Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Լեոնիդ. լեգենդի ողջակիզումը...

Լեոնիդ. լեգենդի ողջակիզումը...
20.06.2008 | 00:00

1992-ի հունիսի 21-ին դավադիր գնդակից ընկավ ՀՀ «Մարտական խաչ» շքանշանի առաջին աստիճանի ասպետ Լեոնիդ Ազգալդյանը:
Զարմանալի և զարհուրելի հետևողականությամբ այս պայծառ զինվորի ու զորավարի անունը շնորհազրկված է։ ՈՒ դժվար է գիտակցել` ինչո՞ւ։ Հարցերն անպատասխան են շուրջ երկու տասնամյակ։ Եվ, հավանաբար, երբևէ չեն ստանա իրենց բանական ու բարոյական պատասխանը։
Շարժման առաջին շեփորականչից ի վեր ֆիզիկոս Լեոնիդ Ազգալդյանը սկսում է ո´չ ավել, ո´չ պակաս երկրի պաշտպանական համակարգի ձևավորումը։ Ավելի քան որևէ մեկը, նա էր հստակ գիտակցում, որ Արցախի վերամիավորումն ու հանրապետության անկախացումը պետք է խարսխվեն համակարգված զինական պայքարին, պրոֆեսիոնալ բանակի ստեղծմանը։ Հեռավոր այն տարիներին շատերն էին տարակուսում, երբ Ազգալդյանը հայտնում էր իր տեսակետները պայքարի ու դիմակայության, ռազմավարության շուրջ։ Մասնավորապես` Եվլախի հանգույցի գրավումը, Լաչինի միջանցքի լիակատար ազատագրումը և այլն։ Այսօր էլ դժվարությամբ ես հավատում, թե որտեղի՞ց ռազմավարական նման բացառիկ ընկալողականություն և զորավարական տաղանդ ոչ զինվորական մարդու էության մեջ։
Հենց այդ օրերին է նա մի քանի հավատարիմ զինակից-համախոհների հետ ձեռնամուխ լինում փոքրաչափ հրթիռների ստեղծմանը։
***
Անշուշտ, նախախնամության կամքով կայացավ Ազգալդյանի ծանոթությունը խորհրդային քաղբանտարկյալ Աշոտ Նավասարդյանի և Մովսես Գորգիսյանի հետ։ Ձևավորվեց «Անկախության բանակ» զորամիավորումը Ա. Նավասարդյանի ընդհանուր հրամանատարությամբ։ Մարտական ջոկատների հրամանատարը Լ. Ազգալդյանն էր։ Նրա առաջին զինվորական հաղթանակը մայրաքաղաքի պաշտպանությունն էր քաղաք ներխուժող խորհրդային պատժիչ զորագնդից, որն աչքի էր ընկել Վիլնյուսի և Թբիլիսիի արյունահեղությամբ։ «Անկախության բանակը» մայրաքաղաքի պաշտպանության հիմնական գործող ուժն էր Նուբարաշենի ճակատամարտում։
«Անկախության բանակը», ըստ էության, առաջին մարզված ու կարգապահ զորամիավորումն էր, ռազմաքաղաքական առաջին միավորումը, որի հենքի վրա էլ 1990-ին ձևավորվեց անկախ հանրապետության թիվ 1 քաղաքական կառույցը` Հայաստանի հանրապետական կուսակցությունը։ Լեոնիդը սկզբունքորեն մերժում էր անդամակցությունը որևէ քաղաքական միավորման։ Արտասահմանից ժամանած լրագրողի` «ի վերջո, ո՞րն է քո գույնը» հարցին ի պատասխան` մի բուռ հող է վերցնում և պատասխանում` սա է իմ գույնը։
***
Արցախի ռազմական գործողություններին նոր թափ հաղորդելու նպատակով Ազգալդյանն առանձնանում է` ձևավորելով «Ազատագրական բանակ» հռչակավոր զորամիավորումը։ Բացառիկ էր նրա գործողությունների աննախադեպ թափն ու հզորությունը։ Աննշան զոհերի գնով ազատագրվում են Արցախ աշխարհի 23 շեներ։ Սովորաբար «Ազատագրական բանակը» ռազմավար և սննդամթերք ձեռք էր բերում հերթական հաղթական մարտի շնորհիվ։
Սակայն Ազգալդյանի զորավարական և, առհասարակ, պետական այրի վեհությունը վավերացվեց, երբ նա գաղափարական իր հենակետը հայտարարեց սփյուռքի, Հայաստանի և Արցախի միավորումը համազգային գոյամարտում։ Այլևս սփյուռքը չէր դիտվում որպես պայքարի նյութական աջակից։ «Ազատագրական բանակում» ուս ուսի մարտնչում էին ընտրյալ ռազմիկները Հայաստանից, Արցախից և հռչակավոր ԱՍԱԼԱ-ն, հանձինս Հովսեփ Հովսեփյանի։ Զորամիավորման կազմում էր «Ազատ Արցախ» ջոկատը` լեգենդար ռազմիկ Վլադիմիր Բալայանի ղեկավարությամբ։ Ազգալդյանին էր զորակցում, ըստ էության, հայ մտավորականության սերուցքը։ Իր ջոկատով հատուկ առաջադրանքներ էր իրականացնում մեծն Ալեքսանդր Թամանյանի Ալեքսանդր Թամանյան թոռը։ Մյուս առանձնահատկությունը հրամանատարների պատրաստումն էր և բաշխումն այլ մարտական ջոկատների միջև։ ՈՒ զարմանալի չէ, որ բազմիցս ադրբեջանական քարոզչամեքենան կեղծ լուրեր էր սփռում Լեոնիդի իբր զոհվելու մասին։ Չափազանց մեծ էր նրա անվան սարսափը թշնամու մոտ։
***
Գենետիկ զորավար էր Լեոնիդը և պետական հեռատես այր։ Զուսպ ու կառուցիկ ոչ միայն գործողություններում, այլև խոսքում, այնուամենայնիվ, հիշարժան, թևավոր խոսքի արժեք ունեցող նշանաբաններ թողեց։ Մի դեպքում ասում էր. «Ինձ մահ չկա, ես պիտի ընկնեմ Իսթամբուլի պատերի տակ»։ Մի այլ առիթով. «Հայը կորցրել է գեղեցիկի զգացողությունը, հակառակ դեպքում այս չքնաղ հողը դարերով չէր թողնի թուրքի ձեռքում»։
***
Տոնիշենի մատույցներում նա ընկավ դավադիր գնդակից։ Տոնիշենը խորը թիկունքում էր, հեռու ռազմական թոհ ու բոհից, սակայն չափազանց մոտ քաղաքական նենգադավի ստոր կրքերին։
Այսօր էլ ծառացած է դաժան հարցը` ո՞ւմ էր խանգարում Լեոնիդը։ Ի՞նչն էր պատճառը դավադիր այս սպանության։ Նրա չափազանց ուղղամտությո՞ւնը, ռազմական անառարկելի հեղինակությո՞ւնը, թե՞ այլ մի բան։ Այս հարցերի պատասխանները մենք, թերևս, չենք ստանա երբևէ։ Ընդամենը, որպես հոգու մխիթարանք, փորձում ենք այս ձևով վառ պահել հերոսի խնկարկելի հիշատակը։

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 10389

Մեկնաբանություններ