Մենք ոչ թե կորցրել ենք մեր պետականությունն ու հայրենիքը, այլ մեր հոգու սյուներն են ավերակ, մենք ներսից ավելի մեծ պարտություն ենք կրել։ Աբսուրդ է, բայց պատերազմի օրերին մենք ավելի լավ վիճակում էինք, քան հիմա։ Մենք այդ օրերին մի ազգ էինք, ամեն զինվորի մահով ապրող ու քաջությամբ վերածնվող ժողովուրդ։ Եվ այսպես՝ մինչև նոյեմբերի 9-ը, որից հետո պիտի հասկանայինք, որ ստորաբար դավաճանել են, խաբել անողոքաբար, հայրենիք վաճառել, սրբություն ոտնակոխ արել: Մեր տունը շատ է նեղացել, մեր հոգսն անասելի է ծանրացել, մեր ուսերն էլ չեն կարողանում այս ծանրությանը դիմանալ, քանի որ ծանրացնողը ներսում է, ամեն օր ամոթի, անպատվության բեռը կրկնակի է ավելանում։
Դեկտեմբերի 19-ին Եռաբլուրում կատարվածը երկար կհետապնդի մեզ, թևաթափ կանի, կհուսալքի, ամոթով կթողնի։ Այդ օրը Եռաբլուրը դարձավ հանրահավաքի հարթակ, անտեսվեց անգամ երկնքից իրեն տրվող ազդակը։ Նիկոլ Փաշինյանն ուներ շա՜տ հարգելի պատճառ, նախազգուշացում Եռաբլուր չգնալու համար, բայց նա չանսաց, չլսեց։ Նրա հայրը մահացավ հենց այս օրերին, որպեսզի որդին դադար վերցնի ու մտածի։ Ավաղ, նա անգամ սեփական հոր մահը չհարգեց, չմնաց իր վշտի հետ մենակ ու չթողեց, որ հայրն էլ խաղաղություն գտնի երկնքում։ Փոխարենը հնչեցին անեծքի ու ցասման խոսքեր, էլ ի՞նչ խաղաղություն։ Նա զոհված տղաների շիրմատանը՝ Եռաբլուրում, խժդժություն հրահրեց, «գրոհով» վերցրեց սրբատեղին՝ իր հոր էգնահողի, իմա՝ կանանց լացի օրը։ Բայց էլի երկինքը մաքրեց հետքերը, ճերմակ ձյունը հանդարտ իջավ ու ապականությունից փրկեց տղաների շիրիմները։
Երբ սգակիր մայրերին այս ու այն կողմ շպրտելով, Փաշինյանի առջև բացվեցին Եռաբլուրի ցավից աղաղակող դարպասները, նա ինչպե՞ս կարողացավ նայել հազարավոր երիտասարդների թարմ շիրիմներին, չլսե՞ց արդյոք նրանց արդարացի հակադարձումը՝ հանուն ինչի՞ զոհեցիր մեզ, մեր պահած հողը ինչու՞ հանձնեցիր, ինչու՞ վաճառեցիր հայրենիքը, ինչու՞ ես եկել, հերթական 100 փաստիդ մեջ նոր «նվաճումդ»՝ սգո օրը բազմամարդ երթ անելու արձանագրումդ անելու՞։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ