Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Հանդիպման վայրը՝ Էջմիածին

Հանդիպման վայրը՝ Էջմիածին
27.07.2021 | 20:44


Ազատության արբեցնող բույրը


Հանրապետության մարզերն ու Արցախ աշխարհն ընդգրկած «70 ճանապարհ դեպի տաճար» մշակութային նախագիծը, որ շարունակվեց կլոր մեկ տարի, ամբողջացավ Էջմիածնում ունեցած իր ավարտական կանգառով։ Մյուսների պես այս մեկն էլ ուներ իր խորհրդանշական անվանումը՝ «Տիրոջ իջման վայրը․ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին»։
Երևանից մեկնած մեր խմբին նկարիչներ Մայիս Մխիթարյան, Զուլեյկա Բաժբեուկ-Մելիքյան, Վիգեն Ավետիս, Շմավոն Շմավոնյան, Տիգրան Բարխանաջյան, Ռուբեն Քոչար (խմբի յոթերորդ նկարիչը՝ հայր Ներսեհ Խալաթյանը, տեղում միացավ մեզ), ձեռնարկի համակարգող, «Ռոսլին» արվեստի հանդեսի հիմնադիր խմբագիր, հրապարակագիր Վրեժ Առաքելյան, արվեստաբան Սիլվի Մանուչարյան կազմով Մայր Աթոռում դիմավորեց Սուրբ Էջմիածնի միաբան հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը՝ փայլուն մի այր, ում անձամբ ծանոթ լինելու պատիվն ունեցել էի դեռևս «Բանաստեղծի օրհնանքը․ Դսեղ» վերտառությունն ունեցող պլեներում, որի պատվավոր հյուրն էր իր ոգեղեն ներկայությամբ, իմաստուն խոսք ու զրույցով։ Ճիշտ է՝ արդեն այն ժամանակ էի լսել Մեծ Եղեռնին զոհ գնացած, բազմակողմ զարգացած մտավորական Ռուբեն Սևակի՝ Մայր Աթոռի տարածքում հանգրվանած թանգարանի մասին, սակայն մի բան է պատմածով իրազեկված լինելը, մեկ այլ բան սեփական աչքերով տեսնելը։ Ինչևէ, խորհուրդ կտամ Մայր Աթոռ գնալուց անպայման լինել այս թանգարանում, որտեղից, հավատացեք, միանգամայն իմացության նոր պաշարով ու զգացողություններով դուրս կգաք։


Գրիգոր Մովսիսյան-Նաիրա Կարապետյան ամուսնական զույգի մեկենասությամբ կյանքի ուղեգիր ստացած «70 ճանապարհ դեպի տաճար» նախագիծն իր այս էջմիածինյան ընթերցումով իմ կյանքում ութերորդն էր ու, թվում է, թե զարմացնելու բան չպիտի ունենար։ Բայց դա այդպես է ու միաժամանակ այնքան էլ այդպես չէ ոչ նրա համար, որ պլեներից պլեներ ստեղծագործական կազմը փոխվում է, որ ամեն մի նոր կազմի հետ ապրում ես (կոպիտ է հնչում, բայց թե պիտի ասեմ), միջոցառման պատվիրատուների կողմից պարտադրանք չլինելու զարմանքը, որքան էլ այս վերջին 30 տարում հարաբերականորեն վարժվեցինք ազատության արբեցնող բույրին։


«70 ճանապարհ»-ի մեջ ապշեցնողը ստեղծագործին տրվող այն անկաշկանդություն է, որով նրան հնարավորություն է տրվում իր ընկալումների ու զգացողությունների հետ դեմ առ դեմ, առանց միջնորդավորվածության հարաբերվել-հաղորդվել՝ վիճակ, որ կատարյալ երանավետություն է իսկական տաղանդի համար, իսկ այն, որ պլեների յուրաքանչյուր մասնակից ինքնին տաղանդ է (եթե ավելի վերին սահմանումներ չօգտագործենք) դա հո բոլորի՛ս հայտնի ճշմարտություն է։ Ահա թե նաև ինչի համար է Վրեժ Առաքելյանն ամեն անգամ իր պարտքը համարում ընդգծել, որ արվելիք երկու կտավից տաղանդավորը մնալու է հեղինակի, իսկ հանճարեղը (պարզ նվերի կամ նվիրաբերության օրինակով) ծրագրի սեփականությունը (չէ՛, ինչպես տեսնում եք, առանց պարտադրանքի ոչինչ չի լինում), որը, արդեն փակագիծ բացենք, ընդհանրական ցուցահանդեսի տեսքով բացվելու է ՀՀ նկարիչների միության պատկերասրահում արդեն այս օգոստոսին, իսկ ավելի ստույգ, օգոստոսի առաջին տասնօրյակին։

Սարյանի ծաղիկների ֆենոմենը


Նկատի ունենալով ընդհանրական ցուցահանդեսի այնքան մոտ լինելը, ես բնականաբար չեմ ներկայացնի, թե մեր պլեների մասնակիցներից ով ինչին նախապատվություն տվեց, ով ինչ դիտանկյունից տեսավ այս կամ տեսարանը։ Այդ ամենն առավել քան առարկայական կտեսնեք խոստացված ցուցահանդեսում ու, առավել քան համոզված եմ, զարմանալու եք գույների այն շքեղությունից, հայրենի երկրի բազմաթերթ այն ընթերցումից, որոնք տոնի տեսքով համակելու են ձեզ։ Ավելին, գուցե թե ձեր ներսում ավելի քան զարմանալու եք, թե մեր այս հիրավի փառահեղ ծրագրի մասնակիցները որտեղից են պեղել գույների այդ ապշեցնող համանվագը հատկապես այն պարագայում, երբ ունեցանք 44-օրյա դաժանագույն պատերազմ, աներևակայելի աղետալի կորուստներ, երբ․․․


Սակայն ամբողջ հարցն այն է, որ երբե՛ք չկա ինչ-ինչ պայմանականություններ պարտադրող այդ «երբ» ասվածը, երբ խոսքը վերաբերում է ժողովրդի ապրելու զորեղ, անկոտրում, մեջք շտկելու պարտադրանքի կոչ ու հրավեր անող բնազդին, ցավին, ավերին դիմակայելու անհրաժեշտության գիտակցությանը։ Հապա մի փորձեք հիշել, թե զարմանքի ի՛նչ շեշտադրումներով են մեզանում հիշատակվել Երկրորդ աշխարհամարտի տարիներն ու այդ մահաշունչ ժամանակներում Սարյանի ծաղիկներ նկարելը․․․

Մարդկային բարձր որակի պարտադրանքը


Ես չգիտեմ Մայր Տաճարի ոգեղեն մոտիկությո՞ւնն էր պատճառը, որ էջմիածինյան այս պլեների մասնակիցները մի տեսակ ավելի ջիգյարով էին հարաբերվում իրար հետ, մեկմեկու նկատմամբ մի տեսակ այլ կարգի, եղբայրորեն հոգատար էին, թե մեկ ուրիշ պատճառ կար։ Լա՜վ, ասենք թե այդ պայմանականությունը (եթե, իհարկե, դա պայմանականություն էր), հասկանալի էր Վիգեն Ավետիսի պարագայում, ով Իտալիա վերադառնալու ճանապարհին կարճ ընդմիջումով է Հայաստանում ու գործընկերների հետ ակտիվ շփումների առումով որոշակիորեն սահմանափակված է, բա մյուսների՞ իրար նկատմամբ տածած վերաբերմունքը, իրար հետ սրտալից վերաբերվելն ինչպե՞ս գնահատենք։ Իրականում անհասկանալի ոչինչ էլ չկա, եթե ամեն մեկը գիտի իր իրական արժեքը։ Հենց այստեղ է ողջ գաղտնիքը, ու եթե մեջդ մաղձ, նախանձ չկա դիմացինի նկատմամբ, քո չափ ու կշիռի մեջ չես կարող օբյեկտիվ չլինել։
Նստած զրուցում ենք, խոսք է բացվում մեզ հայտնի բարերարի մասին է, որի անունը չտանք, բայց որի միավորիչ, մերան լինելն է դարձյալ հավաքել բոլորին։ Պատմում է Մայիս Մխիթարյանը։ Մեր այս բարերարր, ում անունը պայմանավորվեցինք չտալ, իր ու Ռուբեն Քոչարի հետ եղել է վերջինիս հոր՝ հանճարեղ Երվանդ Քոչարի թանգարանում ու փորձել է տեղեկանալ, թե ինչո՞վ կարող է օգտակար լինել։ Ռուբենը առաջարկել է օգնության ձեռք մեկնել այդ պահին ինչ-որ խնդիրների առաջ կանգնած Մայիս Մխիթարյանին։


Մեր չափից դուրս նյութական ժամանակների համար վերերկրայի՞ն է ասվածը։
Գուցե թե։ Սակայն սեղանը բոլորած այս մարդիկ, որ աշխատանքային օրը հարաբերականորեն ավարտել ու նստել էին մի կտոր հացի, մարդու, արվեստագետի այս տեսակն են ու չես չկարող չհպարտանալ, քեզ լավ չզգալ մարդկային այս որակից։ Ինչ վերաբերում արվեստին առհասարակ ու նկարչությանը մասնավորապես, նրանց խոսքն ու զրույցն անհատնում էր մեծերի նկատմամբ եղած խոնարհումով, իրար հանդեպ ունեցած պատկառանքով։
Իր հերթին սեղանին յուրահատուկ շուք էր հաղորդել պատվավոր հյուրը՝ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը, ով բերել էր Էդվարդ Սարգսյանի «Նկարչի հուշերը» գիրքը, որն իր անուրանալի պատմական արժեքով ներկայացնում է մի հսկա ժամանակաշրջան։
Ի դեպ, սա մեր պլեների մասնակիցների ստացած միակ նվերը չէր։ Գրիգոր Մովսիսյան-Նաիրա Կարապետյան ամուսնական զույգը հոգացել էր, որ յուրաքանչյուր նկարիչ տեր դառնա Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» տիեզերական պոեմի բացառի գեղեցիկ, բացառիկ ճաշակով արված հրատարակությանը։ Ինչ վերաբերում է մյուս նվերին, որի մասին ընդունված է չխոսել, բայց որը ստանալուց յուրաքանչյուր մարդ իրեն լավ է զգում, եկեք այդ մասին լռենք։
Ընդհանուր գծերով թերևս այսքանն այս պլեների մասին, որը հանգամանքների բերումով, իսկ գուցեև Տիրոջ կամեցողությամբ եղավ «70 ճանապարհ դեպի տաճար» մշակութային նախագծի խորհրդանշական վերջաբանը։


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Լուսանկարներ

. .
  • Մայիս Մխիթարյան
  • Ներսեհ Խալաթյան
  • Շմավոն Շմավոնյան
  • Ռուբեն Քոչար
  • Տիգրան Բարխանաջյան
Դիտվել է՝ 139002

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ