Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

ԻՐԱՆԱԿԱՆ ԹՆՋՈՒԿՆ ԱՌՆՉՎՈՒՄ Է ԽՈՇՈՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱՀԵՐԻՆ

ԻՐԱՆԱԿԱՆ ԹՆՋՈՒԿՆ ԱՌՆՉՎՈՒՄ Է ԽՈՇՈՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱՀԵՐԻՆ
26.03.2010 | 00:00

Օրերս հրապարակվեց Չեխիայի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը, որ պաշտոնական Պրահան համաձայնել է դառնալ այն վայրը, որտեղ կստորագրվի միջուկային ռազմավարական սպառազինությունների կրճատման մասին ռուս-ամերիկյան նոր պայմանագիրը։ Եվ այս հայտարարությունը գնահատվեց իբրև նախանշան այն իրողության, որ Մոսկվան ու Վաշինգտոնն արդեն բավականին մոտ են պայմանագրի ստորագրմանը։ Հետագա օրերին, սակայն, պարզվեց, որ ուրախությունը վաղաժամ է, միջուկային ռազմավարական սպառազինությունների կրճատման շուրջ երկկողմ բանակցությունները Ժնևում դեռ շարունակվում են, և նույնիսկ համաձայնությունների կայացման դեպքում դրանք դեռ պետք է վավերացնեն երկու երկրների օրենսդիր մարմինները, իսկ այս տեսանկյունից լավատեսությունը մեծ չէ։
Միջուկային սպառազինությունների շուրջ բանակցություններում ամենացավոտ թեման շարունակում է մնալ Իրանի միջուկային ծրագիրը։ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն վերջերս կազմակերպության անդամ երկրներին է տրամադրել մի զեկույց, ուր մտահոգություն է արտահայտում այն կապակցությամբ, թե Թեհրանն արդեն իսկ սկսել է միջուկային մարտագլխիկների արտադրության աշխատանքները։ «Մենք չենք կարող հավաստի համարել, որ Իրանի տրամադրության տակ եղած միջուկային նյութերն օգտագործվում են բացառապես խաղաղ նպատակներով, քանի որ Իրանն անհրաժեշտ չափով չի համագործակցում ՄԱԳԱՏԷ-ի հետ»,- նշել է Ամանոն։ Իր հերթին պաշտոնական Թեհրանը կազմակերպության գլխավոր քարտուղարին մեղադրեց ոչ օբյեկտիվության մեջ և հայտարարեց, թե պատրաստ է մասնակցելու ՄԱԳԱՏԷ-ի բոլոր գործողություններին, եթե «տրամադրվեն բավարար երաշխիքներ»։ Բավարար երաշխիքների պարագան Թեհրանում դիտարկում են հետևյալ տեսանկյունից, որ հարստացված և չհարստացված ուրանի խմբաքանակների փոխանակումը, ինչն առաջարկում է ՄԱԳԱՏԷ-ն, «պետք է տեղի ունենա միաժամանակ և միայն Իրանի տարածքում»։ Իրանական կողմի կարծիքով, այսպիսի պահանջը միանգամայն տրամաբանական է։ Հիշեցնենք, որ ՄԱԳԱՏԷ-ի առաջարկության համաձայն, Իրանը պետք է հրաժարվի ուրանի հարստացման սեփական նախաձեռնություններից, իսկ դրա փոխարեն հնարավորություն կստանա չհարստացված ուրանը փոխանակելու Ռուսաստանում հարստացված ուրանի համարժեք խմբաքանակի հետ։
Ինչպես և սպասվում էր, ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի և իրանական ղեկավարության այս բանավեճն արժանացավ ԱՄՆ-ի խիստ օպերատիվ արձագանքին։ Վաշինգտոնն իրանական խնդրի կարգավորման մեջ ընդգրկված պետություններին ուղարկեց Իրանի դեմ ավելի խիստ պատժամիջոցներ կիրառելու իր նոր նախագիծը, որը վերաբերում է տնտեսության ապահովագրական ճյուղի, բեռնափոխադրումների և իրանցիների կողմից իրականացվող բանկային գործարքների նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը։ Նախագիծը բաղկացած է վեց էջից, և այնտեղ թվարկված են մասնավոր անձինք ու կազմակերպություններ, որոնք առնչվում են իրանական միջուկային և հրթիռային ծրագրերի զարգացմանը, դրանց ֆինանսավորմանը։ Հատուկ ուշադրություն է դարձվում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին, որն էլ համակարգում է նշանակալի թվով իրանական ձեռնարկությունների գործունեությունը հիշյալ ոլորտներում։ Բացի այդ, պատժամիջոցների նախագծում առաջարկվում է արգելանք դնել Իրանին զենք տրամադրելուն, մինչդեռ երկրի նավթային արդյունաբերության նկատմամբ պատժամիջոցների կիրառում չի առաջարկվում։ Ինչպես նշել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում աշխատող դիվանագիտական ներկայացուցիչները, ԱՄՆ-ն այսօր սպասում է պատժամիջոցների նոր նախագծի վերաբերյալ Չինաստանի և Ռուսաստանի արձագանքին։
Քանի որ իրանական թնջուկն առնչվում է խոշոր երկրների աշխարհաքաղաքական շահերին, Ռուսաստանի առաջին արձագանքը բացասական էր։ Պաշտոնական Մոսկվան ընդգծեց, որ առաջարկվող պատժամիջոցներն ավելորդ խստություն են պարունակում, կան բաներ, որ իրենց բոլորովին դուր չեն գալիս, բայց, այնուհանդերձ, իրենք «հավանություն են տալիս բանակցություններին զուգահեռ նոր պատժամիջոցների կիրառման գաղափարին»։ Չինաստանից որևէ հասկանալի դիրքորոշում առայժմ չի արտահայտվել, որովհետև էներգետիկ «սով» ապրող երկրում, որն իր պահանջարկի 75 տոկոսը բավարարում է ածխաջրածինների օգտագործումով, բացարձակապես ցանկալի չէ Իրանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը, քանզի Թեհրանը գազի և նավթի երրորդ մատակարարն է չինական շուկայում։ Այդ կախվածությունը ժամանակի ընթացքում շարունակելու է աճել։ Արևմուտքում հասկանում են, որ Ռուսաստանն ու Չինաստանը հազիվ թե հավանություն տան Իրանի նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը։ Սակայն միաժամանակ հուսով էին, որ տարբեր շարժառիթներից ելնելով, երկուսից ոչ մեկը վետո չի կիրառի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկման ժամանակ, և այդ դեպքում ՄԱԿ-ը հնարավորություն կստանա կոնկրետ գործողությունների դիմելու Թեհրանի նկատմամբ։
Բայց շաբաթն ուրբաթից շուտ եկավ, և հիմա պարզվում է, որ Իրանի դեմ պատժամիջոցների կիրառմանը հավանություն չեն տալիս նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ այլ պետություններ։ Մասնավորապես, Բրազիլիայի նախագահը հայտարարեց, որ պատժամիջոցների կիրառումը կարող է հանգեցնել պատերազմի, իսկ իր երկիրը վարում է նոր հակամարտությունները կանխելու քաղաքականություն։ «Իրանին անկյուն մղելն անզգուշություն է։ Ավելի ճիշտ կլիներ շարունակել բանակցությունները»,- հայտարարեց նախագահ Սիլվան։ Պակաս բարդ վիճակում չեն հայտնվել նաև արաբական երկրները։ Մի կողմից «միջուկային» Իրանը նրանց ամենևին դուր չի գալիս, մյուս կողմից էլ` Թեհրանը, ամրապնդելով ռազմավարական հարաբերությունները Սիրիայի հետ, ապացուցում է արաբական աշխարհին, որ ընդունակ է ընդհանուր լեզու գտնելու մեծամասնությամբ իսլամի սուննի ուղղությանը պատկանող արաբների հետ։ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, պատասխանելով այն հարցին, թե ինչպես է ինքը, շիա մահմեդականությանը պատկանելով, ուրբաթօրյա աղոթքի համար մտել Սիրիայի սուննիների մզկիթը, հայտարարեց, որ ինքը ոչ մի տարբերություն չի տեսնում։ Սաուդյան Արաբիայի բոլոր փորձերն էլ` արաբական աշխարհում Իրանի ազդեցությունը չեզոքացնելու ուղղությամբ, առայսօր արդյունք չեն տվել, թեպետ այս երկիրը համարվում է իսլամի օրրանը։ Ըստ այդմ, Էր Ռիադին այլ բան չի մնում, քան նույնպես երկխոսություն սկսել Թեհրանի հետ։ Հետաքրքիր է և այն, որ Պարսից ծոցում Իրանի հարևան արաբական պետությունները, չցանկանալով ներքաշվել նոր տարածաշրջանային ռազմական հակամարտության մեջ, նույնպես սկսել են գործել։ Այդպիսի դրսևորում կարելի է համարել նրանց ոչ բացահայտ մասնակցությունը «Ջունդուլլահ» ահաբեկչական կազմակերպության ղեկավար Աբդելմալիկ Ռիգին բռնելու գործում, հաջորդ հնարավոր քայլը, թերևս, կլինի նրանց դիրքորոշման մեղմացումն Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ։
Այսպիսով, որքան էլ ԱՄՆ-ը ձգտում է Իրանի հարցում համաշխարհային միասնության հասնել, դրա համար իրական նախադրյալները գործնականում շատ չեն։ Եվ այս խորապատկերի վրա հետաքրքիր են նաև փորձագիտական նոր դիտարկումները, առհասարակ, միջուկային ռազմավարության վերաբերյալ։ Վերջին շրջանում լուրջ քննարկման առարկա է դարձել այն հարցը, որ միջուկային ավիառումբերն արդեն հնացած միջոց են ռազմական տեսանկյունից արդյունավետ խնդիրներ լուծելու համար։ Առհասարակ, միջուկային զենքին այսօր վերապահվում է «քաղաքական գործառույթ», և այն դիտարկվում է իբրև զսպման միջոց, որն արդյունավետ է եղել ողջ սառը պատերազմի ընթացքում։ Այս թեզը կիրառելի է համարվում նաև Իրանի պարագայում, և ամերիկյան խոշորագույն վերլուծաբանները, այդ թվում` Զբիգնև Բժեզինսկին, պնդում են, որ այդ մեթոդն առավել արդյունավետ է, քանզի ինչպես Իրանի ձեռքին միջուկային զենքի ի հայտ գալը, այնպես էլ նրա նկատմամբ միջուկային զենքի կիրառումը, հեղինակավոր փորձագետի կարծիքով, «կհանգեցնեն խոշորագույն աղետի»։ Ամերիկյան քաղաքագիտության «մեթրը» համարում է, որ Իրանը «կարող է լինել վտանգավոր, համառ, խորամանկ, սակայն նրանց պատմության մեջ ոչինչ չի վկայում, որ այդ ժողովուրդը հակված է ինքնասպանության` միջուկային զենքի օգտագործման ճանապարհով»։
Ըստ այդմ, «զսպման հայեցակարգի» կողմնակիցների փաստարկները կարծես ավելի հիմնավոր են։ Դրանք հենված են այն իրողության վրա, որ միջուկային զենքը ոչ միայն հզոր ուժ է, այլև միաժամանակ վերածվում է դրան տիրապետող պետության ձեռքերն ու ոտքերը կապող օղակի։ ՈՒստի այս տեսակետի կողմնակիցները համարում են, որ Թեհրանի միջուկային ծրագիրն ավելի շատ կհարկադրի այդ երկրին ինտեգրվելու միջազգային հանրությանը, ձեռք բերելու միջազգային լեգիմիտություն և անվտանգություն, ինչն Իրանը կդարձնի ավելի պատասխանատու իր գործողությունների համար։ Առանձին փորձագետների կարծիքով, ավելի քան հիմնավոր փաստարկներ կան, որ միջուկային ծրագրի շուրջը Իրանի հետ կարելի է գնալ գործարքի, ինչպես ժամանակին վարվեց ԱՄՆ-ի նախագահ Ռիչարդ Նիքսոնը Չինաստանի պարագայում` Մաո Ցզեդունի հետ ոչ ֆորմալ դաշինք կնքելու ճանապարհով։ Նախագահ Օբամային առաջարկվում է որդեգրել փափուկ դիրքորոշում, բայց դրա փոխարեն իրանցիների համար մատնանշել երեք արգելանք։ Այն է` պատերազմ չսկսել այլ պետությունների դեմ, անգամ սովորական սպառազինությունների կիրառմամբ, ոչ ոքի չվաճառել միջուկային զենք, նյութեր կամ տեխնոլոգիաներ, չաջակցել ահաբեկչությանը։ Այս տեսակետի կողմնակիցների կարծիքով, սա տրամաբանական առաջարկ է, որը խախտելու դեպքում Իրանին պետք է հասկացնել, որ դրան կհետևի «պատասխան ռազմական հարված` բոլոր անհրաժեշտ հնարավորությունների կիրառմամբ, ներառյալ միջուկայինը»։
Այս նույն դիրքորոշումն ունեն չինացի բազմաթիվ փորձագետներ, ովքեր առաջնորդվում են չինական ավանդական առածով` «անհրաժեշտ է խուսափել ծայրահեղություններից»։ Նրանց կարծիքով` հանուն աշխարհի խաղաղության և, իհարկե, սեփական շահերի, պաշտոնական Պեկինը ոչ մի դեպքում չպետք է աջակցի Իրանի դեմ պատժամիջոցների կիրառման նոր նախագծին։ Անգամ այն դեպքում, եթե Իրանը մի երկու միջուկային ռումբ ստեղծի, միևնույն է, չի համարձակվի դրանք կիրառել։ Չինական փորձագետների գնահատմամբ, դա Թեհրանի համար համարժեք կլինի ինքնասպանության, քանզի ավելի մեծ միջուկային զինանոցի տիրապետող նրա հակառակորդները, առաջին հերթին ԱՄՆ-ը, անկասկած, կօգտագործեն այդպիսի առիթը` Իրանը երկրի երեսից ջնջելու համար։ Չինացիների կարծիքով, իրանական միջուկային ծրագիրն այս պահին մեծ սպառնալիք չէ աշխարհի համար, մինչդեռ պատժամիջոցների կիրառումն այս սպառնալիքը կդարձնի ավելի իրական, քանի որ պարզապես կկատաղեցնի իրանցիներին` խորացնելով նրանց թշնամանքը շրջապատող աշխարհի հանդեպ։ Բացի այդ, պատժամիջոցները կարող են առիթ դառնալ այլ պետությունների համար` Իրանի նկատմամբ կոնկրետ գործողությունների, ասենք` նրա միջուկային օբյեկտները ռմբահարելու առումով, ինչը, բնականաբար, կհանգեցնի պատասխան գործողության։
Բնութագրական է և այն, որ նույնիսկ Իրանի դեմ պատժամիջոցների սահմանման կողմնակիցներն են ընդունում, որ նախկինում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երեք ռաունդով հաստատած պատժամիջոցները, միևնույն է, չկոտրեցին Թեհրանի համառությունը։ Եվ եթե անգամ ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմին հաջողվի Անվտանգության խորհրդում անցկացնել առաջարկվող նոր պատժամիջոցների նախագիծը, դարձյալ մեծ հարց է, թե իրականում որքանով դրանք կազդեն Թեհրանի վրա, որ վերջինս իսկապես դադարեցնի ուրանի հարստացումը։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 1487

Մեկնաբանություններ