«ՀԱՅԸ ՉՏԵՍՆՎԱԾ ՍԻՐՈՒՆ Է ՀԱՏԿԱՊԵՍ ԻՐ ՆԵՐՔԻՆՈՎ»
…և ոչ միայն մշակույթի մասին
«Ոսկե ծիրան» միջազգային վեցերորդ կինոփառատոնը դարձյալ առիթ դարձավ իրարամերժ կարծիքների բախման: Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ ՌՈՒԲԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆՑՆ այս հարցազրույցի միջոցով հերթական անգամ հրապարակավ իր վերաբերմունքն է արտահայտում փառատոնի նկատմամբ:
«ԻՆՉ ՀՈԴՎԱԾՆԵՐ, ԻՆՉ ԽՈՍՔԵՐ ԻՄ ԱՆՈՒՆԻՑ ՏՊԱԳՐՎԵԼ ԵՆ, ԲՈԼՈՐԸ ՍՈՒՏ ԵՆ»
-Պարոն Գևորգյանց, ինչպե՞ս եք վերաբերվում «Ոսկե ծիրան» փառատոնին, մեկ խոսքով՝ նրա ջատագո՞վն եք, թե՞ քննադատը:
-Նախ և առաջ ուզում եմ ասել, որ ես «Ոսկե ծիրան» փառատոնի կատաղի պաշտպանն եմ: Սիրում եմ այդ փառատոնը: Եվ կարծում եմ, որ եթե անկախության տարիներին մենք ունեցել ենք մի քանի հաջողություն, ապա դրանցից մեկը «Ոսկե ծիրանն» է, որովհետև այդ փառատոնը շատ անհրաժեշտ է մեր երկրին, հայությանը: Իսկ նրան, ինչ անհրաժեշտ է մեր երկրին, ես երկու ձեռքով կողմ եմ: Սրտացավ մարդը սիրում է իր ազգային արժեքները, բայց այդ արժեքները կարող են ունենալ որոշ թերություններ: Հարկավոր է միջամտել, ուղղել դրանք, խորհուրդներ տալ: Իմ կողմից բանավոր զրույցներում եղել է թեթև քննադատություն փառատոնի հասցեին. վերջապես, ես «Ոսկե ծիրանի» գեղխորհրդի անդամ եմ և հիմնադիրներից մեկը: Պարզ է, որ մեր միությունը կողմ է այդ փառատոնին: Ինչ հոդվածներ, ինչ խոսքեր իմ անունից տպագրվել են, բոլորը սուտ են: Այնպիսի տպավորություն է, որ ինչ-որ մարդիկ հատուկ ուզում են կոնֆլիկտ սարքել կինեմատոգրաֆիստների միության և «Ոսկե ծիրանի», Ռուբեն Գևորգյանցի և Հարություն Խաչատրյանի միջև: Չկա այդպիսի բան: ՈՒրիշ բան, որ մարդը կարող է հիվանդ երևակայություն ունենալ և յուրաքանչյուր խոսք ընկալել իբրև անձնական վիրավորանք: Բայց ես անձամբ, կրկնում եմ, շատ եմ սիրում «Ոսկե ծիրանը», որովհետև այն բարձրացնում է Հայաստանը:
-Այս տարի փառատոնը բացվեց Ալեն Թերզյանի «Մերձավոր շրջապատ» ֆիլմով՝ Ժան Ռենոյի գլխավոր դերակատարմամբ: Մալաքյանների հայկական ընտանիքը ներկայացված էր մաֆիոզի իմիջով, մի հանգամանք, որ քիչ կրքեր չբորբոքեց հասարակության մեջ: Ձեր կարծիքը:
-Անկեղծ ասած՝ ես այդ ֆիլմով չէի բացի փառատոնը: Գուցե կազմակերպիչները լավ չե՞ն նայել ֆիլմը, չգիտեմ: Ես այդ ֆիլմը չէի ցուցադրի փառատոնի բացմանը, որի ընթացքում նստած են բազմաթիվ արտասահմանցի հյուրեր և տեսնում են հային, ես կասեի` ոչ թե մաֆիոզի, այլ բանդիտի, մարդասպանի իմիջով: Չէի ուզենա, որ այդ ֆիլմն առհասարակ ցուցադրվեր Եվրոպայում: Բայց, ի վերջո, բացվեց, թե չբացվեց այդ ֆիլմով փառատոնը, նշանակություն չունի: Մեզ հետաքրքրում է, թե այդ փառատոնն ինչ է բերում Հայաստան: Այդ յոթ օրվա ընթացքում Հայաստանում նկատվում են շատ դրական էմոցիաներ, աժիոտաժ, ակտիվացած երիտասարդություն: Այսինքն՝ տոն է: Ես կողմ եմ տոնին: Իսկ եթե ինքս որոշողը լինեի, փառատոնը կբացեի հայկական ֆիլմով՝ Սուրեն Բաբայանի «Մի՛ նայիր հայելու մեջ» ֆիլմով՝ նկարված Պերճ Զեյթունցյանի ստեղծագործության հիմքով: Սա մի հոյակապ ֆիլմ է: Բայց յուրաքանչյուր փառատոնի պատասխանատու, ստեղծող ինքն է որոշում այս հարցերը: Հարություն Խաչատրյանը «Ոսկե ծիրան» փառատոնի ստեղծողն է, ինքն է այն պրոբլեմի տերը, թե ինչ ֆիլմով բացել փառատոնը: «Ես եմ» միջազգային երիտասարդական փառատոնի տերը, օրինակ, ես եմ, այսինքն՝ կինեմատոգրաֆիստների միությունը: Այն այս տարի կանցկացվի հինգերորդ անգամ: Այս փառատոնը ինչպես կբացենք, ինչպես կփակենք, որոշողը մենք ենք: Սա իմ, մեր խմբի ստեղծած փառատոնն է, և մենք պատրաստ ենք լսելու թե՛ գովեստ, թե՛ քննադատություն:
-«Ոսկե ծիրանի» արժանացած վրացական «Մյուս ափը» ֆիլմում ակնհայտ հակառուսական շեշտադրումներ կան: Սա ռուսներին չի՞ չարացնի մեր փառատոնի և հենց հայերի դեմ:
-Ես չեմ տեսել ֆիլմը: Բայց եթե այն պատմում է վրաց-աբխազական կոնֆլիկտի մասին, պարզ է, որ պիտի այնտեղ լինի ռուսական ֆակտորը: Պարզ է նաև, որ վրացիները պիտի հակառուսական շեշտադրումներ անեին: Բայց «Ոսկե ծիրանը» բաց փառատոն է: Ով ինչ ուզում է, բերում ու ցուցադրում է: Միայն թե ֆիլմում չլինեն պատերազմի կոչեր, ազգամիջյան թշնամանքի հորդորներ:
-Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռներ» ֆիլմը ներկայացված էր Մոսկվայի 31-րդ միջազգային կինոփառատոնում, ինչպես և «Ոսկե ծիրանի» խաղարկային ֆիլմերի միջազգային մրցույթ անվանակարգում: Ի՞նչ կարծիքի եք այդ ֆիլմի մասին:
-Ես երևի դրա առաջին դիտողներից եմ եղել և այն հավանում եմ: Կուլտուրայով արված աշխատանք է, ուրիշ մակարդակ է: Գուցե և դրամատուրգիական ինչ-ինչ շեղումներ ունի, բայց որպես պրոֆեսիոնալ՝ այդ ֆիլմը հավանում եմ: Հավանում եմ նաև Էդգար Բաղդասարյանի «Մարիամը», Սուրեն Բաբայանի, Միքայել Դովլաթյանի նոր գործերը: Դրանք յուրահատուկ ֆիլմեր են: Չեմ ասում, թե բոլոր ֆիլմերը պետք է արվեն այս ձևի, այս ոճի մեջ: Բայց թվարկածս աշխատանքներում ինչ-որ ճեղքում կա: Սրան հասնելու համար մենք որոշակի քայլեր ենք ձեռնարկել: Եղավ մի շրջան, երբ ով ասես՝ կինո էր նկարում և պարտադրում իր օրենքները: Կինեմատոգրաֆիստների միությունը և Ազգային կինոկենտրոնը պայքարեցին, որպեսզի սիրողական մակարդակի կինո նկարողները դուրս գան պրոֆեսիոնալ կինոյի ասպարեզից:
-ՈՒրիշ ի՞նչ կինոփառատոներ են անցկացվում Երևանում:
-Հայաստանում այսօր անցկացվում է չորս կինոփառատոն: Ամենամեծը, Եվրոպայում ճանաչվածը «Ոսկե ծիրանն» է, մյուսը «Ես եմ» փառատոնն է, որին մասնակցում է 16-20 երկիր: Մեր փառատոնում մրցանակի արժանացած ռեժիսորը` Արկադի Մկրտչյանը, այս տարի «Ոսկե ծիրանում» ստացավ «Գրան պրի» մրցանակ «Հայկական համայնապատկեր» անվանակարգում. այսինքն՝ մեր աճեցրած կադրերը հաջողություն են ունենում «Ոսկե ծիրանում»: Երրորդը կանանց միջազգային կինոփառատոնն է, չորրորդը՝ մանկական միջազգային փառատոնը:
-Ե՞րբ է անցկացվելու «Ես եմ» փառատոնը:
-Չորս տարի մենք այն սկսել ենք մայիսի 1-ին: Ֆիլմերը ցուցադրվել են մեր դահլիճում: Այս տարի կանենք սեպտեմբերի 25-30-ին: Քանի որ մեր դահլիճը վերանորոգման մեջ է, ֆիլմերը կցուցադրվեն «Մոսկվա» կինոթատրոնում: Հիմա կատարվում է ֆիլմերի ընտրությունը: Ներկայացված է 200 ֆիլմ, այս տարի ուզում ենք խիստ լինել մեր ընտրության մեջ:
-Թուրքական ֆիլմերը դարձել են մեր կինոփառատոների բաղկացուցիչ մասնիկը: Ի՞նչ եք կարծում՝ ադրբեջանական կինոն երբևէ մուտք կունենա՞ այստեղ:
-Ադրբեջանական ֆիլմերը շատ հանգիստ կարող են ցուցադրվել այստեղ, ուղղակի ադրբեջանցիք են վախենում և՛ ֆիլմ ուղարկել և՛ անձամբ ներկա լինել մեր փառատոներին: Իրենց մոտ ներքին չգրված օրենք կա, որ եթե ինչ-որ մեկը նման քայլ անի, կդառնա ազգի դավաճան: Ես մտածում եմ, որ եթե մենք հաղթանակած երկիր չլինեինք այս պատերազմում, ու Բաքվում փառատոն անցկացվեր, մենք էլ մեր հայրենակիցներին չէինք ների այդ փառատոնին մասնակցելու համար: Այնպես որ, ես ադրբեջանցիներին այս հարցում հասկանում եմ:
«30-40 ՓԱՍՏԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄ Է ՆԿԱՐՎԵԼ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ, ՄԵԶ ՈՉ ՈՔ ՉԻ ԳՈՎԵԼ ԿԱՄ ՓՆՈՎԵԼ ԴՐԱ ՀԱՄԱՐ»
-Որքանո՞վ են շաղկապված կինոն և քաղաքականությունը:
-Ցավոք, կինոն կապված է քաղաքականության հետ, անկախ այն բանից՝ ուզո՞ւմ ենք մենք դա, թե՞ ոչ: Ես ազգայնական եմ, և ինձ համար ամենակարևորն այն է, որ մեր ազգը լավ կողմերով երևա: Չեմ ասում՝ բոլորը և ամեն ինչ լինեն լաքապատ, փայլեցրած, մաքուր ու սիրուն: Թող լինեն աղքատ, բայց հոգեպես հարուստ: Դժբախտաբար, վերջին տարիների ֆիլմերն այս իմաստով ինձ չէին գոհացնում, որովհետև մենք դրսի շերտն էինք ցույց տալիս, ներս չէինք մտնում: Իսկ հայը չտեսնված սիրուն է հատկապես իր ներքինով: Հարկավոր է ուղղակի կարողանալ մտնել հայի ներսը: Օրինակ՝ Արարատ սարն այս կողմից չափազանց սիրուն է, այն կողմից` հեչ բան է: Պետք է գտնել ու նկարել ճիշտ կողմը: Նույնն է և կինոյում: Կինոն և՛ գաղափարախոսություն է, և՛ քաղաքականություն: Այո՛, քաղաքականություն է: Եվ այդ էտալոնով պետք է կինոն գնահատվի: Զուտ էքսպերիմենտալ կինո նկարելու, զուտ արվեստ ստեղծելու համար մեծ շնորհք է պետք ունենալ: Եվ դա հաջողվում է միայն որոշ մարդկանց: Օրինակ՝ Փարաջանովի ֆիլմերում քաղաքականություն չկա, բայց կա գերիշխող արվեստ:
-Շատ է խոսվում այն մասին, որ մեր ազգային զարթոնքի, արցախյան պատերազմի թեման իր հնչեղ արտահայտությունը չի գտել կինոյում, առհասարակ՝ արվեստում: Սա տաղանդավոր արվեստագետների պակասո՞վ է բացատրվում, թե՞ դեռևս չի հասունացել այս թեմաներին անդրադառնալու պահը:
-Դա պայմանավորված է մեր պետության քաղաքականության թերությամբ: Ես իրանա-իրաքյան պատերազմի ժամանակ գտնվում էի Իրաքում: Եվ հիշում եմ, որ Սադամ Հուսեյնը միլիոններ էր ծախսում, տարբեր երկրներից հրավիրում ռեժիսորներ, որպեսզի ֆիլմեր նկարեին իրենց պատերազմի, իրենց պատմական ճշմարտությունների մասին: Մի անգամ չեղավ, որ մեր պետությունը (խոսքս վերաբերում է բոլոր նախագահների իշխանության տարիներին) մեզ կանչի ու ասի, որ այսքան փող ենք տալիս, այսպիսի ֆիլմ նկարեք պատերազմի մասին: 30-40 փաստագրական ֆիլմ է նկարվել պատերազմի մասին, մեզ ոչ ոք չի գովել կամ փնովել դրա համար: Անտարբեր վերաբերմունք է այդ ամենի նկատմամբ: Նույնն էլ խաղարկային կինոյի դեպքում է: Մինչև այսօր մի խաղարկային հաջողված ֆիլմ է ստեղծվել պատերազմի թեմայով՝ Գոռ Վարդանյանի «Ճակատագիր» ֆիլմը՝ Քարինտակ գյուղի գրավման մասին: Շատ լավ ֆիլմ է, ստացել է երկու խոշոր մրցանակ ամերիկյան կինոփառատոներում, հիմա էլ ներկայացված է պետական մրցանակի: Շատ ճիշտ ֆիլմ է, և կարծում եմ, որ ամբողջ ուսանողությունը, երիտասարդությունը պարտադիր պիտի նայի այն: Այս ֆիլմում երևում է, թե որտեղ է մեր ազգի ուժը: Ճիշտ է, կան որոշ թերություններ (անթերի ֆիլմ գոյություն չունի), բայց ընդհանուր առմամբ շատ անհրաժեշտ ֆիլմ է:
-Մեր կինոաշխարհը ներուժի մե՞ծ արտահոսք է ունեցել անկախության շրջանում:
-ՈՒնեցել է արտահոսք, բայց դա էական ազդեցություն չի ունեցել մեր կինոյի վրա: Հիմնական ուժերը՝ Վիգեն Չալդրանյան, Սուրեն Բաբայան, Միքայել Դովլաթյան, Գեորգի Կևորկով, Հարություն Խաչատրյան, մնացել են այստեղ: Էլ չեմ խոսում վավերագրողների մասին: Մենք չունենք այնպիսի ռեժիսոր, որ գնացել է դուրս և այնտեղ հասել հաջողության: Մեր իսկական, կարող արվեստագետները ո՛չ Ռուսաստան են գնացել, ո՛չ Արևմուտք, նրանք այստեղ են:
«ԿԻՆՈ ՍՏԵՂԾՈՂՆԵՐԸ ԿԱՐԾԵՍ ՄԻ ԸՆՏԱՆԻՔ ԼԻՆԵՆ»
-Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը վերջերս անցկացրեց հերթական համագումարը, Դուք վերընտրվեցիք նախագահ: Մյուս ստեղծագործական միություններին բնորոշ խժդժություններից անմա՞սն է Ձեր ղեկավարած կազմակերպությունը:
-Ես ընտրվել եմ միաձայն: Մեկը շատ հետաքրքիր օրինակ բերեց, ասաց, թե գրողը մենակ է նստում թղթի առաջ ու գրում, նկարիչը մենակ է իր նկարակալի առաջ նկարում, կոմպոզիտորը մենակ է երաժշտություն գրում, իսկ կինոն սինթետիկ արվեստ է, այն ստեղծում են մի քանի հոգով, կինո ստեղծողները կարծես մի ընտանիք լինեն: Կինոմիությունն էլ է մի յուրօրինակ ընտանիք, ու այստեղ տարաձայնություններ գրեթե չեն լինում: Ես և մեր վարչությունը շատ թափանցիկ ենք աշխատում: Եթե ինչ-որ բան ենք ուզում անել, հավաքում ենք բոլորին, հայտնում մեր մտադրությունների մասին, կարծիք ենք հարցնում: Մոտ 200 անդամ ունենք, և բոլորի հետ փորձում ենք խորհրդակցել: Հիմա էլ շատ մեծ ծրագրեր ունենք՝ կապված մեր շենքի շինարարության հետ:
-Շինարարությունն ավարտվելուց հետո Հենրիկ Մալյանի թատրոնը կշարունակի՞ գործել այս շենքում:
-Այո՛, Հենրիկ Մալյանի թատրոնը Ազգային կինոկենտրոնի և մեր թատրոնն է ու միշտ այս շենքում տեղ կունենա: Մենք անհատույց տրամադրում ենք տարածք, հոգում կոմունալ ծախսերը, կինոկենտրոնը վճարում է աշխատավարձերը (դրանք, իհարկե, շատ ցածր են): Մինչև տարեվերջ ամբողջովին կվերանորոգվի դահլիճը, կփոխվեն նստատեղերը, կուլիսների, գրիմանոցի համար տարածք կհատկացվի: Ավելի մեծ բան էինք ուզում անել: Գտել էինք ինվեստորներ, որ պատրաստ էին 4-5 մլն դոլար ներդնել այդ ծրագրերն իրագործելու համար, բայց ճգնաժամը խանգարեց: Մենք ուզում ենք, որ այդ դահլիճը ծառայի ոչ միայն Մալյանի թատրոնին, այլև այդտեղ լինեն համերգներ, բանաստեղծական երեկոներ, մշակութային տարբեր ուղղվածության միջոցառումներ:
-Որպես կինոռեժիսոր՝ ի՞նչ ստեղծագործական ծրագրեր ունեք:
-Վերջերս ես և որդիս` Վահե Գևորգյանցը, ավարտեցինք Տոնինո Գուերայի մասին ֆիլմը, որը ներկայացվելու է «Օսկարի»՝ և՛ Ամերիկայի, և՛ Հայաստանի կողմից: Այդ գործի հետ կապված փաստաթղթային ձևակերպումները շատ աշխատատար են, բայց կարծես թե հասցնում ենք: Մեր ֆիլմարտադրության, ֆիլմի որակի ստանդարտները չեն համապատասխանում ամերիկյան չափանիշներին: Ամերիկայում ապրող հայտնի պրոդյուսեր Հայկ Բաքրջյանն իր վրա է վերցրել ֆիլմն ամերիկյան ստանդարտներին համապատասխանեցնելու հետ կապված բոլոր ծախսերը: Կա հայկական գեղարվեստական կազմակերպություն՝ «AFMA» (ղեկավարներ՝ Սիլվա Մինասյան, Զարուհի Խաչատրյան), որը զբաղվելու է մեր ֆիլմի PR-ով: Մեզ մոտ էլ ստեղծված է 17 հոգուց բաղկացած անկախ արվեստագետների հանձնաժողով՝ Դավիթ Մուրադյանի ղեկավարությամբ, որը ևս տվել է իր համաձայնությունը` ֆիլմն «Օսկարի» ներկայացնելու համար: Ֆիլմը փաստագրական է, տևողությունը՝ 52 րոպե: Ներկայացվելու է օտարերկրյա ֆիլմերի անվանակարգում: Հիմա որդիս ավարտում է աշխատանքները եղբորս սցենարով նկարահանվող ֆիլմի վրա: Այն պատմում է երկու երեխաների մասին, որոնք 12-13 տարեկան են: Մեկը հայ է, մյուսը՝ ադրբեջանցի: Նրանց հետ նաև մի շուն կա: Նրանք հանդիպում են պատերազմի ժամանակ, հայկական մի գյուղում: Սա սովի մատնված երեխաների և շան մեկ օրվա պատմությունն է՝ գեղարվեստական ֆիլմի ժանրում: Իսկ ես մի ֆիլմ եմ նկարում, որ կոչվում է «Կանանց մոլորակ»: Այն պատմելու է կանանց մասին, փորձելու է պարզաբանել՝ արդյո՞ք տղամարդիկ գիտեն, թե ինչ է կինը: Կարծում եմ՝ չգիտեն:
Զրույցը վարեց Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ