Բոլորը, ովքեր լավ ծանոթ են Ռուսաստանի պատմությանը, քաջատեղյակ են նաև հայտնի արտահայտությանը` «Ռուսաստանը կենտրոնանում է»։ Սա ժամանակին ասել է Ալեքսանդր 2-րդի արտաքին գործերի նախարար, իսկ հետո նաև կանցլեր Ալեքսանդր Գորչակովը` Ղրիմի պատերազմում Ռուսաստանի պարտությունից հետո։ Այն ժամանակ Գորչակովը ջանում էր կառուցել հավասարակշռված արտաքին քաղաքականություն, հետ պահել Ռուսաստանը ռազմական կոալիցիաների ու հակամարտությունների մեջ ներքաշվելուց։ Շատերն այն ժամանակ դա ընկալում էին իբրև ինքնամեկուսացման քաղաքականություն, և այդ պնդումներին ի պատասխան, կանցլերը մի անգամ հայտարարեց. «Ռուսաստանին մեղադրում են, որ նա մեկուսանում է և լռում։ Ասում են նաև, թե Ռուսաստանը նեղացածությունից փքվել է։ Ռուսաստանը չի փքվել, նա համախմբում է ուժերը»։
Անշուշտ, Մոսկվայի ներկայիս ակտիվությունը և գերհավակնությունները նկատի ունենալով, հատկապես «մերձավոր արտասահմանի» երկրների նկատմամբ, վերոնշյալ արտահայտության կիրառումը հազիվ թե տեղին է և իրավիճակին համարժեք։ Սակայն պակաս կարևոր չէ ժամանակին կանխատեսել Ռուսաստանի համար այդպիսի իրադարձությունների հնարավոր զարգացումը և պարզել, թե որքանով են առկա ինքնամեկուսացման ակնհայտ միտումներ։ Ընդ որում, կարևոր չէ, թե ինքնամեկուսացում ասվածը կտարածվի կարճ ժամանակահատվածի վրա, տեղի կունենա սեփական նախաձեռնությամբ կամ էլ այլ աշխարհաքաղաքական խաղացողների ճնշման արդյունքում։ Եթե ենթադրենք, որ Ռուսաստանը հերթական անգամ «կենտրոնանում» է, փոփոխության ենթարկում ռազմավարական գործընկերությունը` տնտեսական շահերի և կասկածելի արտաքին ձեռքբերումների հետ, ապա ակնհայտ է, որ բացառապես Ռուսաստանի` իբրև «ավագ եղբոր» օժանդակությունն ու պաշտպանությունը հուսացող ժողովուրդները կարող են հայտնվել բավական ողբալի իրավիճակում։
Հայաստանում հայ-թուրքական արձանագրությունների և ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ զարգացող տաք բանավեճերի շրջանակից դուրս մնացին Ռուսաստանում տեղի ունեցած մի քանի կարևոր իրադարձություններ, որոնք, սակայն, պահանջում էին և՛ ուշադրություն, և՛ իմաստավորում։ Ամենից առաջ ինտերնետային մի շարք կայքերում հրապարակ եկավ նախագահ Դմիտրի Մեդվեդևի ծրագրային հոդվածը` «Առա՛ջ, Ռուսաստան»։ Իսկ սեպտեմբերին ռուսական իշխանություններն անսպասելիորեն հրավիրեցին մի շարք արևմտյան ընկերությունների ներկայացուցիչների` համատեղ քննարկելու Հյուսիսային Սիբիրի գազի պաշարների արդյունահանման հարցը։ Դեռևս ոչ շատ վաղուց բոլոր հնարավոր միջոցներով արտասահմանյան ընկերությունները դուրս էին մղվում ռուսական տնտեսությունից և ամենից առաջ էներգետիկայի ու հումքային ոլորտներից։ Միխայիլ Խոդորկովսկու հետ կապված պատմությունը և Shell ընկերության հասցեին բնապահպանական նորմերը խախտելու վերաբերյալ մեղադրանքները միայն մասնակի օրինակներ են այդ ընդհանուր պետական քաղաքական կուրսից։ Մինչդեռ Մեդվեդևի հոդվածի հրապարակումն ու արևմտյան «փտած» կապիտալիստների հայտնվելը Սիբիրում միայն առաջին հայացքից փոխկապակցված չեն։ Իրականում դրանք նշանակալի և փոխլրացնող իրադարձություններ էին։
Բայց, նախ, անդրադառնանք Ռուսաստանի նախագահի հոդվածի մի քանի հետաքրքրական դրույթներին։ Միանգամից կարելի է նկատել, որ վերնագիրն արտահայտությունն է այն իրողության, որ խորհրդային «ագիտպրոպի» ավանդույթները Ռուսաստանում չեն մեռել։ Սակայն վերնագիրը բացարձակապես չի համապատասխանում հոդվածի ուղղակի ցնցող բովանդակությանը։ Ռուսական ԶԼՄ-ների պնդմամբ` ո՛չ խրուշչովյան «հալոցքի», ո՛չ էլ գորբաչովյան «վերակառուցման» ժամանակ ռուսական պետության ներսում իրադրությունը երբևէ չի ենթարկվել այսպիսի ջախջախիչ, անգութ ու դրամատիկ քննադատության` նախորդներից ստացած ժառանգության առնչությամբ։ Այդ փաստաթղթում Ռուսաստանի նախագահը խոսում է հետամնաց հումքային տնտեսության, համակարգված կոռուպցիայի, ալկոհոլիզմից մեռնող բնակչության, թերզարգացած քաղաքական համակարգի ու անկայուն Կովկասի մասին։ Եվ անմիջապես հարց է տալիս. «Արդյոք Ռուսաստանն այսպիսի ծանր բեռի պայմաններում կարո՞ղ է ունենալ իր սեփական վաղվա օրը»։
Նախագահի ներկայացրած վիճակագրական տվյալները սարսափելի են։ Նրա պնդմամբ, բնակչությունը տարեցտարի միայն կրճատվում է։ Տարածաշրջանային զարգացման նախարարությունը պնդում է, որ միգրացիոն-ժողովրդագրական խնդիրներն իրենց սրությամբ երկրում առաջնային պլանի վրա են, շուտով Ռուսաստանում չեն լինի աշխատող ձեռքեր, որովհետև այսօր բնակչության 60 տոկոսը ծերերն են, երեխաներն ու հաշմանդամները։ Յուրաքանչյուր րոպե երկրում մեռնում է 5, իսկ ծնվում` միայն 3 մարդ, բնակչության աճն էլ ազգությամբ ռուսների հաշվին չէ։ Ռուսաստանի արտգործնախարարության տվյալներով` վերջին 35 տարիներին Ռուսաստանից արտասահման է մեկնել 40 մլն մարդ։ Երկրի նախագահի մատնանշած տվյալներն աղետի են հավասար հատկապես ալկոհոլի օգտագործման առումով։ Պարզվում է, որ միջին վիճակագրական ռուսաստանցին օգտագործում է տարեկան 18 լիտր սպիրտ, իսկ ՄԱԿ-ի փորձագետների եզրակացության համաձայն` բնակչության մեկ շնչի հաշվով տարեկան 8 լիտր սպիրտի օգտագործումն արդեն հանգեցնում է լուրջ դեգրադացիայի։ Ռուսական ԶԼՄ-ների պնդմամբ, վերջերս Մոսկվայում բացվել է «փոքրիկ հարբեցողների առաջին սթափարանը»։ Յուրաքանչյուր օր հերոինի օգտագործումից երկրում մեռնում է զորակոչային տարիքի 82 մարդ, տարվա ընթացքում` 30 հազար։
Ճգնաժամից դուրս գալու համար Ռուսաստանի նախագահն առաջարկում է երկրի կառուցվածքի ու տնտեսության փոփոխություն և միաժամանակ ընդգծում. «Երկրի պատմության մեջ երկու խոշորագույն մոդեռնացման փուլերը` պետրոսյան կամ կայսերական և խորհրդային, ավարտվեցին քայքայումով, ստորացումով, մեր միլիոնավոր հայրենակիցների ոչնչացումով»։ Սա, թերևս, նշանակում է, որ այժմ այլ ճանապարհ է առաջարկվելու, թեպետ Մեդվեդևը միաժամանակ հավաստիացնում է. «Չենք շտապելու, որովհետև իրավունք չունենք ռիսկի ենթարկելու հասարակական կայունությունը և վտանգի տակ դնելու մեր համաքաղաքացիների անվտանգությունն ինչ-որ վերացական տեսությունների պատճառով»։ Սակայն իբրև ստեղծված իրավիճակի ելք նա մատնանշում է արևմտյան ժողովրդավարության հետ հարաբերությունների ներդաշնակեցումը և ավելացնում. «Սա ճաշակի կամ էլ ինչ-որ անձնական նախապատվությունների, կամ էլ քաղաքական խմբերի նախասիրությունների հարց չէ։ Մեր ներքին ֆինանսական և տեխնոլոգիական հնարավորություններն այսօր բավարար չեն կյանքի որակի իրական բարելավման համար։ Մեզ անհրաժեշտ են եվրոպական երկրների, Ամերիկայի, Ասիայի փողերն ու տեխնոլոգիաները»։
Այս խորապատկերի վրա արևմտյան ընկերությունների ներկայացուցիչների գրեթե սենսացիայի վերածված այցը Հյուսիսային Սիբիր, անկասկած, պատահական չէր, այլ մարտավարական անհրաժեշտություն։ Այդ նույն շարքին պետք է դասել Արևմուտքին ուղղված Պուտինի հետևողական խնդրանքները` իրենց էլ բաժին հանել բարձր տեխնոլոգիաներից, և հավաստիացումները, թե ռուսական կողմից համագործակցությունը կլինի կայուն ու երկարատև։ Իսկ «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերն իր հերթին զգուշացնում է, որ 2012-ին Ռուսաստանը կարող է ունենալ ռեսուրսների պակաս, որը, սակայն, պայմանավորված կլինի ոչ թե դրանց սպառմամբ, այլ ոլորտում անհրաժեշտ ներդրումների բացակայությամբ, ինչի արդյունքում նավթի ու գազի արդյունահանման ոլորտն ուղղակի կփլուզվի։ ՀԼՂ գործակալության հրապարակած տվյալների համաձայն, արդեն այսօր Ռուսաստանի ընդհանուր ՀՆԱ-ն առանձնապես ավելի մեծ չէ ԱՄՆ-ի Լոս Անջելեսի օկրուգի համապատասխան ցուցանիշից։ 1991-ից մինչև 2008-ը Ռուսաստանից կապիտալի մաքուր արտահոսքը կազմել է ոչ պակաս, քան 2 տրիլիոն դոլար։ Նավթի, ուրանի, ոսկու, պղնձի պաշարների շահագործման այսօրվա տեմպերի պահպանման դեպքում դրանք կսպառվեն մոտ 2015-ին, իսկ գազի պաշարները կսպառվեն, լավագույն դեպքում, 20-25 տարի հետո։
Համապատասխանաբար կուտակված խնդիրները լուծելու համար Կրեմլը ստիպված է ու արդեն պատրաստ է դիմելու որոշակի զիջումների։ Ռուսաստանի նախագահն այս կապակցությամբ հոդվածում նշում է. «Մենք պետք է կարողանանք շահագրգռել մեր գործընկերներին, ներգրավել նրանց համատեղ գործունեության մեջ։ Եվ եթե դրա համար ինչ-որ բան է պետք փոխել հենց մեր ներսում, հրաժարվել նախապաշարումներից կամ պատրանքներից, ապա դա պետք է անել։ Ոչ թե կարոտախտը պետք է որոշի մեր արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, այլ Ռուսաստանն արդիականացնելու երկարաժամկետ ու ռազմավարական նպատակը»։ Այս պարագայում հասկանալի է նաև, որ աշխարհաքաղաքականության մեջ ոչ ոք բարեգործությամբ չի զբաղվում, և այն տարբերակը, թե Ռուսաստանը «կամավոր-հարկադրված» է լինելու հրաժարվել իր որոշ առաջնահերթություններից, կարծես, ակնհայտ է։ Հենց այդ տեսանկյունից պետք է դիտարկել նրա վերջին գործողությունները Կենտրոնական Ասիայում, Մոլդովայում, Հայաստանում։ Մեծապետական ոճով հռետորաբանությունը տվյալ դեպքում քիչ է համապատասխանում գործընթացների իրական բովանդակությանը։ Որոշակի հետևություններ անելու առիթ է որոշ ռուսական վերլուծաբանների պնդումը, թե այս անգամ ՈՒկրաինայի նախագահական ընտրություններում Ռուսաստանը չի ունենալու որևէ նախընտրելի թեկնածու, այլ «քաղաքակիրթ ու եվրոպական ոճով կաշխատի ցանկացած նախագահի հետ, ով կընտրվի»։
Բոլոր այս ճշգրտումներից հետո կրկին վերադառնանք հայտնի հոդվածին, ուր Ռուսաստանի նախագահը, փաստորեն, ներկայացնում է եթե ոչ գործողությունների, ապա նպատակների ծրագիր, որոնց, նրա համոզմամբ, երկիրը պետք է ձգտի, որպեսզի կարողանա պահպանել ժամանակակից աշխարհում «գոնե նվազագույն մրցունակություն»։ Հիշեցնենք, որ առայսօր գոյություն չունի Ռուսաստանի զարգացման որևէ ընդհանուր պաշտոնական ծրագիր, բացի կիսաառասպելական «Պուտինի պլանից»։ Եվ ահա հայտնվեց «Մեդվեդևի պլանը» ու, ընդ որում, երկրի ղեկավարը միաժամանակ ընդգծում է` «մեր աշխատանքին խանգարելու են» ու մատնանշում այդ «մութ ուժերին»։ Ըստ նրա, դրանք «ծախու չինովնիկների և ոչինչ չձեռնարկող «ձեռնարկատերերի» ազդեցիկ խմբերն են։ Նրանք շատ հարմար են տեղավորվել։ Նրանք ամեն ինչ ունեն։ Նրանք ոչ մի նոր բան չեն ստեղծում և միաժամանակ չեն ուզում զարգացում, որովհետև վախենում են դրանից։
Եվ այնուհանդերձ, Ռուսաստանի նախագահը լավատեսորեն հռչակում է. «Ապագան նրանց չի պատկանում, այն պատկանում է մեզ»։ Ամբողջ հոդվածի հենց այս հատվածն է իր մեջ պարունակում ու արտացոլում Ռուսաստանում առկա ևս մի կարևոր խնդիր` ազդեցության և իշխանության համար պայքարը։ Ռուսական փորձագետների գնահատմամբ, հոդվածում նախագահի ներկայացրած «էլիտայի» կերպարը կտրուկ դժգոհություն է առաջացրել չինովնիկների ու օլիգարխների շրջանում, որոնցից շատերն անմիջապես հնչեցրել են հակառակ հարցադրումը. «Մի՞թե պարոն Մեդվեդևը, երբ համաձայնում էր նախագահ դառնալ, չէր հասկանում խաղի կանոնները։ Պահեստայինների նստարանը երկար է։ Կա՛մ դու, ինչպես նախկինում, մերն ես, կա՛մ էլ փոխարինող կգտնվի»։ Ավելին, ռուսական քաղաքական շրջանակներում Մեդվեդևի ապագա նախագահության մասին խոսակցություններն ընթանում են հենց այդ ենթատեքստով։ Կան պնդումներ, որ նախագահը, թեկուզ և մեղավորների անուններ չի տվել, բավական տհաճ գնահատականներ է հնչեցրել իր նախորդների կառավարման արդյունքների վերաբերյալ։ Դե, իսկ «Վլադիմիր Վլադիմիրովիչը չի կարողացել դա հանդուրժել» և անմիջապես հասկացրել է, որ ինքն է այն մարդը, ով պետք է որոշի երկրի ապագա նախագահի հետ կապված խնդիրը, հետևաբար և բարձրագույն իշխանության գործողությունների սահմանները։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ