Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Եթե չենք ճանաչելու ԼՂՀ-ի անկախությունը, ոչ մի տրամաբանությամբ չի բացատրվի Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչումը»

«Եթե չենք ճանաչելու ԼՂՀ-ի անկախությունը, ոչ մի տրամաբանությամբ չի բացատրվի Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչումը»
05.09.2008 | 00:00

«ՈՉ ՃԻՇՏ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՏՈՒԺԵԼ»
Հայաստանի շուրջ վերջին արտաքին քաղաքական զարգացումները և դրանց հնարավոր հետևանքները մեկնաբանում է քաղաքագետ, վերլուծաբան ՍՏԵՓԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ։
-Պարոն Գրիգորյան, կան կարծիքներ, որ Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչումից հետո Ռուսաստանը կփորձի ճնշում գործադրել ԱՊՀ-ի և հատկապես Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների վրա՝ նույն նպատակին հասնելու համար։ Ի՞նչ կասեք այս կապակցությամբ։
-Ընդհանրապես, վրացական ճգնաժամը կարելի է բաժանել երկու փուլի։ Առաջինն օգոստոսի 8-ից 25-ն ընկած ժամանակահատվածն էր, երբ ընթանում էին ռազմական գործողություններ, բայց արմատական քաղաքական քայլեր, որոնք ամբողջապես կփոխեին տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, չէին արվել։ Օգոստոսի 26-ին Ռուսաստանը ճանաչեց Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը, և դա արմատապես փոխեց իրադրությունը։ Պարզ դարձավ, որ վրաց-ռուսական հակամարտությունը լինելու է երկարատև, ոչ առանց միջազգային հանրության մասնակցության, և Հայաստանի վրա էլ այդ համատեքստում հնարավոր են լուրջ տնտեսական ու քաղաքական ճնշումներ։
Կարծում եմ, Մոսկվայում հստակ հասկանում էին, որ անկախության ճանաչման քայլին դիմելով՝ իրենք կարող էին հայտնվել միջազգային մեկուսացման մեջ։ Բայց մյուս կողմից, հավանաբար, ինչ-որ հույսեր կամ հաշվարկներ ունեին, որ իրենց քայլից հետո մի քանի այլ երկրներ կմիանան այդ նախաձեռնությանը։
-Սակայն առայսօր ոչ ոք չի միացել։
-Այո, և դրանով արդեն Աբխազիայի և Հարավային Օսիայի շուրջ իրավիճակը գնալով մոտենում է Հյուսիսային Կիպրոսի իրադրությանը, երբ Թուրքիան ճանաչեց նրա անկախությունը, սակայն ոչ մի այլ պետություն չսատարեց Անկարային։ Անշուշտ, Ռուսաստանն այս հարցում ուժեղացնելու է ճնշումը ինչպես ԱՊՀ-ի, այնպես էլ հատկապես ՀԱՊԿ-ի անդամ պետությունների վրա, որովհետև ՀԱՊԿ-ը, այնուհանդերձ, հստակ պայմանագրով միմյանց հետ ռազմաքաղաքական դաշինք կնքած պետությունների միավորում է։ Թեպետ Մոսկվան Շանհայի համագործակցության կազմակերպության վերջին գագաթաժողովում էլ փորձեց հասնել այդ կառույցի անդամ պետությունների կողմից Սուխումի և Ցխինվալի պաշտոնական ճանաչմանը, բայց դա չհաջողվեց առաջին հերթին Չինաստանի բավական կոշտ դիրքորոշման պատճառով։ Այնուհանդերձ, սեպտեմբերի 5-ին տեղի ունենալիք ՀԱՊԿ պետությունների ղեկավարների գագաթաժողովում Ռուսաստանը կփորձի դաշնակից պետությունների վրա ճնշում գործադրելով հասնել նրանցից մեկ-երկուսի կողմից Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախության ճանաչմանը։
-Հայաստանն ի՞նչ դիրքորոշում կարող է որդեգրել, նկատի ունենալով, որ ճանաչումն աննախադեպ կբարդացնի Վրաստանի հետ մեր հարաբերությունները։
-Հայաստանն առայսօր չի ճանաչել նույնիսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, որը միջազգային իրավունքի տեսակետից անխոցելի է իրագործվել։ Ինչը հարցականի տակ է Հարավային Օսիայի և Աբխազիայի պարագայում։ Բայց Հայաստանը չի ճանաչում ԼՂՀ անկախությունը, որովհետև դա կնշանակեր փլուզել ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային ձևաչափը և, փաստորեն, դեմ դուրս գալ միանգամից Ռուսաստանին, ԱՄՆ-ին ու Ֆրանսիային։ Մինչդեռ այս ձևաչափով ընթացող բանակցությունները մեզ ձեռնտու են, որովհետև մեզ համար դրական հանգամանքներ կան այդտեղ։ Հետևապես, եթե մենք չենք ճանաչելու ԼՂՀ անկախությունը, ոչ մի տրամաբանությամբ հնարավոր չի լինի բացատրել Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչումը։ Մանավանդ որ խնդիրներ կստեղծենք նաև Վրաստանի հետ։
-Նշեցիք, թե Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության հռչակումը խոցելի կողմեր ունի։
-Այո՛։ Մասնավորապես, Հարավային Օսիայի մասով շատ դժվար է պնդել, թե այնտեղ ինքնորոշման գործընթաց է եղել, երբ կառավարությունում Ռուսաստանից նշանակված գեներալներ են։ Դա ի՞նչ կապ ունի ինքնորոշման հետ։ Այսպիսով, թացը չորի հետ խառնել պետք չէ։ Աբխազիայի դեպքում, թեկուզ և իշխանությունը նույնպես պրոռուսական է, բայց այն ընտրվում և վերընտրվում է տեղի ժողովրդի կողմից։ Թեպետ Աբխազիայի անկախության հռչակման առումով էլ միջազգային նորմերի տեսանկյունից որոշ վերապահություններ կան։ Մանավանդ, եթե վրացական փախստականները վերադառնան Աբխազիա և Հարավային Օսիա, ու այդ դեպքում անկախության հանրաքվեներ անցկացվեն, շատ կասկածելի է, որ կլինի համարժեք արդյունք։ Ի տարբերություն դրա, Լեռնային Ղարաբաղում անկախության հանրաքվեն անցկացվել է ադրբեջանական բնակչության առկայության պայմաններում, որը, բացարձակ փոքրամասնություն լինելով, բոյկոտել է հանրաքվեն, բայց ինքնավարության բնակչության մեծամասնությունը քվեարկել է անկախության օգտին։ Սա միջազգային, իրավական առումով, շատ կարևոր նորմ է։
-Բայց Կոսովոն էլ անկախացավ Աբխազիայի և Հարավային Օսիայի նման։
-Բոլորովին էլ ոչ։ Կոսովոյի անկախությունը, ինչպես Լեռնային Ղարաբաղինը, ավելի օրինական ճանապարհով է գնացել։ Ավելին, այնտեղ 2004-ից ՄԱԿ-ի հովանու տակ անցկացվել են հանրաքվեներ, ՏԻՄ և խորհրդարանական ընտրություններ։ Ռուսաստանը դրանց պաշտոնապես դեմ չի արտահայտվել, թեպետ իբրև ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ, վետոյի իրավունք ուներ։ Այսպիսով, մենք չենք կարող ճանաչել Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը, որովհետև դրանք իրավական առումով խոցելի են, և որովհետև Վրաստանի հետ լրջագույն խնդիրներ կունենանք։ Մենք պետք է հիմա աշխատենք, որպեսզի Ղարաբաղի հարցում մեր դիրքերն ուժեղացնենք։ Այս աշխարհում ամեն ոք իր մասին է մտածում։
-Իսկ եթե, այնուհանդերձ, Հայաստանի վրա լուրջ ճնշո՞ւմ լինի։
-Միանգամայն հնարավոր է, բայց այդ դեպքում մենք էլ խնդիր պետք է դնենք, որ եթե ՀԱՊԿ-ի անդամ պետությունները միասնաբար պիտի ճանաչեն Հարավային Օսիան և Աբխազիան, ուրեմն պիտի ճանաչեն նաև Ղարաբաղը։ Եվ եթե այդ պարագայում հակառակ կողմից՝ ԱՄՆ-ից, ճնշում լինի, ապա Հայաստանը պետք է ճանաչի նաև Կոսովոյի անկախությունը։
-Վերադառնանք Ռուսաստանի արտաքին քաղաքականությանը։ Վերջերս նշել էիք, թե Աբխազիայից և Հարավային Օսիայից հետո Ռուսաստանը համանման քայլեր կձեռնարկի Ղրիմի հարցը լուծելու ուղղությամբ։ Ինչո՞վ է հիմնավորված այդ կանխատեսումը։
-Նախ՝ արձանագրենք, որ Ռուսաստանի արտաքին քաղաքականության մեջ հիմնարար փոփոխությունները սկսվել են արդեն 2-3 տարի։ Էներգակիրների բարձր գների շնորհիվ մեծ եկամուտներ ստանալով՝ Ռուսաստանն անցած ութ տարիներին զգալիորեն վերականգնել է իր տնտեսական հզորությունը, հատկապես ռազմարդյունաբերական համալիրը, առաջընթաց կա քաղաքացիական արդյունաբերության որոշ ճյուղերում, բավականին բարձր տեմպերով զարգանում է գյուղատնտեսությունը։ Այսօր 1990-ականների համեմատությամբ Ռուսաստանն անհամեմատ ուժեղ է զգում իրեն։ Հավակնությունների առկայությունն էլ բնական է, որովհետև դա ատոմային տերություն է, մեծ երկիր, որը շրջապատի պետություններին իր ազդեցության ուղեծիր վերցնելու խնդիր ունի։ Մանավանդ որ ռուսական իրականության մեջ կայսերապետական գաղափարախոսությունը միշտ էլ ունեցել է համախոհների լայն շրջանակ։ Վերջին տարիներին ԽՍՀՄ-ն ինչ-որ ձևով վերականգնելու գաղափարի ջատագովները Ռուսաստանի իշխանական վերնախավում աստիճանաբար սկսեցին մեծամասնություն կազմել։
-Սակայն այդքան ռեսուրսներ և ներուժ ունի՞ Մոսկվան՝ նման լայնամասշտաբ խնդիրներ լուծելու համար։
-Ո՛չ։ Այն, ինչ Ռուսաստանը կարող է առաջարկել իր շրջապատի, հատկապես ԱՊՀ երկրներին, գրավիչ չէ որպես զարգացման կոնցեպցիա։ Այսինքն՝ պետությունների նոր միավորումը չի կարող դառնալ գոնե 50 տոկոսով Եվրամիության նման, և դա բոլորին պարզ է։ Իմ կարծիքով, Ռուսաստանը կաշխատի ստեղծել մինի Խորհրդային Միություն։ Առանց որևէ բարդությունների այդտեղ հնարավոր է ընդգրկել Բելառուսը, նաև Աբխազիան, Հարավային Օսիան, Մերձդնեստրի Հանրապետությունը, որի անկախությունը ևս կճանաչի Մոսկվան։
-Սակայն Տիրասպոլը Ռուսաստանի հետ ընդհանուր սահման չունի, այն մեկուսացած անկլավ է։
-Դրա համար էլ ես կարծում եմ, որ Ռուսաստանի արտաքին քաղաքական օրակարգում սկզբում կդրվի ոչ թե Մերձդնեստրի, այլ Ղրիմի, միգուցե և ամբողջ Արևելյան ՈՒկրաինայի հարցը։ Ղրիմում այսօր կա համապատասխան գործընթաց, ռուսական անձնագրեր են բաժանվում, քանի որ բնակչության մեծամասնությունը ռուսներ է։ Ղրիմն ՈՒկրաինայի կազմում ունի ինքնավարություն, կան պատմական հանգամանքներ՝ այդ հարցը բարձրացնելու համար, եթե նկատի ունենանք, որ մինչև 1954 թվականն այն Ռուսաստանի կազմում էր։ Ռուսաստանը բոլոր այս ուղղություններով բավական արագ և ակտիվ քայլեր կձեռնարկի, եթե կարողանա մարսել Վրաստանի հետ կապված այս ամբողջ գործընթացը, և արևմտյան արձագանքը, հետագա քայլերն ու հնարավոր պատժամիջոցները շատ կոշտ չլինեն։
-Ամեն դեպքում Եվրամիության վերջին գագաթաժողովի արդյունքում Մոսկվայի նկատմամբ ընդունված փաստաթուղթը և որոշումները կոշտ չէին։
-Ես այդ կարծիքին չեմ։ ՈՒշադրության է արժանի այն, որ երբ Ռուսաստանի գործողություններն ուղղված էին բացառապես Հարավային Օսիայի պաշտպանությանը, և նրա զինված ուժերը չէին մտել բուն վրացական տարածք, եվրոպական երկրների արձագանքը բավականին լոյալ էր և նույնիսկ հակավրացական։ Նման հայտարարություններ հնչեցին Գերմանիայի, Սլովակիայի, Իտալիայի կողմից։ Բայց երբ Ռուսաստանի գործողությունները լայնածավալ բնույթ ստացան, ամբողջ հյուսիս-արևմտյան Վրաստանով մեկ ռմբակոծվեցին քաղաքացիական նշանակության օբյեկտները, Փոթիի նավահանգիստը, փաստացի ռուսական վերահսկողության տակ անցավ երկրի կեսը, Եվրամիության ներսում տարակարծությունները վերացան։ Սեպտեմբերի 1-ի փաստաթղթով Եվրամիությունը դիմեց բավական լուրջ քայլի՝ կասեցրեց Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցության պայմանագրի ստորագրումը։
-Բայց դա Մոսկվայի համար այս փուլում այնքան էլ կարևոր նշանակություն չունի։
-Դա կարևոր է Ռուսաստանի տնտեսության համար հեռանկարային առումով։ Եվրամիության երկրների հետ Ռուսաստանի ապրանքաշրջանառությունը տարեկան կազմում է 50 մլրդ դոլար` ներդրումները չհաշված։ Էներգակիրներից ստացվող եկամուտներն այդ համագործակցության մի մասն են միայն, բայց Մոսկվայի համար ավելի կարևոր են Եվրոպայից ստացվող տեխնոլոգիաները, որոնց հաշվին էլ հիմնականում վերականգնվում է ռուսական արդյունաբերությունը։ Մինչդեռ վերջին իրադարձություններից հետո Ռուսաստանից արևմտյան և հենց ռուսական կապիտալի արտահոսք կա, որի հետևանքները զգացնել կտան հետո։
Այժմ սեպտեմբերին կայացրած որոշումով Եվրամիությունը ժամանակ տվեց Ռուսաստանին` մինչև սեպտեմբերի 8-ը բուն վրացական տարածքից վերջնականապես դուրս բերել զորքերը։ Որովհետև դրանց մի հատվածը մնացել է Փոթիի շրջանում և խոչընդոտում է նավահանգստի ու երկաթուղու բնականոն գործունեությանը։ Արևմուտքն այդ ամենը չի անտեսելու։ Պատահական չէ, որ առաջին անգամ Թուրքիան թույլատրեց ՆԱՏՕ-ի ռազմանավերի մուտքը Սև ծով, և այդ էսկադրան շուտ չի դուրս գա այնտեղից։ Իմ կարծիքով, ԱՄՆ-ը սպասում է, որ Ռուսաստանի հետ իրենց հարաբերությունները կարևորող և ավելի զուսպ դիրքորոշում ունեցող Ֆրանսիան ու Գերմանիան կարողանան Մոսկվայի հետ պայմանավորվել և հասնել բուն Վրաստանից ռուսական զորքերի դուրսբերմանը։ Եթե դա տեղի չունենա, կարող են շատ ավելի կոշտ պատժամիջոցներ կիրառվել։ Մանավանդ եթե Մոսկվան Հարավային Օսիայում և Աբխազիայում ռազմական բազաներ ստեղծի։ Սա ընդհանրապես կբերի սառըպատերազմյան իրավիճակի, որովհետև նման իրավունք Ռուսաստանը չունի, այնտեղ կարող են միայն խաղաղապահ ուժեր տեղակայվել։
-Կան կարծիքներ, որ Վրաստանը կորցնելով, Ռուսաստանն աստիճանաբար կկորցնի նաև ողջ Հարավային Կովկասը։ Ի՞նչ կասեք այս կապակցությամբ։
-Շատ հավանական է, և այստեղ է, որ կերևա, թե որքանով է Թուրքիան լուրջ պետություն։ Ես կարծում եմ, որ այնտեղ լրջորեն են գնահատում իրավիճակը, եթե քայլեր են կատարում Հայաստանի հետ առանց նախապայմանների հարաբերությունների բարելավման ուղղությամբ։ Նրանք ելնում են այն հաշվարկից, որ այդ դեպքում տարածաշրջանն ավելի արագ կինտեգրացվի Արևմուտքին։
-Սակայն հայ-թուրքական ներկայիս երկխոսությունը ռուսական նախաձեռնության հետևանք է։ Դա ակնհայտ է, և ոչ ոք չի էլ ժխտում։
-Այդպես է միայն առաջին հայացքից։ Իմ կարծիքով, Թուրքիան ունի իր քաղաքականությունը, թեպետ Ռուսաստանի ազդեցության բաղադրիչը, անշուշտ, կա։ Սակայն, մյուս կողմից, Թուրքիայի նախաձեռնությունն ավելի շուտ հետևանք է այն իրողության գիտակցման, որ տարածաշրջանն առանց Հայաստանի Արևմուտքին ինտեգրացվել չի կարող։ Թուրքիայում չեն կարող չտեսնել, որ ընդամենը մի ապակայունացման հետևանքով այսօր չեն գործում Բաքու-Սուփսա նավթամուղը, Բաքու-Էրզրում գազամուղը, Փոթիի նավահանգիստը, խափանվել են երկաթուղային փոխադրումները։ Մինչդեռ եթե հայ-թուրքական սահմանը բաց լիներ, տարածաշրջանն այդպիսի կատակլիզմի մեջ չէր հայտնվի։
-Մոսկվան էլ, Երևանն իր ազդեցության ուղեծրում պահելու համար, կարող է գործել Իրանի միջոցով, ընդհուպ օժանդակելով Հայաստան-Իրան երկաթգծի կառուցմանը։
-Դա էլ չի բացառվում, որ փորձ արվի Հայաստանը դարձնել տարածաշրջանում ռուսական աշխարհաքաղաքական անկլավ։ Բայց, մյուս կողմից, փաստ է, որ Իրան-Հայաստան գազամուղն այսօր չի գործում։ Այսինքն՝ Ռուսաստանը որևէ կերպ շահագրգռված չէ Իրանի միջոցով գործելու և Իրան-Հայաստան հարաբերությունները խրախուսելու։ Ռուսաստանին և Իրանին միգուցե միավորում է հակաամերիկյան դիրքորոշումը, բայց դա բոլորովին էլ բավարար չէ Հայաստանի շուրջ նման լուրջ համաձայնություններ ձևավորելու համար։ Ռուսաստանն ու Իրանը նաև տարաձայնություններ ունեն մի շարք կարևոր հարցերում։
Ընդհանրապես, որևէ ուղղությամբ կտրուկ գործողություններն այսօր Հայաստանի շահերից չեն բխում։ Իմ կարծիքով, իշխանությունն էլ է դա գիտակցում և որդեգրել է զգուշավոր մոտեցում, ու դա ճիշտ է։ Մենք պետք է տեսնենք, թե ինչպես կզարգանան Արևմուտք-Ռուսաստան հարաբերություններն առաջիկայում, որովհետև, այնուամենայնիվ, չի բացառվում ինչ-որ հարցերի շուրջ համաձայնությունների ձևավորումը։ Տարածաշրջանում իրավիճակն այնպիսին է, որ մենք, փոքր երկիր լինելով, այդ իրադրության վրա էապես ազդել չենք կարող, սակայն ոչ ճիշտ գործողությունների դեպքում կարող ենք տուժել։
Զրուցեց Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 4681

Մեկնաբանություններ