«Միլիարդավոր մարդիկ կանգնած են ծայրահեղ շոգի համաճարակի առաջ։ Նրանք մահանում են ավելի ու ավելի մահացու շոգից, քանի որ ամբողջ աշխարհում ջերմաստիճանը հասնում է 50 աստիճանի՝ ըստ Ցելսիուսի: Երկիրը բոլորի համար և ամենուր դառնում է ավելի շոգ ու վտանգավոր։ Պաշտոնական տվյալներով՝ շոգը տարեկան գրեթե կես միլիոն մարդու կյանք է խլում»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։               
 

«Ներկայացումներ կային, որոնց համար գիշերը պիտի հերթ կանգնեիր, որ առավոտյան տոմսարկղից գոնե 2 տոմս ձեռք բերեիր»

«Ներկայացումներ կային, որոնց համար գիշերը  պիտի հերթ կանգնեիր, որ առավոտյան տոմսարկղից գոնե 2 տոմս ձեռք բերեիր»
10.09.2013 | 11:45

«…Լուսավորության գործը թողած, միմիայն տնտեսական
խնդիրներով զբաղվել չենք կարող: Մեր հաղթությունը
մշակույթից, կրթությունից, գիտակցությունից և
դաստիարակությունից է կախված»:


Ալեքսանդր ՄՅԱՍՆԻԿՅԱՆ
Հայաստանի ժողկոմխորհի նախագահ

Վերջերս հրատարակվեց ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ ՍԵՐԳԵՅ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ «Հայ մշակույթի մեծերը» շարքի 10-րդ գիրքը, որը հոբելյանական է` նվիրված Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական մայր թատրոնի հիմնադրման 90-ամյակին: Գիրքն աննախադեպ է իր բովանդակության հարստությամբ, այստեղ ամփոփված է թատրոնի գրեթե մեկդարյա պատմությունը` անտիպ բազմաթիվ նյութերով, լուսանկարներով, մինչ օրս անհայտ հետաքրքիր դրվագներով:
Գրքի հեղինակը բծախնդրությամբ, անաչառությամբ և անկեղծ սիրով ամեն դրվագ արժևորել, պահել ու ժառանգել է իր ժողովրդի գալիքին: Այստեղ չկան երկրորդական և գլխավոր կերպարներ, կա մեկ տուն, մեկ թատրոն, մեկ ազգային հարստություն ու նվիրում, որի անունն է Առաջին հայկական պետական թատրոն, մի քուրա, որտեղից բոցավառվել-փայլատակել են բազմաթիվ իրական աստղեր:
Այս կոթողային գրքի համար Սերգեյ Առաքելյանն արժանացել է Հայաստանի թատերական գործիչների միության երկու պարգևի` Ոսկե մեդալի և «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխության «Արտավազդ» մրցանակի:
Օրերս էլ ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցավ Սերգեյ Առաքելյանի «Գալյա Նովենց» գրքի շնորհանդեսը` նվիրված հայ կինոյի և թատրոնի նշանավոր դերասանուհի, ՀՀ ժողովրդական արտիստուհի, ՀՀ պետական մրցանակի և միջազգային փառատոների դափնեկիր Գալյա Նովենցի կյանքին ու արտիստական գործունեությանը: Սա հեղինակի «Հայ մշակույթի մեծերը» մատենաշարի տասներկուերորդ գիրքն է:
Շնորհանդեսի ժամանակ Սերգեյ Առաքելյանին հանձնվեց ՀՀ մշակույթի նախարարության «Ոսկե մեդալը»` իբրև գնահատանք նրա վաստակի:
Այսօր «Իրատես de facto»-ի հյուրն է հայ արվեստի մեծ երախտավոր, հայ մշակույթը պահպանող և սերունդներին փոխանցող գործիչը` Սերգեյ Առաքելյանը, որի հետ կզրուցենք մայր թատրոնի 90-ամյա պատմությունն ամբարող գրքի շուրջ:
-Սովորաբար մրցանակը տրվում է հեղինակին, սակայն տվյալ դեպքում, փաստորեն, մրցանակի է արժանացել գիրքը:
-Սա եզակի դեպք է, երբ գիրքն է արժանանում մրցանակի, հանձնաժողովի ցանկությամբ մի հատուկ անվանակարգ ավելացավ, թերևս դա ճիշտ է, որովհետև գիրքն էլ պիտի ունենա իր արժեքը:
Ինձ համար ամենամեծ պարգևն այն վստահությունն է, որ Սունդուկյանի անվան թատրոնի ղեկավարությունը, ՀՀ մշակույթի նախարարությունը և գրքի հրատարակման նախաձեռնողները ցուցաբերեցին իմ հանդեպ` վստահեցին ինձ: Երախտապարտ եմ հատկապես «Լուսակն» հրատարակչության տնօրենությանը: Ավելի մեծ երջանկություն մի մահկանացուի համար չէր կարող լինել, քան հեղինակ դառնալ այսպիսի հարուստ պատմություն ունեցող մի թատրոնի տարեգրության: ՈՒրախ եմ, որ չանտեսվեց իմ աշխատանքը, և պետական մարմինները գնահատեցին այն:
Պարգևները չէ, որ ինձ ուրախացնում են, այլ այն հիացումը, որ կա այս գրքի շուրջ: Անհամեստ թող չթվա, բայց ես շոյված եմ, որ Հայաստանի ղեկավարները, մշակույթի նախարարության աշխատակիցները, իմ հարազատ թատրոնի դերասանները, ռեժիսորները և ընկերները, բարեկամները դժգոհ չմնացին:
-Գրքում Դուք առավելապես օգտագործել եք Ձեր անձնական արխիվի նյութերը: Ինչպե՞ս եք կարողացել նման «հարստության» տեր դառնալ:
-Ես Սունդուկյանի անվան թատրոնի հանդիսատեսն եմ 1938 թվականից: Եվ իսկապես, գրքում տեղ գտած նյութերի 90 տոկոսն իմ անձնական արխիվից է: Առհասարակ, որպես սկզբունք, ես 10-12 գրքերիս մեջ իմ անձնական նյութերն եմ օգտագործել, ինձ քիչ բան կտան թատրոնները, որոնք բոլորը միասին չունեն այն, ինչ ես ժամանակին կարողացել եմ հավաքել:
Դեռ դպրոցական էի, երբ թատրոն էի գնում ոչ միայն ներկայացումն ըմբոշխնելու, դերասանով հիանալու, ես ուզում էի նաև արխիվ ունենալ: Արխիվարիուսի այդ մոտեցումը բնազդաբար կարծես իմ մեջ կար, ծնվել էր, ես էլ իմ կոպեկներով, որոնցով պիտի սնվեի, դերասանի նկար էի գնում, մտնում էի ադմինիստրատորների մոտ ու ներկայացումների հայտագրերն էի հավաքում, լիբրետոներն էի հավաքում, ծրագրեր էի գնում, և, իհարկե, այս բոլորը հիմա լցվել են գրքի էջերի մեջ: Ահա թե ինչու այսօր կարողացա մեր թատրոնի առաջին հայտարարագիրը ցուցադրել: Դա 1922 թվականի «Պեպո» ներկայացման աֆիշն է:
Եվ թե հավատարիմ հանդիսատեսի, թե մի փոքր էլ թատրոնն ուսումնասիրած մարդու իրավունքով գիրքը ստեղծել եմ այնպես, ինչպես ես եմ տեսել թատրոնը: Թատրոնի ամբողջ պատմությունը ափիս մեջ եմ առել: Թատրոնը ներկայացրել եմ իր բոլոր կողմերով, քանի որ թատրոնը միայն դերասան չէ, միայն ռեժիսոր չէ, այստեղ կան կոմպոզիտորներ, ովքեր երաժշտություն են գրել, նկարիչներ, բանվորներ կան, ովքեր բեմն են կառուցել, մարդիկ կան, ովքեր ստեղծել են դեկորները, մի խոսքով, մի ընդհանուր համակարգ է, որի օղակներից մեկը եթե թույլ լինի, ներկայացումը, այն, ինչ համարվում էր առաջին ակադեմիական, երբեք չէր լինի:
-Եկենք սկսենք սկզբից. ինչպե՞ս, ի՞նչ պայմաններում ստեղծվեց Սունդուկյանի անվան թատրոնը, ինչպե՞ս այն դարձավ Հայաստանի մայր թատրոն:
-Նախ պետք է հիշենք Խորհրդային Հայաստանի ղեկավարներին` Ալեքսանդր Մյասնիկյանին և Ասքանազ Մռավյանին, ովքեր ամեն ինչ արեցին թատրոնի համար:
1921 թվականին Մյասնիկյանը ստորագրեց դեկրետ` Հայաստանում առաջին պետական թատրոնը ստեղծելու մասին: Նրանք վերակառուցեցին առաջին հանրապետության պառլամենտի շենքը և տրամադրեցին թատրոնին: Պատկերացրեք` 1921-1922 թվականներ` կիսագավառական Երևան քաղաք, և դերասաններ հրավիրվեցին աշխարհի տարբեր տեղերից` Փարիզից, ԱՄՆ-ից, Պոլսից, Մոսկվայից, Թիֆլիսից, Բաքվից, և կառուցվեց հատուկ շենք` դերասանների բնակության համար: Այդ շենքում են ապրել Հրաչյա Ներսիսյանը, Ավետ Ավետիսյանը, Վաղարշ Վաղարշյանը, Օլգա Գուլազյանը, մեր ամենամեծերը, նաև հատուկ բարձր աշխատավարձ սահմանվեց նրանց համար: Այսինքն` թատրոնն առաջնահերթ էր մեր ղեկավարների համար, և հիմա ինչպե՞ս չխոնարհվենք Ալեքսանդր Մյասնիկյանի առաջ:
Մեր օպերային թատրոնն էլ ստեղծեց Խանջյանը: ՈՒրեմն նրանք արվեստապաշտ մարդիկ էին և գիտակցում էին, որ արվեստը, մշակույթը միակ զենքն է, առանց որի հանրապետությունը հնարավոր չէ պատկերացնել:
-Դուք, փաստորեն, արժևորել եք ոչ միայն հենց դերասաններին ու ռեժիսորներին, այլև բոլոր նրանց, ում ջանքերով միասնական մեծ գործ արվեց: Եթե շարունակենք այդ ցանկը, ո՞ւմ կցանկանայիք հիշատակել:
-Թատրոնում, անշուշտ, ամեն մեկն իր գործը պետք է անի` դերասանը, ռեժիսորը, նկարիչը, սակայն առանց մեր մշակույթի մեծերի` Եղիշե Չարենցի, Ալեքսանդր Սպենդիարյանի, Յակուլովի, Մարտիրոս Սարյանի, Ավետիք Իսահակյանի, մյուսների, թատրոնը չէր դառնա ակադեմիական, չէր հասնի նման բարձրակետի:
Չարենցը մեր թատրոնի համար 3 պիես թարգմանեց: Սպենդիարյանի երաժշտության ուղեկցությամբ շատ ներկայացումներ են դրվել, իսկ մեկը նա գրեց հատուկ Բուրջալյանի բեմադրած «Օթելլո»-ի համար: Նա մասնակցում էր բեմադրության փորձերին և անձամբ ղեկավարում նվագախումբը` ուղղություն տալով անփորձ երաժիշտներին, բոլոր թեմաները` և Յագոյի, և Դեզդեմոնայի, և Օթելլոյի, և Կասիոյի, այս ամենը գրվել է թատրոնում. նայում էր փորձը` ստեղծագործում: Ահա թե ինչու հավաստի է այդ ամենը: Հիմա որ լսում ենք, ասում ենք` սա Օթելլո է, սա դեպի Դեզդեմոնա է տանում, այնքան թեմատիկ են:
Արամ Խաչատրյանը հատուկ երաժշտություն գրեց «Դիմակահանդեսի» համար:
Եվ ամենակարևորը` Մարտիրոս Սարյանի «Հայաստան» պաննոն դարձավ մայր թատրոնի առաջին վարագույրը. 10 տարի` 1922-ից մինչև 1933 թվականը մեր թատրոնի ներկայացումները բացվել և փակվել են Մարտիրոս Սարյանի նկարած վարագույրով: Սարյանը նկարել է վարագույր ակադեմիական թատրոնի համար, ուրեմն նա այստեղ արժեք էր տեսնում: Պատկերացրեք` մտնում ես դահլիճ և տեսնում Սարյանի նկարած կտավը։ Երևանի առաջին պետական թատրոնն ունեցավ մի հատուկ վարագույր, որի նմանն իր բնույթով դեռ ոչ մի թատրոն չէր տեսել: Այդ հրաշալի վարագույրը շուտով դարձավ պաննո և աշխարհ շրջեց:
Ես նախանձում եմ այն աչքերին, որ տեսել են վարագույրը, ես փոքր էի, չեմ տեսել, և ինչ-որ մի բաց մնում է իմ հոգում, գոնե այս էլ վայելեի:
-Անդրադառնանք թատրոնի առաջին մշակներին:
-Ես մեկ առ մեկ ներկայացրել եմ թատրոնի հիմնադիրներին` առաջին գեղարվեստական ղեկավար, գլխավոր նկարիչ, տնօրեն: Թատրոնի առաջին տնօրենը` Մամիկոն Գևորգյանը, մշակույթի բազմաժանր գործիչ է, մեր թատրոնի համար 18-19 թարգմանություն է արել, իր պիեսներից բեմադրվել են: Ընդ որում, նա Հայաստանում երկու ակադեմիական թատրոն հիմնադրեց` 1922 թվականին մայր թատրոնը, 1933-ին` օպերայի և բալետի թատրոնը: Այս բացառիկ գործիչն է բացում գիրքը, ինչպես ժամանակին բացեց թատրոնը:
Թատրոնի առաջին ռեժիսոր Իսահակ Ալիխանյանը` հայ թատրոնի գիգանտներից մեկը, Երևան եկավ Մյասնիկյանի հրավերով և առաջին ներկայացումը, որ բեմադրեց, Սունդուկյանի «Պեպոն» էր, թատրոնն իր պատմությունը սկսեց «Պեպո» ներկայացումով: Այդ նպատակի համար նա իր հետ Թիֆլիսից Երևան բերեց առաջին դերակատարներին` Վարդուհուն, Գևորգ Տեր-Դավթյանին, Արշակ Հարությունյանին: Սունդուկյանական այդ «հին գվարդիան» իր հետ բերել էր, ինչպես Լևոն Քալանթարն է ասել, այն, ինչը «սրբագործված էր տասնյակ տարիների բեմական տրադիցիայով` առանձնահատուկ խաղաոճ, մեկնաբանություն, միզանսցեններ»: Դրա համար մեր «Պեպոն» հնչեց, և դա գրեթե թատրոնի հիմնն էր:
Մարդը իր հետ բերեց հզոր դերասանների, որոնք ավանդույթ ձևավորեցին: Այդ հիմնադիրների աստղաբույլից ամեն մեկը մի եվրոպական թատրոն կարող էր ներկայացնել` Արուս Ոսկանյան, Հրաչյա Ներսիսյան, Օլգա Գուլազյան, Հասմիկ, Վաղարշ Վաղարշյան, էլ չեմ ասում այս բոլորի մեջ շեքսպիրյան հերոսների ամենաանսխալական մեկնաբանը` Վահրամ Փափազյան:
Ասում են, թե Վահրամ Փափազյանը մեզ մոտ խաղաց ընդամենը 3 դեր, ոչ, Վահրամ Փափազյանը 18 դեր է խաղացել Սունդուկյանի անվան թատրոնում և այդքան էլ բեմադրություն է արել: Նա` որպես ռեժիսոր, թարգմանիչ, դերասան, հսկայական դեր ունի մեր թատրոնի համար: Նա բացառիկ մարդ էր: Իր բեմադրած և խաղացած ներկայացումների մեծ մասը ինքն էր թարգմանում: Ընդունում էր Մասեհյանի «Օթելլո»-ն, «Համլետ»-ը, բայց ինքը պիտի թարգմաներ` ասելով, որ իր միջով պիտի անցկացնի, նա իր լեզուն ուներ:
-Ի՞նչ եք կարծում, ո՞րն է Սունդուկյանի անվան թատրոնի ինքնատիպությունը, առանձնահատկությունը:
-Մեր թատրոնը խիստ ազգային, բայց և համամարդկային թատրոն է, լինելով ազգային` դրանով է համամարդկային: Մեր Սունդուկյանը, մեր Պարոնյանը, մեր Շիրվանզադեն, մեր Լևոն Շանթը, որ դեռ առաջին տարիներին բեմադրվել էին, լինելով ազգային` խիստ միջազգային էին նաև: Մենք ռուսական դրամատուրգիայից, թատրոնից ներմուծեցինք այդ կուլտուրան, առանց որի չէր լինի ազգային թատրոն: Ռուսական և եվրոպական թատրոնն իր հետ բերեց Փափազյանը, և այս բոլոր խոշոր թատրոնների սինթեզը մենք տեսանք մեր բեմում: Սրանով էր, այս շաղախով էր մեր թատրոնը թատրոն: Այս բոլորի հիմքի վրա բեմադրվեցին Պարոնյան, Մոլիեր, Շանթ, Շեքսպիր: Մի խոսքով, վերցնելով նրանց փորձը, մեր ազգայինը ստեղծեցինք: Ինչ լեզվով էլ խաղայինք, պիտի ասեին, որ հայ դերասաններ են. կար ձեռագիր, չգրված ինչ-որ մի բան, որ թելադրում էր, որ սա հայկական թատրոնն է:
- Իսկ որո՞նք էին թատրոնի ավանդույթները, որոնց վրա հենվելով` կայացավ Մայր թատրոնը:
-Ավանդույթը նախ բարձր պրոֆեսիոնալիզմն էր, բարձր պատասխանատվությունը: Փափազյանը, որ Փափազյան էր, թատրոն էր գալիս ժամեր առաջ, և ոչ ոք չպետք է մտներ նրա հարդասենյակ, նա կենտրոնանում էր, հավաքվում էր, զրուցում էր, կռիվ էր անում: Երբ բեմ էր մտնում, քեզ թվում էր, թե կատաղած վագր մտավ, սա Օթելլոն է, եթե գալիս էր փիլիսոփա Համլետը, դա Վաղարշյանի Համլետն էր, ուրիշ կերպ լինել չէր կարող: Մենք այդ կերպարներով ապրում էինք: Ներկայացումներ կային, որ 5 գործողություն էին, 4 գործողություն, 2 ժամ, 3 ժամ, ոչ մի ձանձրույթ: Մենք մագնիսացած էինք, մի բառ չէինք ուզում կորցնել` հետևելով մտքի զարգացմանը, խոսքի առաջընթացին: Ներկայացումներ կային, որոնց համար գիշերային հերթեր էին գոյանում. գիշերը պիտի հերթ կանգնեիր, որ առավոտյան տոմսարկղից գոնե 2 տոմս ձեռք բերեիր:
Փողոցում երբ անցնում էին Հրաչյա Ներսիսյանը, Վաղարշ Վաղարշյանը, մենք ժամերով հետևում էինք, վազում էինք հետևներից:
Սունդուկյանի ակադեմիական թատրոնը «կործանարար» թատրոն է, մի «խայտառակ» բան` իր տրադիցիաներով, իր պահանջներով. ուզածդ դերասանը կարող էր տապալվել այդ բեմում: Հիմա գալիս են տարբեր թատրոններից, և այդ բեմը ամեն մեկին չէ, որ ընդունում է, նա իր կանոնն ունի: Մենք էլ չենք հասկանում` ինչ հանելուկ է, չգրված, չհասկացված, դեռևս չվերծանված կանոն, բայց նա իր օրենքներն ունի: Բայց դերասաններ կային, որոնց անմիջապես վերցնում էր, այդպես «վերցրեց» մեր երկրորդ սերնդին` Մետաքսյա Սիմոնյան, Խորեն Աբրահամյան, Ֆրունզիկ Մկրտչյան, Սոս Սարգսյան, Վարդուհի Վարդերեսյան, Բաբկեն Ներսիսյան: Իհարկե, մենք չունենք այդ գիգանտներն այսօր, բայց թատրոնը կա, գործում է:
-Ձեր գիրքը, փաստորեն, թատրոնի յուրօրինակ տարեգրությունն է, հանրագիտարանը: Ի՞նչ սկզբունքով եք ստեղծել և ստեղծում Ձեր հանրագիտարանային արժեք ունեցող գրքերը:
-Այո, արխիվ է իմ գիրքը: Ով այս գիրքը վերցնում է, ասում է` սա մատենագիտություն է: Եվ պատահական չէ, որ Սիլվա Կապուտիկյանը շատ տարիներ առաջ գրել է. «Մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանի «Հայ մեծերը» շարքի յուրաքանչյուր հատորը մատենագիտական արժեք ունի»: ՈՒրեմն ինչ-որ մի բան տեսել է: Գրքում ես ոչ միայն դերասանի տարբեր դերերի լուսանկարներ եմ դրել, այլև նրա մասին խոսք, և ամենակարևորը` ամբողջ տարեգրությունն եմ անում. դերացանկը` ինչ է խաղացել հեռուստատեսությունում, ռադիոբեմադրությունում, թատրոնում, և այդ բոլորը` տարիներով, օրերով, ամիսներով, ռեժիսոր, նկարիչ, բոլորը հավաքել ու կարգավորել եմ:
Եվ այդպես բոլորի մասին` բեմի բանվոր, հյուսն, բոլորը, ովքեր ինչ-որ բան արել են ի շահ թատրոնի, ի շահ բեմադրության: Չկան մարդիկ, գնացել են, դե, գնացեք, գտեք թատրոնի առաջին ադմինիստրատորին, առաջին տնօրենին, իսկ այստեղ կան: Բոլորը պիտի լինեն, ինձ համար սկզբունքը սա է եղել: Եվ ամենակարևոր սկզբունքը` ոչինչ չավելացնել, ոչինչ չպակասեցնել, սա շատ կարևոր բան է, չպետք է ստել:
Շուտով ֆիլմ կնկարվի Գոհար Գասպարյանի մասին, և ես ասացի` միայն վավերագրերով: Իմ առաջին հանդիպումը Գոհարի հետ 1948-ին էր, և դրա հաստատումը լուսանկարն է` երգչուհու մակագրությամբ: Այս գրքում էլ ամեն ինչի հիմքում վավերագրերն են: Թատրոնի առաջին աֆիշը, որը ոչ մի տեղ չի պահպանվել` ոչ թատրոններում, ոչ թանգարաններում, ինձ մոտ կա:
Աֆիշներ, ծրագրեր, դիմանկարներ, նամակներ… Օրինակ` Չարենցի առնչությունները թատրոնի հետ: Նա Երևանի ուղղիչ տնից նամակ է գրել թատրոնի տնօրենին, պիեսներ է խնդրել բանտում բեմադրելու համար, սա պատմություն է, և այդ երեք նամակն էլ ես դրել եմ: Դրել եմ նաև Չարենցի երեք նամակը Արուս Ոսկանյանին, նրա կարծիքը Վաղարշ Վաղարշյանի մասին, բանաստեղծությունները, ձոները Արուս Ոսկանյանին, Հասմիկին, Վարդուշ Ստեփանյանին, Սուրեն Քոչարյանին: Սա արժեք է, այլ կերպ հնարավոր չէր:
Ես չեմ մեղանչել ճշմարտության առջև, արել եմ հնարավորը, կարևորը, առաջնայինը:
-Դուք բազմաթիվ գրքերի ու հոդվածների հեղինակ եք, սակայն Ձեր հավաքածուի ստվար մի հատվածը դեռ մնում է անտիպ:
-Ես պարտքի մեծ զգացում ունեմ, որ չթողնենք մեր մեծերը հանիրավի մոռացվեն: Ճիշտ է, հոդվածներ շատ ունեմ դերասանների մասին` Գոհար Գասպարյան, Բաբկեն Ներսիսյան, Կարպ Խաչվանքյան, Գալյա Նովենց, Սուրեն Քոչարյան և ուրիշներ, բայց ուզում եմ բոլորը, ինչ ունեմ, հանձնել թղթին:
Աստծուց պիտի խնդրեմ այնքան կյանք, որ Գոհար Միխայլովնայի համար կարողանամ մի մոնումենտ սարքել: Ես 155 անտիպ նամակ ունեմ Գասպարյանից: Ես երազում եմ ունենալ Գոհար Գասպարյանի, Սուրեն Քոչարյանի մասին գրքեր:
Սուրեն Քոչարյանից ունեմ մի քանի հազար նյութ, հազարավոր ձեռագրեր, նամակներ, ռուս մտավորականների, ակադեմիկոսների ինքնագրերը, 35 բանաստեղծություն` նվիրված Սուրեն Քոչարյանին, բոլորը անտիպ են: Սուրենը իր թատրոնի միակն էր ու վերջինը: Նա ասմունքող չէր, նա իսկապես մեկ դերասանի թատրոն էր:
Երազում եմ գրել Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի պատմությունը, ունեմ բոլոր նյութերը` սկսած առաջին ներկայացումից մինչև այսօր:
Ինքս ինձ ասում եմ` չպետք է մեր գիգանտները մոռացվեն, Սերգեյ Առաքելյան, նստիր և գրիր: Ես ունեմ հսկայական արխիվ, երջանիկ եմ, որ ցանկացած հեռուստատեսային հաղորդում, ռադիոհաղորդում, լուրջ հոդված առանց իմ արխիվից օգտվելու հնարավոր չէ ստեղծել, և ես բոլորին օգնում եմ: Էլ ինչի՞ համար եմ հավաքել, որ չտարածեմ:


Զրույցը վարեց
Սուսաննա ՆԵՐՍԵՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 1100

Մեկնաբանություններ