Արտաքին քաղաքականության մեջ մենք խայտառակ «պռավալներ» ենք ունեցել, լրագրողների հետ զրույցում արձանագրեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը: «Բոլորի հետ հարաբերությունները փչացրեցին և հարաբերությունները կարողացան հասցնել նրան, որ ստիպված ենք մտածել՝ ինչպես վերականգնենք, օրինակ Ռուսաստանի հետ՝ ամբողջ ծավալով», - նկատեց պատգամավորը: Նա վատ որակեց նաև ԱՄՆ-ի հետ հարաբերությունները:
Իսկ պատերազմի ժամանակ դիվանագիտական պատշաճ արձագանքի բացակայությունը ԲՀԿ պատգամավորը ապաշնորհ արտաքին քաղաքականության հետևանքն է համարում: «Լսե՞լ եք, որ ՀՀ իշխանություններն առաջնային ու թիրախային դնեն, օրինակ, Արցախի օկուպացված տարածքների վերադարձը և դա դարձնեն նաև արտաքին քաղաքականության հենքը, կամ՝ ալիևյան ռեժիմի ռազմական հանցագործությունների հարցը: Մենք չենք տեսնում դա: Մենք տեսնում ենք, որ գործընթացներ են գնում, որոնք բխում են թուրք-ադրբեջանական տանդեմի հետաքրքրություններից», - ասաց Արման Աբովյանը: