«Ժողովուրդը» գրում է, որ անցած շաբաթ նախատեսված ընդդիմադիր քաղաքական լիդերների հանդիպումը, չի կայացել: ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը վարակվել էր կորոնավիրուսով և ինքնամեկուսացած էր: Երեկ հայտնի դարձավ, որ նրա թեստը արդեն բացասական է եղել:
Ըստ թերթի աղբյուրների՝ այդ «պատմական» հանդիպումը կկայանա այսօր կամ վաղը: Օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ հանդիպումը կարող է բեկումնային լինել, քանի որ պետք է կոնկրետ որոշումներ կայացվեն՝ ինչ է լինելու «Հայրենիքի փրկության շարժման» ճակատագիրը, և, ամենակարևորը, հնարավոր արտահերթ ընտրություններին պետք է ընդդիմությունը մասնակցի, թե ոչ: Տեղեկացնենք, որ Սերժ Սարգսյանը հակված է ընտրությունները բոյկոտելու տարբերակին, իսկ մնացած ուժերը չեն կիսում նրա կարծիքը, ու պետք է հակաիշխանական ուժերը քննարկեն՝ ինչ ձևաչափով են մասնակցելու ընտրություններին՝ առանձին, թե կոնսենսուս՝ հանած մեկ՝ Նիկոլ Փաշինյան:
Բացի այդ, քննարկվելու են նաև փետրվարի 18-ին ընդդիմության կողմից հրավիրված հանրահավաքի հետ կապված հարցերը, քանի որ դեռևս վերջնական չէ, թե որտեղ է կայանալու, ինչ ձևաչափով:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձել է այս թեմայի շուրջ «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Խաչիկ Գալստյանից պարզել, թե արդյոք ընդդիմութայն լիդերների հանդիպման օրը որոշված է: Գալստյանն ասաց, որ նման հանդիպում կայանալու է, բայց դեռևս հստակ չէ: Նկատենք, որ հայրենիքը փրկելու հայտ ներկայացրած 17 կուսակցությունների միավորումը վաղուց պառակտվել է, ու դժվար էր պատկերացնել, թե ինչպես էին նրանք այդ ռեսուրսներով և մտածողությամբ փրկելու մեր երկիրը։