Մի առիթով դարձյալ անդրադարձել էի ՀՀ Սահմանադրությանը, նշելով, որ այն ընթերցվում է ոչ թե որպես իրականության իրավական արձանագրում, այլ գեղարվեստական ընթերցանության բացառիկ մտահղացում, ցանկությունների հեքիաթային արտացոլում:
Հատկապես, ստորև մեջբերվող ԳԼՈՒԽ 1-ը, պարզապես դրդում է շպրտել ինքնախաբեության շղարշը և դիմել «թավշյա, անարյուն, սիրո և հանդուրժողականության հեղափոխության» նվիրատուի հայտնի հարցին. «Իյա՜, իրո՞ք»:
«Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:
Հոդված 2. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:
Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:
Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է»:
Վերին թառին բազմած խորոզներին առաջարկում եմ ավելորդ ժամանակ չվատնել քվեարկության գործընթացի վրա և, շրջանցելով դրանք, վավերացնել քաղաքական մեծամասնության հեղինակած օրենքի նախագծերը, մերժված ճամաչել ընդդիմության օրենսդրական բոլոր նախաձեռնությունները՝ ի շահ մեր «ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական» պետության և ի խոնարհումն իրենց քվե տված «հպարտ, օրենքի առջև հավասար, տուգանքազերծ և բարեկեցիկ կյանքով ապրող» երեք միլիոն քաղաքացիների՝ ամեն մեկը մի «վարչապետ»:
Մի՛ վախեցեք ընտրողներից, համարձակ և դուխով, առանց պահակախմբերի մտեք ժողովրդի ծոցը, վերադարձեք փողոց, որտեղից եկել եք:
Ժողովուրդը ձեզ սիրում է, պաշտում է, խոնարհվում է բոլորիդ առջև հատ-հատ, ոմանք նաև, որպես սրբապատկեր, կրում են ձեր նկարներն իրենց սրտում, գլխավերևում, աշխատասենյակում, նրանց սեղանի գիրքը «100 փաստ»-ն է, որ որպես աղոթք ընթերցում են առավոտյան և քնելուց առաջ, ուրիշները ցանկություն են հայտնում համտեսել ձեր մարմնամասերը: Այնպես որ, նկատի ունեցեք և զգուշացեք՝ հնարավոր է զրկվեք «սաղին շինելու» ու «թափ տալու» հնարավորությունից:
Ի դեպ, օրըստօրե մեծանում է առավոտից մինչև ուշ գիշեր ձեզ հիշողների բազմությունը՝ ձեր խոստացած արմատական փոփոխությունների և կյանքի պայմանների աննախադեպ, թռիչքային բարելավման համար: Այսպիսի իշխանություններ համաշխարհային պատմության մեջ ոչ եղել են, ոչ էլ կլինեն, նույնիսկ, երազում անհնարին է ձեր տեսակի մասին երևակայելը: Մի խոսքով, դուք ՎԵՐՋՆ եք՝ բառիս բուն և ուղղակի իմաստով:
Դավիթ Սարգսյան