«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

Հոբելյանական «Ոսկե ծիրանը» կներկայացնի

Հոբելյանական «Ոսկե ծիրանը» կներկայացնի
28.06.2013 | 11:40

Ինչպես բազմիցս նշել ենք, տարին հոբելյանական է «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի համար: Կազմակերպիչները, հաշվի առնելով այս հանգամանքը, ջանացել են, որ հայաստանյան հանդիսատեսը հաղորդակից դառնա համաշխարհային և հայ կինոյի մեծարժեք նմուշներին: Ըստ որում` փառատոնային ծրագիրը, ինչպես ավանդաբար, ներառել է ոչ միայն վերջին տարիներին նկարահանված և հանդիսատեսին անծանոթ կամ գրեթե անծանոթ ֆիլմեր, այլև տասնամյակներ առաջ ստեղծված` բոլոր ժամանակների փորձություններին դիմակայած և իրենց որակի մեջ անքննելի կինոգործեր:
Փառատոնին կհյուրընկալվեն բազմաթիվ նշանավոր կինոանհատականություններ, որոնց հետ շփումն ու նրանց մարդկային, ստեղծագործական տեսակին ծանոթությունը անգնահատելի նվեր կլինեն թե՛ կինոյի աշխարհի, թե՛ այդ աշխարհի հետ ամենահպանցիկ առնչություն ունեցող յուրաքանչյուր մարդու համար:
Փառատոնի հոբելյանական խորհրդի պատվավոր նախագահն այս տարի մեր հայրենակից աշխարհահռչակ Շառլ Ազնավուրն է: Փառատոնյան մարաթոնը կմեկնարկի «Կրակե՛ք դաշնակահարին» ֆիլմով` Ազնավուրի գլխավոր դերակատարմամբ: Ֆիլմ, որ պատմում է արժանապատվության և փառքի միջև տարուբերվող Էդուարդ Սարոյան-Շառլի Կոլեի փխրուն, արկածաշատ ճակատագրի մասին:
Կցուցադրվեն Սթիվեն Ֆրիրզի ֆիլմերը: Ռեժիսոր, որի մրցանակների մասին միայն խոսելու համար բավական չէ մեկ հրապարակումը: Հելեն Միլերի գլխավոր դերակատարմամբ նրա «Թագուհին» ֆիլմն արժանացել է 40-ից ավելի մրցանակի: Սա մեծբրիտանական բարձրաշխարհիկ բարքերի և դեմոկրատական նորարարական ռեֆորմների բախման կիզակետում գտնվող Անգլիայի պատմության կինոերևակումն է, որում մեզ են ներկայանում Եղիսաբեթ 2-րդ թագուհին և Մեծ Բրիտանիայի 10-րդ վարչապետ Թոնի Բլերը` իրենց հակոտնյա հայացքներով և բարեկրթության նորմերին հարիր փոխզիջումային քաղաքական զուգախաղով: Թոնի Բլերի ինքնագնահատականը լավագույնս արտահայտում է այն բեկումը, որը պիտի ապրի Բրիտանական Միացյալ Թագավորության դարավոր ավանդակարգը. նա նպատակ ունի «նոր շունչ հաղորդելու հին ինստիտուտներին», և այս առաքելության ճանապարհին իբրև վճռորոշ փորձաքար են ծառայում արքայադուստր Դիանայի` «ժողովրդական արքայադստեր» մահն ու նրա հրաժեշտի արարողակարգի կազմակերպումը:
Պիետրո Մարչելլոն կինոսերների հիշողության մեջ կդաջվի «Գայլի երախը» քնարական ֆիլմով, որը պատմում է մեծ սիրո, այն խոչընդոտող բազում պարագաների, մասնավորապես` դարի չարիքներից մեկի` թմրադեղերի աղետալի ազդեցության մասին մարդկային ճակատագրերի վրա: Կցուցադրվի նաև նրա «Անցնելով սահմանագիծը» ֆիլմը: Մեզ համար նոր բացահայտում կլինի Մարչելլոյի` Արտավազդ Փելեշյանին նվիրված «Փելեշյանի լռությունը» ֆիլմը, որն այս տարի արժանացավ Հայաստանի ազգային կինոակադեմիայի «Հայակ» մրցանակին: Մարչելլոն ընդգրկված է «Ոսկե ծիրանի» վավերագրական մրցույթի ժյուրիի կազմում: Ժյուրիի նախագահը կլինի «Ոսկե ծիրանի» հանդիսատեսին լավ ծանոթ ռեժիսոր Սերգեյ Լոզնիցան:
Հունգարացի ռեժիսոր Իշտվան Սաբոն հայտնի է կինոաշխարհում հատկապես իր գերմանական եռապատումով, որի մաս են կազմում «Մեֆիստո», «Գնդապետ Ռեդլը», «Հանուսենը» ֆիլմերը: Սաբոն այս տարի կլինի «Ոսկե ծիրանի» խաղարկային ֆիլմերի ժյուրիի նախագահը: Ժյուրիի կազմում կլինեն նաև Անդրեյ Պլախովը, Ջեյ Վայսբերգը, Սերժ Ավետիքյանը, Թինա Լոքը:
Փառատոնի հանդիսատեսին սպասում է ծանոթությունը մերօրյա ամենասկանդալային ռեժիսորներից մեկին` ՈՒլրիխ Զայդլին և նրա ֆիլմերին: Ամերիկացի այս անվանի կինոռեժիսորը, սցենարիստը, պրոդյուսերը, որ ստեղծագործում է թե՛ խաղարկային, թե՛ վավերագրական կինոյի ժանրերում, իր ստեղծագործություններով հաճախ թեժ վեճերի պատճառ է դառնում:
Նրա «Դրախտ. սեր» ֆիլմը 2012-ին Կաննի «Ոսկե արմավենու» հավակնորդ է եղել: «Դրախտ. սեր»-ը Զայդլի կինոեռերգության առաջին ֆիլմն է, որի մաս են կազմում նաև «Դրախտ. հույս» և «Դրախտ. հավատ» ֆիլմերը: Փառատոնի օրերին կցուցադրվեն նշված երեք ֆիլմերը:
Վրացական կինոյին նվիրված ծրագրի շրջանակներում կկազմակերպվի Ռեզո Չխեիձեի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը: Հայ հանդիսատեսին քաջ ծանոթ է Չխեիձեի «Զինվորի հայրը» դրաման: Կարծում ենք` շատերը կհիշեն նաև 1972-ին նկարահանված նրա «Տնկիներ» ֆիլմը: Հուզիչ մի պատմություն` բնությանը, իր հողին հավատարմորեն կառչած ծերունի Լուկայի ու նրա կենսուրախ թոռան` Կախայի մասին, որոնց վարքագծում համատեղված են հին ու նոր աշխարհընկալման դրսևորումները, ավանդականին, ազգայինին նախապատվություն տալու անթաքույց մղումները: Անգլերենից «երեք» գնահատական ստանալու համար նախատինքի արժանացող Կախան ըմբոստանում է. «Ես ընդհանրապես չեմ սովորելու դրանց անգլերենը: Ավելի լավ է իրենք սովորեն մեր վրացերենը: Ինչո՞վ ենք մենք պակաս անգլիացիներից: Ոչնչո՛վ»: ՈՒ թոռան հետ համաձայնության եկած պապը նրան իր հետ տանում է պատասխանատու ճանապարհորդության. իրենց այգու համար պիտի գտնեն խեչեչուրի տեսակի տանձենու տնկիներ, բացառիկ մի ծառատեսակ, որի հետ չեն կարող համեմատվել օտար երկրներից Վրաստան բերված նորօրյա շուտահաս տանձենիները:
Ի թիվս մեզ ծանոթ ֆիլմերի` կցուցադրվի նաև Չխեիձեի վերջին` 2008 թվականին նկարահանված «Տիրոջ տապանի մոմը» ֆիլմը:
Փառատոնը կհյուրընկալի նաև գերմանացի դերասան, ռեժիսոր, սցենարիստ Մարգարեթե ֆոն Տրոտային, ով հայտնի է «Քրիստա Կլագեսի երկրորդ արթնացումը», «Կապարե ժամանակներ», «Զուտ խելագարություն», «Ռոզենշտրասսե», «Հաննա Արենդտ» ֆիլմերով: «Հաննա Արենդտը» ռեժիսորի վերջին ֆիլմն է և կցուցադրվի «Ոսկե ծիրանի» պրեմիերաների շարքում:
Մեր քաղաքի փառատոնյան պատվարժան հյուրերի ամբողջական ցանկն այսօր դժվար է հրապարակել, բայց ասենք, որ մեր համաքաղաքացիներից շատերին կժպտա բախտը` հանդիպելու Երևանի փողոցներում զբոսնող այնպիսի մեծությունների, ինչպիսիք են Քշիշտով Զանուսին, Յոս Ստելլինգը, Գոդֆրի Ռեջոն, Ատոմ Էգոյանը, Արտավազդ Փելեշյանը ու էլի մեր հրապարակման մեջ հիշատակված և չհիշատակված բազում պատկառելի կինոգործիչներ:
Իրադարձություններով հարուստ կինոփառատոնի մասին մեկ հրապարակմամբ մեր հասարակությանը լիարժեքորեն իրազեկելը հասկանալի է, որ անհնար է: Առաջիկայում ևս «Իրատես de facto»-ն կանդրադառնա հուլիսի 7-14-ին կայանալիք փառատոնի անցուդարձերին, ինչպես և հընթացս կլուսաբանի դրանք բուն փառատոնի օրերին:


Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2110

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ