Օրակարգում սահմանափակ հնարավորություններով մարդկանց խնդիրներն են: Ինչո՞ւ` կհարցնեք դուք: Ես հաճախ հանդիպո՞ւմ իմ իրենց: Ամենևին, ճիշտ հակառակը: Ցուցահանդեսներին ու համերգներին, շնորհանդեսներին և թանգարաններում, բարերում և ռեստորաններում, անգամ խանութներում ես գրեթե չեմ հանդիպել սայլակներով մարդկանց, լսողության խնդիրներ ունեցող մարդկանց և այլն: Ցավոք, դրա պատճառը բնակչության առողջական վիճակի բարձր մակարդակը չէ: Հատուկ միջոցառումներին հասկանում ես, որքան շատ են մեզանում մարդիկ, ովքեր իրենց մեջ են պահում իրենց խնդիրները: Ես բազմիցս հանդիպել եմ սահմանափակ հնարավորություններով մարդկանց բակերում, փոքրիկ փողոցներում, նշանակում է, որ այս մարդիկ, ովքեր երբեմն լքում են իրենց բնակարանը մաքուր օդ շնչելու համար, չեն մասնակցում հասարակական կյանքին, իրենց հնարավորությունների շրջանը շատ ավելի սահմանափակված է սոցիալապես, քան պայմանավորված է ֆիզիկական պատճառներով:
Ինչո՞ւ է այդպիսի վիճակ ստեղծվել մեզ մոտ: Հասարակական շենքերի (ինչպես նաև վերելակ չունեցող բազմաթիվ չորս և հինգհարկանի բնակելի շենքերի) հարմարեցված չլինելը, հասարակական տրանսպորտի անհամարությունը (իսկ ո՞ւմ է այն հարմարեցված, մեր երթուղայիններում ով ասես հաշմանդամ կարող է դառնալ): Մենք խոսում ենք հետևանքների մասին և ճիշտ ենք անում, և ավելի շատ ու ավելի բարձր պետք է խոսենք, սակայն խնդիրը սկսվում է հոգևոր ոլորտում:
Ինչպիսի՞ զգացմունքներ են առաջացնում հաշմանդամություն ունեցող մարդիկ մեր հասարակության մեջ: Եկեք անկեղծ լինենք` խղճահարություն, ամոթ, խորշանք: Շատերը բնազդաբար խուսափում են հաշմանդամություն ունեցող մարդկանցից, բայց չէ՞ որ այդ օտարացման պատճառը ձեռքի կամ ոտքի բացակայությունը չէ, դա վարակիչ չէ: Սահմանափակ հնարավորություններով մարդիկ իսկապես հաճախակի վանող տպավություն են թողնում իրենց հոգեբանական խնդիրների պատճառով, որոնց պատճառը մենք բոլորս ենք: Հենց մենք` հասարակությունը, բազմապատկում ենք առողջական խնդիրները, ավելացնելով դրանց և՛ հոգեբանական, և՛ սոցիալական խնդիրներ, դժբախտ համարելով ինչ-որ մի գործառույթ իրականացնելու հնարավորությունից զրկված մարդկանց և համապատասխան կերպ վերաբերվելով նրանց: Մարդ, ով ֆիզիկապես ի վիճակի է և՛ աշխատել, և՛ ընտանիք կազմել, ով կարիք ունի ինքնաիրացման ու լիարժեք հանգստի, հաճախակի ստիպված է լինում «սնվել» բարեկամների գերխնամքով ու խղճահարությամբ: Հայաստանում բազմաթիվ են չգրանցված հաշմանդամները. հարազատներն ամաչում ու թաքցնում են նրանց: Շատե՞րը գիտեն, արդյոք, որ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը` Ամերիկայի երբեմնի նախագահը, ով Չերչիլի ու Ստալինի հետ հաղթեց ֆաշիստներին, հաշմանդամի սայլակից էր օգտվում: Արդյո՞ք դրանով է նա հիշվել: Արդյո՞ք դա է թողել պատմությանը: Օրինակները բազմաթիվ են: Պարզ է մի բան. սահմանափակ հնարավորություն ունեցող մարդիկ մեղավոր չեն այս կամ այն խնդիրն ունենալու համար, նրանցից ոչ մեկը կամովին չի վնասել իր առողջությանը: ՈՒստի ինչո՞ւ չքայլեն հպարտ, բաց ճակատով ու չզբաղեցնեն հասարակության մեջ իրենց պատշաճ տեղը:
Աննա ԻԵՐՈՒՍԱԼԻՄՍԿԱՅԱ