«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

Վահագն Տատրեան. Հայոց Ցեղասպանութեան ականաւոր ուսումնասիրողը

Վահագն Տատրեան. Հայոց Ցեղասպանութեան ականաւոր ուսումնասիրողը
24.04.2023 | 21:15

(սկիզբը` այստեղ)

Վ. Տատրեանի գիտական ուսումնասիրութիւնների հիմնախնդիրների ուրուագիծ

Մեծանուն գիտնականը, տարիների անխոնջ աշխատանքի շնորհիւ, գիտական նոր մակարդակի բարձրացնելով եւ բազմակողմանի խորքային քննութեան ենթարկելով Հայոց ցեղասպանութեան իրողութեան ուսումնասիրութիւնը, իր աշխատութիւններում առաջադրում է նոր հիմնահարցեր ու հարցադրումներ։ Նրա իւրաքանչիւր հետազօտութեան վերնագիրն ինքնին համապարփակ գիտաբանական սահմանում է։ Եթէ համառօտ ուրուագծենք Տատրեանի հետազօտութիւնների ընդգրկած ժամանակագրութիւնը, ապա, ինչպէս ցոյց է տալիս նրա՝ 1995 թ. լոյս տեսած «Հայոց ցեղասպանութեան պատմութիւնը. էթնիկ հակամարտութիւն Պալկաններից մինչեւ Անատոլիա եւ Կովկաս» կոթողային ուսումնասիրութիւնը, ցեղասպանագէտը քննութեան է ենթարկել XIX դարում Հայկական հարցի ծագման պատմաքաղաքական հանգամանքները, այդ շրջանում եւրոպական տէրութիւնների կողմից Օսմանեան կայսրութեան ազգերի ինքնագիտակցութեան արթնացման խթաններն ու նպատակները, որոնք եւս էապէս սրել են հայ-թուրքական հակամարտութիւնը։ Նախացեղասպանական այդ միջավայրում էր, որ ապդուլհամիդեան վարչակարգը 1894–1896 թթ. իրականացնում է հայերի զանգուածային կոտորածները։ Պատմաբան-ցեղասպանագէտի բնութագրմամբ՝ «Սասունից մինչեւ Կոստանդնուպոլիս, այնտեղից էլ մինչեւ շրջաններ թէ՛ մարդկային, եւ թէ՛ նիւթական ոչնչացման կայուն աճ էր նկատւում, եւ ջարդերի այս աւելացումներն են հասցնում Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում տեղի ունեցած ցեղասպանութեանը, որն այդ կոտորածների գագաթնակէտն էր։ Իսկ կոտորածների հիմնական մեխանիզմն այն է, որ դրանց պատասխանատուները

վստահ էին, որ մինչեւ վերջ անպատիժ են մնալու»(76)։

1894 թ. Սասունի կոտորածն օսմանեան պատմութեան մէջ հայերի առաջին կազմակերպուած զանգուածային սպանդն էր եւ պայմանաւորուած չէր որեւէ արտաքին պատերազմի հետ(77)։ 1915 թ. երիտթուրքերի իրագործած Հայոց ցեղասպանութիւնը Տատրեանը դիտարկում է որպէս ապդուլհամիդեան կոտորածների պատմական շարունակութիւն, որի ներսում դահիճ-զոհ յարաբերութեան յանցաւոր բնոյթը ոչ միայն պահպանուել էր, այլեւ տարիների ընթացքում ընդգծուել՝ հասնելով հայերի ամբողջական ոչնչացմանը(78):

Հետազօտելով այդ շրջանի եւրոպական դիւանագէտների զեկոյցները՝ նա եզրայանգում է, որ կենտրոնական իշխանութիւնները՝ անձամբ սուլթան Ապտուլ Համիտը, մասնակից էին կոտորածների կազմակերպմանը։ Այն հարցին, թէ ինչպիսին տէրութիւնների հակազդեցութիւնը, Տատրեանը պատասխանում է, որ վերջիններս այդպէս էլ չդիմեցին որեւէ քայլի՝ պաշտպանելու հայերին: Հերթական անգամ նրանք չկարողացան առաջարկել աւելի լաւ լուծում, քան ամուլ «Մայիսեան բարենորոգումների նախագիծը»(79): Ցեղասպանագէտը 1894–1896 թթ. կոտորածները որակում է որպէս ապագայի «նախազգուշացում եւ նախընթաց»(80)։ Նա նաեւ առաջիններից մէկն էր, ով Ապտուլ Համիտի ծրագրած եւ իրականացրած 300.000 հայերի սպանդն անուանեց «նախացեղասպանութիւն»(81)։

Ըստ Տատրեանի՝ հայ յեղափոխական կուսակցութիւնների հիմնումը եւգործողութիւնները նաեւ հետեւանք էին բարենորոգումների իրականացման հարցում եւրոպական տէրութիւնների անկարողութեանը: Այդ էր պատճառը, որ 1896 թ. Օգոստոսի 13-ին դաշնակցականները գրաւում են Օտոմանեան բանկը(82)։ Ըստ Տատրեանի՝ եւրոպական տէրութիւնների նախապատերազմեան բարենորոգումների ջանքերն էական դրական դեր չխաղացին հայերի համար։ Ինչպէս եզրայանգում է գիտնականը, «19-րդ դարում «եւրոպական համախմբումի» «Մարդասիրական միջամտութիւնը», որն ունէր հայերին պաշտպանելու նպատակ, հիմնականում ձախողուեց, քանի որ ներգրաւուած տէրութիւններն անհրաժեշտ ուշադրութիւն չդարձրեցին սոցիալ-քաղաքական գործօններին, որոնք հայերին մղել էին ենթակայ կարգավիճակի։ Չկարողանալով հաշուի առնել այդ կենտրոնական գործօնները՝ եւրոպացիներն օսմանեան պետութեանը թոյլատրեցին հետապնդելու աւելի համապատասխան, բայց շատ աւելի նուազ արդիւնաւէտ ուղի՝ առ ի հակազդեցութիւն այն տագնապին, որն առաջացնում էր սոցիալ-քաղաքական այդ համակարգը»(83)։

1909 թ. Ատանայի կոտորածը Տատրեանը բնորոշում է՝ «Փորձաքար անպատիժ կոտորած մը» եւ «որպէս նախաքայլ Առաջին համաշխարհային պատերազմի ցեղասպանութեան»։ Փաստական եւ տեսական վերլուծութեամբ նա վեր է հանում պետութեան ու կուսակցութեան միաձոյլ դերը Հայոց ցեղասպանութեան մէջ(84)։ Համեմատելով ապտուլհամիտեան ռեժիմի եւ երիտթուրքերի մինչ ցեղասպանական գործողութիւնները՝ ցեղասպանագէտ-գիտնականն ուղղակի անքակտելի կապ է տեսնում 1915 թ. օսմանեան իշխանութիւնների իրականացրած Հայոց ցեղասպանութեան հետ։ Առաջարկելով «ցեղասպանութեան պարադիգմայի» հայեցակարգը՝ պատմաբանը տարորոշում է դիտաւորութեան երկու փուլեր՝ «նախնական» եւ «վերջնական»՝ փաստելով դրանց միջեւ օրգանական կապը(85)։

Հետազօտելով Հայոց ցեղասպանութեան պատճառներն ու հետեւանքները՝ Վ. Տատրեանը քննադատում է հայերի «սադրիչ» վարքագծի մասին թուրքական մտացածին տեսութիւնը, ժխտում օսմանեան կառավարութեան նկատմամբ հայերի անհաւատարմութեան թեզը, ցոյց տալիս օսմանեան իշխանութիւնների հանցագործ էութիւնը, վերլուծում 1914–1918 թթ. տեղի ունեցած իրադարձութիւնների նկատմամբ եւրոպական պետութիւնների դիրքորոշումները(86)։

Ցեղասպանագէտը քննել է հայութեան ոչնչացմանն ուղղուած օսմանեան իշխանութեան մի շարք որոշումներ եւ անգլերէն թարգմանութեամբ շրջանառել (1914 թ. Դեկտեմբեր–1915 թ. Յունուար ամիսներին) մի խումբ պետական գործիչների ու Թալէաթի ղեկավարութեամբ ընդունուած ցեղասպանութեան պետական ծրագիրը, որի թիրախում էր նաեւ հայ ժողովուրդը. այն գոյութիւն է ունեցել երեք փատաթղթի տեսքով։ Այդ որոշումները յայտնի էին «10 պատուիրաններ» անունով(87)։

Տատրեանը կարեւոր եզրակացութիւնների է յանգել 1995 թ. լոյս տեսած իր «Հայոց ցեղասպանութիւնը խորհրդարանային եւ պատմագիտական քննարկումներով» գրքում՝ “Teşkilâti Mahsusa”-ի («Յատուկ կազմակերպութեան») էութիւնն ու նպատակը լուսաբանելիս(88)։ Թուրքական այն տեսակէտներին, որ իբր կազմակերպութիւնը ստեղծուել էր կայսրութեան «անջատողական» կամ «կենտրոնախոյս տարրերը» զսպելու նպատակով(89)՝ արխիւային վաւերագրի հիման վրայ բացայայտում է այդ կազմակերպութեան ուղղակի մասնակցութիւնը հայութեան ոչնչացմանը։ Այն գործել է խիստ գաղտնաբար եւ միտումնաւոր՝ գրեթէ գրագրութիւն չունենալով կենտրոնական իշխանութեան հետ, որպէսզի վերջինս հետագայում հնարաւորութիւն ունենայ ժխտելու իր պատասխանատուութիւնը90։

Տատրեանը քննել է նաեւ «Տեղահանութեան օրէնքը» եւ ունեզրկմանն առնչուող խնդիրները(91)։ Ուսումնասիրել է ապտուլհամիտեան կոտորածների եւ Հայոց ցեղասպանութեան ժողովրդագրութիւնը(92), ինչպէս նաեւ՝ երեխաների ճակատագիրը՝ որպէս զոհեր(93)։

Ցեղասպանագէտ-գիտնականի հետազօտութեան առանցքային հարցերից էին Հայոց ցեղասպանութիւնն իրագործած յանցագործներին պատժելու նպատակով 1918 թ. Դեկտեմբերին հիմնուած Ռազմական արտակարգ ատեանի եւ Անգարայի նախկին կուսակալ Մազհար բեյի նախագահութեամբ հարցաքննիչ յանձնաժողովի՝ ոճրագործների հարցաքննութիւնները։ Ուսումնասիրել է նաեւ այդ նոյն դատական գործընթացները, ոճրագործների նկատմամբ քրէական դատ բացելու համար Օսմանեան երեսփոխանական ժողովի (Meclisiն Mebusan) նիստերի արձանագրութիւնները։ Տատրեանը, հիմք ընդունելով հայ, յոյն եւ թուրք երեսփոխանների ու նախարարների ելոյթների սղագրութիւնները, հաստատում է, որ դրանք ուղղակի վկայութիւններ են՝ հայերի հանդէպ գործուած ոճրագործութիւնների(94)։ 1919–1920 թթ. Ռազմական արտակարգ ատեանը, արձակելով մի շարք ամբաստանագրեր եւ վճիռներ, հաստատեց, որ Հայոց ցեղասպանութիւնը կանխամտածուած, ծրագրուած ոճիր էր՝ իրականացուած իթթիհաթական կուսակցութեան Կենտրոնական կոմիտէի եւ նահանգների իշխանութիւնների միջոցով(95)։ Ինչպէս եզրայանգում է Տատրեանը, խորհրդարանի այս նիստերի ուսումնասիրութիւնն «ունի անսովոր հանգամանք». մասնակցում էին նաեւ հայ վեց երեսփոխան։ Տեղի են ունեցել մանրամասն խոստովանութիւններ, զղջումի արտայայտութիւններ եւ ելք գտնելու անհրաժեշտութեան հաւաստիքներ։ Թուրքիայի պատմութեան մէջ առաջին եւ վերջին անգամ խորհրդարանային մակարդակով քննարկման նիւթ դարձաւ հայերի դէմ ծրագրուած եւ իրագործած ոճիրը(96): Նշենք, որ քեմալականների իշխանութեան գալով՝ դատական այդ գործընթացները դադարում են։

Պատմական ընդարձակ փաստերի հիման վրայ ներկայացնելով Մեծ տէրութիւնների եւ Օսմանեան կայսրութեան շահերի բախումների կիզակէտում յայտնուած Հայկական հարցը՝ Տատրեանը եզրակացնում է՝ Դաշնակիցները, որոնք պարտութեան էին մատնել օսմանեան բանակին, չկարողացան կամ չցանկացան արգելել նման զանգուածային ոճիրը. «Աւելին, անոնք ձախողեցան պատժելու ոճրագործները պատերազմի վաղորդայնին, հակառակ որ հրապարակաւ յանձնառու եղած էին պատիժ սահմանելու անոնց»(97)։

Մեծանուն գիտնականի հետազօտութեան ծիրում էր նաեւ Հայոց ցեղասպանութիւնն իրագործողների, այդ ոճիրը կանխելու եւ պատժելու ձախողումների իրաւական եւ քաղաքական, Հայոց ցեղասպանութեան որպէս ազգային ու միջազգային իրաւունքի եւ օրէնքի խնդիրը(98)։ Նա վեր է հանել նաեւ օսմանեան հասարակութիւնը ձեւաւորող իսլամական դրոյթներն ու կրօնական այն համոզմունքները, որոնք մղել են թուրքերին տապալելու եւրոպայի եւ հայերի մարդասիրական ջանքերը(99)։

Վ. Տատրեանի քննութեան առարկայ են նաեւ դարձել Հայկական հարցը եւ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Հայոց ցեղասպանութիւնը՝ վաւերագրուած Օսմանեան կայսրութեան դաշնակիցների՝ Գերմանիայի եւ Աւստրո-Հունգարիայի կողմից, ինչպէս նաեւ՝ թուրքական պաշտօնական աղբիւրները(100)։ եւ 1996 թ. Վ. Տատրեանն այս արխիւների հիման վրայ հրատարակում է «Գերմանիայի պատասխանատուութիւնը հայերի ցեղասպանութեան մէջ. գերմանական մեղսակցութեան պատմական ապացոյցների ակնարկ» ծաւալուն աշխատութիւնը, որում բացայայտում է թուրք-գերմանական ռազմական դաշինքի պայմանները, դրանց զարգացումները, այդ համապատկերում Գերմանիայի «ուղղակի եւ անուղղակի» ներգրաւուածութիւնը Հայոց ցեղասպանութեան մէջ(101)։

Արեւելեան Հայաստան քեմալականների ներխուժումը, անուանի գիտնականի բնորոշմամբ, հայերի ցեղասպանութեան շարունակականութեան եւ հայկական պետականութեան ոչնչացման ծրագիր էր։ Ամենեւին պատահական չի համարում արտերկիր փախած յանցագործ երիտթուրք կուսակցութեան պարագլուխներ Թալէաթ եւ Էնվեր փաշաների, Պեհաէտտին Շաքիր բեյի՝ այդ յարձակումից ոգեւորուած ողջոյնի նամակները՝ ուղղուած թուրքական բանակի Կովկասեան կորպուսի հրամանատար Մուստաֆա Քեմալին ու Քազըմ Քարաբեքիր փաշային(102):

Վ. Տատրեանը հանգամանօրէն վերլուծել է Հայոց ցեղասպանութեան իրողութիւնների թուրքական «ժխտողականութեան սինդրոմը»(103)՝ բացայայտելով թուրքական կեղծարարութեան բիրտ զինանոցը(104)։ Ինչպէս գրում է պատմաբանը. «Ամէն մի ճիգ՝ ուղղուած ցեղասպանութեան իրողութեան ապացոյցին, հանդիպելու է «թուրքական ժխտման սինդրոմին»: Փաստօրէն, թուրքերն իրենց ժխտողական քաղաքականութեան մէջ այնքան հեռու են գնացել, որ այն դառնում է ուսումնասիրման առանձին դաշտ: Խնդիրն է՛լ աւելի է բարդանում, քանի որ որոշ տեսաբանների կարծիքով՝ «ժխտումը ոչ մի ապացոյց չի պահանջում»: Փաստօրէն, հիմնական ծանրութիւնն ընկնում է հակառակ կողմի վրայ, որը հակուած է ապացուցելու ցեղասպանութեան փաստը(105):

Ցեղասպանագէտը նաեւ առաջին հայ գիտնականն էր, ով համեմատական քննութեան է ենթարկել Հայոց ցեղասպանութեան եւ Հոլոքոստի առանձնայատկութիւնները՝ զոհագիտութեան տեսանկիւնից(106)։

Տատրեանի ուսումնասիրած հարցերը համապարփակ ժամանակագրական զարգացումով ներկայացնում են 1995 թ. լոյս տեսած «Հայոց ցեղասպանութեան պատմութիւնը. էթնիկ հակամարտութիւն Պալքաններից մինչեւ Անատոլիա եւ Կովկաս»(107) կոթողային ուսումնասիրութիւնը։ Այն թարգմանուել է տարբեր լեզուներով, այդ թուում՝ թուրքերէն(108)։ 1998 թ. լոյս է տեսնում Տատրեանի «Ցեղասպանութեան հրաման։ Թուրք-հայկական հակամարտութեան հիմնական տարրերը» նոր աշխատութիւնը(109):

Խիստ արդիական է Տատրեանի հետեւեալ եզրակացութիւնը. Մարդկութեան դէմ իրագործուած յանցագործութիւնը չի կարող սահմանափակուել յանցագործ-զոհ փոխյարաբերութեամբ։ Ուստի միջազգային իրաւունքի նորմերի կատարման ապահովման համար պարտադիր է միջազգային հանրութեան ակտիւ մասնակցութիւնը։ Ժողովրդավար պետութիւնների կրաւորական եւ դիտորդի կեցուածքն անթոյլատրելի է, քանի որ պատմութիւնն ապացուցել է, որ այն, ի վերջոյ, պարարտ հող է ստեղծում ժխտողականութեան, անպատժելիութեան, արդարութեան ոտնահարման համար եւ անուղղակիօրէն նպաստում է ներկայում ու ապագայում այդ տեսակի յանցագործութիւնների կրկնութեանը։ Ինչպէս գրում է մեծ ցեղասպանագէտը, անհրաժեշտ է Հայոց ցեղասպանութիւնից դասեր քաղել՝ ապագայում նման զանգուածային ոճիրները կանխարգելելու համար(110)։

Եզրակացութիւն

Այսպիսով, Հայոց ցեղասպանութեան ուսումնասիրութեան ռահվիրա, ականաւոր գիտնական Վահագն Տատրեանի՝ նոր մեթոտաբանութեամբ արուած ուսումնասիրութիւնները եւս մէկ անգամ փաստում եւ ամրագրում են Հայոց ցեղասպանութեան կանխամտածուած լինելու իրողութիւնը։ Նրա աշխատութիւնները հիմնարար գիտական լինելուց բացի՝ ունեն քաղաքագիտական արժէք։ Գիտական շրջանառութեան մէջ դնելով արխիւային մեծաքանակ նիւթ՝ համեմատական ցեղասպանագիտութեան տեսութիւնների ու մեթոտի կիրառմամբ, նա ոչ միայն իր քննած հիմնահարցերի արդիւնքները հասանելի էր դարձնում միջազգային գիտական եւ այլ հարթակներում, այլեւ Սփիւռքի հայ համայնքներին ու Հայաստանին։ Տատրեանն առաջին անգամ շրջանառութեան մէջ դնելով յոյժ կարեւոր վաւերագրեր, պատմական հենքի վրայ փաստական այդ նիւթերը քննել է միջազգային իրաւունքի, քրէագիտութեան, հասարակագիտութեան եւ ոճրագիտութեան տեսանկիւնից՝ միաժամանակ ստեղծելով Հայոց ցեղասպանութիւնը գիտականօրէն բնութագրող եզրոյթներ ու սահմանումներ։ Նա իր աշխատութիւններով անհերքելի ներդրում ունի Հայոց ցեղասպանութեան ճանաչման եւ դատապարտման գործընթացում՝ իրաւական ամուր հենք ստեղծելով հատուցման համար։

Տատրեանը, կերտելով ցեղասպանութեան գիտականացման պատմութիւնը, նաեւ գործուն մասնակցութիւն է ունեցել կրթական գործում՝ ստեղծելով ցեղասպանութեանն առնչուող նոր դասընթացներ։ Վաստակաշատ պատմաբանի կեանքի եւ գիտական գործունէութեան ուսումնասիրութիւնը մեզ կրկին առերեսում է այն պատմաքաղաքական հիմնախնդիրներին, որոնք ցայսօր լուծում չեն ստացել եւ գոյաբանական վտանգ են Հայաստանի Հանրապետութեան, Արցախի եւ Սփիւռքի համար։

«Պատմաբանասիրական Հանդէս», 2023

Լուսինէ Սահակեան

Բ.. գ. թ., ԵՊՀ թրքագիտութեան ամպիոնի դոցենտ, ԵՊՀ-ի Հայագիտական հետազօտութիւնների ինստիտուտի հայ-օսմանական առնչութիւնների բաժնի վարիչ։ Գիտական հետաքրքրութիւնները՝ պատմական ժողովրդագրութիւն, տեղանուանագիտութիւն, համշէնահայերի պատմութիւն, Օսմանեան կայսրութեան էթնոքաղաքականութիւն, Հայոց ցեղասպանութիւն, Հայկական հարց։ Հեղինակ է 6 գրքի եւ 50-ից աւելի յօդուածի:

horizon-ի էջից

Դիտվել է՝ 3024

Մեկնաբանություններ