ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

«Ինձ մի քիչ օտար է այն, ինչի մեջ ազգայինը չկա»

«Ինձ մի քիչ օտար է այն, ինչի մեջ ազգայինը չկա»
05.05.2009 | 00:00

«ՀԱՆՈՒՆ ՀՈՐ ԵՎ ՈՐԴՈՒ...»
«Իրավունքը de facto»-ի հարցերին պատասխանում է ԱԼԲԵՐՏ ՄԿՐՏՉՅԱՆԸ
-Ո՞վ եք Դուք` ըստ Ձեզ:
-Ես դեռ փնտրում եմ, հաստատ գիտեմ, որ կինոյով եմ զբաղվում, որ ապրում եմ արվեստի մեջ։ Արդյունքն ինչքանով է լավ, ինչքանով է վատ, ես չէ, որ պիտի ասեմ: Անում եմ այն, ինչ իմ հոգու մեջ կա: Հոգուս մեջ կռիվ կա, որ ինձ երկար տանջում է, և իմ հոգու կռվից ազատվելու համար ես նկարում եմ ֆիլմեր, մնացածը ժողովուրդն է դատում, տեսաբանները, և այլն, և այլն... Համենայն դեպս, ես գոհ եմ այդ կռվից, որ ստեղծել է ֆիլմեր` «Կյանքի լավագույն կեսը», «Հին օրերի երգը», «Մեր մանկության տանգոն», «Շնչառությունը», «ՈՒրախ ավտոբուսը», «Տխուր փողոցի լուսաբացը» և այլն։ Ինձ թվում է` ժողովուրդը գոհ է մնացել, փողոցով գնալիս ես միշտ լսում եմ թևավոր խոսքեր այդ ֆիլմերից։ Այդքան էլ դժվար չէ իմանալ` ո՞վ ես դու, բայց այդ հարցն ինձ բոլորովին չի հետաքրքրել:
-Կյանքը որոշակիորեն փոխվել է, այն չափանիշները, որոնցով ապրում էինք, արվեստ ու մշակույթ էինք ստեղծում, մենք մեզ էինք գնահատում, փոխվել են: Չե՞ք կարծում, որ հասարակությունն ու արվեստագետը այսօր կորցրել են իրենց արժեհամակարգի չափանիշը:
-Շատ տարիներ առաջ, երբ ուսանող էի, գոյություն ուներ արվեստի աշխատողների տունը, և ես երջանիկ մարդ եմ, որ այնտեղ տեսել եմ Ավետիք Իսահակյանին, Հրաչյա Ներսիսյանին, Հովհաննես Շիրազին, Հրաչյա Քոչարին, մեր շատ մեծերի: Մի օր քննարկում էր, ու երիտասարդ, տաղանդավոր, երես առած դերասաններ Ֆրունզիկ Մկրտչյանը, Սոս Սարգսյանը, Խորեն Աբրահամյանը Վահրամ Փափազյանի հետ փորձեցին կատակ անել: Նրանցից մեկը` Ֆրունզիկն էր, թե Խորենը, ասաց. «Վարպետ, Դուք հին ոճի դերասան եք»: Փափազյանը զարմացած նայեց նրանց և հանկարծ մի կտոր խաղաց «Օթելլոյից»: Իսկ Փափազյանին գնահատելու համար նրան ամեն օր պետք էր բեմում տեսնել, նա վարպետությամբ կարող էր հուզել հանդիսատեսին, բայց այդ օրերից մի օր նա իսկապես խաղում էր, իսկապես վերարտադրում էր կերպարը ու պետք էր նրան տեսնել այդ օրը, դա ամենահզոր ներկայացումն էր: Երբ Վահրամ Փափազյանն արվեստի աշխատողների տան այդ փոքրիկ բեմի վրա Օթելլո խաղաց, թնդացին բուռն ծափահարությունները, իսկ նա շրջվեց այդ երեքի կողմն ու իրեն դիմողին ասաց. «Լակոտ, այն, ինչ տաղանդավոր է` նոր է, այն, ինչ անտաղանդ է` հին է»: Այնպես որ, նորի ու հնի չափանիշները մի քիչ ուրիշ են: Դասական ու ժամանակակից պիեսներ են բեմադրում, դասականը կարող է ավելի ուժեղ ու այս օրվա լինել: Վերջին հաշվով` ի՞նչ է արվեստը: Արվեստը պիտի հուզի` և՛ թատրոնը, և՛ կինոն, և՛ կերպարվեստը, և՛ երաժշտությունը, մարդը պիտի հուզվի, պիտի հագենա իր ապրած վայրկյաններով: Նույնիսկ անցյալի հագուստներն են ժամանակ առ ժամանակ վերադառնում, ես չեմ կարծում` մարդկության երևակայությունը կարճ է ու փոքր, բայց մանրամասներն են ավելացվում, հիմքը մնում է: Եթե այսօր կյանքը փոխվում է, եթե այսօր շատ ու շատ տհաճ բաներ ենք տեսնում կամ հաճելի, բնական երևույթ է: Արվեստագետը չպիտի արհեստականորեն փոխի իր տեսակետները:
-Խնդիրը արհեստականորեն փոխելը չէ, պարզապես այն արժեքները, որոնք երեկ իրական էին, որոնցով ապրում էինք, այսօր չեն գործում: Դա վերաբերում է կյանքի բոլոր ոլորտներին, մարդկային հարաբերություններին, ոչ միայն մշակույթին։
-Դա բնական է, դա կանցնի, և իսկապես արժեքավոր երևույթներ կծնվեն: Անցման շրջան է, վերջին հաշվով` արվեստում և՛ տեղատվություններ են լինում, և՛ մակընթացություններ։ Այդպիսի ժամանակներ եղել են, կան և էլի կլինեն: Հիմա արվեստի շատ տեսակներ կան, բոլորը ձգտում են հասնել եվրոպական մակարդակի, բայց կորցնում են ազգային չափանիշները:
-Իսկ մենք, իրոք, գիտե՞նք այդ չափանիշները, մենք գիտե՞նք եվրոպական արվեստը...
-Ինչո՞ւ միայն եվրոպական, բրազիլական, արգենտինական, մեքսիկական: Մենք կիլոմետրերով ֆիլմեր ենք տեսնում ամեն օր: Երեկվա դպրոցն ավելի լուրջ դպրոց էր, երեկ երեխաներն ավելի լուրջ կրթություն էին ստանում, եթե այսօր դպրոցն ավարտողները Թումանյան չեն ճանաչում, անցած տարիներին 2-3-րդ դասարանից գիտեին: Եթե այսօր Նարեկացուց մինչև Չարենց, այսօրվա լավագույն բանաստեղծների ու արձակագիրների մասին հաղորդումներ չկան, երեկ հաղորդումների շարքեր կային։
-Հիմա ամբողջ մի ալիք կա, որ հին հաղորդումներն է ցույց տալիս, կամ` գովազդ ու ֆուտբոլ:
-Հեռուստաթատրոն կար, գրական հաղորդումներ կային, Արմեն Հովհաննիսյանի երաժշտական «22.30»-ը կար, նայում էին ոչ միայն երեխաներն ու երիտասարդները, այլև ծերերը, այսօր մենք սնվում ենք տարատեսակ ընդօրինակված շոուներով: «Շանթ» հեռուստաընկերությամբ մի երկու օր առաջ նայում էի` ոնց են տանգո պարում արտասահմանցի պրոֆեսիոնալները, ու ապշել էի` մի՞թե չեն ամաչում նման բան տեսնելուց հետո իրենց անորակ ընդօրինակություններից: Բայց ես հավատում եմ, որ անցման շրջան է, դրանք օրինաչափ երևույթներ են, օրինաչափ ու անցողիկ: Ես մի քիչ պահպանողական եմ, ինձ մի քիչ օտար է այն, ինչի մեջ ազգայինը չկա:
-Մտավորական և հասարակություն։ Ձեր կարծիքով` մտավորականը քաղաքացուն պիտի առաջնորդի՞, նրա կողքի՞ն լինի, թե՞ հետևի նրան։ Առաջ ասում էին, որ մտավորականը նախ և առաջ քաղաքացին է, այսօր ո՞վ է:
-Ես նախ և առաջ ուզում եմ հայ մնալ:
-Ի՞նչ է այսօր նշանակում հայ մնալ:
-Հայ մարդը պիտի սիրի իր հողը, փողոցի ծառը, սիրի իր երկրի արևածագը, իր երկրի մայրամուտը, սիրի իր երկրի անձրևը, հողը, դիմացի հային, սիրի իր պետականությունը, իր մեծերի ու նախնիների պանթեոնը: Հայ մնալը դա է, բայց դա բառերով չի բացատրվում, պիտի ստեղծագործի, աշխատի` հանուն իր հոր ու որդու: Ամբողջ բնությունը հիմնված է երկու սկզբի վրա` սեքս ու սերունդ. ուր ուզում ես գնա, նույն պատմությունն է` հողի մեջ, ջրի մեջ, օդի մեջ, երկրի վրա։ Ամեն մեկն իր տեսակի կյանքի իրավունքն է պաշտպանում, շարունակականությունը:
-60-ականներին եկավ Հենրիկ Մալյանը, եկավ Ֆրունզե Դովլաթյանը, եկավ Ալբերտ Մկրտչյանը, ու մի 20-25 տարի հայկական կինո ունեինք, հետո նրանք գնացին ու վերջին մոհիկան մնաց Ալբերտ Մկրտչյա՞նը։
-Ինչո՞ւ Ալբերտ Մկրտչյանը, կա Երվանդ Մանարյանը, կա Ներսես Հովհաննիսյանը, սերունդ կա, շնորհքով ու տաղանդավոր երիտասարդներ կան:
-Շնորհքով երիտասարդներ կան, հայ կինոն ո՞ւր է։
-Հայ կինոն կա: Անպայման կգան երիտասարդներ ու կփոխարինեն, ժամանակ է պետք վերածնվելու։
-Ես չէի կասկածում, որ այդ պատասխանն է հնչելու, բայց հարցերի հարցը մնում է նույնը` ե՞րբ: Ե՞րբ է լինելու մեր արվեստի այն մակարդակով ու որակով տեսակը, որ փակի կիլոգրամներով հաշվարկվող օտարածինի մուտքը:
-Գովազդել է պետք հայ կինոն, հայ թատրոնը։ Տեսեք` այսօր ինչ է պրոպագանդվում, ինչն է առաջ մղվում։ Փող լինի` թատրոնն ու կինոն էլ կգովազդվեն, այնքան արագ են առաջ գնում օրերն ու տարիները, և շահում են նրանք, ովքեր և՛ շնորհք ունեն, և՛ փող` շոուներ են անում, ամեն օր երգիչներ են ծնվում` աստղեր:
-Հանդիսատեսի իմ տեսակը կյանքի մասին ինչ-որ բան հասկանալու համար նախընտրում է «Հին օրերի երգը»:
-Տեղի է ունեցել հասարակարգի փոփոխություն: Ժամանակ է պետք, որ փոքրից մինչև մեծը այս հասարակության բարքերով սնվեն ու իրենք վերապրեն: Ես չեմ ուզում ինչ-որ վատ երևույթի մասին խոսել, քննադատել, ջարդել, փշրել, բայց կողքին լավն էլ կա, չէ՞:
-Այս պահին կինոյում ու թատրոնում ինչո՞վ եք զբաղված:
-Թատրոնում բեմադրության եմ պատրաստում «Ֆիլումենա Մարտուրանո» պիեսը: Թատրոնը հիմնականում շրջագայելով է զբաղված, հյուրախաղերով լինում ենք ամբողջ Հայաստանում: Դա Մհեր Մկրտչյանի սկզբունքն էր, Հայաստանում այնպիսի քաղաք ու գյուղ չի եղել, թեկուզ երեք տուն ունեցող, որ Մհերը ելույթ ունեցած չլինի: Մենք դեկտեմբերին Իջևանում էինք, սահմանապահների համար ներկայացում խաղացինք, ֆիլմեր ցույց տվեցինք, զինվորներ կային, որ չգիտեին` ինչ է թատրոնը, մենք ամբողջ գիշեր խրամատներում խարույկի շուրջ արտասանում էինք, երգում էինք, երկնքից թափվում էին ձյան փաթիլները, առավոտյան ձմեռ էր արդեն: Ծրագրել ենք` շուտով գնալու ենք Սիսիան, Գորիս, Կապան, Քաջարան, Մեղրի, նաև Նոյեմբերյան, Ալավերդի, ոչ միայն ներկայացումներ ենք տալու, այլև հանդիպումներ ենք ունենալու: «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնը միայն Երևանի համար չէ, սահմանամերձ գոտիների ժողովուրդը մայրաքաղաքի բնակիչներից պակաս չէ, արվեստը պիտի հասանելի լինի բոլորին:
-Ո՞րն է լինելու Ձեր հաջորդ ֆիլմը:
-Ես երազում եմ Մհեր Մկրտչյանի մասին ֆիլմ նկարել, ինչն ինձ համար շատ դժվար է, բայց և շատ հեշտ, գեղարվեստական ֆիլմ:
-Ո՞վ է խաղալու Մհեր Մկրտչյանի դերը, Դո՞ւք:
-Դեռ չգիտեմ:
Զրուցեց Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ

Դիտվել է՝ 3031

Մեկնաբանություններ