DIGITEC-2008
Այսօր մեկնարկում է DigiTec-2008 տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ցուցահանդեսը։ Այն անցկացվում է Epygi office park-ում։ Արդեն չորրորդ անգամ անընդմեջ անցկացվող այս միջոցառումն ավանդապես կազմակերպվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո։
DigiTec-ի հիմնական նպատակն է ՏՀՏ ընկերությունների, բիզնես, պետական և անհատ սպառողների ու հասարակության միջև ստեղծել բարենպաստ գործարար միջավայր։ Բացի այդ, ցուցահանդեսը հայաստանյան ՏՀՏ դաշտի իրական պատկերն ուսումնասիրելու, ձեռքբերումներին ծանոթանալու, առկա մարտահրավերները տեսնելու հնարավորություն է տալիս։
Ցուցահանդեսին նախորդած մամուլի ասուլիսում Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը ծանոթացրեց այն հիմնական միջոցառումներին, որոնք տեղի են ունենալու DigiTec-ի շրջանակներում։ Ցուցահանդեսի աշխատանքային երեք օրերի ընթացքում անցկացվելու են «DigiTec-բիզնես լուծումներ», «DigiTec-էլեկտրոնային կառավարում» ֆորումները, «DigiLife» սեմինարների շարքը։ Փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման աջակցման ազգային կենտրոնի նախաձեռնությամբ տեղի է ունենալու նորարարական ֆորում, որտեղ ներկայանալու են նորաստեղծ ընկերությունները։
DigiTec-ին կմասնակցեն մոտ 50 տեղական և միջազգային ընկերություններ, որոնց թվում են նաև առաջին անգամ Հայաստանում իրենց արտադրանքը ցուցադրող «Մոսկովսկի տելեպորտ» և «Softline» ռուսական ընկերությունները։ Ցուցահանդեսին ակնկալվում է 12000-15000 այցելու։
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանն ընդգծեց մի քանի հանգամանք, որոնք բացառիկ են դարձնում DigiTec-ը։ Ըստ նրա՝ այն մի հարթակ է, որտեղ հասարակությունը ծանոթանում է տեղեկատվական տեխնոլոգիաների հետ։ Արտասահմանյան ներդրողների համար DigiTec-ը դարձել է որոշում կայացնելու տեղ։ Բացի այդ, ցուցահանդեսը մեծ հետաքրքրություն է առաջացնում նաև երիտասարդների մեջ։ Ցուցահանդեսի շրջանակներում անցկացվող միջոցառումները նաև ուսուցողական բնույթ ունեն, որոնք երիտասարդներին օգնում են որոշումներ կայացնելու, ուղղություններ գտնելու, նաև սեփական կարիերան ձևավորելու առումով։
«Մայքրոսոֆթ RA» ընկերության տնօրեն Գրիգոր Բարսեղյանն ընդգծեց, որ ամեն տարի DigiTec-ում արձանագրվում է և՛ քանակական, և՛ որակական աճ։ «Սա հաջողված մի փորձ է, որտեղ համագործակցում են պետական մարմինները, մասնավոր հատվածը, հասարակական կազմակերպությունները և խոշոր միջազգային ընկերությունները։ DigiTec-ը ՏՏ ոլորտի խոշորագույն միջոցառումներից է, որի մասին արձագանքն այսօր տեսնում ենք համաշխարհային մամուլում։ Սա մի առիթ է, որ հանրությանը, տեղական բիզնեսին ցույց տանք, թե ՏՏ-ն ինչպես կարող է փոխել բիզնեսը, կառավարման համակարգերը Հայաստանում»,- նշեց Գ. Բարսեղյանը։
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բ. Ենգիբարյանի տեղեկացմամբ՝ 2008 թ. ՏՏ ոլորտում արձանագրվել է էական աճ։ Նկատվել է և՛ կազմակերպությունների թվի, և՛ եկամուտի աճ։ Այսօր Հայաստանում ունենք ՏՏ ոլորտում գործունեություն ծավալող 120 կազմակերպություն, որոնց շրջանառությունը կազմում է ավելի քան 100 մլն ԱՄՆ դոլար։ Նկատվել է աշխատուժի 15 տոկոս աճ։ Ընդ որում, աշխատողների թվի ոչ մեծ ավելացման պայմաններում ունենք արդյունավետության էական աճ, որը հանգեցնում է եկամուտների ավելացման։ ՏՏ ոլորտի նեղ մասնագիտական անձնակազմը հասնում է վեց հազարի, իսկ աջակցող անձնակազմի հետ այդ թիվը կազմում է ութ հազար։
Նշենք, որ DigiTec-ին զուգահեռ՝ հոկտեմբերի 4-5-ին Երևանում անցկացվելու է նաև «Արմթեք» կոնգրեսը, որը ՏՀՏ ոլորտի սփյուռքահայ մասնագետների հավաք է։ Այս երկու խոշորագույն միջոցառումների ժամանակային համատեղումը համագործակցության նոր շրջանակ կբացի հայաստանցի, սփյուռքահայ և արտասահմանյան մասնագետների համար։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ