Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Անառակ որդուն չնմանվենք

Անառակ որդուն չնմանվենք
06.02.2018 | 08:47

ՄԵՆՈՒԹՅՈՒՆ
Մարդիկ վախենում են միայնությունից, մանավանդ ծերերն ու հիվանդները, և ամեն բան անում են, որ այդ վիճակում չհայտնվեն։ Բայց այդպիսիք մոռանում են, որ ամենաահավոր մենությունը այս կյանքում առանց Աստծո ապրելն է, քանզի այն հավիտենապես կշարունակվի։ Տիրոջ սրբուհիներից մեկին հայտնվել է դրա խորհուրդը, որը հետևյալն է. երբ մարդու հոգին մահվանից հետո վեր է բարձրանում, նրան հնարավորություն է տրվում Տեր Հիսուս Քրիստոսին տեսնելու, որը համակ սիրով է դիմավորում բոլորին, լինի մեղավոր, թե արդարա, քանզի Ինքն է ասել. «Արևը բոլորին է ջերմացնում, լինի մեղավոր, թե արդար», բայց մարդու մեղքերն ու չար գործերը թույլ չեն տալու Տիրոջ լույս սիրո մեջ մնալու, ինչպես որ խավարը չի կարող լույսի ներկայության մեջ մնալ, ու այդ թշվառ հոգին պիտի վտարվի Տիրոջ ներկայությունից ու խավարի զնդան նետվի, և այդտեղ նա ամենաշատը պիտի տառապի Հիսուսի Սիրո կարոտից, ՈՒմ նա իր երկրային կյանքում մերժել էր կամովի։

ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐ
Փոքր երկրները գերտերությունների ձեռքում շախմատի զինվորների են նման եղել միշտ. երբ ուզել են, զոհել են իրենց շահերի համար: Բայց Աստծո հետ ամուր կապ ունեցող փոքր երկիրը մեկ էլ տեսար հզոր թագուհի է դառնում մեծ հնարավորություններով, քանի որ գրված է. «Աստծո տկարը ավելի զորավոր է, քան աշխարհի հզորները...» (Պողոս առաքյալ)։ Որպես օրինակ այժմյան Իսրայել երկրին նայեք. նրանից սարսափում են նույնիսկ անցյալում նրան իշխողները։ Ասել է՝ ուրիշներից չբողոքենք ու չնվնվանք, քանի որ ամեն բան կախված է մեր ժողովրդի հոգևոր վիճակից։

ԱՐԾՎԻ ՃՈՒՏԸ
Մի ֆերմեր լեռներում արծվի բույն է գտնում ու թռչունների արքայի ձվերից մեկը գողանում, բերում և իր թռչնանոցի թուխս նստած հավերից մեկի տակ դնում, որ տեսնի` ինչ կլինի հետագայում։ Երբ գալիս է ճտերի ի հայտ գալու ժամանակը, արծվի ձագն էլ է ծնվում ու մյուս ճուտիկների հետ մայր հավի հետևից ընկած օրերով քուջուջ անում տան բակի գոմաղբում։ Մի օր հանկարծ երկնքում նա տեսնում է հավի նման, բայց տարօրինակ մի թռչուն, որը վեհապանծ ընթացքով սավառնում է երկնքի կապույտում։ Արծվաճուտը տխուր մտածում է, որ ինքը մայր հավի նման ցանկապատից վեր երբեք էլ չի կարող թռչել։ Այդ պահին արծվի սուր հայացքն ընկնում է բակում քջջող ճտերի վրա: Մայր արծիվը հասկանում է, որ դրանցից մեկն իր ձագն է, ու երկնքից տիրաբար ձայն է տալիս. «Այդ ի՞նչ ես անում ներքևում, դու հավ չես, այլ թռչունների արքայի սերունդ, թա՛փ տուր թևերդ, վեր բարձրացիր ու համոզվիր»։ Արծվի ձագն անսալով մոր կանչին` բացում է թևերն ու սկսում է վեր բարձրանալ, նախ մինչև ցանկապատը, հետո տան տանիքի չափ, իսկ հետո ավելի վեր ու վեր, դեպի երկնքի կապույտը: ՈՒրախության ճիչով ողջագուրվում է մոր հետ։
Այս պատմությունը նման է բոլոր նրանց, ովքեր հավատալով մեղքի գոմաղբի մեջ քջջող անհավատներին, կարծում են, թե իրենք մնացած կենդանիների նման մի օր ծնվել են ու եկել աշխարհ ուտելու, խմելու, աշխատելու և բազմանալու համար, ու երբ գա վերջը, մեռնելու են, գերեզման են դրվելու և... վերջ:


Դավթի սաղմոսներից մեկում ասվում է. «Մարդը պատիվ ուներ և չհասկացավ, հավասարվեց անբան անասուններին ու նմանվեց նրանց» (Սաղմոս 49.21)։
Ո՞րն էր այդ պատիվը, որ պետք է հասկանայինք ու անբան անասունների չնմանվեինք. ընդամենը այն, որ մենք մարդ ենք և Աստծո պատկերով ու նմանությամբ ենք ստեղծված, ինչպես որ դարձյալ գրված է. «Աստվածներ եք դուք, կամ բոլորդ էլ որդիներն եք Բարձրյալի:
Բայց ահա մեռնում եք դուք որպես մարդ» (Սաղմոս 82.7): Մեր Տեր Հիսուսը եկավ, որ Իրեն հավատացողներին մաքրագործի, վերականգնի հայրական պատկերը և Աստծո որդեգիր զավակներ դարձնի։ Երանի՜ հավատացողներին։

ՀՅՈՒՐԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՎԵՐՋՈՒՄ
Մի անգամ ընկերներով Արմավիր էինք գնացել։ Այնտեղ մեզնից մեկի բարեկամին հանդիպեցինք: Նա մեզ իր տուն հրավիրեց: Հյուրասիրեց թոնրի լավաշով, խորովածով: Կարասի գինի դրեց սեղանին և այլ համադամներ։ Վերջում բոլորի քեֆը լավ էր: Ես մեկ, թե երկու բաժակ գինի էի խմել։ Հրաժեշտից առաջ տղաներն առանձին-առանձին շնորհակալություն հայտնեցին տանտիրոջը լավ հյուրասիրության համար: Հերթը հասավ ինձ: Ձեռքս մեկնեցի նրան ու ասացի. «Աստծուն փա՜ռք այս լիառատ բարիքների համար, քեզ էլ շնորհակալություն հյուրասիրութան համար»։ Տանտերը նեղացած հետ քաշեց ձեռքն ու ասաց. «Չհասկացա՜, ես քեզ հյուրասիրեմ, դու Աստծու՞ն փառք տաս»։ Տղաները նեղվեցին։ «Ընկեր ջան,- դիմեցի նրան,- եթե Աստված քեզ այսքան առատ բարիք չտար, դու ինչո՞վ պետք է մեզ հյուրասիրեիր, որ մի բան էլ շնորհակալ լինեինք քեզնից»։ Նա մի պահ լրջացավ, հետո թե. «Հալալ ա քեզ, ախպերս, խոսքերդ մինչև սիրտս հասան։ Իսկապես որ, եթե Աստված այսքան բերք ու բարիք չտար, ես ինչո՞վ պետք է ձեզ հյուրասիրեի, ուրեմն իսկականից Աստծուն փա՜ռք Իր տված բարիքների համար»։


Այս տանտերը իմաստուն գտնվեց ու ստացածի համար անպարտք մնաց Աստծուն, քանի որ գոհացավ Նրանից։ Իսկ նրանք, որոնք անառակ զավակների նման միայն ուզում են Աստծուց և ստանալուց հետո շնորհակալ չեն լինում, պարտք են մնում Տվողին, ու մի օր էլ իրենց անշնորհակալության պատասխանն են տալու Արարիչ Հորը։


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 18891

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ