ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Մեր հավերժախոս Մգրոն (այսօր Մգրոյի ծննդյան օրն է)

Մեր հավերժախոս Մգրոն  (այսօր Մգրոյի ծննդյան օրն է)
08.01.2024 | 20:55

Ճիշտն ասած՝ ամեն օր է Մգրոյի ծնունդը և ամեն տեղ, երբ որևէ բեմում, պարահրապարակում, ֆիդայոտ սարում, յարխուշտայոտ քարափի գլխին, բրաբիոն ծաղկի երազ հովտում, Ձենով Օհանի կանչոտ ձորում, դավադրաշատ սահմանին որոտում է նրա ձայնը, երգը, պարը, էրգրականչ խոսքը:

Համազգային զարթոնքի արշալույսին oպերային հրապարակում գարնան կենսաբեր որոտի պես մի առնական ձայն հնչեց, որի արձագանքները հասան աշխարհի բոլոր ծայրերը, ուր անգամ մեկ հայ էր ապրում: Պատկանյանի «Հիմի էլ լռենք» երգը նրա խրոխտ ձայնով դարձավ ազատության զանգ, մարտակոչ, լցվեց մեր քարկապ հոգիները, քանդեց կապանքները: Շատերը հատուկ գալիս էին Մգրոյին լսելու:

Մգրոյի «Մարաթուկ» անսամբլը ինչքա՜ն ազգագրական, ազատագրական և հայրենաշունչ երգեր ու պարեր արթնացրեց, հագևոր զարթոնքի շարժում սկսեց ու մինչև այսօր ապրեցնում էՀե՜յ գիդի, Մգրո՛, հողապաշտ քրմապետ:

Մգրոյի երգը Էրգրից է գալիս, պապական Իշխնձորից՝ Էրգրաշունչ է, Էրգրակարոտ ու Էրգրականչ:

Ես Մգրոյին Էրգրի արյան չմարող կանչից եմ զգում․ այդ հողը հիշողության մազանոթներ ունի:

Սասնո Իշխնձոր գյուղից են Մգրոյի պապը, Մուշեղ Գալշոյանի պապը, Վրեժ Իսրայելյանի մեծ պապը, Վրեժ Սարուխանյանի մեծ պապը, շատերը: Ես հասկանում եմ, թե ինչու էր Գալշոյանը իր Միրո հերոսին անվանում Ձորի Միրո, ով Իշխնձորից էր ու փնտրում էր զավակին՝ «Իշխնձորից մի մանչ չտեսա՞ք․․․»։

Էդ կորած մանչերի զավակներն ենք բոլորս, մեր պապերին էր փնտրում Իշխանազարմ Ձորի Միրոն:

Հենց այդ ակունքն ինձ առավել հարազատացնում է, որ Մգրոն, Մուշեղը, Վրեժը իմ իշխնձորցի մեծ եղբայրներն են, որոնց հիշողության թելը պահելու հերթը նաև իմ հոգու պարտքն է:

ՈՒ էդ եղբայրներով ամեն մեկս էլ մի քիչ Իշխնձորի Ձորի Միրո ենք, և մեր հիշողության կծիկը 1915-ից դեռ գլորվում է Ձորում՝ իր հետ տանելով Մգրոյի հավերժախոս երգ-պատվիրանը: Մգրոն ամեն օր է ծնվում:

Վրեժ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 23959

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ