«Հայ ազգային կոնգրես» դաշինքի ընտրացուցակով ընտրված Երևանի ավագանու անդամներ Լյուդմիլա Սարգսյանը, Լևոն Զուրաբյանը, Ստեփան Դեմիրճյանը, Հրանտ Բագրատյանը և Խաչատուր Քոքոբելյանը հրաժարականի դիմում են ներկայացրել ` տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ղեկավարներ նշանակվելու հիմքով Երևանի ավագանու անդամությունից հրաժարականի դիմում են ներկայացրել նաև Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրացուցակով ընտրված Ռուսլան Բաղդասարյանը և Արտավազդ Սարգսյանը։
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ հրաժարականների վերաբերյալ արձանագրությունը, ներկայացված դիմումների պատճեների հետ, կներկայացվի ՀՀ ԿԸՀ–ին։