ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Առնական լեռնաշխարհը՝ ներշնչանքի աղբյուր

Առնական լեռնաշխարհը՝ ներշնչանքի աղբյուր
13.07.2022 | 07:27

Գորիս: Չքնաղ, կոլորիտային քաղաք իր վեհաշուք բնությամբ, ինքնատիպ բնակելի տներով:
Այս քաղաքում է ապրում ու ստեղծագործում գեղանկարիչ Արամ Մաշուրյանը, որ իր ուրույն տեղն ունի արդի հայ տաղանդավոր նկարիչների շարքում։


Ծնվել է 1987-ին։ 2004-2008 թթ. սովորել է Երևանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայում։ 2010-ից ութ տարի աշխատել է Գորիսի Վ. Վաղարշյանի անվան Պետական Դրամատիկական Թատրոնում, որպես նկարիչ։ 2014-ից Հ. Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնի Գորիսի ստորաբաժանման տնօրենն է։
Մաշուրյանի արվեստին առաջին անգամ ծանոթացա «Լեռնահայաստանի բերդաքաղաքը. Գորիս» պլեների (2021 թ. գարուն) շրջանակներում։ Պլեների ընթացքում նկարիչը վրձնել էր «Բակ Գորիսում» վերնագրով մի աշխատանք, որն իսկույն գրավեց ուշադրությունս։ Անմիջապես հասկացա, որ գործ ունենք երիտասարդ, բայց արդեն բավական հմուտ, կայացած նկարչի հետ։ Այս բնանկարն ասես գորիսեցի արվեստագետի՝ առ հայրենի հող տածած սիրո ապացույցն է։ Կտավից ջերմություն է ճառագում։ Տաք և սառը գույները, դրանց տարբեր երանգները ճիշտ համադրված են։


Արամ Մաշուրյանի արվեստը տարբերվող է և տպավորիչ։ Գորիսի կախարդական, հրաշագեղ բնությունը, վայրի ժայռերը, պատմամշակութային մեծ արժեք ունեցող ժայռափոր քարայր-կացարանները չէին կարող ոգեշնչման, ներշնչանքի աղբյուր չդառնալ Մաշուրյանի համար։ Իսկ նրա՝ որպես գեղանկարիչ ձևավորման գործում մեծ դեր է ունեցել գեղանկարիչ Համլետ Ասատրյանը, որի հետ Արամն առաջին անգամ ծանոթացել է դեռ պատանի, Գորիսում կազմակերպված սիմպոզիումի ժամանակ։
Արամ Մաշուրյան արվեստագետը հիմնականում բնանկարիչ է։ Հատկանշական մի հանգամանք. Գորիս աշխարհի կոթողայնությունը, այսպես ասած, «առնական» լեռնաշխարհը նկարչին թելադրել է ստեղծել ոչ միայն էպիկական, մոնումենտալ լուծմանը պատկանող բնանկարներ («Հին Խնձորեսկ», «Առավոտը հին Գորիսում»), այլև քնարական, կամերային բնույթի գործեր («Գարուն», «Եղրևանիներ», «Անկյուն գյուղում», «Հնձան» և այլն)։
Նրա աշխատանքների մեծ մասը իմպրեսիոնիստական են։ Բնության գողտրիկ վայրերը նա վերարտադրում է տպավորության անմիջականությամբ։ Նա նպատակ չի դնում նկարելիս ամբողջովին հավատարիմ մնալ բնօրինակին։ Նրա ստեղծագործությունները հեռու են լուսանկարչական ճշգրտությունից, ակադեմիական չորությունից։ Դրանք «շնչում են»։ Թե՛ մարդկային ֆիգուրներ, թե՛ կենդանիների պատկերներ ու առհասարակ բնության յուրաքանչյուր տարր պատկերելիս նկարիչը հեռանում է կոնկրետությունից։ Նա ունի բնորոշը տեսնելու առանձնահատուկ ձիրք։ Մաշուրյանն օգտագործում է մեծ, լայն վրձնահարվածներ։ Նկարչի գիծն ամուր է, գույների համադրությունը՝ ներդաշնակ։ Դինամիզմն է բնորոշ նրա ստեղծագործություններին։ Կոլորիտը հիմնականում կազմված է կապտամանուշակագույնի երանգներից։


Առանձնացնենք մի քանի աշխատանք․․․
Տպավորիչ է «Հին Խնձորեսկ» գործը։ Այն ունի մոնումենտալ հնչողություն, էպիկական շունչ։ Նկարիչն ընդգծել է ժայռերի հզորությունը։ Այս աշխատանքում կա դեկորատիվություն։ Մեր կարծիքով՝ Մաշուրյանը ժայռերին հաղորդել է մարդկային կերպարանք և դիմագիծ։ էպիկական հնչողություն ենք նկատում նաև «Առավոտը հին Գորիսում» բնանկարում։


«Բակ Գորիսում»-ը (2020) տիպիկ իմպրեսիոնիստական բնույթի աշխատանք է՝ արված թափանցիկ, սառը գույներով, ակտիվ վրձնահարվածներով։ Հորինվածքն անկյունագծային է։ Այստեղ տեսնում ենք իրար մեջ հատվող գծերով պատկեր։ Կոմպոզիցիան դինամիկ է
«Գյուղական մոտիվ»-ը (2016) բավական դիտարժան աշխատանք է։ Այն պատկերում է Ջաջուռ գյուղը։ Արվետագետը շեշտը դրել է բնակելի տների պատկերի վրա։ Հազիվ նշմարելի, սակայն այնքան խոսուն մարդկային կերպարը լրացնում է հորինվածքը (նույնը տեսնում ենք նաև «Անկյուն գյուղում» աշխատանքում)։ Ֆակտուրան պաստոզային է։ Ծառերի կանաչի համադրությունը երկնքի կապույտի և տների աղյուսագույնի հետ, հիանալի է արված։
Թերևս ինձ համար առավել առանձնահատուկ է Մաշուրյանի «Երերույք» աշխատանքը։ Կապույտ երկնքի ֆոնին իր ողջ վեհությամբ գծագրված քրիստոնեական եռանավ բազիլիկ կառույցը՝ Երերույքի տաճարը, այս ստեղծագործության առանցքային տարրն է։

Այն զբացեղնում է հորինվածքի երկրորդ պլանը։ Առաջնամասում բնության մի հատված է և կենդանու պատկեր։ Հետին պլանում նշմարելի է լեռների պատկերը։ Տեղանքը նկարչի վրձնի տակ նոր շունչ է ստացել։ Մաշուրյանն այստեղ գերազանց է լուծել հեռանկարի խնդիրը։ Եկեղեցին լույսով է ողողված։ Այս կտավում մեծ վրձնահարվածների օգնությամբ նկարիչը ձգտել է առավել մեծ ընդհանրացումների։ Աշխատանքն առանձնանում է կատարողական վարպետությամբ և ձևի ու բովանդակության յուրահատուկ համադրությամբ։
«Իսպանիա․ Ծովափ» աշխատանքը ևս արժանի է լուսաբանման։ Այն փաստում է, որ Մաշուրյան գեղանկարիչը վարպետություն է ցուցաբերում ոչ միայն հայրենի, այլ նաև օտար գեղատեսիլ բնությունը պատկերելիս։ Էտյուդային բնույթի գործ է։ Տեսնում ենք կատարման հարթային եղանակ։ Ջրի ալիքների մշակումը, ռիթմիկ վրձնահարվածները, ջրում արտացոլված ստվերները, տպավորիչ են։ Կապտամանուշակագույնի և սպիտակի երանգները փափկորեն փոխանցվում են իրար: Նավերի կայմերի միջոցով ստեղծված է ռիթմ։
Արամ Մաշուրյանի համար, իր իսկ խոսքերով՝ նկարելը միջոց է ստեղծելու այն աշխարհը, որը հեքիաթային բնության տպավորությունների, հիշողությունների և մանկության գույների հետ է շաղախված։


Սիլվիա Մանուչարյան
Արվեստաբան

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 8944

Մեկնաբանություններ