«Միլիարդավոր մարդիկ կանգնած են ծայրահեղ շոգի համաճարակի առաջ։ Նրանք մահանում են ավելի ու ավելի մահացու շոգից, քանի որ ամբողջ աշխարհում ջերմաստիճանը հասնում է 50 աստիճանի՝ ըստ Ցելսիուսի: Երկիրը բոլորի համար և ամենուր դառնում է ավելի շոգ ու վտանգավոր։ Պաշտոնական տվյալներով՝ շոգը տարեկան գրեթե կես միլիոն մարդու կյանք է խլում»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։               
 

«Մեր գլխավոր խնդիրը հայ երիտասարդներին համախմբելն է»

«Մեր գլխավոր խնդիրը հայ  երիտասարդներին համախմբելն է»
17.05.2013 | 11:03

Աբու Դաբիում տարբեր առիթներով հանդիպել եմ հայ երիտասարդների, որոնցից շատերը մասնագիտություն են ստացել, աշխատում են, ապագայի համար բավական լուրջ մասնագիտական ծրագրեր ունեն: ՈՒրախալի է տեսնել, որ նպատակասլաց են ոչ միայն հայ տղաները, այլև աղջիկները: Մի քանի անգամ հանդիպել էի 27-ամյա ԱՆԻ ԲԱԴԱՆՅԱՆԻ հետ: Նա ստացել է հաշվապահական կրթություն, սակայն հիմա տեղական գրասենյակներից մեկում զբաղեցնում է հաճախորդների սպասարկման բաժնի ղեկավարի պաշտոնը: Մեր նախորդ հանդիպումներից տպավորվել էին նրա ինքնավստահությունը, սեփական կարծիքը պաշտպանելու կարողությունը: Բացի աշխատանքից, նաև այլ հետաքրքրություններ ունի` սպորտ, պար, ճամփորդություն: Տեսել էի նրան ոչ միայն հայ երիտասարդների, այլև արաբ ընկերուհիների միջավայրում: Մեր զրույցի ընթացքում Անին անկեղծորեն խոստովանեց, որ մինչև Աբու Դաբիի երիտասարդների հանձնախմբին անդամակցելը հայ ընկերներ գրեթե չի ունեցել. «Ես չէի վարժվել հայերի հետ շփվելուն: Վերջին շրջանում եմ հայ ընկերներ ձեռք բերել, մինչ այդ բոլոր ընկերներս արաբ էին: Իսկ հիմա 30 տոկոսը հայ է, մնացածը` արաբ»: Նա նաև հպարտությամբ բացատրեց, թե ինչու են արաբները սիրում հայերի հետ ընկերություն անել. «Մենք ճանաչված ենք որպես ազնիվ, բարի ազգ: Նրանք նաև գիտեն, որ մենք ինչ-որ բան անելիս շատ լավ ենք անում»: Անիի ծնողները ծնունդով Հալեպից են, իսկ ինքը ծնվել ու մեծացել է Աբու Դաբիում. «Այստեղ հայ երիտասարդները խառնուրդ են` սիրիահայ, լիբանանահայ, իրաքահայ... ամեն կողմից: Բայց զգում ես, որ բոլորն էլ զորավոր կապ ունեն իրենց լեզվի և հայրենիքի հետ»: Իր մասին խոսելով` ավելացրեց, որ թեև զորավոր կապ ունի իր հայրենիքի հետ, բայց նաև ԱՄԷ-ն է իր երկիրը. «Ինձ շատ հանգիստ եմ զգում: Բոլոր ծանոթներս այստեղից են, թվում է` այստեղից դուրս գամ, կմոլորվեմ»: Սակայն ցանկություն հայտնեց լինելու հայրենիքում (մինչև հիմա չի այցելել)։ «ՈՒրախալի է, որ այնտեղ շուրջս բոլորը հայ կլինեն»: Անին չի վստահում սոցիալական ցանցերին, այդ պատճառով չի փորձել այդպես Հայաստանից ընկերներ ձեռք բերել, բայց վստահ է , որ հեշտ կընտելանա բոլորին: Ի դեպ, երիտասարդների հանձնախմբի կազմակերպած միջոցառումներին միշտ Հայաստանից երիտասարդներ են մասնակցում, և տեղի սերնդակիցների հետ կարծես թե նրանց հաջողվում է ընկերանալ. «Քանի որ բոլորս էլ հայ ենք, պիտի փորձենք միասին լինել: Հնարավոր է` մեր մտածելակերպը տարբեր է, քանի որ մենք այստեղ արաբական միջավայրում ենք մեծացել, իրենք` Հայաստանի, բայց փորձում ենք ընդհանրություններ գտնել»: Թեև Անին չի տեսել, բայց հաճույքով էր խոսում հայրենիքի մասին. «Կուզեմ նաև, որ Հայաստանն ավելի ճանաչելի դառնա, քանի որ երբ այստեղ ասում ես` Հայաստան, զարմանում են. շատերը չեն ճանաչում մեր երկիրը»: Նաև ասաց, որ դիմել է «հայկական անձնագրի» համար, սպասում է ստանալուն: Անիի սերը հայրենիքի և հայերենի հանդեպ գալիս է իր ընտանիքից, որը պահպանել է հայերենը, ինչն ուրախալի փաստ է ԱՄԷ-ի պես երկրում: Սրանում մեծ դերակատարում ունեն հատկապես ծնողները, որոնք տանը խոսում են միայն հայերեն. «Ծնողներն են պատասխանատու հայ ոգու, հայոց լեզվի պահպանման համար: Իրենք պետք է երեխաների մեջ հայրենիքի սերը սերմանեն: Փոքրիկներն ինքնուրույն չեն կարող»: Նա նաև Աբու Դաբիի հայկական միօրյա դպրոց է հաճախել, որտեղ դասավանդել է նաև մայրը: Այսօր Անիի և երիտասարդների հանձնախմբի մյուս անդամների համար առաջնային խնդիր է հայ երիտասարդներին համախմբելը, իրենց կազմակերպած միջոցառումներին մասնակից դարձնելը, իսկ դրա համար պետք է շատ աշխատել. «Իրենց հետաքրքիր, իրենց մտածելակերպին հարմար պիտի լինեն մեր միջոցառումները: Գուցե մեզնից մեծերը չեն հավանում մեր բռնած ուղղությունը, բայց ուրիշ կերպ չենք կարող գրավել այստեղ ապրող հայ երիտասարդին: Այսօրվա երիտասարդները սիրում են պարզ հավաքույթներ»: Անին վստահեցրեց, որ Աբու Դաբիի երիտասարդների հանձնախումբը սերտ կապի մեջ է Շարժայի, Դուբայի հայ երիտասարդների հետ, և դրա վկայությունը փոխադարձ այցելություններն ու միմյանց կազմակերպած միջոցառումներին մասնակցելն է: Աբու Դաբիի երիտասարդների հանձնախումբը ձևավորվել է 2 տարի առաջ Աբու Դաբիի ազգային վարչության առաջարկով: Նա, ընդգրկված լինելով երիտասարդների հանձնախմբի նախորդ կազմում, մի քանի ամիս առաջ մասնակցել է հանձնախմբի ատենապետի ընտրությանը և ընտրվել ատենապետ: Մյուս երկու թեկնածուների հետ (Ալին Թուխմանյան, Հովսեփ Գաթրջի) երկու տարի աշխատել է: Համատեղ ջանքերով հանձնախմբի նախորդ կազմին հաջողվել է իրենց կողմը գրավել շատ հայ երիտասարդների: Երիտասարդների հանձնախմբի նոր ութհոգանոց կազմը (Անի Բադանյան, Ալին Թուխմանյան, Հովսեփ Գաթրջի,Գևորգ Նիկողոսյան, Նորայր Նադարյան, Մարիաննա Մարկոսյան, Արազ Բադանյան, Մոսին Գուլազգյան) շարունակելու է նախորդ տարիներին սկսած աշխատանքը, նաև նոր ծրագրեր է իրականացնելու: Կարևոր ծրագրերից է ոչ միայ հայ երիտասարդների, այլև հայ երեխաների հետ աշխատանքը, որոնք հետո պետք է լրացնեն երիտասարդների հանձնախմբի շարքերը: Բացի սեփական նախաձեռնություններից, նրանք նաև ակտիվորեն մասնակցում են ազգային վարչության նախաձեռնություններին, որն էլ իր հերթին միշտ սիրով օգնում է իրենց թե՛ ֆինանսապես, թե՛ խորհուրդներով: Ինչ վերաբերում է ազգային վարչություն- երիտասարդների հանձնախումբ կապին, ապա վարչությունը ներկայացուցիչ ունի երիտասարդների հանձնախմբում, ով միշտ ներկա է նրանց հանդիպումներին և աշխատանքին: Հանդիպումների մասին խոսելիս Անին ասաց, թե հանձնախմբի անդամները փորձում են հանդիպել շաբաթը մեկ անգամ, քանի որ գրասենյակ չունեն, հանդիպում են հիմնականում սրճարաններում: Բայց դա չի խանգարում իրենց ծրագրերն իրականացնելուն: Նրանց վերջին միջոցառումը «Ալ Մասուտ» զբոսայգում էր: Բացօթյա հանգիստը, նրանց կարծիքով, ավելի է մտերմացնում ոչ միայն երիտասարդներին, այլև միջոցառմանը ներկա նրանց ընտանիքներին: Ինչպես նախորդ հրապարակման մեջ էի նշել, երիտասարդների հանձնախումբը բավական աշխատանք էր կատարել նաև ԱմԷ-ում ՀՀ դեսպանությունում կազմակերպված` Ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ: Իսկ ամռան ամիսներին հանձնախումբը շատ զբաղված չի լինի, քանի որ «քաղաքը դատարկվում է, բոլորը մեկնում են ճամփորդության»։ Դրանից հետո աշխատանքները կշարունակվեն նույն տեմպով:


Համասփյուռ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԱՄԷ-ում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 3590

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ