Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Լուրեր

Լուրեր
02.09.2008 | 00:00

Երկու շահի արանքում
Դիվանագիտական խողովակներով հաջողվեց ճշտել, որ Ռուսաստանի Դաշնության քաղաքական վերնախավը մեսիջ է հղել Սերժ Սարգսյանին, որի ենթատեքստում ինչպես արտաքին, այնպես էլ ՀՀ ներքին քաղաքական զարգացումներից բխող լուրջ ինտրիգ կա։ Ըստ այդմ, ռուսները պարզ հասկացրել են, որ Սարգսյանը կմնա ՀՀ նախագահի աթոռին, եթե «տՏՊՊպՐՋՍՈ» անի տարածաշրջանում ռազմավարական դաշնակից ՌԴ-ին ու իր ռուս պաշտոնակից Մեդվեդևին և ճանաչի Հարավային Օսիայի ու Աբխազիայի անկախությունը։ Բնականաբար, ռուսները շատ լավ են հասկանում, որ նման որոշում ընդունելու դեպքում Հայաստանն ու նրա նախագահը Արևմուտքի անմիջական թիրախն են դառնալու, սակայն առանց ավելորդ «ցերեմոնիաների» հասկացնում են նաև, որ հակառակ դեպքում ՀՀ-ն ՌԴ-ի թիրախը դառնալու լուրջ խնդիր ունի։ Փաստորեն, Սերժ Սարգսյանն այսօր բառացիորեն հայտնվել է երկու քարի- երկու շահի արանքում և ինչպիսի որոշում էլ ընդունելու լինի, երկու դեպքում էլ «խաղադրույքը» ահռելի մեծ է, քանզի շոշափում է «լինել-չլինելու» ճակատագրական հարցը։

Շաբաթն ուրբաթից շո՞ւտ
Իշխանամերձ և ընդդիմադիր որոշ աղբյուրների հավաստմամբ, Լևոն Տեր-Պետրոսյանի ու Սերժ Սարգսյանի «սեպարատ» հանդիպումը, ի վերջո, կայացել է, ինչի արդյունքում ձեռք են բերվել մի շարք կարևոր պայմանավորվածություններ։ Որոշ հիմնական խնդիրների շուրջ փոխզիջումների գնալուց հետո կողմերը, ի վերջո, միանգամայն իրագործելի են համարել հետևյալ սցենարը, որպես ներքաղաքական, ներհասարակական ճգնաժամը հնարավորինս անցնցում հաղթահարելու «համադարման»։ Ըստ այդ սցենարի, չի բացառվում, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվեն, որի ընթացքում գլխավոր գործող ուժերը լինելու են Սերժ Սարգսյանին հավատարիմ հանրապետական թևն ու այս պահին գրեթե ձևավորված պրոսերժական նոր թիմը, որի ներկայացվածության «ֆորմատը» կհստակեցվի առաջիկայում։ Եթե հավատալու լինենք նույն աղբյուրներին, «Բարգավաճ Հայաստանը», որը Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հենարանն է համարվում, նոր խորհրդարան մտնելու քարտ-բլանշ չի ստանալու, ի տարբերություն կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ի, որի առաջ, ԱԺ մանդատների դիմաց, ընդդիմադիր խաղեր չտալու պայման կդրվի։ Ինչ վերաբերում է ՕԵԿ-ին, այս ուժն իրեն արդեն խելոք է պահել՝ ընդդիմությունից սահուն անցում կատարելով դեպի «դիմություն», ուստի խորհրդարանական արևի տակ իր վաղվա տեղն արդեն ապահովել է։ Նոր խորհրդարանում, բնականաբար, ներկայացված են լինելու նաև Տեր-Պետրոսյանի շուրջ համախմբված ընդդիմադիր ուժերը, այդ թվում՝ «Ժառանգությունը», և ԱԺ ղեկավար աթոռներն էլ համամասնաբար բաժանվելու են լևոնական ու սերժական թիմերի միջև։
Նույն աղբյուրները միաժամանակ տեղեկացնում են, որ այս պայմանավորվածությունները վերջնական ու անփոփոխելի համարվել չեն կարող, քանի որ թե՛ Տեր-Պետրոսյանը, թե՛ Սերժ Սարգսյանը հայտնի են որպես «միայնակ» խաղում «աս» գործիչներ և ցանկացած պահի կարող են փոխել նախնական սցենարը։ Համենայն դեպս, առաջին նախագահը դեռևս խաղում է հանրահավաքների ալիքի վրա, շատ լավ հասկանալով, որ հակառակ դեպքում մինչև խորհրդարանական նոր ընտրություններ կարող է կորցնել ժողովրդի աջակցության քվեն։
Լ. ՄԱՐՏՈՅԱՆ

ՈՒկրաինական զարգացումներ
Երեկ ՈՒկրաինայի Գերագույն ռադայում օրինական կարգով շրջանառության մեջ է դրվել վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի և Վիկտոր Յանուկովիչի կուսակցությունների նախաձեռնությամբ մշակված օրենքի նախագիծը, որը նախատեսում է նախագահին անվստահություն հայտնելու գործընթացի կատարելագործում։ Նախագծի հեղինակները գտնում են, որ այն հնարավորություն կտա վերջնականապես հստակեցնել իրավական մեխանիզմները երկրի նախագահի իմպիչմենտի գործընթացում սահմանադրական դատարանի դերակատարության առումով։ Միաժամանակ Յուլյա Տիմոշենկոն նշել է. «Նախագահ Յուշչենկոյի քարտուղարությունը չպետք է մտահոգվի այդ նախաձեռնության հետ կապված, որովհետև դատելով տարբեր քաղաքական գործիչների նկատմամբ բնակչության վստահության աստիճանից, ներկա նախագահին դա չի վերաբերվում։ Իմպիչմենտի նոր մեխանիզմը նախատեսված է ապագա նախագահների համար։ Որպեսզի յուրաքանչյուր ղեկավար գիտենա, որ պատասխան է տալու սահմանադրության և օրենքների խախտման համար»։
Միաժամանակ ուշագրավ է, որ երեկ ուկրաինացի ազգայնականների «Սվոբոդա» համաուկրաինական միավորումը դիմել է Գերագույն ռադայի նախագահ Արսենի Յացենյուկին և խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին՝ պահանջելով խորհրդարանի օրակարգում ներառել Ղրիմին ինքնավար հանրապետության կարգավիճակից զրկելու մասին օրենսդրական նախաձեռնությունը։ «Սվոբոդայի» առաջնորդ Օլեգ Տյագնիբոկն այս կապակցությամբ հայտարարել է. «Եթե այդ հարցը չմտնի Գերագույն ռադայի օրակարգ, մենք կկազմակերպենք ստորագրահավաք, որպեսզի նշանակվի համաուկրաինական հանրաքվե այս հարցի վերաբերյալ։ Որովհետև Ղրիմի այդ կարգավիճակը և Սևաստոպոլ քաղաքի հատուկ կարգավիճակը հետագայում հանգեցնելու են մեր երկրի ներքին և նրա շուրջ արտաքին ճգնաժամի խորացման։ Վերացնելով այդ ինքնավարությունը՝ մենք կզրկենք Ղրիմին նույն ծրագիրն իրագործելուց, ինչն արեցին Աբխազիան և Հարավային Օսիան»։
Վ. Մ.

Դեգերումներ
Խորհրդարանական մեր աղբյուրի փոխանցմամբ՝ ԱԺ միջանցքներում տևական դեգերումներից հետո վերջապես սեփական աշխատասենյակի տեր դարձավ նաև «Օրինաց երկիր» խմբակցության անդամ, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Մարգարյանը։ Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը ղեկավարող ՕԵԿ-ական Խաչիկ Հարությունյանը, նույն աղբյուրի տեղեկացմամբ, շարունակում է դեգերումները՝ մշտական «կացարանի» փնտրտուքի մեջ։ Ինչ վերաբերում է սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովին, այն դեռևս ո՛չ նախագահ ունի, ո՛չ էլ, բնականաբար, հիմնական աշխատասենյակ։ Բանն այն է, որ ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխություն մտցնելուց հետո այդ հանձնաժողովը տրվել է խորհրդարանում ընդդիմությունը ներկայացնող միակ քաղաքական ուժին՝ «Ժառանգությանը», սակայն վերջինս հրաժարվել է՝ «մեզ մի՛ խառնեք վայրի արջի կոալիցիոն ցեղերին» դիրքորոշմամբ։ Եթե մինչև աշնանային նստաշրջանի մեկնարկը «Ժառանգությունն» անսասան մնա իր որոշման մեջ, այս մի հանձնաժողովն էլ «ղուրբան կանեն» հանրապետականին։
Լ. ՄԱՐՏՈՅԱՆ

Ադրբեջանում «վառված» են
Ադրբեջանական քաղաքական շրջանակներն ակնհայտորեն շատ անհանգիստ են և դժգոհ Աբդուլլահ Գյուլի՝ Հայաստան կատարելիք այցի կապակցությամբ։ Մասնավորապես ադրբեջանցի քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովն այս կապակցությամբ նշել է, որ թեպետ Թուրքիայի նախագահի Հայաստան այցը միգուցե տարածաշրջանային լարվածության լիցքաթափման նպատակ ունի, սակայն միաժամանակ վնասելու է նրա հեղինակությանը Ադրբեջանում և Թուրքիայում։ «Ցանկացած դեպքում գյուլերն ու էրդողանները գալիս ու գնում են, իսկ Ադրբեջանի և Թուրքիայի եղբայրական հարաբերությունները մշտական են։ Ես կարծում եմ, որ Գյուլը պատրաստվում է կատարել մի արարք, որը կվնասի իր հեղինակությանը Թուրքիայում։ Ադրբեջանում էլ, մեղմ ասած, հիացած չեն նրա այդ քայլից»,- հայտարարել է Մուսաբեկովը։
Գ. Կ.

Նախ կառուցենք իրանական երկաթուղին
Երեկ «ՈՒրբաթ» ակումբում հայ-վրացական և հայ-ռուսական գործարար ասոցիացիաների համանախագահ Վլադիմիր Բադալյանը հայտարարել է, որ Հայաստանն ազդեցություն չի կարող ունենալ վրաց-աբխազական երկաթուղու վերագործարկման հարցում՝ նկատի ունենալով վրաց-ռուսական ներկա հարաբերությունները։ Այս համատեքստում, ըստ Lragir.am-ի, նա նշել է. «Մեզ անհրաժեշտ է կառուցել երկաթուղի Իրանի հետ։ Դրանից հետո գուցե հնարավոր կլինի խոսել աբխազական գծի վերագործարկման մասին։ Որովհետև Հայաստանի երկաթուղային ցանցը փակուղային է։ Իրանական գծի կառուցման դեպքում այն կդառնա տարանցիկ, և այդ հանգամանքը կարող է շահագրգռել ինչպես ռուսներին, այնպես էլ վրացիներին»։
Վ.Մ.

Վերադարձավ
Երեկ «Նոր ժամանակներ» կուսակցության մամուլի քարտուղարը «Panorama.am»- ին հայտնել է, թե ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը նախօրեին վերադարձել է Երևան։ Նա Մոսկվա էր մեկնել բուժման նպատակով և այժմ իրեն լավ է զգում։ ՆԺԿ մամլո քարտուղարի պնդմամբ, իրենց «ծրագրերում ոչ մի փոփոխություն չի եղել։ «Մենք կողմնակից ենք երկրում համակարգային փոփոխությունների»,- ասել է նա ու հավելել, թե կուսակցությունը շարունակելու է ակտիվ գործունեություն վարել ընդդիմադիր դաշտում։
Ա.Բ.

Ռուսներն այլևս չեն սիրում վրացիներին
Ինչպես տեղեկացնում է «Panorama.am»-ը, համաձայն հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի իրականացրած ուսումնասիրությունների, որոնց մասնակցել է 1594 մարդ, ռուսների 51%-ը վրացական իշխանությունների հանդեպ ատելությունը տարածում է նաև վրաց ժողովրդի վրա։ Հասարակական կարծիքի այսպիսի փոփոխությունը պայմանավորված է վերջին պատերազմական գործողություններով։ Հետաքրքիր է վերաբերմունքի դրսևորումն ըստ տարիքային խմբերի։ Երիտասարդների մեջ վրացիներին վատ է վերաբերվում 54%-ը, միջին տարիքի ներկայացուցիչների` 48-52%-ը և տարեցների` 52%-ը։ Ռուսների ընդամենը 1-3%-ն է դրականորեն արտահայտվել վրացիների մասին։

Փոքր մարդկանց մեծ հավակնությունները
«Հայրենասիրական ընդդիմություն» դառնալու զավեշտալի հովերով տարված մի քանի գաճաճ կուսակցություններ (Գալուստ Սահակյանը կասեր՝ «սրանց ողջ ակտիվը մի մարշրուտնու մեջ հանգիստ կարելի է տեղավորել»), «երրորդ ուժ» ձևավորելու սին պատրանքներով՝ սեփական «խոհանոցի» խնդիրները թողած, իրենց վտիտ ուսերը «դեմ են տվել» ազգիս առաջ ծառացած բարդագույն խնդիրների լուծման «վեհ գործին» (Ջիվանին էլ կասեր՝ «խելքի աշեցեք»)։ Հավակնոտ այս «գաճաճիկների» տունը, սակայն, դեռ տուն չդարձած, արդեն «կռիվ է ընկել»։ Հայաստանի ազատական-առաջադիմական կուսակցությունը, որի տունն էլ ներխոհանոցային տուրևառի արդյունքում բոլորովին վերջերս քանդվեց, օրերս հանդես եկավ հայտարարությամբ, թե նպատակահարմար չի գտնում իր մասնակցությունը «հայրենասիրական ճակատին»։ «ՀԱԱԿ ղեկավար կազմում վերջերս տեղի ունեցած փոփոխությունից հետո էլ (հիշեցնենք՝ կուսակցության հիմնադիր Հովհաննես Հովհաննիսյանից նրա տեղակալ Էդուարդ Անտինյանն առանց աչքը թարթելու խլեց նախագահի աթոռը - Լ. Մ.) ՆԱՏՕ-ին Հայաստանի անդամակցության հարցը մեր կուսակցության համար շարունակում է մնալ որպես գերակա ուղղություն, ուստի վստահեցնում ենք, որ մեր քայլերն այդ ուղղությամբ այսուհետ լինելու են ավելի ակտիվ ու հետևողական։ Տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին, մեր երկրի արտաքին քաղաքական կուրսի հարցում մասնակիցների՝ տրամագծորեն տարբերվող կոշտ դիրքորոշումների պատճառով մեր անդամակցությունն այդ միավորմանը դարձել է աննպատակահարմար»,- ասված է ՀԱԱԿ-ի հայտարարության մեջ։ Այստեղ են ասել՝ ողբամ զքեզ, հայոց աշխարհ, եթե երկրիդ արտաքին քաղաքական կուրսը «գրպանային հայրենասերները» պիտի որոշեն՝ «տրամագծորեն տարբերվող կոշտ դիրքորոշումներով»։ Ասել է, թե՝ կայանալու որևէ շանս չունեցող «ճակատը» էն գլխից «շաշ» է մի աչքով ՆԱՏՕ-ին է նայում, մյուսով՝ Ռուսաստանին։ Ավելի ճիշտ, ձևացնում են, թե Ռուսիո «օրհնած ոտի» «սհաթն» են պահում, իրականում, ստույգ տեղեկությունների համաձայն, որոշ «հայրենասերներ» ֆինանսական ներարկումներ են ստանում Ֆրանսիայից։ Իսկ սա, հասկանում եք, կուսակցությունների մասին օրենքին գոտկատեղից ներքև «քացի» տալու բացահայտ փաստ է։
Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

«Արձագանքն» իրականացրեց հերթական բարեգործական ակցիան
Օգոստոսի 29-ին Մասիս քաղաքում, քաղաքապետ Սաշիկ Հակոբյանի աջակցությամբ, «Արձագանք» բարեգործական-հասարակական կազմակերպությունը ցերեկույթ անցկացրեց շրջանի հաշմանդամ երեխաների համար։ Ինչպես պարզաբանեց «Արձագանքի» նախագահ Սուսաննա Նիկոլայանը` կազմակերպությունը Մասիսի շրջանում շարունակական բարեգործական գործունեություն է իրականացնում շուրջ 300 հաշմանդամ երեխաների և զոհված ազատամարտիկների ընտանիքներին աջակցելու նպատակով։ Միջոցները հիմնականում գոյանում են Հայաստանի գործարար շրջանակների տրամադրած հատկացումներից, սակայն կան նաև ԱՄՆ-ի հայկական բարեգործական կազմակերպությունների հետ համագործակցության ծրագրեր։ Կոնկրետ օգոստոսի 29-ի միջոցառումը, ըստ Սուսաննա Նիկոլայանի, հովանավորել են Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ստեփանյանը և «ՈՒռենի» ռեստորանային համալիրի սեփականատեր Արմեն Բաղդասարյանը։
Գ. Լ.

Դիտվել է՝ 5179

Մեկնաբանություններ