Հունիսի 28-ին տեղի ունեցավ ռեժիսոր Լիլիթ Մովսիսյանի «Caucho» ֆիլմի պրեմիերան։ Լիամետրաժ այս կինոնկարը երեք երիտասարդ արվեստագետների մասին է՝ ռեժիսորի, դերասանուհու և դերասանի (նրանց մարմնավորում են Արսեն Գրիգորյանը, Լյուսի Աբդալյանը, Մանվել Խաչատրյանը), ովքեր բեմադրում են Վ. Սարոյանի «Պինգ-պոնգ խաղացողերը» պիեսը։ Հերոսները որոշում են մինչև իրենց ներկայացման պրեմիերան իրականում խոսել միայն պիեսի դիալոգներով: Խաղը կավարտվի, եթե նրանցից մեկը խախտի կանոնները: Ռեժիսոր Լիլիթ Մովսիսյանը բացահայտում է գաղտնիքը. «Ես Սարոյան եմ շատ սիրում, իր ամեն մի տողի մեջ կարող ես 180 իմաստ գտնել: Վաղուց էի երազում նկարել Սարոյանի գործերից մեկը, բայց քանի որ չունեի իրավունքը, ինչը շատ թանկ է, որոշեցի, որ իմ հերոսները կբեմադրեն Սարոյան: Եվ իմ գործը հեշտացավ, և հերոսները գտան իրենց խաղը»:
Ֆիլմի պրոդյուսեր Ինգա Գասպարյանը, ներկայացնելով Լիլիթ Մովսիսյանի հետ համագործակցությունը, նշեց, որ ռեժիսորն իրեն գրավել է իր գաղափարով, ոչ ստանդարտ մտածելակերպով. ֆիլմում շեշտը չէր դրված կոմերցիայի վրա, հիմքում միայն արվեստն է։ Ինգա Գասպարյանը նշեց, որ ֆիլմն առաջիկայում կներկայացվի մի շարք փառատոների։ Նա չբացեց գաղտնիքը և չնշեց, թե որքան է արժեցել կինոնկարի ստեղծումը։ ՙՖիլմի բյուջեն կազմել է իքս գումար և 15 մարդու շատ մեծ էնտուզիազմ՚,- նշեց պրոդյուսերը։
«Կաուչոն» նկարահանվել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի, Հայաստանի ազգային կինոկենտրոնի և «Գուրջան» թատրոն-հիմնադրամի աջակցությամբ։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշեց, որ երիտասարդ ստեղծագործողներն այսօր հետաքրքրված են կինոարտադրությամբ, և բազմաթիվ են այն ծրագրերը, որ ուղղված են ֆիլմարտադրությանը։ Կ. Ավագյանը նկատեց նաև, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամն իր ծրագրերում առանձնացրել է ֆիլմերի ստեղծման աջակցությունը։ Բոլորովին վերջերս հիմնադրամի աջակցությամբ անցկացվեց նաև կարճամետրաժ ֆիլմերի երիտասարդական փառատոն։