ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Ռուսաստանի իշխանությունն իր կայսրությունը վերականգնելու մոդեռնիզացված փորձեր է ձեռնարկում»

«Ռուսաստանի իշխանությունն իր կայսրությունը վերականգնելու մոդեռնիզացված փորձեր է ձեռնարկում»
15.08.2008 | 00:00

ԵՐԿՈՒ ԿԱՐԾԻՔ ՆՈՒՅՆ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ
ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ («Հանրապետության» քաղաքական խորհրդի անդամ)
-Պարոն Սուրենյանց, ի՞նչ ազդեցություն կթողնեն տարածաշրջանային վերջին զարգացումները Հայաստանի վրա:
-Առաջին հետևությունը, որ պետք է անել, այն է, թե ինչի կարող են հանգեցնել չկարգավորված հակամարտությունները, որովհետև կարգավորման բացակայության այլընտրանքը պատերազմն է, որն էլ ունենում է անկանխատեսելի հետևանքներ, ինչպիսիք տեսանք Վրաստանում: Ցավոք, Հայաստանում քաղաքական ինստիտուտներն ու իսթեբլիշմենթը պատրաստ չեն Ղարաբաղի խնդրի արագ կարգավորմանը, պատրաստ չեն դրան նաև Ադրբեջանում, ինչն էլ մշտապես հղի է համանման զարգացումների հեռանկարով: Մեր դեպքում իրավիճակը բարդանում է նաև նրանով, որ անցած տասը տարիներին իշխանությունների վարած անհեռատես քաղաքականության պատճառով Ղարաբաղի խնդրի էությունը հիմնովին նենգափոխվել է թե՛ միջազգային իրավաքաղաքական համատեքստի, թե՛ Հայաստանի շուրջ ձևավորված անբարենպաստ ֆոնի առումով, ինչն էլ ավելի խոցելի է դարձնում մեր դիրքերը խնդրի կարգավորման հարցում:
-Հարավային Օսիայում տեղի ունեցած աղետն իր բոլոր դրսևորումներով դեռ անչափ երկար զգացնել կտա իրեն: Եվ, այնուհանդերձ, Օսիան պահեց իր անկախությունը, թեկուզ չճանաչված, որովհետև Օսիան ուներ Ռուսաստանի նման «նապարնիկ», Ղարաբաղը նման «նապարնիկ» ունի՞:
-Համաձայն չեմ զուգահեռի հետ: Իհարկե, ես չեմ արդարացնում Վրաստանի ղեկավարության, չասեմ արկածախնդիր, համենայն դեպս, ոչ հաշվենկատ վարքագիծը, բայց շատ ավելի մտահոգիչ կարող է լինել կոնֆլիկտի հետագա զարգացումը, կամ որ նույնն է` Ռուսաստանի կայսերապաշտական նկրտումների նմանատիպ ֆորմալիզացիան: Անցնող տարիների փորձից գիտենք, որ տարածաշրջանային լարվածությունը, կոնֆլիկտների սառեցումը ձեռնտու էր հատկապես Կրեմլին: Եվ հիմա, հարավ-օսական զարգացումներից հետո, Ռուսաստանը հստակ ասում է, որ ինքն ուրույն մենթալիտետային պատկերացումներ ունի Հարավային Կովկասի երկրների ինքնիշխանության մասին: Այսինքն` ցանկացած պահի որևէ կոնֆլիկտ օգտագործելով` Ռուսաստանը, ըստ էության, նախկինի պես փորձելու է ազդել այդ երկրների թե՛ արտաքին քաղաքականության, թե՛ ներքին հարաբերությունների վրա։
-Արդյո՞ք Արևմուտքը փոքր երկրների` երրորդ աշխարհների նկատմամբ նույնատիպ մոտեցում չի դրսևորում:
-Վերոշարադրյալից չպետք է բխեցնել, թե Արևմուտքը ես վերցնում եմ փաստաբանական պաշտպանության տակ: Ամենևին: Բայց տեսնում եմ նաև, որ Վրաստանի ղեկավարության սխալ քաղաքականությունն օգտագործելով` Ռուսաստանի իշխանությունն իր կայսրությունը վերականգնելու մոդեռնիզացված փորձեր է ձեռնարկում և բացահայտ ուժի դիրքերից փորձում իր «թրի տակով չանցած» երկրներից մեկի քաղաքականությունն ուղղորդել թե՛ ներքին, թե՛ արտաքին հարաբերությունների տիրույթում։
-Եվ, այնուհանդերձ, փորձագետները պնդում են, որ Սաակաշվիլին երբեք չէր գնա բլից-քրիգով Ցխինվալը «վերցնելուն», եթե չունենար, այսպես ասած, ամերիկյան «դաբրոն»: Եվ ապա` նույն փորձագետները համոզված են, որ վերջին պահին Արևմուտքը, բոլոր դեպքերում, լքեց Սաակաշվիլուն:
-«Կոնսպիրալոգիայի» տեսությանը ես չեմ հավատում, որովհետև մենք գործ ունենք հստակ փաստերի հետ: Եթե վրացական ղեկավարությունն Արևմուտքից խրախուսվել է, ապա դա եղել է տարածքային ամբողջականությունը վերականգնելու կամ երկրի ինքնիշխանությունը լիարժեք իրացնելու հարցերում: Ես չեմ կարծում, որ արևմտյան որևէ ղեկավար կարդարացներ վրացական այն գործողությունները, որոնք կատարվեցին Ցխինվալում: Այսինքն` մի բան են Ռուսաստանի հնարավոր անեքսիային դիմակայելու Արևմուտքի փորձերը (իսկ որ անեքսիա կար, և Օսիայի բնակիչները համատարած Ռուսաստանի քաղաքացիություն էին ստանում, փաստ է), մեկ այլ բան է, թե ինչ տեղի ունեցավ Ռուսաստանի «համարժեք» քայլերից հետո:
-ՄԱԿ-ում և շարունակությունում խոսվող իշխանական «չենջը» որքանո՞վ հնարավոր է. կփոփոխվի՞ Վրաստանում իշխանությունն այս ամենից հետո:
-Այն, ինչ պահանջում է Ռուսաստանը, ուղղակի աբսուրդ է: Եվ եզրույթը, որ օգտագործեցին թե՛ Մեդվեդևը, թե՛ Պուտինը, այն է` «համարժեք արձագանք` պարտադրված խաղաղություն», ցավոք, նույնիսկ Արևմուտքի կողմից չարժանացավ համապատասխան արձագանքի: Եթե դիվանագիտական ձևակերպումից դուրս գանք, ապա այդ եզրույթը նշանակում է` մեր նպատակն է կապիտուլացնել Վրաստանը և այնտեղ, որպես գործընկեր, ունենալ այնպիսի իշխանություն, որը կկատարի մեր բոլոր պահանջները: Դեմոկրատիայի սկզբունքն է` անկախ Սաակաշվիլու իշխանության թույլ տված սխալներից, միայն Վրաստանի ժողովրդի սուվերեն իրավունքն է՝ փոխել իր երկրում իշխանությունը ժողովրդավարական ուղիով:
-Ի՞նչ լուծում եք տեսնում:
-Կարծում եմ, Արևմուտքի շատ կոշտ միջամտությամբ ռուսները, ի վերջո, ստիպված կլինեն նահանջել:
-Ի՞նչ կոշտ միջամտության մասին է խոսքը:
-Դիվանագիտական:
-Տանկի դեմ ի՞նչ դիվանագիտություն:
-Ոչ, այդպես չէ։ Այն, ինչ կատարվեց Հարավային Օսիայում և Վրաստանում, շատ ծանր հետևանքներ է ունենալու ռուսական պետության համար: Ըստ էության, կասկածի տակ է դրվելու Ռուսաստանի «արբիտրաժային» ներկայությունը մի շարք հակամարտությունների կարգավորման հարցում: Ապա և` միակ ռացիոնալ տարբերակը տարածաշրջանում ստատուս-քվոյի վերականգնումն է, որը կար մինչև օգոստոսի վեցը: Չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը փորձում է որքան հնարավոր է շատ զիջումներ կորզել Վրաստանից` օկուպացնելով Վրաստանի խաղաղ բնակավայրերը նույնպես, խորապես համոզված եմ, որ Արևմուտքը թույլ չի տա ռուսական ռեսուրսով իշխանության փոփոխություն Վրաստանում: Միևնույն ժամանակ, կարծում եմ, այս կոնֆլիկտից Վրաստանը դուրս կգա բավականին թուլացած: Իսկ ռուսական իշխանության դրսևորումները կրկին նույնն են` կայսերապաշտություն և ֆաշիզմ:
Զրույցը` Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ

Դիտվել է՝ 3346

Մեկնաբանություններ