Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Մահացած որդու նամակը

Մահացած որդու նամակը
08.05.2013 | 23:25

Է՛, պապ, ի՞նչ ես էդքան տխրում: Կյանք ա, էլի, մի քիչ շատ, մի քիչ քիչ:

Հիշո՞ւմ ես, երեք տարեկան էի, դու Բելառուսիայում ծառայում էիր, մամայի հետ էինք մոտդ: Մի տասը օր մնացինք: Քեզ շատ էի կարոտել, իմ երջանիկ օրերն էին: Հետո, երբ գնացինք, դու շա՛տ էիր տխրել: Չգիտեիր, որ մենք զգում ենք քո տխրությունը: Հետո, հաջորդ օրը հանկարծ սենյակումդ տեսար իմ փոքրիկ կոշիկները, որ ես ու մաման մոռացել էինք. ո՛նց էին արցունքները հոսում դեմքիդ վրայով, ո՛նց էր սիրտդ կտոր-կտոր լինում: Բայց ես էսօր չկամ: Մի քանի օր առաջ որոշեցիր գառաժը կարգի բերել. քեզ էս ու էն կողմ ես տալիս, հասկանում եմ: Էնտեղ պահված էին իմ մանկական նկարները: Երբ տեսար, էն ինչ կատարվեց, քիչ էր մնում սիրտդ պայթեր, հոգիդ միջիցդ դուրս եկավ հասավ ինձ: Այ Սարգսյան ջան, կներես, որ էդքան ցավ պատճառեցի քեզ: Հիմա, որ գրում եմ իմ նամակը, տեսնում եմ` աչքերդ լցված են, սիրտդ լցված է, օրերդ լցված են: Էս նամակը, գիտեմ, մամային շատ կլացացնի, բայց դե քեզ ամեն օր ասում է, որ երազում ինձ չի տեսնում, էդ պատճառով էլ գրում եմ:
Էն օրը հանել իմ նամակն էիք կարդում` Ղարաբաղից որ ուղարկել էի, բանակից: Էս նամակն էլ համարեք, որ հեռու տեղից եմ գրում ու շուտով կհանդիպենք: Չնայած Սարգսյան ջան, դու խիստ կասկածներ ունես, բայց մամայի հաշվով ամեն ինչ լավ կլինի:
Գիտե՞ս ոնց մտածի: Հիշո՞ւմ ես ինչքան ենք ես ու դու հակամարտել. էս բառը քո խաթեր եմ գրում, գիտեմ դուրդ կգա: Այ էդ հակամարտությունները միտդ բեր, ինքդ քեզ ջղայնացրու: Չէ՜, հաստատ չի ստացվի, սիրտդ շատ է բարակել: Լա՜վ, սենց ասեմ. դու քեզ լավ զգա, որ ես ինձ լավ զգամ. էս մեկը կաշխատի, կարծում եմ:
Այ պապ, դասագրքեր ես գրում, թերթ ես հրատարակում, էս ես անում, էն ես անում` ամեն ինչ էլ ճիշտ է, ինչ որ էդտեղ անում ես` շարունակություն ունի, չնայած դու չես հավատում: Էս նամակս էլ կստանաս, քո ձեռքով կգրես ու էլի չես հավատա: Դու ուժեղ մարդ ես ու կասեմ. քեզ համար շատ դժվար է լինելու:
Էրեխեքիս կարոտը սպանում ա: Մանեինն էլ չեմ ասում: Դժվար է ձեզ համար, ինձ համար` անհնար է: Բոլորիդ էլ կարոտել եմ` շատ ու քիչ` Աստված գիտի: Էն որ ասում են հավերժորեն չենք տեսնի իրար: Ես արդեն ոչ մեկին չեմ տեսնի, ձեր հավերժությունն էլ ձեր մնացած կյանքի մեջ է. մեկ-մեկ սիրում եմ փիլիսոփայել, սկայպով էլ, հեռախոսով էլ` հիշո՞ւմ ես:
Մի օր մաման գիշերվա 3-ին զանգեց: Շատ վախեցա: Թեղենիսի գագաթ էիք հասել: Մաման իր ուրախությունն ինձ հետ էր ուզեցել կիսել` առաջինը: Մոռացել էր ժամանակի մասին: Հիմա իմ բաժին ուրախությունն ու տխրությունը ոչ մեկը չի կարողանա իր վրա վերցնել, գիտեմ:
Էս նամակը հատուկ քեզ համար եմ ուղարկում, մյուսները չնեղանան, որ իրենց մասին քիչ եմ գրում, զգում եմ քեզ էս պետք է:
Պստիկ Ծովոս: Փոքր տարիքում մի քիչ լացացրել եմ, հիմա` ավելի շատ: Ի~նչ լավ տղա ունի , ո~նց էր կչկչում: Է~, ինչ ասեմ. դուք բոլորդ ինձ կորցրիք, ես` ձեզ բոլորիդ:
Ա՜յ հեր, շարունակի սիրել կյանքը, էդ ամենալավն ես անում, մնացածը` իրենց հերթին: Դու չես պատկերացնում, որ ես չկամ, որովհետև ես դու եմ, իսկ դու քո չլինելը չես պատկերացնում:
Էս ուզում ես մեր թերթում տպի. ինձ հիշող ընթերցողները, կարծում եմ, դեռ շատ են: Բոլորին բարևներ:
Ամեն օրվա բարլուսդ` նկարիս ասված, տեղ հասնում է:
Երկարացնելու բան չկա:
Վերջին մեր խոսակցության ժամանակ էլ քեզ չլսեցի. գիտեի որ ճիշտ ես: Մի անգամ Գոռին մի հաշվով ասացի` պապային ասա, տես ինչ կասի: Ասաց` հենց մտադրությանս մասին ասեմ, կհամոզի, չեմ անի: Ես էլ գիտեմ, որ դա էդպես է, ինձ էլ ես ժամանակին շատ համոզել:
Էս վերջին անգամ չհասցրիր ինձ համոզել. ուրեմն էդպես էր որոշված:
Սասունն էլ էս անգամ չկարաց` թե մի բան անի: Հազար նեղ տեղից դուրս բերեց, էստեղ ուժը չպատեց: Տեսնում եմ` շատ է վհատվել: Այ ախպերս պինդ մնա:
Գոռի հաշվով էլ գիտեմ: Հինգ օր էր ես չկայի, բայց բանակային Գոռին չէիք ասում: Երբ վերջապես դու ասացիր, թե Հայկը հիվանդանոցում է, թոքերը չեն աշխատում, սիստեմա է միացված, Գոռը անջատեց հեռախոսը: Քիչ անց զանգեց ու ասաց` քանի որ մենք եղբայր ենք, նույն արյունն ունենք, բժիշկներ բեր, թող մի թոքս հանեն, տանեն Հայկին: Գիտեմ` դու էլ փլվեցիր, ես էլ` իմացած լինեք:
Մի անգամ «Ֆեյբուքում» մի պատմվածք էիր տեղադրել մամայիդ` տատիկիս մասին: Շատ հուզիչ էր, մեկնաբանել էի. «Սարգսյան, լացացնում ես»: Հիմա էս նամակիս համար դու կասես. «Հայկ, լացացնում ես»:
Մի խոսքով, Սարգսյան ջան, քեզ լավ նայի, թույլ չտաս քեզ նեղացնեն, հիշիր` միշտ կամ:


Գրառեց`ՎԱՍ, 8.05.2013

Դիտվել է՝ 6924

Մեկնաբանություններ