Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Մտավորականություն և իշխանություն

Մտավորականություն և իշխանություն
24.04.2009 | 00:00

ՈՒՐԲԱԹԱԽՈՍՔ
(սկիզբը` թիվ 28-ում)
Ի սեր ճշմարտության հարկ է խոստովանել, որ քսաներորդ դարասկզբի ֆորսմաժորային գերսաստիկ իրադարձություններից հետո հայերին բախտ վիճակվեց ունենալ պետական ևս մի խոհեմ այր, որը գտավ թուրքերի սանձազերծած ցեղասպանության, Առաջին աշխարհամարտում ռուսների երկդիմի քաղաքականության, գաղթի, թալանի, Հոկտեմբերյան հեղափոխության ավերիչ հետևանքների վերացման ամենաճիշտ բանալին: Եկվոր կոմունիստ Ալեքսանդր Մյասնիկյանն էր դա, հայ մտքին, ջիղին, դպրությանն ամուր թելերով կապված, ծնունդով նորնախիջևանցի (Դոնի Ռոստով), խոսքով` բոցաշունչ, սրտով` տաք, մտքով` սթափ երիտասարդը: Հեղափոխական, կուսակցական, պետական, ռազմական բովով էր անցել նա` ամենուր ցուցաբերելով անուրանալի տաղանդ ու հմտություն: Զբաղեցրել էր բարձրագույն ընտրովի և նշանակովի պաշտոններ Ռուսաստանում, Բելոռուսիայում: Հրապարակախոս ու գրականագետ էր, հանդես էր եկել մի շարք հոդվածներով` նվիրված հայ արձակագիր Միքայել Նալբանդյանին, բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանին, այլոց: 1921-ին, երբ Մոսկվայից գործուղվեց Հայաստան ու զբաղեցրեց կառավարության նախագահի և ռազմական նախարարի աթոռները, արդեն ճաշակել էր լենին-ստալինյան դեմագոգիայի կծվահամը, ընկալել բոլշևիկյան գրավիչ լոզունգների հետևում թաքնված պարզունակ կարիերիզմն ու տիրելու անհագ ձգտումը: Հնարավոր է` կռահում էր նաև բերիական հետագա նենգ քայլերը, որոնք իրականություն դարձան 1925-ի գարնանը։ Մյասնիկյանը, որ զբաղեցնում էր Անդրֆեդերացիայի կուսակցության երկրկոմի առաջին քարտուղարի պաշտոնը, այսինքն` առաջին դեմքն էր Հարավային Կովկասում, Թիֆլիսում ինքնաթիռային սարքովի վթարի զոհ դարձավ և մահկանացուն կնքեց քառասունը չբոլորած: Բուն Հայաստանում խորունկ ինքնաճանաչման գալով անմնացորդ նվիրում և սեր տածեց դեպի իր ազգը: Նա կարելվույն չափ զուգորդում էր ազգի նյութականն ու հոգևորը, և գուցե երկրորդը նրա համար ավելի անհետաձգելի էր: Մոսկվայից դաժանագույնս բացառվող ինքնուրույնության ծայրահեղ քիչ և միջոցների է՛լ ավելի պակաս դյուրությունների պայմաններում, նա հղացավ և փայլուն ի կատար ածեց աշխարհով մեկ ցրված հայ մտավորականությանը հայրենի երկնքի տակ հավաքելու ոչ անվտանգ առաքելությունը, որը նրան ամեն վայրկյան կարող էր «պարգևել» պիտակավորում: «Ինտերնացիոնալիստ» հորջորջվող, իրականում մեծապետական շովինիզմի բոլոր առանձնահատկությունները պահպանած Մոսկվան մտագար հետևողականությամբ ամեն ինչում որոնում էր կոմռուսական աշխարհաերթին դավող տեղական նացիոնալիզմ: Մյասնիկյանը դիվանագիտորեն խուսանավեց տեսանելի-անտեսանելի խութերից, Հայաստան բերեց շնորհաշատ մտավորականների ու նրանց տաղանդի ծաղկման հիրավի իդեալական միջավայր ստեղծեց, որոնցից առաջինը իսկական գեղագետին ազատ ու անկաշկանդ ինքնարտահայտվելու ընձեռումն է: Նրանց մեջ էր Ալեքսանդր Թամանյանը: Նա Երևան քաղաքն օժտեց ազգային այնպիսի հստակ և անկրկնելի ճարտարապետական գծերով ու կառույցներով, որ ապաշնորհ պատեհպաշտների ողջ բանակին, գիտակ թե անգետ, կամա թե հարկադիր, չի հաջողվում ստվերել դրանք: Ալեքսանդր Սպենդիարյանն իր տաղանդն ու դյութիչ մեղեդիները հանձնեց հայ ժողովրդին` հայրական ներկայությամբ կրթելով երաժիշտների նորածիլ փաղանգ: Մարտիրոս Սարյանը վառեց խորապես ազգային, խորապես արդիական գեղանկարչության հուրը մարդկանց սրտում: Դարեր անց Հայաստանը, մայրաքաղաք Երևանը կրկին դարձան հայագիտության, հայոց պատմության բնօրրաններ` ի դեմս լեզվաբանության ու այլ ինստիտուտների, ականավոր գիտնականներ Հրաչյա Աճառյանի, Հակոբ Մանանդյանի, նրանց բազում աշակերտների: ՈՒրիշները հիմնադրեցին Երևանի պետական համալսարանը, գիտությունների հայկական ակադեմիան, հող ստեղծեցին աստղագետ Վիկտոր Համբարձումյանի ի հայտ գալու համար: Ցավոք, Մյասնիկյանը եթե ունեցավ էլ հետևորդներ, նրանք այս բարերար ուղիով ընթանալիս, անկասկած, ավելի անհաղթահարելի խութերի հանդիպեցին: Չմոռանանք, սակայն, որ Աղասի Խանջյանը Սևանա կղզու կառավարական հանգստի տունը նվիրեց գրողների միությանը և հատուկ թոշակներ հատկացրեց հայ հրաշամանուկներին: Յակով Զարոբյանը, Անտոն Քոչինյանը, Կարեն Դեմիրճյանը կարողացան եղածին նյութական կարևոր հավելումներ անել, իրենց հավերժացնող, ժողովրդին հարկավոր, հաճելի և գնահատելի արարումներ թողնել ի հիշատակ: Տրամվայի և տրոլեյբուսի երթևեկը իսկական տոն էր (իսկ հանուն «ժողովրդավար» գծատիրոջ շահի տրամվայների իսպառ վերացո՞ւմը), մետրոյի գործարկումը երևանցու հպարտությունն էր (իսկ «ժողովրդավար» քսան տարում թիզ անգամ չերկարացնե՞լը), «Պեպո» կինոնկարի ծնունդը հայ կինեմատոգրաֆի գեղեցիկ մեկնարկն էր (իսկ «ժողովրդավարների» օրոք «Հայֆիլմի» համեստ լռությո՞ւնը, կինոթատրոնների վերածումը առևտրի տների՞, զբոսայգիների, գրախանութների սրճարանա-ռեստորանացո՞ւմը) և էլի ուրիշ նվաճումներ արդյունաբերության, գյուղատնտեսության, մշակույթի ճյուղերում բերկրանքով էին լցնում հայ մարդու սիրտը: Բայց գաղափարական կողմնացույցը, մտավորականի կեցվածքի հղկումը Հայաստանի ղեկավարությունից գրեթե կախված չէր, հրահանգվում էր Մոսկվայից: Կոմունիստական ամբողջատիրության դեմ, հանուն ազատամտության և այլախոհության շարժման ընդլայնման հետ Հյուսիսի ճնշումներն ահագնանում էին: Պետական գրաքննությունը` Գլավլիտը, կոմկուսի պահանջով մշակել էր գաղափարական կաղապարների ցանկ, որը շրջանցել անհնար էր: Հրատարակչությունն իր հերթին գրքի համար կազմել էր գաղափարական այցետոմս` նվիրաբերումներ առաջնորդին, կոմկուսին, ռուս մեծ եղբորը, ժողովուրդների մտացածին բարեկամությանը և այլն: Տուժում էին տաղանդները: Ավետիք Իսահակյանին քողարկուն ահաբեկումներով հորդորում էին մոռանալ իր քնքույշ քնարը և հայ ժողովրդի անունից չափածո փառաբանական նամակ հղել Ստալինին: Հովհաննես Շիրազն ասում էր` «Քեզ արևը պիտի լինի հաղթանակի շքանշան», նրա հանգրվանատեղի ընտրելով առաջնորդի կուրծքը: Ոչ գրողն էր հավատում դրան, ոչ ընթերցողը, ոչ էլ պատվիրատուն, բայց քարոզչական մեքենան այլ ուղի չուներ: Հետզհետե մարեց նախկին կենսաբեր հուրը, թեև նորանոր տաղանդներ էին ծնվում: Քաղբյուրոյի մամլիչը, ԿԳԲ-ական համատարած լրտեսումները, իրազեկիչների, գործակալների խիտ ցանցը, ասես, չորացնում էին ազգի ընդերքը և պոկում փարթամ տունկերը: Եղիշե Չարենցը ցայսօր առաջին մրմռացող վերքն է: Չկա մեկը, որ համոզված լինի, թե բացատրելի մահով մեռան, այսպես ասած, դժբախտ պատահարների զոհ դարձած գեղանկարիչ Մինասն ու բանաստեղծ Պարույր Սևակը: Մտավորականի, ստեղծագործողի գլխին կախված էր դամոկլյան սուրը` չտպագրվելուց, չցուցադրվելուց զատ, միանգամայն առողջ ու գործունակ այլախոհին հոգեբուժարան նետելն ու երկրից արտաքսելը: Տաղանդին ուղի հանելը կանոնադրական պարտք չէր կոմունիստ իշխանավորի համար, կանոնադրական պարտքը նրան ամեն գնով մարքսիզմի սպասարկու դարձնելն էր: Կարող ես` հիմն կարդա ԽՄԿԿ-ին և նրա հովանու ներքո տաքուկ տեղ գտիր քեզ համար: Համակրանքներդ, թեկուզ սարքովի, եռանդով ցուցադրիր: Այլապես…
Իմ աչքով եմ տեսել, թե ինչպես է փոքրիկների հախուռն մուտքից հետո անկողին հավաքում կինո «Մոսկվայի» դիմացի ոչ մեծ մարզադահլիճի անկյունում մի կերպ ապաստանած Տիգրան Պետրոսյանը: Երևանից նա աննկատ հեռացավ` աշխարհի շախմատային արքայի թագը նվաճելու, սիրտը լի բարությամբ բազմիցս եկավ Հայաստան` խանդավառ ժողովրդի հետ կիսելու հայոց մեծ նվաճումը, բայց այդպես էլ տանիք չունեցավ հայրենի հողում: Ականջովս եմ լսել, թե Արմեն Ջիգարխանյանն ինչպես է մեղմ հումորով ծաղրում թղթակցին, որը հետամուտ ուռեցված կոմյուրային անվանիների խոսքին, չէր նկատում ներկայացումն իրավամբ իրենց ուսերին տարած մյուսներին։ Երբ այդ «անվանին» խիղճ ունեցավ մատնացույց անելու երիտասարդ դերասանին, նրա հաջող խաղը և «հանդիպեց քար անտարբերության, Արմենը մխիթարեց. «Ոչինչ, վարպետ, մեր տեղը «ուրիշների մեջ է»: Տեղ… Հռչակավոր անհատների աճեցման տեղն այլևս Հայաստանը չէր և չէ, այլ օտար ափը: Հայերի կերտած գլուխգործոցները խորթ երկնքի տակ պետք է ծնվեն: «Սպարտակ» բալետը Արամ Խաչատրյանը պետք է հղանա և մարմնավորի Մոսկվայում, բայց կտակի իրեն հողին հանձնել մայր Հայաստանում: Գունավոր հեռուստատեսությունը Ադամյանը պետք է հորինի հայրենիքից դուրս: Մի նոր «Մարդկային կատակերգություն» Վիլյամ Սարոյանը պետք է գրի Ամերիկայում, բայց թախանձի իր մարմինն այրել և մոխիրը ցրել զույգ Հայաստանների վրա: Սրանց համար դեռ արդարացում կա` յաթաղանի զոհերի աշխարհասփյուռ ժառանգներ են: Հապա մյուսնե՞րը, ուրիշ անհամար մեծե՞րը, որ ֆիզիկայի, քիմիայի, բնագիտության, արվեստների ասպարեզում մարդկությանը ճանաչ են դարձել սահմանից անդին: Զարուհի Դոլուխանյանը Երևանից գնաց Մոսկվա, ապա և աշխարհն իր ոսկեղենիկ երգեցողությամբ նվաճելու դառնացած սրտով` նրան մեր հեղինակավոր երաժշտական հաստատությունից հեռացրել էին… որպես մասնագիտորեն անհարկավորի: Սարսափելի է նույնիսկ պատկերացնել, թե որքան ցածր, որքան ստոր աստիճանի կարող է իջնել ինքնաբավ, ինքնիշխան տնօրինողի ատելությունն առ անձ և նրա եզակի գեղարվեստ: Տասնյակ են այսպիսի փաստերը` շատ անգամ ավելի ստվարացած «ժողովրդավարների» օրոք: Ստվարացած ու զերծ ամենայն նրբանկատությունից, ինչի բացակայությունը խորապես վիրավորում է մտավորականին: Հիշենք Լորիս Ճգնավորյանին, ով ի հիշատակ երկրաշարժի զոհերի, ոտքով գնաց մինչև Գյումրի` շրջապատված անհամար երախտապարտ համակիրներով, ապա և այնտեղ մշակույթի օջախ ստեղծեց: Բարեգործական համերգներով կյանք տվեց մարած Հայֆիլհարմոնիայի մեծ դահլիճին: Հիշենք Օհան Դուրյանին, ով Եվրոպայում դիրիժորական իր բազմազբաղությունը մոռացած դժվար ժամին եկավ հայրենիք` իր արվեստով ու խոսքով ապավեն կանգնելու հոգեբանական գերլարումից տկարացած հայաստանցիներին: Հիշենք Տիգրան Լևոնյանին, ով նույն այդ ծանր տարիներին դասականների օպերաներ էր բեմադրում, մեներգում և հայ արվեստը հաջողությամբ արտահանում: Որտե՞ղ են արվեստին և ժողովրդին անմնացորդ այս նվիրյալները: Չկան: Մշակույթի չինովնիկները, նախարարի անվայելուչ գլխավորությամբ, ամեն կարգի խարդավանքներ սարքեցին նրանց շուրջ, կոլեկտիվները լարեցին նրանց դեմ ու նրանց միմյանց դեմ: Գոռգոռացին պատկառազդու այրերի վրա և «անկյուն կանգնեցրին» ինչպես վատ ուսուցիչը դասագրքից քիչ հեռացած ու ինքնուրույն դատողություններով օժտված աշակերտին: Լևոնյանը ստեղծագործական ծաղկուն տարիքում հեռացավ կյանքից` սիրտը չդիմացավ: Ճգնավորյանը վերադարձավ այնտեղ, որտեղից եկել էր` այլևս հնարավոր չէր տանել անիմացի ծաղրը բանիմացի նկատմամբ: Դուրյանը տառացիորեն վտարվեց ասպարեզից, որովհետև ընդդիմադիրներին հարելու հակումներ էր ցուցաբերում: Հրավիրեցին չորրորդին: Թողեց Լա Սկալան, Եվրոպայի օպերային համբավավոր բեմերը, ուր նրան մինչ հիմա ընդունում են հարազատի նման: Վերադարձավ ծննդավայր Երևան և եռանդուն գործի կպավ Սպենդիարյանի անվան թատրոնում: Քիչ անց ընկալեց, որ արվեստի գերխնդիրը գրեթե չի հետաքրքրում իշխանավորին, անունավոր գեղագետը հիմնականում նրան պետք է իր չեղած հաջողությունները դրվատելու, իրեն աթոռին պինդ պահելու համար: Մինչդեռ հրավիրյալը տրտնջում է, զարգացման աջակցություն և միջոցներ ակնկալում, բացահայտում համակարգի թերությունները: Շատ արագ ընկալեց, որ ինքը շուտով դառնալու է արվեստի հերթական հանիրավի զոհը: Թողեց պաշտոնը, բայց չհեռացավ` մտադիր է Գառնիում, հինավուրց տաճարի, բնության վայրի գեղեցկությունների հարևանությամբ ստեղծել սեփական երաժշտական թատրոն: Հյուրախաղերի կանչել մեծարվեստ երաժիշտների, որոնցից շատերն իր խաղընկերներն են եղել արտասահմանում: Պատկերացրեք, թե ինչ պոետիկ, դրամատիկ ու հոգեթով պահեր կպարգևի քարեղեն վեհ լեռների, անձեռակերտ կոթողների և անմահների կերտած աստվածային մեղեդիների համադրությունը: Որքան մարդիկ կաճապարեն Հայաստան` ըմբոշխնելու այս վայելքը: Հաջողություն մաղթենք Գեղամ Գրիգորյանին ու նրա համար թողություն հայցենք իշխանություններից, որ գոնե չխանգարեն փառահեղ վոկալիստին գլուխ բերելու իր սքանչելի մտահղացումը: Եվ ասենք` իրավ, որ տանու տերտերին տերօրհնյա չկա: Որ մեծը քաղցր է դրսում, լեղի` ներսում: Դու էլ, աշխարհահռչակ մեր համեստ եղբայր Շառլ Ազնավուր, առաջվա պես շարունակիր քո հայրենանվեր գործը, անչափ երախտապարտ ենք քեզ, բայց առանձնապես մոտեմոտ մի արա պաշտոնավորներին, շատ զգույշ եղիր, դիվանագիտական ինչ-որ միջոցառում ազնվորեն տխմարություն կհամարես ու անմիջապես սև ցուցակ կընկնես: Ճիշտ է, ուժները չի պատի անզուգական Եղիշե Չարենցի օրը գցել քեզ, ձեռները չի հասնի, հեռու ես, անկախ ես, զորեղ ես, բայց օր ծերության կյանքդ կսղոցեն հաստատ…
(շարունակելի)
Ռաֆայել ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 4810

Մեկնաբանություններ