«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

«Եկեղեցի եմ նկարում խաչը գլխին, բայց ներաշխարհս անհանգիստ է»

«Եկեղեցի եմ նկարում խաչը գլխին, բայց ներաշխարհս անհանգիստ է»
28.06.2013 | 12:42

Հունիսի 25-ին Հայաստանի նկարիչների միության 2-րդ հարկի ցուցասրահում բացվեց գեղանկարիչ ՎԻԿՏՈՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը` նվիրված նրա 65-ամյակին։ Սա էր մեր հանդիպման առիթը։

-Դուք անկախությունը դիմավորեցիք որպես կայացած ստեղծագործող։ Եվ սկսվեցին զարմանալի օրեր։

-Անկախությունը ինձ մտքի ազատություն տվեց, բայց որքան եմ ես օգտվում այդ ազատությունից։ Ես կարող եմ օգտվել որպես ազատ ստեղծագործող մարդ, սակայն միջավայրը չի օգտվում նման ազատությունից, չի կարող օգտվել։
-Խորհրդային տարիների՞ն։
-Այդ տարիներին ներաշխարհումս ինչ-որ զսպիչ կար, որը թելադրում էր` սա է սահմանը, այն չի կարելի խախտել։ Սակայն իմ կտավի առջև ես ազատ էին, ազատ` պայմանականորեն, քանի որ եկեղեցի էի նկարում, բայց եկեղեցին պիտի նկարեի առանց խաչի։ Դա, անշուշտ, ճնշում էր։ Բայց չէ՞ որ այսօր եկեղեցի եմ նկարում ազատ և անկաշկանդ, խաչը եկեղեցու գագաթին, բայց ներաշխարհս անհանգիստ է, տագնապ ունեմ երկրիս վաղվա օրվա հանդեպ։
-Աշխարհն ընդունում է այսօր, որ խորհրդային գիտական և մշակութային համակարգն ամենառաջավորն էր աշխարհում։ Նաև կրթական համակարգը։ Խորհրդային շրջափուլում մասնավորապես հայ ազգային կերպարվեստը հասավ փայլուն արդյունքների, դա, իսկապես, նվաճումների շրջափուլ էր։
-Միանգամայն համաձայն եմ։ 20-րդ դարի 60-80-ականները, մասնավորապես հայ ազգային մշակույթի, կրթության, գիտության և արվեստի ոսկեդարն էր։ Սա անժխտելի է։ Ազգայինի դրոշմն ամենուր էր։ Ես ազգային դարձա հենց այդ տարիներին։ Ես սա հավաստում եմ, քանզի աշխատում էի Հայաստանի պետական հեռուստաընկերությունում։ Կար մտածողության ազատություն, եթե հայեցի էիր մոտենում յուրաքանչյուր խնդրի։ Մի՞թե պարադոքս չէ, որ խորհրդային կաղապարներում գործող հանրապետության հեռուստատեսությունը ազգային երևույթ էր, իսկ անկախության շրջանում այն ապազգային է, նկատի ունեմ Հ1-ը, որպես հանրության, վերջնահաշվարկում էլ ազգային շահերի ջատագով։ Գուցե հստակ ծրագի՞ր է մեզ ուծացման տանելու։
-Գուցե։ Ձեզ, այնուամենայնիվ, ինչ տվեց երկրի անկախացումը։
-Ցավալի է, սակայն խորհրդային հեռուստատեսության աշխատակիցս աշխատավարձով և հոնորարներով կարողացա սեփական տունս կառուցել, իսկ այսօր ազատ և իրավական երկրի ստեղծագործողս, ինչպես և իմ հարյուրավոր գործընկերները, երբեմն կտավ և ներկ գնելու հնարավորությունից ենք զրկվում։ Բայց չէ՞ որ մենք լիարյուն աշխատում ենք, ստեղծագործում և կամենում պիտանի լինել մեր անկախ հայրենիքին։ Անկախացման հետ կապված մի քանի բան է ուղղակի դաջվել հիշողությանս մեջ։ Երբ վերջին հանրահավաքներից մեկում շարժման առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը խրոխտ հայտարարեց, թե իրենք իշխանության են գալիս և ժողովուրդը հանգիստ կարող է տուն վերադառնալ, շատերի նման ես էլ բավարարված տուն վերադարձա, բայց այդպես էլ մնացինք մեր տներում, կտրված երկրի կայացմանը մասնակցելու իրավունքից և հնարավորությունից։ Այնինչ հայ նկարչի և՛ գույնը, և՛ գիծը յուրահատուկ են, հայ կերպարվեստը բազմադեմ է և բազմաքանակ, այսինքն, կա մի հսկա կապիտալ, որն արհամարհված է պետության կողմից։ Ինչո՞ւ։
-Լուսահոգի Հենրիկ Իգիթյանը պնդում էր, թե կերպարվեստով հնարավոր է երկիրը պահել։ Իսկ Իգիթյանն իր բնագավառում առաջնորդ էր, գիտեր իր խոսքի կշիռը։
-Ձեր հարցին ինքներդ էլ պատասխանեցիք։ Այլ բան կուզեի ասել։ Ես, այսինքն իմ սերունդը, մեր մեջ առկա մշակութային բազան ի զորու չենք փոխանցել երիտասարդ սերնդին, ինչպես փոխանցել են մեզ մեր ավագ վարպետները։ Կապը կտրված է սերունդների միջև։ Նոր սերունդը իմ սերնդի կարիքն ունի, ի մի գալու, ամբողջանալու կարիքը։ Սա բնական երևույթ է։ Եվ այս կապը կտրվեց, վիհ առաջացավ անկախացմամբ։ Դարձյալ պիտի պատմությունը հիշեմ։ Անկախություն էր, լույսի և ջերմության բացակայություն։ Սակայն արժանապատվորեն էինք դիմակայում, կար Արցախի ազատագրման խնդիրը։ Բայց մեր արժանապատվությունը վիրավորվում էր, երբ արտագաղթը, իսկապես, ահագնացող էր դարձել։ Մի օր, հիշում եմ, աշխատակիցները հուզված դիմեցին այն տարիների միակ պետական հեռուստաընկերության ղեկավարին, թե արտագաղթը թափ է հավաքում, մի բան պիտի ձեռնարկել։ Եվ գիտե՞ք ինչ էր պատասխանը` ավելի լավ, հոսանքը քիչ է, ինչքան շատ մարդ արտագաղթի, այնքան շատ էլեկտրաէներգիա կմնա մեզ։ Սա ասաց պետական կարևորագույն կառույցներից մեկի ղեկավարը։ Սա պետականաստեղծ առաջին տարիներն էին։ Այսինքն, հիմնաքարը ծուռ դրվեց, և ծռությունը շարունակվում է մինչ օրս։
-Այդ տարիներին էր, որ ԱՄՆ-ի կառավարության կողմից արգելափակված, սեռական բացահայտ այլանդակություն քարոզող «Հիմնական բնազդը» ֆիլմը մեծ բավականությամբ մատուցվում էր հանրությանը, հավանաբար մեզ բարոյակրթելու նպատակով։ Բայց անցնենք գաղջ ու անհեռանկար միջավայրին, որը ձևավորվել է ստեղծագործական միությունների շուրջ, պարբերաբար բանսարկում են և վայրահաչում, հավանաբար չափից ավելի ծուռ է դրվել պետականության հիմնաքարը։ Մասնավորապես նկարիչների միության մի քանի անդամ թերթից թերթ և հեռուստաէկրանից հեռուստաէկրան են արշավում ու հերյուրանքների մի ամբողջ բույլ մատուցում բանին անտեղյակ հանրությանը, թե հասեք ու փրկեք, միությունը կործանվում է։ Հայաստանի նկարիչների միությունը Ձեզ քաջ հայտնի է, մասնատվում և օտարվում էր մինչև 1998-ը, մինչև ներկա ղեկավարության մուտքը, որից սկսվեց հիմնանորոգումը։ Մարդկանց ներկապնակից թույն է վիժում, սա ակնհայտ է, բայց ի՞նչն է նրանց դրդում նման քայլերի։
-Միջակությանը երբևիցե չպետք է եթեր տրամադրել։ Երբ միջակությունը լսարան է ունենում, ազատություն է ստանում և հայտարարում բաներ, որի իրավասությունը, իհարկե, չունի։ Սա միջակության համար ինքնադրսևորման միջոց է։ Այնինչ անկախացումից հետո ազգային կերպարվեստը պահպանեց երկրին և ազգին ծառայելու իր առաքելությունը։ Նկարիչը նկարիչ մնաց, նկարիչների միությունը մնաց նկարիչների միություն։ Միայն այն, որ ես միության բարձրակարգ դահլիճներում կարող եմ ներկայանալ հանրությանը իմ արվեստով ինձ լիուլի բավարարում է, ես հանգիստ եմ և ապահով, այս շքեղ շինությունը մայրաքաղաքի կենտրոնում պահպանվել է, արդիականացել և իմն է։ Հավատացեք, այսպես է մտածում միության անդամների ճնշող մասը։ Իսկ մի՞թե հոգեշահ չեն արվեստի մարդու համար ցուցահանդեսի ընթացքում հանպատրաստից կայացող քննարկումները, հանդիպումները արվեստասերների հետ։
-Ցուցահանդեսի ընդգրկումը ժամանակային իմաստով։
-Ամենահին աշխատանքս 1975-ին է կատարված, վերջինները` 2013-ին։ Վաղ շրջանից հազվադեպ գործեր են ներկայացրել, տարիների հեռվից դրանք հում են թվում, իսկ ես պատասխանատու եմ թե՛ գործընկերներիս և թե՛ արվեստասերների առջև։ Ես շնորհակալ եմ իմ Աստծուն, որ հնարավորություն է ընձեռում ավելի ու ավելի հասունանալ, 65 տարեկանում եմ նոր-նոր հասունացել, սա եմ մի քիչ ափսոսում։ Բայց չեմ փոշմանում, քիչ հապաղեցի ազատ նկարչության ասպարեզում, փոխարենը շահեցի պետական հեռուստատեսությունում աշխատելիս։
-Հեռուստատեսություն և ազատ գեղանկարչական աշխարհ։ Կարծես այնքան էլ համատեղելի բաներ չեն։
-Ամենևին, հեռուստատեսախցիկ-աչքը փոխլրացվում է նկարիչ-աչքի հետ և տալիս կոմպոզիցիոն կառուցման որակ։
-Դուք աշխատել եք հեռուստաընկերությունում նշանավոր Ստեփան Պողոսյանի օրոք։
-Նա անկրկնելի էր, ասեմ, որ հենց նրա հետ աշխատելիս եմ ինքս ինձ հայ զգացել։ Ստեփան Պողոսյանը առաջնություն էր տալիս հայաթեմա, հայանյութ երևույթներին, հայկականությունն ընդգծված էր հայոց մշակույթի, ճարտարապետության, երգի հաղորդաշարերում, ուր բախտ է վիճակվել աշխատելու։ Առանց վարանելու կարող եմ ասել, որ հեռուստատեսությունում աշխատելիս դարձա հայ նկարիչ, ընդհանրական իմաստով` հայ մարդ։ Ասել կուզեմ, որ երջանկահիշատակ Ստեփան Պողոսյանի օրոք շատերի նման սկսեցի հայերեն մտածել և մտածում եմ հայերեն` մինչ օրս։
-Ախալցխայի բարբառը մոռացե՞լ եք։
-Բնավ, բարբառախոսս ուղղակի սկսեցի նաև գրական հայերենով խոսել։ Ախալցխան երևելի վարպետների` Սուրենյանցի, Կոջոյանի, Գայֆեճյանի հայրենիքն է, նաև իմ հայրենիքը և սա, անշուշտ, պարտավորություն է։
-Ախալցխացի վերոնշյալ վարպետների արվեստում թերևս առանձնանում է քաղաքակրթական ինչ-որ նրբահյուս, միաժամանակ գունեղ շերտ։
-Ախալցխան այն եզակի միջավայրն էր, ուր բուն Կարին քաղաքի բնակչություն էր ի մի եկել, չկային վանեցիներ, մշեցիներ, խոյեցիներ և այլն։ Այսինքն` հինավուրց քաղաքային մշակույթն է իրեն զգալ տալիս։ Ես վաղուց եմ Երևանում, հայերենին վաղուց եմ ընտել, բայց միևնույն է` ես կարնեցի եմ, ախալցխացի, երևանցի չեմ դարձել։
-Պարոն Հովհաննիսյան, Ձեր արվեստին հպանցիկ անդրադարձանք, դա թողնելով հանդիսատեսին։ Ավարտենք զրույցը, հիշեցնելով, որ ցուցահանդեսին զուգահեռ հրատարակվեց Ձեր աշխատանքների շքեղ պատկերագիրքը։ Թերևս, հիշենք մեկենասներին։
-Անպատճառ։ Սա առաջին պատկերագիրքս է, պատկերագրքի հովանավորներն են ծնունդով ախալցխացիներ և հայամետ գործիչներ Սոս Սահակյանն ու Իվան Մոսոյանը։ Շնորհակալ եմ նրանց, արվեստն առանց նախանձախնդիր մեկենասների լուրջ առաջընթաց չի կարող ունենալ։


Զրուցեց Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 4057

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ