«Միլիարդավոր մարդիկ կանգնած են ծայրահեղ շոգի համաճարակի առաջ։ Նրանք մահանում են ավելի ու ավելի մահացու շոգից, քանի որ ամբողջ աշխարհում ջերմաստիճանը հասնում է 50 աստիճանի՝ ըստ Ցելսիուսի: Երկիրը բոլորի համար և ամենուր դառնում է ավելի շոգ ու վտանգավոր։ Պաշտոնական տվյալներով՝ շոգը տարեկան գրեթե կես միլիոն մարդու կյանք է խլում»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։               
 

«Աստծո փառքի համար»

«Աստծո փառքի  համար»
19.07.2013 | 11:54

«Իրատես de facto»-ի հյուրն է գեղանկարիչ ՄԱՅԻՍ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ, ում արվեստանոցում հյուրընկալվելիս հաղորդակցվում ես ոչ թե սոսկ արվեստի, այլ դրա աստվածատուր խորհրդի հետ: Այս հարցազրույցը մի յուրատեսակ ճանապարհ է, որ պիտի մեր ընթեցողին ևս ուղղորդի դեպի այդ խորհուրդը, ճանաչելի դարձնի նրա համար իր կողքին ապրող մի ինքնօրինակ արվեստագետի կերպարը:

«ԵՍ ՍԿՍԵԼ ԵՄ ՆԿԱՐԵԼ ՄՈՐՍ ԱՐԳԱՆԴԻՑ, ԵԹԵ ՈՉ ԴՐԱՆԻՑ ԱՌԱՋ»
-Մայիս, Ձեր բոլոր ստեղծագործությունների հետևում «Աստծո փառքի համար» գրառումն է: Սկսենք զրույցը հենց այդ արտահայտության մեկնաբանությամբ:
-Ես սկսել եմ նկարել մորս արգանդից, եթե ոչ դրանից առաջ: Բայց հետո` հասուն տարիքում նկարելիս, եկավ մի պահ, որ իմ մեջ ինչ-որ բան փոխվեց: Ես տեսա մի շնորհ, որը տրված է ի վերուստ: Եվ ուրեմն, դա պետք է ունենա հեղինակ: ՈՒ մարդ արարածն իրեն տրված շնորհը պետք է հետ վերադարձնի: Ինչո՞ւ Մոցարտը չորս տարեկանում գրեց սիմֆոնիա: Արդյո՞ք Մոցարտը գրեց: Երբ ավարտում եմ որևէ աշխատանք, մոռանում եմ, որ ես եմ հեղինակը: Սկսում եմ դրան նայել ուրիշ աչքով: Հասկանում եմ, որ ես չէի կարող դա նկարել: Ես այդքան չկամ: Դա Աստծո փառքին է ծառայում, ու երբ մարդ արարածը վրձինը վերցնում է ձեռքը, Աստծո շնորհը կամ հրեշտակներն են օգնում, որ ինքը կարողանա ի մի բերել այդ ամենը: Շնորհն Աստծուց է, այդ պատճառով էլ ես կատարում եմ այդ գրառումը, որ վերադարձնեմ նրա տված շնորհը: Ամեն ինչ պետք է իր տեղում լինի: Եթե գողացված է, եթե ես ինձ եմ դա վերագրում, արդեն սխալ է:
-Այսպիսի աֆորիզմ ունեք. «Արվեստի մեջ «իզմեր» մի՛ փնտրեք, այն ավելի մեծ է, քան հնարած «իզմերը»: Ամեն բան, ի վերջո, ինչ-որ դասակարգման, բնութագրման է ենթարկվում: Եթե ոչ «իզմերով», ապա ինչո՞վ, ինչպե՞ս պիտի բնութագրեն արվեստը, գեղանկարչությունը:
-Հենց իր ներքին աշխարհով: Վերցնենք, օրինակ, սյուրռեալիզմը: Այն ստեղծել են 19-րդ դարում արվեստաբանները: Ինչո՞ւ են ստեղծել, որովհետև հեշտ է խոսել դրա մասին: Իսկ եթե փակագծերը բացում ենք, «իզմերը» վերացնում ենք, արվեստի մասին խոսելը շատ է դժվարանում: Ինչպե՞ս կարելի է խոսել սիրո մասին, ծնունդի մասին: Եթե աշխարհիս երեսին կա ինչ-որ մեկը, որը կարող է ասել, թե ծնունդը, սերը, գեղեցիկը, Աստված որ «իզմին» են պատկանում, այդ ժամանակ ես կսկսեմ մտածել, թե որ «իզմին» է պատկանում կերպարվեստը: «Իզմերը» հնարված են, արվեստի հետ ոչ մի կապ չունեն: Դա մարդու մոտեցման հետ կապ ունի, հեշտացնում է նրա համար արվեստի, գրականության, ջազի և այլնի մասին արտահայտվելու խնդիրը: Ես արտահայտվում եմ կերպարվեստի միջոցով: Բայց խոսում եմ սիրո, գեղեցիկի, Աստծո շնորհի մասին: Արդյո՞ք դրանք «իզմեր» են: Չեմ կարծում:
-Ձեր գեղանկարչության ընդհանուր տրամադրության, հատկապես կերպարների մեջ շեշտադրված է արտիստիզմը: Ինչ-որ թատերային, հանդիսավոր-ցուցադրական բան կա դրանցում: Հասկանալի է, որ այս պարագայում իր դերն է խաղում բեմանկարչության, կինոնկարչության ոլորտում կատարած Ձեր աշխատանքը, բայց այդ ֆոնը տարածվում է նաև այլ գործերի վրա, անգամ գրքերի նկարազարդումների: Սրա արմատները որտե՞ղ փնտրել:
-Տեսածիս մեջ, քանի որ ես Թիֆլիսից եմ: Բանն այն չէ, որ դա չկա Հայաստանում: Պարզապես այն արվեստը, որը ծնվել է Թիֆլիսում, իր մեջ կրում է թատրոն: Այնտեղ գեղեցիկի մատուցման ձևն է ուրիշ, դրա նկատմամբ նրբանկատությունը, հոգածությունը, սրտի թրթիռը: Այս բաների շնորհիվ իմանում ես գեղեցիկի արժեքը: Երբ ես արդեն գիտակից էի, հասկանում էի, թե ինչ բան է գեղեցիկը, ապշում էի իմ մոր գեղեցկությամբ, տատիս գեղեցկությամբ: Տատս գլխարկ էր դնում, որը հատուկ նրա համար բերում էին Փարիզից: Բայց երբ նա եկեղեցում ծնկի իջավ և ինձնից էլ պահանջեց ծնկի գալ, ես ապշեցի: Տատս ինձ համար անհասանելի բարձրություն էր, ու ես տեսա, որ կա մի ավելի բարձր ուժ, որի առաջ իմ տատը ծնկի է գալիս: ՈՒ դա Աստված է: Այսպիսի բաներով եմ ես մեծացել Թիֆլիսում: Այնտեղ մատուցման ձևն է ուրիշ: Էդ թատրոնն այնտեղ ամեն քայլափոխի է հանդիպում: Թիֆլիսի հարսանիքը մի մեծ ծիսակատարություն է, ոչ թե ընդամենը ուտել-խմել: Սա մշակույթ է, ու, Աստված տա, որ մենք լինենք մեր մշակույթի տերը, մեր մեջ կրենք այդ աստվածային գանձերը: Չի կարելի սրբությանը ձեռք տալ: Չի կարելի ստեղծագործությանը ձեռք տալ, եթե դա ստեղծագործություն է: Ես անձամբ պետք է մտածեմ իմ մշակույթի տերը, դրա կրողը լինելու մասին: Ոչ թե քանդել, աղավաղել, այլ պահպանել, ցնծություն ապրել մեր ունեցածով: Եթե ունենք Գրիգոր Նարեկացի, Հովհաննես Թումանյան, Երվանդ Քոչար (թվարկել կարելի է երկար), սա մեզ համար ցնծություն պետք է լինի: Այդպիսի մարդիկ Աստծու դեսպաններն են Երկրագնդի վրա: Մենք պետք է արժանի լինենք այդ անունների կողքին կանգնելուն: Ես պետք է արժանանամ, որ գոնե մեկ անգամ Թումանյանի անունը տամ: Հիմա ով ինչ ուզում է, խոսում-անում է: Քանդում է, ուզում է «սարքել»: Ի՞նչն եք քանդում, Աստվա՜ծ իմ:

«ՄՈՑԱՐՏՆ ԻՄ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԸՆԿԵՐՆԵՐԻՑ ՄԵԿՆ Է»
-Երբ մտանք Ձեր արվեստանոց, առաջինը ներկայացրիք Մոցարտին նվիրված «Ռեքվիեմ» մեծադիր աշխատանքը` ասելով. «Ես այս գործը նվիրել եմ իմ բարեկամ Մոցարտին»: Փաստորեն, ջերմ հարաբերությունների մե՞ջ եք Մոցարտի հետ:
-Այո՛, Մոցարտն իմ լավագույն ընկերներից մեկն է: Երբ սկսում եմ նկարել, ինքը ներկա է լինում. ես լսում եմ դասական երաժշտություն: Քիչ առաջ խոսում էինք «իզմերի» մասին: Ես դասական ասելով նկատի ունեմ այն, ինչը մնայուն է: Ժամանակից դուրս է: Ինձ համար չկա ժամանակակից արվեստ հասկացություն: Արվեստ կա՛մ կա, կա՛մ չկա: Նույնն է, թե ասենք ժամանակակից սեր, ժամանակակից երեխա, ժամանակակից մայր… Դրանք բոլորը հնարած բաներ են: Ժամանակակից արվեստը ես ընկալում եմ որպես ժամանակավոր արվեստ. ինքը ժամանակի մեջ է ապրելու, ոչ` հավերժ: Իսկ Մոցարտը, Մինաս Ավետիսյանը, էլի շա՜տ շատերը դասական են, մնայուն են: Նրանց որ ժամանակի մեջ էլ նայես, արժեքավոր են, գրավում են քեզ: Եվ Մոցարտը մեկն է նրանցից, որոնց հետ ես ընկերություն եմ անում, որը ներկա է իմ աշխատանքների մեջ: Եվ նրա հետ ես ստեղծագործում եմ, նկարում: Պարզ է, որ պարտադիր է Աստծու ներկայությունը: Նկարել սկսում եմ աղոթքով: Հետո նոր գալիս են այն մարդիկ, որոնք իմ մեջ ապրում են, որոնց ես սիրում եմ, որոնց նկատմամբ անտարբեր չեմ: Դրանց շնորհիվ ես նկարում եմ ու, ցավոք, վերջում գրում եմ իմ անունը: Դա աբսուրդ է: Չի կարելի:
-Դուք Ձեր գործը գերադասում եք Ձեր անձից: Դա արվեստագետներին այնքան էլ բնորոշ չէ: Խնդիրներ չե՞ն ծագում այլ արվեստագետների հետ հարաբերվելիս: «Լռության սիմֆոնիա» ֆիլմում աշխատել եք ռեժիսորի` Վիգեն Չալդրանյանի և, փաստորեն, Ձեր կերպարը խաղացող Կարեն Ջանիբեկյանի հետ (Ձեր աշխատանքների հեղինակն է նկարիչ խաղացող Կարեն Ջանիբեկյանը): Փոխզիջման անհրաժեշտություն շա՞տ է ծագել:
-Այդ մասին չեմ մտածել: Հեշտ էր այնքանով, որ ես իմ գործն էի անում: Իմ գործը ոչ ոք չէր կարող անել: Ես նկարում էի: Միայն Կարեն Ջանիբեկյանին խնդրեցի, որ խնձորը վերցնի ձեռքը և կարմիր ներկ քսի ճիշտ տեղում: Աջ ու ձախ չքսի, որ նկարը փչացնի: Փա՜ռք Տիրոջը, Կարեն Ջանիբեկյանն արեց այն, ինչ ես էի ուզում: Նորմալ էր: Հեշտ է, երբ մտածում ես, որ ոչ թե դու ես այդքան լավը, այլ Աստված մտածում է, որ քեզ կարելի է այդ բեռը տալ: Ինչքան տված բեռը ծանր է լինում, այնքան ուրախանում ես, մարդ ես քեզ զգում ու գոհանում ես տրված բեռի համար: Օրինակ` այն, ինչ «Խորհրդավոր ընթրիք» աշխատանքս իր մեջ կրում է, ես այդքան չկամ, ես չեմ կարող ասել, թե ինքս եմ հասել դրան: Դա Աստված է տվել: Երևանում Հենրիկ Իգիթյանն իմ անհատական ցուցահանդեսը կազմակերպեց, և երեք օրում նկարներիս 75 տոկոսը գնեցին: Մնացել էր 3-4 նկար, ես ասացի, որ գնում եմ Թիֆլիս: Իգիթյանը զարմացել էր, հորդորում էր մի քանի օր ևս մնալ, էլի մարդիկ պիտի գային, նկարներս նայեին: Բայց ես տեսիլք էի ունեցել, տեսել էի այն, ինչ հիմա դուք տեսնում եք իմ արվեստանոցում` «Խորհրդավոր ընթրիքը»: Ես գնացի ու սկսեցի այս աշխատանքը: Փակվեցի, առանձնացա, սկսեցի աշխատել: Թիֆլիսում սկսածս ավարտեցի Երևանում: Այս գործն իր մեջ կրում է տիեզերքի գաղտնիքները: Ինձ համար բացում է տիեզերքը: Չորս տարի աշխատել եմ ու մեծ ուրախություն ապրել այն բեռի համար, որ ինձ տրվել է: Կարող էր և չտրվել: Շնորհը Աստված տալիս է, իսկ ի՞նչ է անում մարդ-արարածը: Եթե ճիշտ ճանապարհին է, էլի է տրվում, եթե շեղվում է, էլ չի տրվում:

«ԵՍ ՎՍՏԱՀ ԵՄ, ՈՐ ՄԵՆՔ ԵՐԲԵՔ ՀԵԹԱՆՈՍ ՉԵՆՔ ԵՂԵԼ»
-Դուք և Գրիգոր Մովսիսյանը համագործակցում եք: Պատմեք այդ մասին:
-Ես պատահականությանը չեմ հավատում: Մեզ ծրագրով ինչ-որ բան տրվում է: Մենք ընտրում ենք կամ չենք ընտրում: Կարծում եմ, որ Գրիգորին հանդիպելը շատ բան փոխեց իմ կյանքում: Ես ապշեցի, որ Վեհափառի պորտրետը պատվիրեց: Մարդիկ իրենց, ընտանիքի անդամների պորտրետներն են պատվիրում: Իսկ Գրիգորը պատվիրեց Վեհափառինը: ՈՒ նկարեցի այնպես, ինչպես ես էի զգում: Վեհափառը շատ հավանել էր այն: Գրիգոր Մովսիսյանի «Վահագնի ծնունդը կամ մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը» գրքի մասին կուզենայի խոսել: Մեր թվարկությունից առաջ մինչ այսօր մեր շուրթերին է «Վահագնի ծնունդը» հրաշալի բանաստեղծությունը, որի իմաստը չէինք հասկանում: Գրիգոր Մովսիսյանի միջոցով Աստված բացեց այդ բանաստեղծության իմաստը, մի բան, որ ցնծություն է մեզ համար: Ապշեցնող էր նաև խորանի վարագույրի պատվերը, որ ստացա Գրիգորից: Փաստորեն, այդ վարագույրով բացահայտվեց մեր եռագույն դրոշի էությունը: Ես վստահ եմ, որ մենք երբեք հեթանոս չենք եղել: Այն ամենից, որ բերել-կպցրել էին մեզ, մենք ազատվեցինք Գրիգոր Լուսավորչի շնորհիվ: Ինչպե՞ս կարող է հրաշալի ճարտարապետություն, գրականություն ունեցողը կրակը վառել ու երկրպագել կրակին: Սովորական կրակին, որը կարելի է ջրով հանգցնել: Բա ո՞ւր է Աստված: Մենք երբեք կրակապաշտ չենք եղել: Այսօր մոմը վառում ենք ոչ թե նրա համար, որ կրակապաշտ ենք, այլ որ աղոթենք: Դա ընդամենը սիմվոլիկա է. ոչ թե մոմին ենք աղոթում, այլ Աստծուն: Սադհու Սունդար Սինգհի «Տիրոջ ոտքերի մոտ» գրքի վրա աշխատանքը մեկ ուրիշ կարևոր հանգրվան էր իմ ու Գրիգորի համագործակցության դաշտում: Ես կուզենայի, որ մենք շատ ունենայինք Մանթաշովի, արվեստ հովանավորողների նման մարդիկ, որպեսզի նրանք պատվիրեին արվեստի գործեր, ու մենք ունենայինք Վատիկանի նման հարստություն, մեր երկիրը լցվեր այդպիսի արժեքներով: Գրիգորն իմ ընտանիքի քավորն է, բայց իր տանը կախված իմ բոլոր աշխատանքները նա գնել է, երբեք թույլ չի տալիս, որ շահագործվի մեր քավոր-սանիկ հարաբերությունը: Շատ հանգամանքներ կան, որոնց առկայությունը կարևոր է իմ ստեղծագործական աշխատանքում: Ես յուրօրինակ հարաբերություններ ունեմ իմ աշխատանքային միջավայրի ամեն մի առարկայի հետ: Օրեր առաջ մի վրձին ձեռքիցս ընկավ, ես նրանից ներողություն խնդրեցի: Կամ` մի վրձինը վերցնում եմ, որ աշխատեմ, կողքի վրձինը թույլ չի տալիս, կարծես ուզում է, որ իրենով աշխատեմ: Շատ հետաքրքիր հոգեվիճակներում եմ աշխատում, ապրում: Շատ անգամ ուզում եմ ուրախությունից ոռնալ, որ ծնվել եմ, կամ, սիրում եմ, տեսնում, գնահատում, կարողանում եմ չլռել գեղեցիկի մասին, քիթս բարձր ման գալ, որովհետև աշխարհի ամենագեղեցիկ աղջիկները հայուհիներն են: Մենք պետք է մեծարենք, բարձրացնենք մեր աղջիկներին, քանի որ իրենք են մարդ ծնում, կյանք արարում: Ես գեղեցիկը տեսնելիս չեմ կարողանում լռել: ՈՒ փա՜ռք Աստծու, կինս դա նորմալ է ընդունում: Նրա ներկայությամբ այս բաների մասին շատ ավելի ազատ եմ խոսում: ՈՒ շնորհակալ եմ նրան, որ ինձ երբեք չի խանգարում: Կնամեծար լինելը մի առանձնահատուկ բան է, հրաշք բան է: Թիֆլիսում մի լուսանկարիչ կար` Յուրա Մեչիտովը: Փարաջանովի լուսանկարիչն էր: Մի անգամ եկել էր Երևան, խոսում էինք Թիֆլիսի մասին, ու ես նրան կեսկատակ-կեսլուրջ ասացի. «Գիտե՞ս, ես երբ դարձա նկարիչ: Երբ Մեյդանի բաղնիքի պատին բացած անցքից տեսա կնոջ մերկ մարմինը»: Նա ասաց, որ ինքն այդ բանը չի արել: Ասացի. «ՈՒրեմն դու թիֆլիսեցի չես»: Այսպիսի պատմություններով, դրանց շնորհիվ ապրած ցնծությամբ է հարստանում արվեստագետը:

Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 2966

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ