«Միլիարդավոր մարդիկ կանգնած են ծայրահեղ շոգի համաճարակի առաջ։ Նրանք մահանում են ավելի ու ավելի մահացու շոգից, քանի որ ամբողջ աշխարհում ջերմաստիճանը հասնում է 50 աստիճանի՝ ըստ Ցելսիուսի: Երկիրը բոլորի համար և ամենուր դառնում է ավելի շոգ ու վտանգավոր։ Պաշտոնական տվյալներով՝ շոգը տարեկան գրեթե կես միլիոն մարդու կյանք է խլում»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։               
 

«Հետաքրքիր է, ի՞նչ կաներ պարոն Արգամ Այվազյանը, եթե նրա քսակից մի կոպեկ պակասեր»

«Հետաքրքիր է, ի՞նչ կաներ  պարոն Արգամ Այվազյանը,  եթե նրա քսակից մի կոպեկ պակասեր»
02.07.2013 | 11:52

Խորին հարգանքով կարդացի Արգամ Այվազյանի հոդվածը իմ` «Երանի այն գրողին, ում գրականությունը քաղաքականացված չէ» հարցազրույցի առնչությամբ («Իրատես de facto», 31.05.2013): Մարդը, ամեն դեպքում, ազատ է իր կարծիքի մեջ, և Արգամ Այվազյանը տուրք է տվել իր ազատությանը, լավ է, որ կոռեկտության սահմաններում:
Չգիտես ինչու, ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի մասին իր վերաբերմունքը շարադրելիս Արգամ Այվազյանն անընդհատ խոսում է կեղծիքի մասին, մեղադրում է Այլիսլիին այս կամ այն ստի մեջ: Մեղմ ասած` չի կարելի բարեկամ գրողի, մեծ հումանիստի մասին անընդհատ նման մեղադրանքներ հնչեցնել:
Որովհետև ի՞նչ է նրա ուզածը. ընդամենը մարդասիրություն, երկու հարևան ժողովուրդների խախտված բարեկամության վերականգնում, ի վերջո, կոնֆլիկտի հաղթահարում: Այդ մարդը թույնի, ժահրի, ատելության, պատերազմի վրայով բարեկամության ձեռք է մեկնում հայ ժողովրդին: Իսկ ի՞նչ է ստացվում, Դուք նրան մեղադրում եք ստոր կեղծիքի մեջ, որ իբր աղավաղել է պատմական փաստերը, դեռ ավելին, Դուք նրան մեղադրում եք ադրբեջանական խորամանկ դիվանագիտության մեջ, թե նա իր գրչով թաքնաթաքուն նպատակներ է հետապնդում, փաստորեն, փորձում եք ավելի խելոք երևալ, քան կաք: Պետք չէ մութ սենյակում սև կատու փնտրել, առավել ևս, որ այն չկա: Մարդը պարզապես բարեկամական ձեռք է մեկնել, իսկ դուք թշնամաբար թքում եք նրա ափին:
Վեպի ուշադիր ընթերցումից զգացվում է, որ Այլիսլին միտում չի ունեցել կարևորելու պատմագրությունը, նա ընդամենը եղած փաստերն օգտագործել է գովերգելու համար հայ ժողովրդի խաղաղ շինարարությունն ու արարուն միտքը:
Գեղարվեստական ստեղծագործությունները շատ բան են փոխում կյանքում և ամենից առաջ` մարդուն: Այլիսլիի ստեղծագործությունը կարդալուց հետո շատ հայ ազգայնականներ սկսել են ավելի շրջահայաց լինել ժողովուրդների նկատմամբ իրենց մտածումներում:
Ես շեշտել եմ, էլի եմ շեշտում. կա Այլիսլիի Ադրբեջան, և կա սաֆարովյան Ադրբեջան: Պիտի տարանջատել այդ երկու ադրբեջանները: Այվազյանական ճանապարհով հեռու չես գնա: Այդպիսով բարեկամներին էլ կարելի է կորցնել:
Էս ո՞ւր ենք գնում, ամբողջ աշխարհին մենք ի՞նչ է, պատերա՞զմ ենք ուզում հայտարարել: Եվ առաջին հայտարարողներից մեկն էլ Արգամ Այվազյանն է, ով առաջադեմ մտավորականին անգամ կեղծարար ու զեղծարար է համարում: Դա ի՞նչ է, պատերազմ չէ՞: Այո, ազգամիջյան բախումներ են եղել, եղել է և պատերազմ: Թումանյանն ասում է` պատերազմի ժամանակ փլավ չեն բաժանում: Ինչ խոսք, շատ դեպքերում այդ փլավը մեր կոկորդում է մնացել, հարամ է եղել և՛ մեզ համար, և՛ նրանց: Բայց պատերազմ էր, չէ՞: Հիմա եկել է մուսաների խոսելու ժամանակը: Այլիսլին արդեն խոսում է:
Ես ասացի, որ գեղարվեստական գործը փոխում է մարդուն, կարող է և՛ չար դարձնել, և՛ բարի…
Վերջերս մի ադրբեջանցուց նամակ ստացա: Խնդրել էր, որ իր անունը չհրապարակեմ, ես էլ իր անունը չեմ հրապարակում, չէի էլ ուզում այդ մասին խոսել, բայց որ տեղը եկել է, ասեմ:
Նա ասում էր հետևյալը. «Մուալիմ Ջավախյան (մուալիմ- ուսուցիչ, հարգարժան մարդ), ես կարդացի ձեր «Քիրվա» պատմվածքը, որն ինձ ապաշխարանքի դուռը տարավ: 90-ականներին, երբ ազգայնական կրքերը բորբոքվել էին և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում, ինչպես որ Դուք էիք տուրք տալիս Ղարաբաղյան շարժմանը, մենք էլ տուրք էինք տալիս մեր ազգային կրքերին: Ես Ազգային ճակատի անդամ էի:
Բաքվի հանրահայտ հունվարյան իրադարձություններն էին: Արվարձաններից մեկում, իմացանք, որ մի հայի են խոշտանգում, գնացինք այդ ուղղությամբ:
Ես նրան ճանաչեցի, անունը Արկադի էր, մեր գործարաններից մեկի նավթային ինժեներն էր, ամբողջովին արնաշաղախ էր, նրա կողքին 10 տարեկան երեխան էր: Մինչև հիմա ականջներումս այդ երեխայի ձայնն է, ասում էր` «Հայրիկ, մի մեռի, խնդրում եմ, մի մեռի»: Խղճահարվեցի, այդ մարդուն հիվանդանոց տեղափոխեցի, կազմակերպեցի նրա բուժումը և օգնեցի, որ լաստանավով անցնի Կասպից ծովը: Ես հերոս չեմ: Ես դա չեմ էլ պատմում հերոսանալու համար: Պարզապես իմ մարդկային պարտքն եմ կատարել:
«Քիրվան» կարդալուց հետո իմ մեջ ցանկություն առաջացավ ներողություն խնդրելու Արկադիից, բայց չգիտեմ որտեղ փնտրեմ նրան: Կարդալով պատմվածքը, հասկացա թե ումից կարող եմ ներում խնդրել, մուալիմ Ջավախյան, ես Ձեզնից եմ ներողություն խնդրում մեր անմարդկային արարքների համար»:
Այլիսլիի վեպը մի ապաշխարանք է իր ժողովրդի անունից: Քի՞չ է տուժել այդ մարդը իր երկրում, մե՞նք էլ պարսավանքի ենթարկենք: նա իր երկրում շնորհազուրկ է եղել, կառավարական բոլոր պարգևներից զրկել են, 1000 եվրոյի չափով թոշակը կտրել են, կնոջն ու որդիներին աշխատանքից ազատել են: Հետաքրքիր է, ի՞նչ կաներ պարոն Արգամ Այվազյանը, եթե նրա քսակից մի կոպեկ պակասեր:

Ինչ վերաբերում է իմ հասցեին հնչեցրած մեղադրանքին, ասեմ, որ «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական բաժնի լրագրողին հարցազրույց եմ տվել, որը զերծ չի եղել աղավաղումներից: Հետագայում ես կրկին զրուցել եմ այդ լրագրողի հետ, և նա իմ հորդորով` հետգրությամբ համապատասխան շտկումներ է մտցրել հարցազրույցում: Այդ մասին գրվել է նաև «Իրատես de facto»-ում: Զարմանալի է, որ դա վրիպել է պարոն Այվազյանի աչքից:
Ի վերջո, ես 4-5 գիրք ունեմ, անընդհատ հարցազրույցներ եմ տալիս, պատմվածքներ եմ գրում, գործող գրող եմ, տեղ չկա՞ր, որ ադրբեջանական աղբյուրից է օգտվել: Այդքան պարսավում է ադրբեջանական աղբյուրները, բայց էլի նրանց «օգնությանն է դիմում»:
Կրկին հորդորում եմ Ձեզ, պարոն Այվազյան, ով ձեզ բարեկամական ձեռք է մեկնում, մի վանեք, այլ հարգանքով սեղմեք այդ ձեռքը:


Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ
(սովորական մի մարդ)

Դիտվել է՝ 1121

Մեկնաբանություններ