ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Յանկիներին տուն ուղարկելու մասին կարգախոսն առայժմ ժամանակավրեպ է

Յանկիներին տուն ուղարկելու մասին կարգախոսն առայժմ ժամանակավրեպ է
25.09.2009 | 00:00

Նկատառումն այն մասին, թե ժամանակակից պատերազմների հետևանքներն ի հայտ են գալիս ոչ միայն ռազմաճակատում, այլև հեռուստատեսությամբ, այս օրերին ևս մի անգամ հաստատվեց։ Ռուսաստանի և Կենտրոնական Եվրոպայի տեղեկատվական տարածությունը շարունակում են ցնցել վաշինգտոնյան նորություններն այն մասին, թե նախագահ Օբաման հրաժարվել է հակահրթիռային պաշտպանության 3-րդ դիրքային շրջան ստեղծելուց։ Չեխիայում և Լեհաստանում այս իրողությամբ պայմանավորված համարյա ազգային սուգ է և վրդովմունք` ամերիկացիների դավաճանությունից։ Ռուսաստանում ուրախ են և առնվազն առաջին փուլում մտածում էին, որ հերթական անգամ «հասցրին մռութին», և այդ պատճառով էլ իրենցից վախեցան։ Ռուսական ԶԼՄ-ներից տարածվող էնտուզիազմը, ինչպես ֆուտբոլային կարգախոս` «Ռուսաստանը չեմպիոն է», հեղեղեց հեռուստատեսային եթերը։ Իսկ իրականում հերթական անգամ հետխորհրդային հանրությունը բախվեց հասարակական կարծիքի մանիպուլյացիայի փորձված քաղաքական տեխնոլոգիաների հետ։
Բանն այն է, որ հրթիռային պաշտպանության խնդիրը դեռևս 1970-80-ական թվականներից դարձել է միջազգային քաղաքականության կարևոր պրոբլեմը։ Այս կապակցությամբ կարելի է մտաբերել «Ռազմավարական պաշտպանական նախաձեռնությունը» (հԿԼ), «աստղային պատերազմների» տեսությունը, դրան հետևած սպառազինությունների մրցավազքը, ԽՍՀՄ-ի պարտությունն ու նրա քայքայումը։ Շատ բնութագրական է, որ այս անգամ, հատկապես ռուս-վրացական պատերազմից հետո, որն ԱՄՆ-ում գնահատեցին իբրև ռուսների նետած մարտահրավեր, նախագահ Ջորջ Բուշը հիշեց սառը պատերազմի ժամանակվա սարսափները և վերջնական որոշում կայացրեց Լեհաստանում ու Չեխիայում ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգ ստեղծելու մասին։ Ընդ որում, հիմնավորումը խիստ հիպոթետիկ էր, որ եթե ապագայում Իրանը տիրապետի ատոմային մարտագլխիկներ ունեցող միջմայրցամաքային հրթիռների, ապա ԱՄՆ-ի անվտանգության համար իրական սպառնալիք կստեղծվի։ Մոսկվան, բնականաբար, խստորեն մերժեց այս ծրագիրը, պնդելով, թե ամերիկացիները վերոնշյալ համակարգը կարող են օգտագործել «առաջնային հարված» հասցնելու համար։ Բոլոր դեպքերում, ինչպիսին էլ լինի իրականությունը, հակահրթիռային համակարգի շուրջ բարձրացված աղմուկը երկար ժամանակ դարձավ ռուսական ԶԼՄ-ների կողմից բնակչությանը ներկայացվող հիմնական վտանգներից մեկը։
Այժմ ամերիկացիները, փաստորեն, կատարեցին հերթական քայլն այս գլոբալ խաղում, փոխելով հակահրթիռային համակարգի ամբողջ հայեցակարգը և հրաժարվելով այն Լեհաստանի և Չեխիայի տարածքում տեղակայելուց։ Ընդ որում, դա մատուցվեց իբրև իրական և անգնահատելի զիջում ռուսներին, ինչը ենթադրում է հետագայում ամերիկյան շահերի բավարարում միջուկային ներուժի կրճատման վերաբերյալ ապագայում կնքվելիք պայմանագրերում, ինչպես նաև Իրանի, Աֆղանստանի և այլ հարցերում։ Միևնույն ժամանակ, Արևմուտքը փորձեց մի փոքր սառեցնել ռուսական ախորժակը, և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռասմուսսենը հայտարարեց, թե կազմակերպության բուխարեստյան գագաթաժողովի որոշումները մնում են ուժի մեջ, ինչը նշանակում է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը պատրաստ է իր կազմում ընդունելու ՈՒկրաինային և Վրաստանին, եթե վերջիններս կարողանան բավարարել անհրաժեշտ չափանիշները։ Ընդ որում, Ռասմուսսենը հույս հայտնեց, որ դա տեղի կունենա իր գլխավոր քարտուղարության օրոք։ Հանուն արդարության պետք է արձանագրել, որ ռուսական կողմն այդքան էլ չոգևորվեց, և ՆԱՏՕ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Դմիտրի Ռագոզինը կոչ արեց հայրենակիցներին` տուրք չտալ էյֆորիային։ Քանզի, ռուսական բազմաթիվ փորձագետների գնահատմամբ, ԱՄՆ-ի հետ փոխհամաձայնությունների կայացումն այդքան էլ հավանական չէ, և, ըստ այդմ, ռուսական կողմը չպետք է հրաժարվի Կալինինգրադի մարզում, այսինքն` Եվրոպայի սրտում, «Իսկանդեր» տիպի նոր հրթիռներ տեղադրելուց։ Ռուսական կողմից հնչեց նաև առաջարկ, որ ԱՄՆ-ը և Ռուսաստանը կարող են հակահրթիռային պաշտպանության գլոբալ համակարգ ձևավորել համատեղ, թեպետ դեռևս պարզ չէ, թե այդ նախաձեռնությանն ինչպես կվերաբերվի Մոսկվայի գործընկեր Թեհրանը։
Միևնույն ժամանակ, ամերիկացիները հարկ համարեցին ընդգծել, թե հակահրթիռային պաշտպանության համակարգի շուրջ իրենց նոր դիրքորոշումները որևէ կերպ պայմանավորված չեն ռուսական մտահոգություններով։ Նախագահ Բարաք Օբաման այս կապակցությամբ նույնիսկ հարկ համարեց ճշգրտել. «Եթե այս ամենի հետևանքը լինելու է այն, որ Ռուսաստանում մի փոքր հանդարտվի պարանոյան, և Մոսկվան ավելի պատրաստակամությամբ համագործակցի մեզ հետ Իրանի ատոմային ծրագրի հետ կապված սպառնալիքների շրջանակում, ապա դա կդառնա լրացուցիչ բոնուս»։ ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Վիտալի Չուրկինն այս կապակցությամբ չհապաղեց հայտարարել, թե ԱՄՆ-ի նոր նախագահը «հակում է ցուցաբերում իր դատողությունները կառուցելու սառը պատերազմի չափորոշիչներով», և որ Սպիտակ տան այս կարգի հայտարարությունները չեն նպաստում ռուս-ամերիկյան համագործակցությանը միջուկային պրոբլեմի շուրջ։ Այնուհանդերձ, շատ դիտորդների կարծիքով, չնայած տեղի ունեցածը հերքելու Մոսկվայի և Վաշինգտոնի բոլոր ջանքերին, գոյություն ունի որոշակի պայմանավորվածություն, որ ամերիկացիների քայլի դիմաց ռուսները նրանց ընդառաջ քայլեր կանեն այլ ուղղություններով։ Թերևս պատահական չէր Խավիեր Սոլանայի հայտարարությունը, թե քիչ հավանական է Չինաստանի և Ռուսաստանի հակազդեցությունը, եթե Արևմուտքը պահանջի Իրանի նկատմամբ նոր սանկցիաներ կիրառել։
Մինչդեռ Թեհրանը ողջունեց Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգի բաղադրիչներից հրաժարվելու ԱՄՆ-ի որոշումը։ Միևնույն ժամանակ, ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացրեց, որ չունի կոնկրետ ապացույցներ Իրանում ատոմային զենք ստեղծելու մասին։ Այդ հանգամանքը զարմանալիորեն համընկավ ԱՄՆ-ի հետախուզության զեկուցագրի հետ, ուր խիստ ժամանակին «պարզաբանել» էին, որ Իրանը դեռ չի մշակել մեծ հեռահարության հրթիռներ ստեղծելու նախագծեր և հազիվ թե դրան հասնի մինչև 2015-2020 թվականները։ Այսպիսով, Վաշինգտոնն իր նոր նախաձեռնություններով կարողացավ արդյունքի հասնել նաև իրանական ուղղությամբ ու հասկացնել Թեհրանին, որ պատրաստ է նրա հետ համագործակցելու։
Անշուշտ, այս ամենը չէր կարող բացառել հուզումներն ու դժգոհությունն Արևելյան Եվրոպայում, մտահոգություններն ու մեղադրանքներն այն կապակցությամբ, թե ԱՄՆ-ը դաշնակիցներին թողնում է ճակատագրի հույսին, նախընտրում է մեկուսանալն ու բացառապես սեփական հակահրթիռային պաշտպանության համակարգի ձևավորումը։ Սակայն նկատի ունենալով Սպիտակ տան իրական ծրագրերը, այդ մտահոգությունները, ամենայն հավանականությամբ, գոնե մասամբ կփարատվեն։ Առաջին հերթին հակահրթիռային պաշտպանության «ճարտարապետության վերանայումը» Վաշինգտոնի կողմից, կարծես, չի ենթադրում «Պետրիոտ» հրթիռների տեղակայման բացառումը Լեհաստանի տարածքում։ Կան խոսակցություններ, որ 2015-ից սկսած նույն Լեհաստանում և Չեխիայում կտեղակայվեն հակահրթիռային պաշտպանության մոբիլ համակարգեր` նորագույն տեխնոլոգիաների հիմքի վրա։ Մյուս կողմից` ռազմական փորձագետները պնդում են, որ թեկուզ Եվրոպայում այս պահին գոյություն չունի հակահրթիռային պաշտպանության ռազմավարական համակարգ, սակայն նախկին ծրագրերի համաձայն նախատեսված էր, որ հակառակորդի հրթիռների հայտնաբերման համար տեղակայվելիք ռադարը և հակահրթիռները պետք է գործողության մեջ դրվեին 2015-2017-ին։
Մինչդեռ ամերիկյան հակահրթիռային պաշտպանության նոր համակարգը կարող է գործողության մեջ դրվել արդեն 2011-ին, որովհետև ավելի «ճկուն» է և մոբիլ։ Ըստ տարբեր աղբյուրների, ԱՄՆ-ը մտադիր է զարգացնել էշելոնացված պաշտպանության ունիվերսալ համակարգ, ուր տարաբաժանված են խոցման ենթակա օբյեկտների հայտնաբերումը և դրանց վնասազերծելու գործընթացը։ Այդ համակարգի որոշիչ բաղադրիչներն են դառնալու 18 ռազմանավերը, որոնք զինված են լինելու «Էգիդա» կարգի հրթիռներով և ծովային բազայի համար նախատեսված SM-3 հակահրթիռներով, ինչպես նաև հակառակորդի հրթիռները մինչև 500 կմ տարածության վրա հայտնաբերելու ունակ ռադարներով։ Միաժամանակ, ամերիկյան զինվորականների պնդմամբ, չի բացառվում, որ վերոնշյալ ռադարների տիպի ցամաքային կայաններ տեղադրվեն «Կովկասին մոտիկ տարածքներում»։ Ընդ որում, Վրաստանն արդեն իսկ հայտարարել է, թե այդ համատեքստում նկատի է առնվում իր տարածքը, ռուսական աղբյուրները պնդում են, որ ցամաքային բազավորման ռադարները տեղակայվելու են Թուրքիայում։ Միաժամանակ, ռուսական ԶԼՄ-ների պնդմամբ, ԱՄՆ-ն արդեն ռադիոլոկացիոն հայտնաբերման երկու կայան է կառուցել Ադրբեջանի տարածքում, որոնցից մեկն ուղղված է դեպի Ռուսաստան, մյուսը` Իրան։ Չի բացառվում, որ այդ գործող օբյեկտներին զուգահեռ տեղակայվի THAAD կարգի հակահրթիռային պաշտպանության նոր ժամանակակից համակարգ, որի կառուցումն ավարտին կհասցվի 2020-ն։ Ըստ կանխատեսումների, սա ամերիկացիների համար ամենաձեռնտու տարբերակն է, որովհետև ավելի էժան է և, միաժամանակ, հնարավորություն է տալիս պոտենցիալ հակառակորդին դիմակայելու ավելի արագ ու արդյունավետ։ Թերևս պատահական չէր, որ Նոբելյան մրցանակի դափնեկիր ամերիկյան ֆիզիկոսները հատուկ նամակով խորհուրդ էին տվել նախագահ Օբամային` հրաժարվել թանկարժեք և ոչ արդյունավետ հակահրթիռային պաշտպանության համակարգից` հօգուտ նոր տեխնոլոգիաների կիրառման։
Այսպիսով, ոչ անհիմն տպավորություն է ստեղծվում, որ Վաշինգտոնը, փոխելով հակահրթիռային պաշտպանության համակարգի տեղակայման հետ կապված իր ծրագրերը, գնում է ոչ թե դրանք չեղյալ համարելու, այլ ավելի պրագմատիկ ու էժան լուծումներ գտնելու ճանապարհով։ Ամերիկացիները ձուկը բռնելով` փորձում են միաժամանակ չթրջել ձեռքերը, քանի որ հակահրթիռային պաշտպանության նոր ոլորտի հետ կապված որոշումներն օրակարգից գործնականում հանում են Մոսկվայի և Վաշինգտոնի միջև բանավեճի առարկա հիմնական խնդիրներից մեկը։ Միաժամանակ Վաշինգտոնն «ակնարկներ է անում» Թեհրանին, նախաձեռնում եվրոպական գլոբալ անվտանգության համակարգի ստեղծումն իր հովանավորության ներքո և բոլորին հասկացնում, որ յանկիներին տուն ուղարկելու մասին կարգախոսն առայժմ ժամանակավրեպ է։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 1933

Մեկնաբանություններ