Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Ո՞վ սպանեց Դավիթին

Ո՞վ սպանեց Դավիթին
24.02.2024 | 11:44

Ծովասարի անուշ լանջին փափուկ պառկել

վայելում էր զով հանգիստը որսից հետո

Դավիթ հսկան` բուն հերոսը մեր էպոսի.

ինքը դեմքով արեգակին,

Մարութա բարձր Աստվածածինն իր թիկունքին:

Էն որ ուներ Թուր Կեծակի,

Քուռկիկ Ջալալի,

և Խաչ Պատերազմին` իր աջ թևին,

էն որ չանցավ թրի տակով

ու չդարձավ խոնարհ ծառա մեր թշնամուն,

էն որ զարկեց դև Մելիքին

յոթ գազ խոր փոսի մեջ կուչ եկած,

քառասուն ջաղացի քար,

մի այդքան էլ եզան կաշի վրան քաշած,

որ արքա էր մեծ Սասունին

և թագավոր մեր Հայաստան երկրին,

խոսք եմ խոսում էդ Դավիթի, Դավթի՛ մասին:

Նստեց քնից զարթնած մեր հսկան

թավիշ լանջին Ծովասարի,

հիշեց մանուկ ու պատանի Դավիթին,

քաղքի տղա, շաղգամ գողցող, թլոր ու ծուռ էն Դավիթին,

հիշեց տված խոսքը Չմշկիկ Սուլթանին,

երբ տեսավ խունացել է,

էլ չի փայլում Խաչ Պատերազմին իր աջ թևին:

Խոսք էր տվել

մի գիշերվա հարճ էն Չմշկիկ անառակին,

որ խաբել էր, խմեցրել, ծոցը մտել հարբած տղի,

հետո կռիվ ուզել, մարտի խոստում կորզել,

թե խաբել ես, թողել ես ինձ,

կին ես ընտրել էն Խանդութին:

Պարզ, միամիտ, մեր ծուռ Դավիթ,

թե ասա, քո ի՞նչ պետքն էր,

որ պահեցիր տված խոսքդ էդ պոռնիկին:

Բայց արքա էր, էն առյուծ հոր կորյուն որդին,

երկինք գետին ավերվեր,

էն իր խոսքի տերն էր,

թեկուզ տված մի պոռնիկի:

-Չեմ մոռացել,

որ հուշում ես Խաչ Պատերազմի իմ աջ թևին,

յոթ օր էր` յոթ տարի է դարձել,

աչք չեմ բացել կռվից ու գործերից մեր երկրի:

Ասաց, ելավ կապեց Թուր Կեծակին,

հեծնեց Քուռկիկ Ջալալին,

գնաց, կանգնեց դիմացն ապարանքի

էն Չմշկիկ Սուլթանի,-

-Քեզ կռիվ եմ պարտք,

եկա, փակեմ հաշիվը հին:

Մինչ կկապեր գոտին, կառներ զենքեր

ձի կթամբեր Չմշկիկը

և դուրս կգար ասպարեզ

ինչպես կարգն է մենամարտի,

Դավիթն հանեց ասպազենը,

սուզվեց ավազանը դիմացի,

որ սարքել էր իր ձեռքերով էն օրերին.

քիչ զովանար կռվից առաջ

բյուրեղ ջրում ջինջ, ակնակիթ,

որ գալիս էր

Մարութա բարձր աղբյուրներից,

առվակներից Ծովասարի:

Էն գիշերվա քաղցր կապից

աղջիկ ուներ Չմշկիկը Դավիթից:

-Էդ ո՞վ է թաքուն եկել հորս ավազանը մտել,-

ասաց գնաց նետ ու աղեղն առավ պատից կախված,

որ էն գիշեր մոռացել էր մեր ծուռ միամիտը

տաք սենյակում Չմշկիկի,

եկավ պահվեց եղեգներում

էդ փսլնքոտ, գջլոտ քածը ու հարճորդին

և արձակեց նետն աղեղից,

որ պատռեց բաց թիկունքը, խոցեց սիրտը Դավիթի:

ՈՒ մռնչաց առյուծորդին մահվան ցավից,

ահու, վայրի և այնքան բիրտ,

որ սարսափից պայթեց սիրտը էն քածի,

մինչ կանգ կառներ սիրտը Դավիթի:

Խփվեց սարին, հետո մյուս սարին

մռնչոցը Դավիթի,

պտտվեց լեռների մեջ Սասունի

նման հրե գնդի,

եկավ պայթեց ունկերի մեջ Քեռի Թորոսի:

-Հե՜յ, Խոր Գուսան, հե՜յ Խոր Մանուկ,

քեզ էլ ասեմ Ճնճղափորիկ,-

ձայն տվեց Քեռին իր քաջերին,-

վե՛ր կացեք, վե՛ր,

սպանեցին մեր Դավիթին:

ՈՒ փաթաթեց որովայնին յոթ գոմեշի կաշի

Ձենով Հովանը,

որ չպատռվի,

և բամբ կանչեց լեռների մեջ Սասունի.

-Հե՜յ, Ծովասարի աչքեր

Մարութա բարձր Աստվածածին,

դու չտեսա՞ր,

ո՞վ սպանեց մեր Դավիթին:

-Դո՛ւք սպանեցիք Դվիթին,-

եկավ պատասխան Ծովասարից:

-Մեկ էլ, մեկ անգամ էլ

կանչում եմ քեզ,

Մարութա բարձր Աստվածածին,

մեր թշնամու զարկը չէր հերիքի,

ձեռքը չէր հասնի

Կեծական Թրին, Ջալալ Քուռկիկին,

Պատերազմի Խաչին` իր աջ թևին,

ո՞վ սպանեց մեր Դավիթին:

-Ձե՛ր ձեռքը սպանեց Դավիթին:

Հե՜յ վախ, ողբաց Ձենով Հովանը

պատռեց յոթ գոմեշի կաշին իր վրայի,

պառառ-պատառ լցրեց գլխին.

-Մե՛նք սպանեցինք Դավիթին:

Հուսիկ ԱՐԱ

Դիտվել է՝ 3882

Մեկնաբանություններ