող տղաների» հաղթարշավի ակամա հանդիսատեսը պետք է դառնայինք ու կյանքով փաստեինք դասագրքերից սերտածը` առասպելները հաճախ ճշմարտության այլաբանությունն են և ցանկացած առասպելից պետք է քաղել համապատասխան ճշմարտությունը, ինչը հաճախ այնպիսի անսպասելի դրսևորումներով է ի հայտ գալիս, որ զայրացնում է անգամ մեր խորհրդարանի երկարակյաց «միամիտ» լոռեցուն (կամ ինչպես «Իրավունքը de facto»-ն էր փաստել իր թիվ 20-ում` «եզակի կլասիկ գործիչներից մեկին` անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանին»), որն այլևս չհանդուրժելով մեզ գրկախեղդ անող տգիտությունը, ԱԺ վերջին քառօրյայում, ԶԼՄ-ների մասին օրենքի քննարկման ժամանակ, միայն իրեն հատուկ «միամտությամբ» և հայոց գրական բանավոր խոսքին տիրապետելու հմտության ցուցադրմամբ բարձրաձայնեց. «Ժամանակակից Հայաստանի թիվ մեկ պրոբլեմը քայլող տգիտությունն է, որը հատկապես բնորոշ է քաղաքական համակարգին»։
Չէ՛, Դալլաքյանն անուններ չհնչեցրեց, բայց նրա բառերի ենթատեքստում նաև ԱԺ-ն համալրած ու նրա տարբեր աստիճաններին կանգնած (իմա` պատգամավորից մինչև խոսնակ) «կրակվառիչ ունեցող տղերքն» էին (էդքան անուն-ազգանունները թվել կլինե՞ր), նաև այն խմբագիրներն ու լրագրողները, ովքեր համապատասխան տուրևառությամբ փորձում են գործի դնել իրենց տրամադրության տակ եղած ամենատարբեր «կրակվառիչները»։ Վերհիշենք Դալլաքյանի հայտարարության այն հատվածը, թե «բոլոր խոցերը, որոնք առկա են ներկայիս Հայաստանում, բնորոշ են ո՛չ միայն այսօրվա քաղաքական համակարգին, այլև ԶԼՄ-ներին, որոնցում իշխում են ո՛չ թե լուրջ վերլուծականները, այլ փողի դիմաց գրված հայհոյախառն հրապարակումները, ինչը ևս քայլող տգիտության դրսևորում է»։
ԶԼՄ-ները հիմնականում անտեսեցին Վիկտոր Դալլաքյանի խոսքը, բայց ազդեցության հայտնի ոլորտներում գտնվող որոշ լրատվամիջոցներ (չէ՛, իրենց իսկ որակմամբ` չենք ասում «թերթոններ») լավ ընկալեցին «միամիտ» այդ հայտարարության շերտերն ու «վերլուծության» հավակնող իրենց շարադրանքներում կոկորդ պատռեցին, թե «Հայաստանի քաղաքական համակարգի համար ի հայտ է եկել իշխանության ո՛չ ավանդական կենտրոն` Ազգային ժողովը», թե «ԱԺ դերակատարությունը Հայաստանի քաղաքական համակարգում բարձրացավ 2009-ի ամառվանից, երբ ԱԺ նախագահ ընտրվեց Հովիկ Աբրահամյանը» և նման դիֆիրամբներով լեցուն բազում այլ «մեսիջ»-ներ։ Իսկ որ «վերլուծության» հավակնող այդ շարադրությունը սկզբից մինչև վերջ «մեսիջ» էր` ուղղված նախագահական նստավայրի համապատասխան դեմքերին, աներկբա է։
Մենք, իհարկե, «համամիտ» ենք, որ հայոց պառլամենտարիզմի պատմության «կարևոր դերակատարություն ունեցող» դեմքը Վիկտոր Դալլաքյանի բնութագրած ներկայիս «տգետ քաղաքական համակարգի» (իսկ որ Վիկտորը նկատի ուներ նաև օրենսդիր մարմինը, միանշանակ է) այսօրվա լիդերն է։
Մինչ հիշատակված շարադրանքի որոշ բնութագրումներին մեր «համաձայնության» պատճառների բացահայտումը, փաստենք` Հովիկ Աբրահամյանն ԱԺ նախագահ նշանակվեց ո՛չ թե «2009-ի ամռանը» (ինչպես պնդում է քողարկված «մեսիջ»-ների մեզ համար ի սկզբանե բացահայտված հեղինակը, որը, ժամանակ առ ժամանակ նույն ծածկանունն օգտագործելով, սիրում է ինքն իր հետ հարցազրույցներ անել), այլ 2008-ի սեպտեմբերի 29-ին։
Նաև արձանագրենք` պարոն Աբրահամյանը խորհրդարանի առայժմ առաջին և, բարեբախտաբար, միակ նախագահն է, որն անտեսեց այն, ինչն ամրագրված էր օրենքով և... Սակայն մինչ «և»-ի բացահայտումը հենց մենք հռետորական հարցադրում կատարենք` ինչո՞վ «հանճարեղ» կամ «ինքնատիպ» չէ Արգամիչը, որը խորհրդարանի նախագահի պաշտոնը ստանձնելու առաջին իսկ շաբաթներից ԱԺ-ում օրենսդրական իսկապես «չգերազանցված» առաջընթաց գրանցեց, ու ԱԺ-ում խախտեց պետական ծառայության մասին օրենքը և... աշխատակազմի ղեկավար նշանակեց։ Ավելի ստույգ, նախ` նշանակեց, իսկ հետո փոփոխություն մտցրեց օրենքի մեջ և խորհրդարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը ԱԺ-ում պետական ծառայողի կարգավիճակից դարձրեց հայեցողական (իմա` ուզած պահին հրամանով կարող է ազատել մեկին, նշանակել մյուսին)։ «Հանճարե՞ղ» է։ Միանշանակ։ Առանց բարդություններ հարուցելու մարդը համոզում է «կրակվառիչը պատրաստ բռնած տղերքին» ու ռեալ կյանքում ծավալած գործունեությունը դարձնում իրավական ակտ, այն է` օրենսդրական հնչողություն է տալիս իր արարքներին։ Թերևս, դժվար չէ պատկերացնել, թե ԱԺ խոսնակն օրենսդրական բուռն գործունեության այս բովում (մանավանդ, եթե մարդը սկսել է ո՛չ միայն օրենքներ «գրել», այլև կարդալ) մեզ ուր է առաջնորդելու։
Իզո՜ւր են իրենց կոտորում «մեսիջ» ուղարկողները` իրապես «գնահատում» ենք Հովիկ Աբրահամյանին ու «խոնարհվում» նրա «մեծության», «համարձակության» առաջ։ Ո՞վ կարող է ուրանալ` այդ նրա՛ շնորհիվ էր, որ ԱԺ-ն բացեց բոլորիս աչքերը և ի լուր հայաստանյան իշխանությունների «հայտարարեց»` սուտ ու փուչ կառույց է ձեր քաղաքացիական ծառայության ինստիտուտը, ընդամենը պետական միջոցներ մսխող. այս երկրում չի գործում և ո՛չ մի օրենք, որովհետև ե՛ս եմ օրենքը։
«Համամիտ» ենք «մեսիջ-վերլուծության» հեղինակի և այն մտքին, թե հայոց «պառլամենտարիզմի պատմության ամենաառանցքային դեմքն է» ներկայիս խորհրդարանի ներկա խոսնակը։ Իհա՜րկե, «ամենաառանցքայինն» է... Ո՞վ կարող է ժխտել, որ երբևէ այսքան ինտրիգային ու ցածր վարկանիշով օրենսդիր մարմին չենք ունեցել։ «Մեսիջի» հեղինակն ընթերցողներին համառորեն փորձում է համոզել, թե ԱԺ-ն այսօրվա նման «առանցքային դերակատարություն ՀՀ պատմության մեջ ունեցել է կարճ ժամանակահատվածներում, նախ` 1990-91-ին, երբ խորհրդարանը ղեկավարում էր Լևոն Տեր-Պետրոսյանը, ապա 1999-ին` Կարեն Դեմիրճյանի ղեկավարած մի քանի ամիսների ընթացքում, և 2003-04 թթ., երբ ԱԺ նախագահն էր Արթուր Բաղդասար-յանը, որը նույնպես ձգտում էր իշխանական ուժի կենտրոն ստեղծել ԱԺ-ում»։
Տվյալ «մեսիջի» հեղինակը մեր խոսնակին կանգնեցնում է հայ ժողովրդական հեքիաթներին բնորոշ վտանգավոր ճամփաբաժնում, որտեղից սկիզբ առնող ուղիներից և ո՛չ մեկն Արգամիչին չի՛ հասցնի երազների վարդագույն աշխարհը։ Ինչո՞ւ։ Բացատրենք.
ա) եթե նա ընտրի Լևոն Տեր-Պետրոսյանի ուղին, ուրեմն, պետք է կիսատ թողնի սկսած գործն ու... Ինչո՞ւ մեր ուսերին վերցնենք պատասխանատվությունը. վկայակոչենք հե՛նց «մեսիջագրի» խոստովանությունը, թե Տեր-Պետրոսյանը խորհրդարանը ղեկավարեց «մինչև ՀՀ նախագահ ընտրվելը»։ Ասել է` այս արահետը Հովհաննես Արգամիչին հասցնում է ուղիղ երկրի նախագահի աթոռ, ինչից նա այդքա՜ն «խուսափում» է. հիշե՛ք, նա ո՛չ մի գնով չի ցանկանում «գեներալ դառնալ»։ ՈՒրեմն, Լևոն Տեր-Պետրոսյանի ուղին մեր խոսնակի համար խոտոր է ու վտանգավոր։ Միքայել Նալբանդյանը կբացականչեր ու կզգուշացներ. «Օ՜հ, փշոտ է ճանապարհդ, քեզ շա՜տ փորձանք կսպասե»...
բ) Աստված մի՛ արասցե, եթե խոսնակը հանկարծ ու որոշի ընթանալ լուսահոգի Կարեն Դեմիրճյանի նախանշած արահետով։ Արդեն կռահեցիք` որն է այն։ Ինչպես խոստովանում է «մեսիջագիրը», այդ արահետն ավարտվեց «հոկտեմբերի 27-ի ողբերգությամբ»... Մեր խոսնակին, ուրեմն, նման ուղի մաղթողը բարու ճիշտ հակառակ «երեսն» է և զուրկ է «ալտրուիզմից», ինչպես Թումանյանը կասեր. «... հեռու է մինչև Մարդը իր ճամփան»։
գ) Քննարկենք երրորդ` Արթուր Բաղդասար-յանի նախընտրած կածանը. վերջը, ինչպես խոստովանում է «մեսիջագիրը», պաշտոնանկությունն է (թերևս, վատ ավարտ չէ), ինչը, սակայն, Հովհաննես Արգամիչին չէր կամենա (իհարկե, այս պահին) նրա ոխերիմ «բարեկամը», որը տարիներ շարունակ անվանարկել է մեր խոսնակին «նանիր ու զազիր» բնութագրումներով, հետո «հրադադար» է խնդրել, «հաշտության պայմանագիր են կնքել», բայց որքան կտևի «հարաբերական անդորրը», դժվար է ասել, քանի որ «ամեն ինչ որոշում են... շահերը»։ Հովիկ Աբրահամյանին դեպի «վտանգավոր ֆինալ» առաջնորդող «վերլուծությունների» հեղինակին, հայտնի ֆիլմի հերոսի նման, հորդորել է պետք` «մեղք» է, երբեք մի՛ համեմատիր անհամեմատելին։
Վերջում անդրադառնանք «մեսիջագրի» այն «սահմանում-եզրահանգմանը», թե «ի հայտ են գալիս որոշ ուժեր, որոնց նպատակն է տարաձայնություններ առաջացնել Սերժ Սարգսյան-Հովիկ Աբրահամյան տանդեմի մեջ և երկրի նախագահի աչքում բարձրացնել վարչապետի դերակատարությունը»։ Դժվար չէ ընկալել «մեսիջագրի» թափառող, խառնիխուռն մտքերը։
ԱԺ խոսնակը, թերևս, ճիշտ կաներ, եթե հրաժարվեր այս «մեսիջագրի» ծառայություններից, որովհետև սա շա՜տ կոպիտ է աշխատում, և Հովիկ Աբրահամյանի PR-ը սրա գրչի տակ գրեթե «սև» է դառնում (չնայած, ինչպես սիրում է կրկնել մեր հանրապետության ինտելեկտուալներից մեկը, «Черный PR-тоже PR!»։ Սա հրապարակ է նետում «կոնսպեկտավորած», բայց չմշակած «իդեաներ», որոնց ենթատեքստը պարզ է անգամ քաղաքականությունից հազարավոր մղոններ հեռու կանգնածին։ Նրա տողերի արանքներից միալար դուրս է սպրդում նույն հորդորը. «Սերժ Սարգսյան, հրաժարվի՛ր քո վարչապետից և Հովիկ Աբրահամյանի հետ «տանդեմ» կազմիր, որովհետև միասին անասելի ուժեղ կլինեք, և կգործի «մեր դեմ խաղ չկա» (ականջդ կանչի, Վանո Սիրադեղյան) սկզբունքը»։ Եթե մի փոքր շրջահայաց լիներ տվյալ շարադրանքի հեղինակը, հատկապես վերջին զարգացումներից հետո, անմիջապես կկռահեր` «Ժամն է արևագալի», ու Հովիկ Աբրահամյանը վերջապես պետք է բարձրաձայնի` ո՞ւմ սահմանած խաղի օրենքներով է առաջնորդվում` Սերժ Սարգսյանի՞, Ռոբերտ Քոչարյանի՞, թե «բոլորի աչքերին թոզ փչելով» ինքն ի՛ր խաղն է առաջ տանում։
Հետևապես, իզո՛ւր է «մեսիջագիրը» փորձում համոզել իր «SMS»-ների հասցեատերերին, թե «2008-ին ձևավորվեց իշխանության նոր համակարգ, որը ղեկավարում էր նոր տանդեմը` Սերժ Սարգսյան-Հովիկ Աբրահամյան»։ Անհաջող այս «մեսիջի» հեղինակը հաստա՛տ հիշողության կորուստ ունի (գուցե շահե՞րն են այդպես թելադրում), այլապես չէր շփոթի ընդամենը երկու տարվա վաղեմություն ունեցող փաստերը։ Ինչպես «Իրավունքը de facto»-ն է արձանագրել` «2008-ի նախագահական ընտրություններից հետո գծվել է իշխանական այնպիսի ստատուս-քվո, մասնավորապես վարչապետ-նախագահ տանդեմում, որ «շարժել» վարչապետին նշանակում է «շարժել» իշխանական բուրգը, և դա առաջին հերթին ո՛չ այն պատճառով, որ վարչապետն ահավոր առանցքային ֆիգուր է ու առանց նրա «դեպոն իսպառ կանգ կառնի», այլ որ այդ համագործակցությունն առավելագույն դաշտն է` մանևրի։ Նախ` Սերժ Սարգսյանի, հետո` «մնացածի» համար («Իրավունքը de facto», թիվ 14, 2010` «Վարչապետափոխության հմայքները»)։ Սա՛ է ողջ ճշմարտությունը, և «սար ու ձոր ընկնելու», Անուշի նման խելագարվելու, «քերծից գահավիժելու» անհրաժեշտություն չկա։ Այն, որ «Սերժ Սարգսյանը գոնե երևացող ապագայում ցանկություն չունի իշխանական իրենց տանդեմը` վարչապետի հետ «կազմած» ստատուս-քվոն քանդելու, այնքան ակնհայտ է, որ կարելի է նույնիսկ քննարկման թեմա չդարձնել» («Իրավունքը de facto», թիվ 14, 2010)։ Հետևապես, կարիք չկա Ռոման Կնոլլի նման «կրակվառիչն» առած նետվել «վառելու» սրա կամ նրա ծխախոտը։ Սա այն դեպքն է, երբ «կրակվառիչը» չի՛ օգնի, որովհետև Պիլսուդսկին չէր ճանաչում իր ծխախոտը «գործի գցողին», իսկ Հայաստանը շա՜տ փոքր երկիր է, ու հատկապես ինտերնետի այս դարում բոլո՛րը բոլորի մասին ամեն ինչ գիտեն։
Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 18859

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ