38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Արտասովոր հուշապատում Վիլյամ Սարոյանի մասին

Արտասովոր հուշապատում Վիլյամ Սարոյանի մասին
13.09.2024 | 11:01

Գեղարվեստական և իմաստասիրական մշակույթի մեծախորհուրդ և անկրկնելի ֆենոմեն՝ ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ: Տարիներ առաջ ես նույնիսկ փորձեցի Սարոյանի գրությունների մասին ուսումնասիրություն գրել: Մոտ յոթանասուն մեքենագիր էջ գրելուց հետո, պատռեցի: Շարադրելու ընթացքում զգացի, որ ոչ թե ես եմ նրա բարձունքներում, այլ նրան եմ իջեցնում այնտեղ, որտեղ ես էի: Առհասարակ, աններելի մեղք է, երբ հետազոտողը գրողի նվաճած բարձունքում չէ: Նման դեպքերում հանճարեղ իմացականությունը պարզապես հայտնվում է միջակ հետազոտողի մտավոր կարողությունների սանդղակում, որն էլ նրան ներկայացնում է ի պատկերի յուրում:

Հետագա տարիներին ճանաչողության խորացնելուն զուգահեռ իմ ընկալած Սարոյանին մշտապես ձգտել եմ հնարավորինս մոտեցնել իրական Սարոյանին:

Եկել եմ այն համոզման, որ Սարոյանի գեղարվեստի հմայքը, անկրկնելիությունը, խորությունը, մտքի և ապրումի հեռահարությունը արդյունք են արևելյան, նաև հայկական հեքիաթային, բնազանց գիտակցության և ամերիկյան պրագմատիկ իմացության համատեղ, միահյուսված դրսևորման:

Եվ, իրոք, նրա երկերում մանրակրկիտ նկատված իրական, տեսանելի կյանքային իրողությունները շատ հաճախ են Բարու, Սիրո և Կարեկցանքի թրթիռներով կամրջվում հավիտենությանը, անմարմին և անորոշ Անհայտին, դրանով իսկ ջնջելով էմպիրիկ սահմանները տեսանելի և անտեսանելիի միջև: Միաժամանակ պատկերվող կյանքի անմիջական, առարկայական հյուսվածքում Սարոյանը բացահայտում և պոետիկ պատկերավորությամբ բանաձևում է նաև հավիտենության և Անհայտի առկայությունը: Գեղարվեստական նման միստերիան իրականում ընթերցողին հասու է դարձնում աշխարհը հայելու իբրև մի միասնական Էություն, իսկ ամենքին այդ Էության հավասարարժեք արտահայտություններ:

Հումորով և տիեզերասույզ խոկումներով հագեցված Սարոյանի գրությունների շնորհիվ հոգին ու միտքը, ըստ էության, մի պահ կամ տևականորեն ազատվում են երկրային անցողիկ կառչումներից և վայելում անսահմանորեն ընդարձակ տարածության մեջ ճախրող ազատության բերկրանքը:

Սա ընդունենք որպես մուտքի խոսք և գանք մեր պատմելիքին: Գյումրիից Ազգային գրադարան էր հաճախում բանասեր Անահիտ Գևորգյանը, որի ատենախոսության թեման Վահան Թոթովենցի ստեղծագործությունն էր: Ի դեպ, Սարոյանը, երբ 1935 թ., առաջին անգամ եկել էր Խորհրդային Հայաստան, հյուրընկալվել էր Վահան Թոթովենցի տանը:

Անահիտը ցանկացել էր հանդիպել Վիլյամ Սարոյանին և նրա հուշերը լսել Թոթովենցի մասին: Արձակագիր Բաղիշ Հովսեփյանը Անահիտին խոստացել էր կազմակերպել այդ հանդիպումը: Գրողների միության տանը Բաղիշը Վիլյամ Սարոյանին խնդրել էր, որ Անահիտին ընդունի և հուշեր պատմի Թոթովենցի մասին: Վիլյամ Սարոյանը համաձայնվել էր, երբ լսել էր իր համար արտակարգ հարազատ ու թանկ Վահան Թոթվենցի անունը: Պայմանավորվել էին:

Անահիտը հաջորդ օրը առավոտյան պետք է գնար «Արմենիա» հյուրանոց, որտեղ հանգրվանել էր Սարոյանը: Նա ինձ խնդրեց, որ միասին գնանք: Ես հրաժարվեցի: Ասացի, որ միայն մինչև հյուրանոցի այդ հարկը կուղեկցեմ իրեն: Էդպես էլ արեցինք: Անահիտը մտավ Սարոյանի սենյակ, իսկ ես նստեցի հյուրանոցի միջանցքում դրված բազմոցին:

Անահիտը ինձ հետո պատմեց: Ասում է, որ, երբ սենյակ մտա, Սարոյանը սափրվում էր ու բավականին բարձր ձայնով ինչ-որ երգ էր երգում: Նա ինձ ողջունեց ու իրեն բնորոշ բարձր ձայնով ասաց՝ Անահիդ, ես մինչև սափրվեմ, սեղանի վրա միրգ ու ֆստըխ կա, մոտեցի՛ր, կեր: Անահիտն ասում է՝ ամաչեցի մոտենալ սեղանին, նստել էի սեղանից հեռու: Լոգարանից մի պահ նայեց, տեսավ, որ նույն դիրքով նստած եմ, եկավ ինձ գրկեց ու տարավ սեղանի կողքի աթոռին նստեցրեց ու բամբ ձայնով ասաց՝ քեզի չըսի միրգ ու ֆըստխ կեր: Հետո, երբ սափրվեց ու հագնվեց, ես նրան ասացի, որ անակնկալ ունեմ, Ձեզ տեղ եմ տանելու: Հարցրեց՝ ու՞ր: Ասացի՝ նկարիչ Մհեր Աբեղյանի տուն: Սարոյանը հարցրեց՝ ի՞նչ ըսել է «նկարիչ»: Բացատրեցի:

- Հասկըցա, Անահիտ՝ ըսել է թե՝ pentur:

Ի դեպ, ինչու՞ հատկապես Մհեր Աբեղյանի տուն: Իրականում, երբ Թոթվենցին 1936թ. աքսորել էին Սիբիր, որտեղ էլ 1938 թ. իր իսկ ծննդյան օրը՝ հուլիսի 18-ին, գնդակահարել էին: Մհեր Աբեղյանը՝ մեծանուն հայագետ Մանուկ Աբեղյանի որդին, ավելի ուշ ամուսնացել էր Թոթովենցի այրու՝ Լուսիկի հետ:

Անահիտը հատկապես ցանկացել էր, որ Սարոյանը տեսնի Լուսիկին, որի հետ նա շատ էր մտերմացել իր ատենախոսության առիթով: Նա նրանց տանն էր հիմնականում թերթում Թոթովենցի անտիպ նյութերը, ձեռագրերը:

Քիչ անց, Անահիտն ու Սարոյանը «Արմենիա» հյուրանոցից դուրս եկան ու քայլելով Աբովյան փողոցով գնում էին Աբեղյանի տուն, որն ապրում էր Մոսկովյան և Տերյան փողոցների հատման տարածքում: Ես մի քիչ ետ ընկած, աննկատ գնում էի նրանց հետևից:

Կինոթատրոն «Մոսկվա» չհասած խռիվ մազերով, թափթփված արտաքինով մեկը անսպասելի կտրեց փողոցը, հասավ Սարոյանին, թևից բռնեց ու հուզված ձայնով ասաց՝ ես քո կյանքին մեռնեմ, ես քո ցավը տանեմ, հայ ազգի պարծանք… ուզում եմ քեզ ասել, որ ես էլ եմ գրում: Սարոյանը մի քիչ անակնկալի եկած, ասաց՝ էհ՝, ախպար, դուն քո գիրդ գրե, ես քեզի կխանգարեմ:

-Չէ՛, ցավդ տանեմ, շատ եմ ուզում իմանաս, որ ես էլ եմ գրում:

-Է՛հ, մարդ Աստծո, դուն ալ քո գիրդ գրե ու դու էլ փորձի՛ր աշխարհը փոխել, քեզ մոտ գուցե ստացվի,-բարի հեգնանքով ասաց Սարոյանը:

Անահիտը քաշեց Սարոյանին, ազատեց փոքր-ինչ գինով էդ մարդուց ու առաջացան: Առջևում երկու ջահել էին կանգնած մոտ 17-18 տարեկան: Մեկը դանակով եղունգներն էր մաքրում, մյուսը՝ մատը մտցրել էր քիթը: Անահիտը Սարոյանին մի կողմ քաշեց, որ չտեսնի այդ տհաճ տեսարանը: Հակառակ Անահիտի, Սարոյանը մոտեցավ, էդ տղայի ձեռքը քաշեց քթից պոկեց ու ասաց՝ ծո մանչ, ի՞նչ կընես: Էդ տղան անակնկալի եկած, մարտական ու ռաբիս առագանությամբ ասաց՝ ի՜, արա՛ ախխխպեր, քո ինչ գործն ա, դու ո՞վ ես...

Անահիտը զգուշացնող տոնով ու ցածրաձայն ասաց, որ մեծ գրողի հետ գործ ունեն ու Սարոյանին հեռացրեց: Էդ տղաները ապշած նայեցին հեռացող Անահիտին և Սարոյանին:

-Էդ ո՞վ էր, արա՛, էդ ի՞նչ մեծ գրող էր,- ասաց մեկը մյուսին: Մյուսը, որ ավելի «գրագետ» էր հարց տվողից, ասաց՝ այ՛ անգրագետ, չճանաչեցի՞ր, Սերո Խանզադյանն էր:

Իրենք հասան Մոսկովյան, ես գնացի գրադարան: Հաջորդ օրն Անահիտը պատմեց, որ հասել են Աբեղյանի տուն, ինքը սեղմել է զանգի կոճակը: Ասում է, որ մինչև դուռը կբացեին, ետ նայեցի տեսա Սարոյանը աստվածային ժպիտը դեմքին, թևերը լայն բաց արած կանգնել էր, հենց որ Մհեր Աբեղյանը դուռ բացեց ու ասաց՝ ներս համեցե՛ք, Սարոյանը գրկեց նրան ու ասաց՝ Մհե՛ր, դուն իմ ախպարն ես…

Ներս մտանք: Լուսիկը անշարժ կանգնել էր սենյակի մեջտեղում, սեղանին հենված: Նա արտակարգ հուզախռով ու լարված էր: Սարոյանը նայեց նրան, կարծես ինչ-որ հարազատ դիմագծեր տեսավ… ապա մի պահ սևեռուն հայացքով կրկին նայեց: Նայեց… ու անակնկալի եկավ: Ճերմակած մազերով ու դժնդակ տարիների բովով անցած ու այլափոոխված վշտահար կնոջ մեջ Սարոյանը տեսավ տարիներ առաջվա Լուսիկին, Թոթովենցի կնոջը: Անահիտը պատմում է, որ երկուսն էլ արձանացած երկար նայում էին իրար…

-Լուսիկ, ադ դո՛ւն ես,- արցունքն աչքերին,- շշնջացել է Սարոյանը ու գրկել նրան: Անահիտը պատմում էր, որ գրկախառնվեցին ու լաց եղան: Ասում էր, որ երկար ժամանակ բառեր չէին գտնում իրար ասելու: Դրանից հետո խաղաղվել էին, նստել թեյի սեղանի շուրջ, հուշեր պատմել ու մինչև երեկո զրուցել:

Արամ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Հ.Գ.

Անահիտը հիմա ապրում է Լոս-Անջելոսում: Նա իր այդ հուշերը տպագրել է տեղի հայկական թերթերից մեկում, բայց չեմ հիշում ո՞ր թերթում:

Տարիներ են անցել: Ես շատ եմ մտածել բառերի վերածել այն զգացողությունը, որը ինձ թույլ չտվեց անմիջականորեն շփվել հայոց հանճարի հետ, մի էության, որին այդ օրերից մինչև օրս աստվածացրել եմ: Հավանաբար ես չափազանց շատ էի սիրում Սարոյանին, սրբացրել էի, ինչը հոգեբանորեն անհաղթահարելի էր դարձրել նրան մոտենալ և նրա անմիջական զրուցակիցը դառնալ: Միգուցե նաև խանգարում էր այն մտավախությունը, որ ես չէի կարող գրագետ զրուցակից դառնալ ամերիկյան արձակի, նաև իր գրականության վերաբերյալ: Չնայած հայերեն թարգմանված նրա բոլոր գործերը կարդացել էի որպես ընթերցող, մինչդեռ հարկավոր էր իմաստավորել, բացահայտող խոսքեր ասել իր արվեստի վերաբերյալ:

Երբևէ չեմ նախանձել բոլոր նրանց, ովքեր շրջապատել էին նրան, կողքից չէին հեռանում: Մեր գրական միջավայրի երբեմնի մեծարված մեծություններ Սարոյանի ներկայությամբ այդ օրերին իրականում խունացած էին երևում այլևս: Նման ապամիֆականացումը, անձի հանդեպ ունեցած պատկերացման նման կերպափոխությունը հոգեբանական արդարացում ունի: Ինչպես կասեր Շեքսպիրը՝ փոթորիկը սիրողը այլևս քամի չի սիրում:

Ինչևէ: Սարոյանը մինչ օրս ինձ համար մնաց իբրև «անհաս փառքի ճամփա», առասպել:

Դիտվել է՝ 7455

Մեկնաբանություններ