ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի նավթային և նավթաքիմիական հատվածների դեմ Իսրայելին Թեհրանի հասցրած զանգվածային հարվածից հետո՝ տեղեկացնում է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության օտարերկրյա ակտիվների վերահսկման վարչությունը: Պատժամիջոցներ են սահմանվել նաև վեց իրավաբանական անձանց և վեց նավերի դեմ՝ Իրանից նավթի և նավթամթերքների վաճառքին գիտակցված մասնակցության համար։                
 

Երկու ճանապարհ

Երկու ճանապարհ
06.03.2024 | 07:25

Կյանքում գալիս է մի պահ, երբ դու, սովորության համաձայն, առանց պատուհանից նայելու տնից դուրս ես գալիս, որովհետև գիտես, եթե դրսում ցուրտ լինի, քեզ կասեն՝ տա՛ք հագնվիր, բայց էս անգամ ոչ ոք չի ասում։ Ու դու մրսում ես, հետո՝ էլի ու էլի՝ անընդհատ, ամեն օր տնից դուրս ես գալիս ու մրսում ես, մինչև սովորում ես տնից դուրս գալուց առաջ պատուհանից դուրս նայել։

Հետո վերարկուդ մաշվում է, ու ոչ ոք քեզ չի ասում, որ պետք է նոր վերարկու առնել։ Չես նկատում, էնքան ես մաշված վերարկուով մնում, մինչև մի օր հասկանում ես, որ մարդիկ քեզ ծուռ են նայում, ու ճարահատյալ՝ գնում վերարկու ես առնում։

Սովածանում ես, ու ոչ ոք քեզ չի ասում՝ արի՛, հաց կեր։ Ուտելու բան էլ չկա, պիտի ինքդ սարքես։ Անհամար փչացրած ճաշերի, կիսաեփ հավերի, վառած մսերի, ատամիդ տակ խրթխրթացող կլեպի բեկորներով լի ձվածեղների միջով անցնելով՝ վերջապես սովորում ես սոված չմնալ։

Հազար անգամ ձեռքդ վառում ես, մինչև սովորություն ես դարձնում եռման կաթսան կրակի վրայից շորով վերցնել։ Միլիոն անգամ քեզ խաբում՝ նեխած ու փչացած բան են ծախում վրադ, մինչև սովորություն ես դարձնում առնելիս ապրանքը ստուգել։

Երբ էդ պահը գալիս է, դու երկու ճանապարհ ունես՝ կա՛մ մեկին գտնես, որը հոգ կտանի քո մասին, ու դու մնաս առաջվանը, կա՛մ էլ սովորես ինքդ հոգ տանել քո մասին։

Եթե երկրորդ ճանապարհն ես ընտրում, մարդու համար դա կոչվում է հասունություն։ Իսկ ազգի համար... Ազգի համար էլ է կոչվում հասունություն։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 6260

Մեկնաբանություններ